Երեմիայի մարգարեության մեկնություն 25:9

Սուրբ Հովհան Ոսկեբերան

ահա ես կ՚ուղարկեմ, կ՚առնեմ հիւսիսի բոլոր ցեղերին, - ասում է Տէրը, - նաեւ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային՝ իմ ծառային, եւ նրանց կը բերեմ այդ երկրի վրայ, դրա բնակիչների վրայ, այն բոլոր ցեղերի վրայ, որ դրա շուրջն են, կը բնաջնջեմ դրանց, կը մատնեմ աւարի ու ապականութեան, սուլոցի ու յաւիտենական նախատինքի:
    
    Նա ասում է. «Կբերեմ բաբելոնացիներին, որովհետև դուք չեք հավատում»: Տեսնո՞ւմ ես, թե ինչից է ծագում նրանց անհոգությունը: Այն ծագում է անհավատությունից: Գեհենի հետ կապված այդ նույնը տեղի է ունենում նաև այսօր: Եթե ցանկանայի, արդյո՞ք չէի կարող պատժել: Սրանում մեղավոր էին սուտ մարգարեները: Չէիք հավատում խոսքերին, հավատացե՛ք գործերին:
    

Ա. Լոպուխին

«Ահա, Ես կուղարկեմ և կվերցնեմ հյուսիսի բոլոր ազգատոհմերին, - ասում է Տերը, - և կուղարկեմ Նաբուգոդոնոսորի` Բաբելոնի թագավորի, Իմ ծառային մոտ, և նրանց կբերեմ այս երկրի վրա և նրա բնակիչների վրա ու շրջակայքի բոլոր ժողովուրդների վրա. և իսպառ կբնաջնջեմ նրանց ու նրանց կդարձնեմ սարսափի, ծաղրի առարկա և հավիտենական ավերակներ»։ (Սինոդական թարգմ.) [9]
    
    «Հյուսիսային ցեղեր»–ի մասին ընթերցի՛ր նաև Երեմիա 1–ին գլխի 15–րդ համարի մեկնությունը: Նաբուգոդոնոսորը Դավթի նմանողությամբ չէ «Աստծու ծառա» կոչվում։ Նա այս ձևով է անվանվում պարզապես աստվածային բարկության համար գործիք դառնալու պատճառով:
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 25:1

-------------------------------------

[9](Էջմիածին թարգմ.) ահա ես կ՚ուղարկեմ, կ՚առնեմ հիւսիսի բոլոր ցեղերին, - ասում է Տէրը, - նաեւ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային՝ իմ ծառային, եւ նրանց կը բերեմ այդ երկրի վրայ, դրա բնակիչների վրայ, այն բոլոր ցեղերի վրայ, որ դրա շուրջն են, կը բնաջնջեմ դրանց, կը մատնեմ աւարի ու ապականութեան, սուլոցի ու յաւիտենական նախատինքի:
(Արարատ թարգմ.) ահա ես կկանչեմ և կբերեմ հյուսիսի բոլոր ազգատոհմերին,- ասում է Տերը,- նաև Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին՝ իմ ծառային, և նրանց կբերեմ այս երկրի վրա և նրա բնակիչների վրա ու շրջակա այս բոլոր ազգերի վրա և նրանց կբնաջնջեմ, նրանց ամայություն, սուլելու առարկա և հավիտենական ավերակներ կդարձնեմ։
(Գրաբար) ահաւասիկ ես առաքեմ, եւ առից զամենայն ազգս հիւսւսոյ՝ ասէ Տէր. եւ զՆաբուքոդոնոսոր արքայ բաբելացւոց զծառայ իմ. եւ ածից զնոսա ի վերայ երկրիդ այդորիկ՝ եւ ի վերայ բնակչաց դորա, եւ ի վերայ ամենայն ազգաց որ շուրջ զդովաւ. եւ աւերեցից զդոսա. եւ տաց զդոսա յապականութիւն եւ ի շչիւն՝ եւ ի նախատինս յաւիտենից։