Երեմիայի մարգարեության մեկնություն 31:15

Սուրբ Եփրեմ Ասորի

Այսպէս է ասում Տէրը. «Մի ձայն էր լսւում Ռամայում, ողբ, լաց ու գոյժ. Ռաքէլը ողբում էր իր որդիներին, որդիների պատճառով չէր ուզում մխիթարուել, քանի որ նրանք չկային»: 
   
    Պատմական իմաստով սա ասվում է Հուդայի և Բենիամինի որդիների մասին, որոնք ապրում էին Երուսաղեմում և Բեթղեհեմում: Քանի որ ինքը՝ Երեմիան, մարգարեության հետագա կատարումը նկարագրելով,  ասում է, որ Հուդայի և Բենիամինի ցեղերը տեղափոխվեցին Բենիամինի ցեղին պատկանող Ռամա քաղաքը, իսկ այնտեղից Բաբելոն գերության տարվեցին: Բայց հոգևոր իմաստով այս բառերը կատարվեցին այն ժամանակ, երբ Հերովդեսը կոտորեց Եփրաթայում  (Միքիա. 5:2) և նրա շրջակայքում ապրող երեխաներին: Իսկ «Ռաքելը լալիս է Բեթղեհեմում, և նրա ողբի ձայնը լսվում է Ռամայում» խոսքը բացատրվում է նրանով, որ Ռաքելի մարմինը թաղվել է Բեթղեհեմում, իսկ Բեթղեհեմի բնակիչները գերվել են և տարվել Ռամա, իսկ այնտեղից նրանք ստիպված են եղել գնալ օտար երկիր՝ Բաբելոն:
   

Ա. Լոպուխին

«Այսպես է ասում Տերը. «Մի ձայն է լսվում Ռամայում, ողբ ու դառնագին հեկեկոց. Ռաքելը լալիս է իր երեխաների համար և չի ուզում մխիթարվել իր երեխաների համար, քանի որ նրանք չկան»»։ (Սինոդական թարգմ.) [15]
   
    «Ռաման» Բենիամինի ցեղին բաժին ընկած տարածքի մեջ գտնվող քաղաք է։ Այն ընկած էր  Երուսաղեմից հյուսիս՝ երկու ժամվա ընթացքում անցնելիք ճանապարհի  չափ հեռավորության վրա: Սա բարձրադիր վայր է: Այնտեղից հեռավոր տարածություն ընդգրկող տեսարան է բացվում: Հովսեփի և Բենիամինի մայրը՝ Ռաքելը, ևս 10 ցեղերից բաղկացած թագավորության նախամայրն է, որն իր թոռան անունով կոչվեց Եփրեմ: Նա լալիս է Ռամայում (սա բարձրադիր վայր է, որտեղից նա նայում է իր որդիների ամայի թագավորությանը, հիմնականում Հովսեփի երկրին), չնայած թաղվել է այստեղից շատ հեռու՝ Բեթխեհեմի մոտակայքում  (Ծննդ. 35:19):
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 31:1

-----------------------------------------

[15](Էջմիածին թարգմ.) Այսպէս է ասում Տէրը. «Մի ձայն էր լսւում Ռամայում, ողբ, լաց ու գոյժ. Ռաքէլը ողբում էր իր որդիներին, որդիների պատճառով չէր ուզում մխիթարուել, քանի որ նրանք չկային»:
(Արարատ թարգմ.) Տերն այսպես է ասում. «Ռամայում մի ձայն լսվեց, դառնագին ողբ, լաց. Ռաքելն իր տղաների համար է լալիս, մերժում է մխիթարվել իր որդիների համար, որոնք չկան»։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր. Ձայն ի Հռամայ լսելի եղեւ՝ ողբումն եւ լալումն եւ գուժումն. Ռաքէլ լայր զորդիս իւր, եւ ոչ կամէր մխիթարել ի վերայ որդւոց իւրոց՝ զի ոչ գոյին։