Դանիելի մարգարեության մեկնություն 2(1):15

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Երբ վերջացան տասը օրերը, նրանց դեմքերը նրան ավելի լավ երևացին, իսկ նրանք մարմնով ավելի հզոր, քան բոլոր այն մանուկները, որոնք ուտում էին թագավորի սեղանից:
   
   Եվ քանի որ նրանք իրենց կողմից ամեն ինչ արեցին, ուստի դրանից հետո էլ Աստված ամեն ինչ արեց: Միայն Աստծո գործը չէր այն, ինչի համար նրանք պետք է պարգև ստանային, քանզի առաջին հերթին դա կախված էր նրանց հոգևոր տրամադրությունից, որն էլ նրանք քաջաբար ցույց տվեցին, և հետևաբար իրենց համար ձեռք բերեցին Աստծո օրհնությունը և ավարտին հասցրին այն, ինչին համառորեն ձգտում էին:

   Տեսնո՞ւմ ես, որ ուրիշ ոչ ոք չի կարող վնասել նրան, ով ինքն իրեն չի վնասում:
   

Ա. Լոպուխին

15-17․ «Տասն օր հետո նրանց դեմքերն ավելի գեղեցիկ էին, և մարմնով նրանք ավելի պարարտ էին, քան թե այն բոլոր տղաները, որոնք սնվում էին թագավորական կերակուրներով»։ [15]   «Այդ ժամանակ Ամելսարը վերցրեց նրանց կերակուրն ու խմելու գինին, և նրանց բանջարեղեն էր տալիս»։ «Եվ Աստված այս չորս պատանիներին գիտություն և հանճար տվեց յուրաքանչյուր գրքի և իմաստության մեջ, իսկ Դանիելին տվեց նաև ամեն տեսակի տեսիլքներ և երազներ հասկանալու կարողությունը»։ (Սինոդական թարգ․)
   
   Բուսական կերակուրներ ուտող Դանիելի և իր ընկերների ծաղկուն տեսքը մատռվակի համար բավարար հիմք դարձավ, որպեսզի նաև ուսման մնացած ողջ ժամանակահատվածում չընդդիմանա նրանց ցանկությանը:
--------------------------------
[15] (Էջմիածին թարգ․) Երբ վերջացան տասը օրերը, նրանց դէմքերը նրան աւելի լաւ երեւացին, իսկ նրանք մարմնով աւելի հզօր, քան բոլոր այն մանուկները, որոնք ուտում էին թագաւորի սեղանից:
(Արարատ թարգ․1։15) Եվ տասն օր հետո նրանց դեմքերն ավելի վայելուչ էին, մարմնով գեր էին, քան թե այն բոլոր տղաները, որոնք ուտում էին թագավորի կերակուրից։
(Գրաբար) Եւ յետ կատարելոյ աւուրցն տասանց, երևեցան երեսք նոցա նմա՝ բարիք, և հզօրք մարմնով քան զամենայն մանկունսն որ ուտէին զսեղան թագաւորին։