Երեմիայի մարգարեության մեկնություն 44։15

Ա. Լոպուխին

15–20. «Եվ Երեմիային պատասխանեցին այն բոլոր տղամարդիկ, որոնք գիտեին, որ իրենց կանայք խունկ էին ծխում ուրիշ աստվածների, ու այն բոլոր կանայք, որոնք կանգնած էին այնտեղ մեծ բազմությամբ, և ամբողջ ժողովուրդը, որը բնակվում էր Եգիպտոսի երկրում` Պաթուրոսում, և ասացին»: [15] «Այն խոսքը, որը դու ասացիր մեզ Տիրոջ անունից, մենք չենք լսում քեզանից»։ «Բայց անպատճառ գործադրելու ենք մեր բերանից դուրս եկած ամեն մի խոսքը՝ երկնքի աստվածուհուն խունկ ծխելով և նրան հեղման ենթակա ընծաներ մատուցելով, ինչպես որ արել ենք մենք և մեր հայրերը, մեր թագավորներն ու մեր իշխանները` Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում, որովհետև այն ժամանակ մենք կուշտ ու երջանիկ էինք և աղետ չէինք տեսել»։ «Բայց այն ժամանակից ի վեր, երբ մենք դադարեցինք երկնքի աստվածուհուն խունկ ծխելուց և նրան հեղման ենթակա ընծաներ մատուցելուց, կարոտ ենք մնացել ամեն բանից և սպառվում ենք սրից ու սովից»։ «Իսկ երբ մենք խունկ էինք ծխում երկնքի աստվածուհուն և նրան հեղման ենթակա ընծաներ էինք մատուցում, մի՞թե առանց մեր ամուսինների իմացության էինք նրա համար բլիթներ պատրաստում նրա պատկերով և նրան հեղման ենթակա ընծաներ մատուցում»։ «Այդ ժամանակ Երեմիան ասաց ամբողջ ժողովրդին՝ տղամարդկանց ու կանանց և ամբողջ ժողովրդին, որ այսպես էր պատասխանել իրեն»: (Սինոդական թարգմ.)
   
   Ժողովուրդը, ներառյալ կանայք, առարկում են մարգարեի հանդիմանությանը: Ընդհակառակը, նրանք ասում են, որ օտար աստվածներին և, հատկապես, երկնքի թագուհուն ծառայելը բացի օգուտից մեզ ոչ մի ուրիշ բան չի բերում: Մեր բոլոր դժբախտությունները բխել են հենց այն փաստից, որ մենք դադարել ենք ծառայել երկնքի աստվածուհուն:
Սա ցույց է տալիս, որ մարգարեն իր խոսքն ասել է հրեաների մեծ ժողովի առջև: Անհայտ է, թե որն էր այս ժողովի պատճառը: Համենայն դեպս, դա երկնքի թագուհու պատվին կատարվող կամ, ինչ–որ հեթանոսական տոն չէր: Հակառակ դեպքում, «որոնք գիտեին, որ իրենց կանայք խունկ են ծխում օտար աստվածներին» արտահայտությունը բոլորովին անտեղի կլիներ: Բայց հրեա կանայք, ակնհայտորեն, երկնքի աստվածուհու պատվին կարող էին ինչ–որ, գուցե նաև գաղտնի, տոն կազմակերպելու մտադրություն ունենալ:
-------------------------
[15](Էջմիածին թարգմ.) Այն ժամանակ այն բոլոր տղամարդիկ, որոնք գիտէին, որ իրենց կանայք խունկ են ծխում օտար աստուածներին, նաեւ այնտեղ եղած բոլոր կանանց մեծ բազմութիւնն ու ամբողջ ժողովուրդը, որ բնակւում էր Եգիպտացիների երկրում, Պաթուրէսում, պատասխան տուին Երեմիային եւ ասացին.
(Արարատ թարգմ.) Եվ այն բոլոր մարդիկ, որոնք գիտեին, որ իրենց կանայք խունկ էին ծխում ուրիշ աստվածների, և բոլոր ներկա եղող կանայք՝ մի մեծ բազմություն, և ամբողջ ժողովուրդը, որ բնակվում էր Պաթուրեսում՝ Եգիպտոսի երկրում, պատասխանեցին Երեմիային՝ ասելով.
(Գրաբար) Եւ պատասխանի ետուն Երեմիայի ամենայն արք որք գիտէին՝ թէ արկանեն խունկս կանայք իւրեանց աստուածոց աւտարաց. եւ ամենայն կանայք որք կային անդ ժողովք մեծամեծք, եւ ամենայն ժողովուրդն որ բնակեալն էին յերկրին Եգիպտացւոց ի Պաթուրէս՝ եւ ասեն։