Դանիելի մարգարեության մեկնություն 4(3):5

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Երբ լսէք փողի, սրնգի, թմբուկի, քնարի, տավղի և բոլոր տեսակի նվագարանների ձայնը, գետի՛ն ընկեք և երկրպագեցե՛ք արձանին, որ կանգնեցրել է Նաբուքոդոնոսոր արքան:
   
   Ահա թե ինչու է մեր սերը Քրիստոսի նկատմամբ ավելի թույլ, քանի որ մեր ամբողջ ուժը սպառվում է արատավոր սիրո վրա, քանզի մենք գիշատիչներ, փողասերներ, ունայն փառքի ստրուկներ ենք: Իսկ ի՞նչը կարող է այս փառքից ավելի աննշան լինել: Եթե ​ հազար անգամ ավելի հայտնի դառնաս, անհայտ մարդուց ոչնչով լավը չես լինի: Ընդհակառակը, սրա միջոցով էլ ավելի անազնիվ կդառնաս: Երբ քեզ փառաբանողներն ու հայտնի դարձնողները հենց իրենցից փառք ակնկալելու համար ծիծաղեն քեզ վրա, ապա այդ դեպքում քո եռանդը արդյոք ցանկությանդ հակառակ չի գործի:

   Այս մարդիկ գործում են որպես մեղադրողներ: Ով փառաբանում և շողոքորթում է շնության կամ պոռնկության մատնվածին, նա դրանով ավելի շատ դատապարտում, քան գովում է ցանկասերին: Նմանապես, եթե մենք բոլորս փառաբանում ենք մեկին, ով կախված է փառքից, ապա դրանով ավելի շատ նախատում, քան թե գովում ենք փառասերին: Ուրեմն այսպես. ինչո՞ւ ես այդքան մտածում նման պարագայի մասին, որի հետևանքները միշտ հակասում են քո նպատակին: Եթե ​​ցանկանում ես փառավորվել, ապա արհամարհի՛ր փառքը, և դու ամենքից ավելի փառավորված կլինես: Դու ինչո՞ւ պետք է ենթարկվես այն նույն բանին, ինչը պատահեց Նաբուգոդոնոսորին: Նա արձանը կանգնեցրեց, քանզի մտածում էր էլ ավելի մեծ փառք ստանալ ծառից և անզգա պատկերից, կյանք ունեցողը ցանկանում էր փառավորվել այն բանի միջոցով, որը կյանք չուներ: Տեսնո՞ւմ ես ծայրահեղ խելագարությունը: Իրեն փառավորել փորձելով՝ նա ավելի շատ անպատվվեց, քանզի ցույց տվեց, որ հույսն ավելի շատ դնում է անհոգի իրի, քան անձամբ իր և իր կենդանի հոգու վրա, ուստի այդ իսկ պատճառով էլ նա փայտին այդպիսի նախապատվություն է տալիս: Արդյո՞ք նա արժանի չէ ծաղրի, քանի որ իր համար ոչ թե բարոյականության  մեջ է փառք փնտրում, այլ տախտակների: Դա նույնն է, երբ ինչ–որ մեկը որոշի ավելի շատ պարծենալ տան հատակով կամ գեղեցիկ սանդուղքով, քան իր մարդ լինելով: Մինչդեռ մեզանից շատերը հիմա էլ են ընդօրինակում Նաբուգոդոնոսորին: Ինչպես նա էր փորձում իր պատկերով զարմացնել, այդպես էլ մեզանից ոմանք են մտածում զարմացնել հագուստով, մյուսները` տներով, ջորիներով, կառքերով և իրենց բնակարաններում գտնվող սյուներով: Մարդկային արժանապատվությունն իրենց մեջ կործանելով՝ նրանք գնում և իրենց համար բավականին ծիծաղելի փառք են փնտրում այլ առարկաների մեջ: Աստծո նշանավոր և մեծ ծառաները ոչ թե սրանով փայլեցին, այլ շողացին, ինչով անհրաժեշտ էր։ Նրանք գերիներ, ստրուկներ, երիտասարդներ և օտարներ էին: Որևէ սեփական բան չունեին, սակայն ամեն ինչ առատապես ունեցողից շատ ավելի փառավոր եղան: Ո՛չ հսկայական արձանը, ո՛չ ազնվականները, ո՛չ առաջնորդները, ո՛չ անթիվ զորքերը, ո՛չ ոսկու բազմությունը և ո՛չ էլ ամբողջ շքեղությունը չկարողացան  բավարարել  իրեն մեծ ցույց տալու Նաբուգոդոնոսորի կիրքը:

   Մենք ևս պետք է ընդօրինակենք նրանց (այսինքն՝ երեք երիտասարդներին): Ի վերջո, մեր առաջ էլ է կանգնած  ոսկե պատկերը՝ մամոնայի տանջող ուժը: Բայց եկե՛ք ուշադրություն չդարձնենք ծնծղաներին, փողերին, տավիղներին և հարստություն ընձեռած այլ հրճվանքներին: Եթե անհրաժեշտ է ընկնել աղքատության քարանձավը, ապա եկե՛ք նախապատվությունը տանք այս աղքատությանը՝ նույնիսկ միայն կուռքին չպաշտելու համար, և այդ ժամանակ քարանձավի մեջ ցող կլինի:
   

Ա. Լոպուխին

«Երբ լսեք փողի, սրնգի, քնարի, ջութակի, տավիղի, տիկի և ամեն տեսակի երաժշտական գործիքների ձայնը, վա՛յր ընկեք և երկրպագե՛ք այն ոսկե արձանին, որ կանգնեցրեց Նաբուգոդոնոսոր թագավորը»։ (Սինոդական թարգ․) [1]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 4(3):3

--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Երբ լսէք փողի, սրնգի, թմբուկի, քնարի, տաւղի եւ բոլոր տեսակի նուագարանների ձայնը, գետի՛ն ընկէք եւ երկրպագեցէ՛ք արձանին, որ կանգնեցրել է Նաբուքոդոնոսոր արքան:
(Արարատ թարգ․ 3։5) Նաբուգոդոնոսորի թագավորության երկրորդ տարում Նաբուգոդոնոսորը երազներ տեսավ. խռովվեց նրա հոգին, և չէր կարող քնել։
(Գրաբար) յորժամ լսիցէք զձայն փողոյ, սրընկի, թմբկի, և քնարի, և տաւղի և զերգոց միաբանութեան, և զամենայն ազգաց արուեստականաց, անկանիջիք և երկիրպագանիջիք պատկերին զոր կանգնեաց Նաբուքոդոնոսո՛ր արքայ։
   
   Պատմամշակութային մեկնություն

   Երաժշտական ​​գործիքներ: Այս գործիքներից մի քանիսի անունները հունական են, բայց դա չպետք է զարմանալի լինի, քանի որ մ.թ.ա. 6–րդ դարում Հունաստանի հետ շփումները բավականին շատ էին: Ինչպես պարզ է դառնում սննդամթերքի բաշխման մասին փաստաթղթերից, Նաբուգոդոնոսորի արքունիքում ապրում էին օտարերկրյա երաժիշտներ, այդ թվում՝ մի քանի հույներ: Նշված գործիքներից առաջին երկուսը փողային գործիքներ են: Դատելով այստեղ օգտագործված բառից՝ խոսքը եղջյուրի մասին է, այսինքն՝ կենդանու եղջյուրի, այլ ոչ թե մետաղական խողովակի: Այստեղ «սվիրել» բառի ներքո, հավանաբար, նկատի է առնվում սրինգը, որի վրա նվագում էին երկայնական ֆլեյտայի պես: Հաջորդ երեք գործիքները լարային են: Դրանցից երկուսի անունները արամեերեն լեզվում փոխառվել են հունարենից, իսկ երրորդի վերաբերյալ օգտագործված հունարեն բառը արամեերեն տեքստում ներկայացվում է որպես օտար արտահայտություն: «Կատրոսը» (ռուսերեն թարգմանությամբ ՝ «քնար») Հոմերոսի (մ.թ.ա. VIII դար) ստեղծագործություններից հայտնի է որպես քնարի տեսակ: «Պսանտերինը» (ռուսերեն թարգմանությամբ՝ «քնար») ամենայն հավանականությամբ  տավիղ է, իսկ «սրինգ»–ը, թեև պայմանականորեն, քնարի մեկ այլ տեսակ է: Ինչ վերաբերում է «նվագարանին», ապա այս անվան մեկնաբանությունը ամենամեծ դժվարություններն է առաջացնում: Ենթադրվում է, որ այս գործիքը հիշեցնում է կա՛մ պարկապզուկ, կա՛մ կրկնակի սրինգ, կա՛մ ծնծղաներ: