Սուրբ Հովհան Ոսկեբերան
Սրանք են այն նամակի խօսքերը, որ Երեմիա մարգարէն Երուսաղէմից ուղարկեց գերութեան մէջ գտնուող ծերերին, քահանաներին եւ սուտ մարգարէներին: Սոյն նամակը յղուած էր Բաբելոն՝ գերիներին եւ առհասարակ ժողովրդին, որոնց Նաբուքոդոնոսորը գերեվարեց Երուսաղէմից Բաբելոն,
 
 Ասա՛ ինձ, թե ինչի՞ համար է նա ուղարկում նաև Բաբելոնում եղողներին: Արդյո՞ք Եզեկիելն այնտեղ չէր: Ո՞րն է նամակի նպատակը: Սա տեղի է ունենում ավելցուկից (ἐκ περιουοίας, իհարկե, իր ազգակիցների հանդեպ մարգարեի ունեցած չափազանց մեծ սիրուց): Քանի որ նրանց համար բնական էր մեծ հարգանքով վերաբերվել տաճարից և սրբարանից խոսողին (ուստի այս պատճառով էլ նամակ է ուղարկվում), և հենց սրանում է դրա նշանակությունը: Սակայն տե՛ս, թե չարիքը ինչպես էր տարածվել. սուտ մարգարեները փչացրել էին նաև այնտեղ եղողներին:
 
Ա. Լոպուխին
1–23. «Եվ սրանք են այն նամակի խոսքերը, որը Երեմիա մարգարեն Երուսաղեմից ուղարկեց գերության մեջ մնացած երեցներին, ինչպես և քահանաներին ու մարգարեներին և ամբողջ ժողովրդին, որոնց Նաբուգոդոնոսորը Երուսաղեմից գերեվարել էր Բաբելոն»։ [1] «Այն բանից հետո, երբ Հեքոնիա թագավորն ու թագուհին և պալատականները, Հուդայի ու Երուսաղեմի իշխանավորները և հյուսներն ու դարբինները դուրս եկան Երուսաղեմից»: [Նամակն ուղարկվեց] Եղեասայի` Սափանի որդու, և Գամարիայի` Քեղկիայի որդու ձեռքով, որոնց Սեդեկիան` Հուդայի թագավորը, ուղարկել էր Բաբելոն Նաբուգոդոնոսորի՝ Բաբելոնի թագավորի մոտ»: «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, բոլոր գերյալներիդ, որոնց Ես Երուսաղեմից գերեվարեցի Բաբելոն»: «Տնե՛ր կառուցեք և բնակվե՛ք դրանցում, ու այգինե՛ր տնկեք և կերե՛ք դրանց պտուղները»։ «Կանա՛յք առեք և ծնե՛ք որդիներ ու դուստրեր. և ձեր որդիների համար կանա՛յք առեք և ձեր դուստրերին կնությա՛ն տվեք, որպեսզի նրանք ծնեն որդիներ և դուստրեր, և բազմացե՛ք այնտեղ ու մի՛ քչացեք»։ «Եվ հոգ տարեք ա'յն քաղաքի բարօրության մասին, ուր որ Ես ձեզ տարագրել եմ, և նրա համար աղոթե՛ք Տիրոջը. որովհետև նրա բարօրությամբ ձեզ նույնպես խաղաղություն կլինի»։ «Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Թող ձեզ չխաբեն ձեր մարգարեները, որոնք ձեր մեջ են, և ձեր գուշակները. և մի՛ լսեք ձեր երազներին, որոնք տեսնում եք երազում»»։ ««Նրանք ձեզ համար սուտ են մարգարեանում Իմ անունով. Ես չեմ ուղարկել նրանց», - ասում է Տերը»։ «Որովհետև այսպես է ասում Տերը. «Երբ լրանա Բաբելոնի համար յոթանասուն տարին, այդժամ Ես կայցելեմ ձեզ և կկատարեմ Իմ բարի խոսքը ձեզ համար, որպեսզի ձեզ վերադարձնեմ այս վայրը»։ «Որովհետև միայն Ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին, - ասում է Տերը, - բարօրության խորհուրդներ, այլ ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ տամ ապագա և հույս»։ «Եվ կկանչեք Ինձ և կգաք ու կաղոթեք Ինձ, և Ես կլսեմ ձեզ»։ «Եվ կփնտրեք Ինձ ու կգտնեք, եթե որոնեք Ինձ ձեր ամբողջ սրտով»։ «Եվ Ես կգտնվեմ ձեզ համար, - ասում է Տերը, - և ձեզ կվերադարձնեմ գերությունից ու կհավաքեմ ձեզ բոլոր ժողովուրդներից ու բոլոր տեղերից, ուր որ Ես աքսորել էի ձեզ, - ասում է Տերը, - և ձեզ կվերադարձնեմ այն տեղը, որտեղից տարագրել էի ձեզ»։ «Դուք ասում եք. «Տերը մեզ համար մարգարեներ դուրս բերեց նաև Բաբելոնում»»։ «Տերն այսպես է ասում այն թագավորի մասին, որը բազմում է Դավթի գահի վրա, և այն ամբողջ ժողովրդի մասին, որը բնակվում է այս քաղաքում, ձեր եղբայրների մասին, որոնք ձեզ հետ գերության չեն տարվել»։ «Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ահա, Ես նրանց վրա եմ ուղարկելու սուրը, սովն ու ժանտախտը և նրանց դարձնելու եմ փչացած թզերի նման, որոնք չի կարելի ուտել անպիտան լինելու պատճառով»»։ «Եվ նրանց հալածելու եմ սրով, սովով ու ժանտախտով և նրանց մատնելու եմ երկրի բոլոր թագավորությունների չարությանը՝ որպես անեծք ու սարսափ, որպես ծաղր ու այն բոլոր ժողովուրդների մեջ, ուր Ես աքսորելու եմ նրանց»։ ««Այն բանի համար, որ նրանք չլսեցին Իմ խոսքերը, - ասում է Տերը, - որոնք Ես նրանց մոտ ուղարկեցի Իմ ծառաների՝ մարգարեների միջոցով, ուղարկեցի վաղ առավոտից, բայց նրանք չլսեցին», - ասում է Տերը»։ «Իսկ դուք, բոլոր գերյալներ, որոնց Ես Երուսաղեմից Բաբելոն եմ ուղարկել, լսե՛ք Տիրոջ խոսքը»։ «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, Աքաաբի` Կովղիայի որդու, և Սեդեկիայի` Մաասիայի որդու մասին, որոնք սուտ են մարգարեանում ձեզ Իմ անունով. «Ահա, Ես նրանց պիտի մատնեմ Նաբուգոդոնոսորի` Բաբելոնի թագավորի ձեռքը, և նա պիտի սպանի նրանց ձեր աչքի առաջ»»։ «Եվ նրանցից Հուդայի բոլոր տարագիրների համար, որոնք Բաբելոնում են, սովորություն պիտի առնվի անիծել այսպես. «Տերը քեզ թող անի այնպես, ինչպես արեց Սեդեկիայի և Աքաաբի հետ», որոնց Բաբելոնի թագավորը խորովեց կրակի վրա»: ««Այն բանի համար, որ Իսրայելի մեջ գարշելի բան արեցին. շնություն գործեցին իրենց մերձավորների կանանց հետ և Իմ անունով սուտ ասացին, որը Ես չէի հրամայել իրենց. Ես գիտեմ դա, և Ես վկա եմ», - ասում է Տերը»։ (Սինոդական թարգմ.)
 
