Դանիելի մարգարեության մեկնություն 2(1):9

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Աստված այնպես արեց, որ Դանիելը գութ և շնորհ գտավ ներքինապետի մօտ:

   

   Մի՞թե նա աղաչեց ներքինուն: Տե՛ս, թե ինչպես է Սուրբ Գիրքն անմիջապես լուծում տարակուսանքդ. «Աստված այնպես արեց,– ասում է Գիրքը,– որ Դանիելը գութ և շնորհ գտավ ներքնապետի մոտ»: Նույն բանը եղավ նաև Հովսեփի հետ: Նաև այնտեղ էր Հովսեփը ողորմություն վայելում, ուստի «Հովսեփը շնորհ գտավ նրա աչքում» (Ծննդ. 39։1–4): Մինչդեռ երկուսն էլ ստրուկ էին օտարերկրացիների տներում: Դանիելի խոսքերը կարող էին արդարացիորեն հարուցել արքայի բարկությունը: Ի՞նչ ես դու ասում: Տիրակալի կերակուրը պիղծ ես անվանում: Իսկ դու ինքդ մեզ համար մաքո՞ւր ես: Արդյո՞ք չգիտես, որ դուք քաղդեական լեզուն և գիտություններն ուսումնասիրում եք մեր միջավայր մուտք գործելու համար: Ինչո՞ւ է ներքինին նրա հանդեպ հարգանք ցուցաբերում: Դանիելը արհամարհված ստրուկ և գերի էր: Թեև նա կարևոր անձ էր և արժանի էր հարգանքի, սակայն նրա հանդեպ հարգանք ցուցաբերելը վտանգավոր էր: Ուստի Սուրբ Գիրքը «բարյացակամություն» ասելով փոխանցում է ինչպես ներքինու խոսքերը, այնպես էլ նրա վախերը: Ինչպե՞ս այդ ամենը ստացվեց: Դա հնարավոր չէր լինի և չէր թույլատրվի, եթե բարձրագույն շնորհը ամեն ինչ չկարգավորեր:

   

Ա. Լոպուխին

9-10․ «Աստված Դանիելին տվեց ներքինապետի ողորմությունն ու բարեհաճությունը»։ [9] «Եվ ներքինապետը Դանիելին ասաց. «Ես վախենում եմ իմ տեր թագավորից, որն ինքն է սահմանել ձեր ուտելիքն ու խմելիքը. եթե նա ձեր դեմքը գունատ տեսնի ձեր հասակակից տղաների դեմքերից, ապա այդպիսով դու իմ գլուխը մեղավոր կդարձնես թագավորի առաջ»»։ (Սինոդական թարգ․)

   

   Դանիելի հանդեպ ունեցած ամբողջ բարյացակամությամբ հանդերձ Ասփանեզը չի համաձայնում սննդի փոփոխության վերաբերյալ նրա խնդրանքին: Նա վախենում էր իր հանդեպ հարուցել Նաբուգոդոնոսորի բարկությունը: Եվ դա հասկանալի էր: Դանիելի և նրա ընկերների նիհարությունը, որի պատճառը  կարող էր լինել սննդամթերքի փոփոխությունը, հնարավոր է պալատականի համար անցանկալի ու տարբեր բացատրությունների անհրաժեշտություն առաջացներ՝ սկսած իր կողմից անձամբ արքայի հրամանների անզգուշաբար կատարումից («Նա է այդ կերակուրն ու ըմպելիքը սահմանել ձեզ համար») և կատարած գողության ենթադրությամբ, որ նա իրեն է վերցնում երիտասարդների համար նախատեսված սնունդը: Նմանատիպ միտք է արտահայտվում նաև Հովսեփոս Փլավիոսի կողմից: Հովսեփոսը աստվածաշնչյան պատմությունը լրացնում է այն դիտողությամբ, որ Դանիելը Ասփանեզին խնդրում է վերցնել իրենց համար պատրաստած սնունդը, և իրեն ու իր ընկերներին բուսական սնունդ ուղարկել:
--------------------------------
[9] (Էջմիածին թարգ․) Աստուած այնպէս արեց, որ Դանիէլը գութ եւ շնորհ գտաւ ներքինապետի մօտ:
(Արարատ թարգ․1։9) Եվ Աստված ներքինապետի առաջ Դանիելին շնորհք ու ողորմություն տվեց։
(Գրաբար) Եւ ետ Աստուած զԴանիէլ’ի շնո՛րհս և յողորմութիւն առաջի ներքինապետին։