Դանիելի մարգարեության մեկնություն 4(3):3

Ա. Լոպուխին

3-5․ «Եվ սատրապները, կուսակալները, զորավարները, գլխավոր դատավորները, գանձապետները, օրենսգետները, օրենքի պահապանները և գավառների բոլոր իշխանավորները հավաքվեցին Նաբուգոդոնոսոր թագավորի կանգնեցրած արձանի նավակատիքին և կանգնեցին այն արձանի առջև, որ կանգնեցրել էր Նաբուգոդոնոսորը»։ [3] «Այդ ժամանակ մունետիկը բարձրաձայն բացականչեց. «Ո՛վ ժողովուրդներ, ցեղեր և լեզուներ, ձե՛զ է հայտարարվում»։ «Երբ լսեք փողի, սրնգի, քնարի, ջութակի, տավիղի, տիկի և ամեն տեսակի երաժշտական գործիքների ձայնը, վա՛յր ընկեք և երկրպագե՛ք այն ոսկե արձանին, որ կանգնեցրեց Նաբուգոդոնոսոր թագավորը»։ (Սինոդական թարգ․)
   
   Նաբուգոդոնոսորի հրամանով արձանի բացումը և երկրպագությունը ուղեկցվում էին փողային և լարային զանազան գործիքներ նվագելով, ինչը լիովին համապատասխանում է ժամանակի ոգուն: Ասորական հուշարձանների հաղորդմամբ՝ երաժշտությունը տեղ ուներ յուրաքանչյուր նշանավոր տոնակատարության ժամանակ: Այսպիսով՝ Ասարհադոնը Կունդի և Սիզու քաղաքների արքա Սանդուարիի հետ ճակատամարտից հետո երգիչների և երաժիշտների հետ վերադարձավ Նինվե: Աշուրբանիպալի ժամանակաշրջանի մի ռելիեֆում պատկերված է այս թագավորի հաղթական երթը, որի ընթացքում նրան  ուղեկցում էին 11 երաժիշտներ և 15 երգիչներ: Նույն կերպ էլ Դանիել մարգարեի կողմից նշված երաժշտական ​​գործիքներն էին օգտագործվում ասորաբաբելոնացիների շրջանում: Այսպես, ուրեմն.
   1․ Փողը (եբրայերեն` կերեն) պարզ եղջյուր էր, որն առանձնանում էր պարզ և ուժեղ ձայնով, հանդիպում է Սենեքերիմի ռելիեֆում:
   2․ Սրինգ (եբրայերեն` մաշրոկիթա). տարբեր ժամանակների հարթաքանդակների վրա պարզ հովվական սրինգը ներկայացվում է որպես երկու խողովակներից բաղկացած, որոնք, սակայն  ոչ թե միացված են փողածայրոցի օգնությամբ, այլ ամբողջությամբ անջատված են միմյանցից։
   3․ Քնարը կիթառանման մի գործիք է, որն ասորական հուշարձաններում պատկերված է իր նախնական տեսքով (այն ուներ երկու հորիզոնական և ուղղահայաց ձողեր, որոնց վրա ձգված էին 8–10 լարեր):
   4․ Տավիղը (եբրայերեն` փեսանթհերին) կիթառանման մի գործիք է, որը,  սակայն,  պարանոց չունի: Սա, ներքնամասը դատարկ, մի տուփ էր, որի վրա ձգված էին մինչև 10 լարեր: Վերոբերյալ նկարագրությունը վերարտադրված է Աշուրբանիպալի Սուսայում կատարած  երթը պատկերող հարթաքանդակից: Ինչ վերաբերում է շվիին (եբրայերեն` սավկա) և նվագարաններին, ապա դրանց ճշգրիտ կառուցվածքը հայտնի չէ (դրանց նկարները տե՛ս Դելիցի, Աստվածաշունչը և Բաբելոնը, էջ 87–89): Կուռքի երկրպագության պահը ավետիսի (կարոզ) միջոցով է հռչակվում ժողովուրդներին, հայտնի ժողովրդի բաղկացուցիչ մաս կազմող ցեղերին (Արամայերեն՝ «jummaia»։ Եբրայերեն «jummah»  կամ «jummoth» բառը օգտագործվում էր Իսմայիլ և Մադիամի ժողովրդի առանձին ցեղերին նշելու համար (Ծննդ. 25։16), ինչպես նաև լեզուներին, այսինքն՝ նույն բարբառով խոսող հասարակություններին: Նախկինում հունական «κηρυξ»–ից առաջացած այս արտահայտությունն այժմ ճանաչվում է որպես հին քաղդեական բառ, որն էլ, ըստ պրոֆ. Գոմմելի, հանդիպում է մ.թ.ա. 7–րդ կամ 6–րդ դարով թվագրվող արամեական արձանագրության մեջ:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Հաւաքուեցին կուսակալները, զօրավարներն ու զօրագլուխները, պետերը, իշխանաւորները, մեծամեծները, գործակալներն ու գաւառների բոլոր իշխանները, եկան այն արձանի նաւակատիքին, որ կանգնեցրել էր Նաբուքոդոնոսոր արքան: Նրանք կանգնած էին այն արձանի առաջ, որ կանգնեցրել էր Նաբուքոդոնոսոր արքան:
(Արարատ թարգ․ 3։3) Այդ ժամանակ սատրապները, կուսակալները եւ կառավարիչները, խորհրդատուները, գանձապետները, դատավորները, օրենսգետները եւ գավառների բոլոր իշխանները հավաքվեցին Նաբուգոդոնոսոր թագավորի կանգնեցրած արձանի նավակատիքին եւ կանգնեցին այն արձանի առջեւ, որ կանգնեցրել էր Նաբուգոդոնոսորը.
(Գրաբար) Եւ ժողովեցան կուսակալք, զօրավարք և զօրագլուխք՝ պե՛տք և բռնաւորք. մեծամեծք՝ գործակալք, և ամենայն իշխանք աշխարհաց, գա՛լ’ի նաւակատիս պատկերին՝ զոր կանգնեա՛ց արքայն Նաբուքոդոնոսոր. և կային առաջի պատկերին զոր կանգնեաց արքայն Նաբուքոդոնոսոր։