Երեմիայի մարգարեության մեկնություն 22:20

Սուրբ Եփրեմ Ասորի

Ե՛լ դէպի Լիբանան ու գուժի՛ր, ձայնդ արձակի՛ր դէպի Բասան, աղաղա՛կ բարձրացրու ծովի այն կողմը, որովհետեւ քո բոլոր հոմանիները միասին խորտակուեցին:
   
   Այստեղ մարգարեն խոսում է Հուդայի ողջ ժողովրդի հետ և ցույց է տալիս, թե ինչքան ապարդյուն է դաշնակից ազգերի հետ նրանց կապած հույսը, քանի որ նրանք նույնպես քաղդեացիների կողմից հաղթվելու և ստրկության լծի տակ նվաստացվելու են, ուստի իրենց հարևաններին օգնել չեն կարողանալու:
   

Ա. Լոպուխին

«Բարձրացի'ր Լիբանան և աղաղակի՛ր, և Բասանի վրա բարձրացրո՛ւ ձայնդ և աղաղակի՛ր Աբարիմից, որովհետև ջախջախված են քո բոլոր ընկերները»։ (Սինոդական թարգմ.) [20]
   
     Այստեղ մարգարեն դիմում է հրեաների Աստծուն դավաճանող (Եր. 4:31 և 3:11) Սիոնի դստերը։ Սա երևում է այն բանից, որ այստեղ ստորոգելիները դրված են իգական սեռով (ըստ եբրայերեն տեքստի): Այստեղ հիշատակվում են Լիբանանը, Բասանի լեռները (սրանք շատ բարձրադիր վայրեր են) և Ավարիմ լեռը, թվարկվածների շարքին է պատկանում նաև Նեբո լեռը (այս լեռան վրա իր մահկանացուն է կնքել Մովսեսը)։ Այստեղ նշվում են համեմատաբար բարձր այն կետերը, որոնցից կարելի է տեսնել ամբողջ Պաղեստինը և նույնիսկ հարևանությամբ գտնվող հողերը: Տեսնելով, որ բոլոր դաշնակիցները (այսինքն՝ Բաբելոնի թագավորի դեմ կազմակերպված դավադրության բոլոր հրեա մասնակիցները) պարտվել են, Հուդային մնում էր միայն դառնորեն սգալ իր անխուսափելի և տխուր ճակատագիրը:
   
   21 30. «Ես քեզ ասացի Քո բարգավաճման ժամանակ. բայց դու ասացիր. «Չպիտի լսեմ»։ Այդպիսին է եղել քո պահվածքը դեռևս քո երիտասարդությունից ի վեր, երբ որ դու չէիր լսում Իմ ձայնը»։ «Քո բոլոր հովիվներին քամին է քշելու, և քո ընկերները պիտի գերեվարվեն. և այդ ժամանակ դու պիտի ամաչես և պիտի նախատվես քո բոլոր չարագործությունների համար»։ «Լիբանանում բնակվո'ղ, որ բույն ես դրել մայրիների վրա. ի՜նչ ողորմելի ես լինելու դու, երբ քեզ վրա գան ցավերը, որոնք նման են լինելու ծննդաբերող կնոջ ցավերի»։ «Կենդանի եմ Ես, - ասում է Տերը. - եթե Հեքոնիան` Հուդայի թագավոր Հովակիմի որդին, մատանի էլ լիներ Իմ աջ ձեռքին, ապա այնտեղի՛ց էլ Ես կպոկեմ քեզ»։ «Եվ քեզ պիտի մատնեմ քո հոգին փնտրողների ձեռքը և նրա'նց ձեռքը, որոնցից դու վախենում ես, Նաբուգոդոնոսորի` Բաբելոնի թագավորի ձեռքը, ու քաղդեացիների ձեռքը»։ «Ես քեզ ու քո մորը, որը ծնել է քեզ, պիտի նետեմ օտար երկիր, որտեղ դուք չեք ծնվել, և այնտեղ կմեռնեք»։ «Իսկ այն երկիրը, ուր նրանց հոգին ցանկանալու է վերադառնալ, այնտեղ չեն վերադառնալու»։ «Մի՞թե այս մարդը` Հեքոնիան, մի անարգված, մերժված արարած է, կամ մի՞թե մի անպետք անոթ է. ինչո՞ւ նրանք դուրս շպրտվեցին` նա և իր սերունդը, և նետվեցին մի երկիր, որը չէին ճանաչում»։ «Օ՜, երկիր, երկիր, երկիր, լսի՛ր Տիրոջ խոսքը»։ «Այսպես է ասում Տերը. «Գրե՛ք այս մարդուն որպես անզավակ, որպես իր օրերում լավ բան չստացած մի մարդ, որովհետև նրա ցեղից ոչ ոք այլևս չպիտի նստի Դավթի գահին և իշխի Հուդայում»»։

   
   Հեքոնիայի մասին
   Հրեա ժողովուրդը շուտով ստիպված պիտի լինի դառնորեն սգալ բոլոր նրանց համար, որոնց հետ հույս էր կապել: Նախևառաջ, մարգարեն նշում է, որ Նաբուգոդոնոսորն արդեն գերել էր Հուդայի Հեքոնիա թագավորին և տարել օտար երկիր, որտեղից նա այլևս չպիտի վերադառնա: Նրա սերունդներից ոչ ոք այլևս չի թագավորելու Հրեաստանում:

--------------------------------------

[20](Էջմիածին թարգմ.) Ե՛լ դէպի Լիբանան ու գուժի՛ր , ձայնդ արձակի՛ր դէպի Բասան, աղաղա՛կ բարձրացրու ծովի այն կողմը, որովհետեւ քո բոլոր հոմանիները միասին խորտակուեցին:
(Արարատ թարգմ.) Լիբանա՛ն բարձրացիր և աղաղակի՛ր. Բասանի մեջ ձայնդ բարձրացրո՛ւ և Աբարիմից աղաղակի՛ր, որովհետև քո բոլոր հոմանիները կործանվեցին։
(Գրաբար) Ել ի Լիբանան՝ եւ գուժեա, եւ ի Բասան տաջիր զձայն քո. աղաղակ բարձ յայնկոյս ծովուն, զի խորտակեցան ի միասին ամենայն հոմանիք քո։