Երեմիայի մարգարեության մեկնություն 40:4

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Եւ ահա այժմ արձակեցի քեզ այն կապանքներից, որոնք քո ձեռքերին էին. եթէ քեզ համար հաճելի ես գտնում ինձ հետ գալ Բաբելոն՝ արի՛, աչք կը պահեմ քեզ վրայ, իսկ եթէ քո աչքին վատ է թւում ինձ հետ գալ Բաբելոն՝ մնա՛ այստեղ: Ահա այս ամբողջ երկիրը բարիքներով քո առաջ է. ուր որ հաճելի է քեզ՝ այնտեղ էլ գնա՛:
     
      Տե՛ս, թե ում բաժին ընկավ մարգարեին ստրկությունից ազատելը:
      Ազատողը նրան հայրենիք տալուց ավելի մեծ բան է տալիս: Նրա համար բացում է ամբողջ տիեզերքը, որը նա չուներ հայրենիքում գտնվելու ժամանակ: Իսկ երբ հացի համար դուրս գալ էր ցանկանում, կապեցին նրան: Տե՛ս, թե ինչ պատվի է արժանացնում բարբարոսը: Որտեղի՞ց դա հայտնվեց: Ակնհայտ է, որ Քրիստոսի շնորհից:
     

 Ա. Լոպուխին

«Ուրեմն, ահա, ես այսօր արձակում եմ քեզ այն շղթաներից, որոնք քո ձեռքերի վրա են. եթե քեզ հաճելի է թվում ինձ հետ Բաբելոն գնալը, ե՛կ, և ես հոգ կտանեմ քո մասին. իսկ եթե քեզ հաճելի չի թվում ինձ հետ Բաբելոն գնալը, մնա՛։ Ահա, ամբողջ երկիրը քո առաջ է. ուր որ քեզ հաճելի է թվում և ուր որ ուզում ես գնալ, այնտեղ էլ գնա»։  (Սինոդական թարգմ.) [4]
     
      Երեմիան Նաբուզարդանից իր ճակատագիրը տնօրինելու լիակատար ազատություն ստացավ: Նա կարող էր կա՛մ իր հայրենակիցների հետ գնալ Բաբելոն, կա՛մ էլ Հրեաստանի մի փոքրիկ հրեական համայնքի հետ մնալ կառավարիչ Գոդողիայի մոտ: Երեմիան ընտրեց վերջին ճանապարհը և Գոդողիայի հետ մնաց Մասեփա քաղաքում:

-----------------------------

[4](Էջմիածին թարգմ.) Եւ ահա այժմ արձակեցի քեզ այն կապանքներից, որոնք քո ձեռքերին էին. եթէ քեզ համար հաճելի ես գտնում ինձ հետ գալ Բաբելոն՝ արի՛, աչք կը պահեմ քեզ վրայ, իսկ եթէ քո աչքին վատ է թւում ինձ հետ գալ Բաբելոն՝ մնա՛ այստեղ: Ահա այս ամբողջ երկիրը բարիքներով քո առաջ է. ուր որ հաճելի է քեզ՝ այնտեղ էլ գնա՛:
(Արարատ թարգմ.) Հիմա ահա այսօր ես քեզ արձակում եմ այդ շղթաներից, որ քո ձեռքերի վրա են։ Եթե քեզ հաճելի է թվում ինձ հետ Բաբելոն գնալը, ե՛կ, և ես իմ աչքը քեզ վրա կպահեմ, իսկ եթե ինձ հետ Բաբելոն գնալը քո աչքին վատ է, մնա՛։ Տե՛ս, ամբողջ երկիրը քո առաջ է. ուր որ լավ և ճիշտ է թվում քեզ գնալու, գնա՛»։
(Գրաբար) Եւ արդ՝ ահա այժմ լուծի զքեզ այսաւր ի ձեռակապացդ որ էին ի ձեռս քո. եթէ բարւոք թուի առաջի քո գալ ընդ իս ի Բաբելոն՝ եկ, եւ ածից ի վերայ քո ակն։ եւ եթէ չար թուի յաչս քո գալ ընդ իս ի Բաբելոն, դադարեա աստէն. ահա ամենայն երկիրս առաջի քո է ի բարիս, ուր հաճոյ է քեզ երթալ՝ անդր երթիցես։