  Բաբելոնում գտնվող հրեա գերիներին ուղղված Երեմիայի նամակը
 Հեքոնիայի հետ միասին գերության տարված հրեա գաղթականներին ուղղված նամակում Երեմիա մարգարեն իր ազգակիցներին կոչ է անում, որ գերությունը չհամարեն որպես կարճատև պատիժ: Ո՛չ, նրանք դեռ երկար ժամանակ ստիպված պիտի լինեն այնտեղ ապրել: Բաբելոնի նահանգներում նրանք իրենց համար ամուր տներ պիտի կառուցեն և այգիներ տնկեն: Նրանց համար Բաբելոնը պիտի երկրորդ հայրենիք դառնա, որի բարօրության համար նրանք պետք է աղոթեն Աստծուն: Շուտափույթ փրկության հույսով գերիներին գայթակղող մարգարեները ստում են: Ճշմարիտ է միայն այն, որ Տերը ճիշտ յոթանասուն տարի հետո է Իր ժողովրդին գերությունից վերադարձնելու: Աստծու հանդեպ ցուցաբերած իրենց անհնազանդության համար նույնիսկ Երուսաղեմում մնացած հրեաներն են գերության տարվելու: Ինչ վերաբերում է գերիներին գայթակղեցնող Աքիաբ և Սեդեկիա սուտ մարգարեներին, ապա նրանք Նաբուգոդոնոսորի կողմից մահապատժի են ենթարկվելու:
--------------------------------
[1](Էջմիածին թարգմ.) Սրանք են այն նամակի խօսքերը, որ Երեմիա մարգարէն Երուսաղէմից ուղարկեց գերութեան մէջ գտնուող ծերերին, քահանաներին եւ սուտ մարգարէներին: Սոյն նամակը յղուած էր Բաբելոն՝ գերիներին եւ առհասարակ ժողովրդին, որոնց Նաբուքոդոնոսորը գերեվարեց Երուսաղէմից Բաբելոն,
(Արարատ թարգմ.) Սրանք են այն նամակի խոսքերը, որ Երեմիա մարգարեն Երուսաղեմից ուղարկեց մնացած տարագիր երեցներին, քահանաներին ու մարգարեներին և ամբողջ ժողովրդին, որոնց Նաբուգոդոնոսորը Երուսաղեմից տարագրել էր Բաբելոն։
(Գրաբար) Եւ այս բանք են թղթոյն զոր առաքեաց Երեմիա մարգարէ յԵրուսաղէմէ առ ծերս գերութեանն, եւ առ քահանայս, եւ առ սուտ մարգարէսն։ Թուղթ ի Բաբելոն առ գերին, եւ առ ամենայն ժողովուրդն զորս գերեաց Նաբուքոդոնոսոր յԵրուսաղէմէ ի Բաբելովն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: