Սուրբ Եփրեմ Ասորի
Լաց մի՛ լինէք մեռածի վրայ, մի՛ ողբացէք նրան, այլ լացելով լացէք նրա՛ վրայ, ով կը հեռանայ եւ այլեւս չի դառնայ ու չի տեսնի իր ժողովրդի երկիրը:
«Լաց մի՛ եղեք մեռածի վրա, մի՛ ողբացեք նրա համար», այսինքն՝ մի՛ լացեք Հովսիա թագավորի համար, ում գերեզմանվելու են մատնում նրան ճանաչողները: Նրա հետ տեղի չի ունեցել այն, ինչ պատահում է գերի տարվածների և օտար երկրում մահացածների հետ, որոնց թաղելու համար ոչ ոք չի գտնվում: «Լացելով լացե՛ք նրա վրա, ով կհեռանա և այլևս չի դառնա ու չի տեսնի իր ժողովրդի երկիրը», այսինքն՝ լա՛ց եղեք Սալումի (Սելլիմի) կամ Հովսիայի որդի Հովաքազի համար:
Ա. Լոպուխին
«Լաց մի՛ եղեք մեռնողի համար և մի՛ խղճացեք նրան, այլ դառնորեն լա՛ց եղեք գերության մատնվողի համար, որովհետև նա այլևս հետ չպիտի դառնա և չպիտի տեսնի իր հայրենի երկիրը»։ (Սինոդական թարգմ.) [10]
«Մահացածը» Հովսիա թագավորն է, որի համար հրեաները շատ են լացել (Բ Մնաց. 35:25): «Գերության մեջ հայտնված»–ը (հաջորդ համարը) Սալումն է՝ Հովսիայի որդին: Ո՞վ է այս Սալումը: Թագավ. Չորրորդ (23:30) և Մնացորդաց Երկրորդ (30:1–2) գրքերի հիման վրա կարող ենք վստահորեն ասել, որ մարգարեն այստեղ նկատի ունի Հովաքազին՝ Հովսիայի իրավահաջորդին: Նա Սալում անունը հավանաբար կրել է գահ բարձրանալուց առաջ: Հովաքազ–Սալումը ընդամենը երեք ամիս է թագավորել և գերեվարվել է փարավոնի կողմից: Նրա փոխարեն եգիպտացիների կողմից գահ է բարձրացվել Հովակիմը, և սա, իհարկե, պետք է մեծապես վրդովվեցներ բաբելոնացիների արքային, ում համար փարավոնը և նրա բոլոր դրածոները ծայրահեղ ատելի էին: Այսպիսով՝ Հովաքազի գերության տարվելը ողբալու հետ միասին հրեաները սգում են նաև իրենց սպասվող թշվառ ճակատագիրը, որն էլ Բաբելոնի թագավորն արդեն պատրաստում էր նրանց համար:
Խոսք Հովաքազ–Սալումի մասին
Գերության մեջ, ուր նրան տանում էին նրա թշնամիները, Սալում թագավորին թշվառ վախճան էր սպասվում, և հենց դրա համար է մարգարեն հրեաներին արցունք թափելու հրավիրում:
-------------------------------------
[10](Էջմիածին թարգմ.) Լաց մի՛ լինէք մեռածի վրայ, մի՛ ողբացէք նրան, այլ լացելով լացէք նրա՛ վրայ, ով կը հեռանայ եւ այլեւս չի դառնայ ու չի տեսնի իր ժողովրդի երկիրը:
(Արարատ թարգմ.) Մեռնողի համար լաց մի՛ եղեք և նրա համար մի՛ ողբացեք, այլ դառնորեն լա՛ց եղեք գնացողի համար, որովհետև այլևս հետ չպիտի դառնա, որ տեսնի իր ծննդյան երկիրը։
(Գրաբար) Մի լայք զմեռեալն՝ եւ մի ողբայք զնա. այլ լացէք լալով ի վերայ այնորիկ որ ելանիցէ՝ եւ այլ ոչ դառնայցէ, եւ ոչ տեսցէ զերկիր ազգի իւրոյ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: