Սուրբ Եփրեմ Ասորի
Տիրոջ խօսքը այլազգիների մասին՝ ուղղուած Երեմիա մարգարէին, երբ Փարաւոնը դեռ չէր աւերել Գազան:
Բոլոր աղետները, որոնք Երեմիան կանխագուշակեց փղշտացիների համար, կատարվեցին քաղդեացիների ձեռքով: Նաբուգոդոնոսորը Կարքեմիշում եգիպտացիներին ջախջախելուց հետո չհանդարտվեց, այլ հաջորդ տարիներին պատերազմեց Եփրատ գետի այն կողմում ապրող ժողովուրդների` հրեաների, մովաբացիների, ամմոնացիների, փղշտացիների և մյուս հարևան ժողովուրդների՝ Փյունիկիայի, Տյուրոսի և Սիդոնի դեմ և նվաճեց նրանց: Հետո նա արշավեց Եգիպտոս, ավերեց ամբողջ երկիրը, սպանեց Նեհաո փարավոնին և Եգիպտոսում նոր թագավոր նշանակեց: Սա հաստատում է այն, ինչ մենք ավելի վաղ էինք նշել, որ մարգարեն իր մարգարեություններում չի պահպանում ժամանակագրական կարգը, քանի որ ակնհայտ է, որ փղշտացիների մասին այստեղ ասվածը նախորդել է եգիպտացիների ստրկությանը:
Ա. Լոպուխին
1-7. «Տիրոջ այն խոսքը, որը հասավ Երեմիա մարգարեին փղշտացիների մասին՝ նախքան փարավոնը կհարվածեր Գազային»։ [1] «Այսպես է ասում Տերը. «Ահա, ջրեր են բարձրանում հյուսիսից և հորդառատ հեղեղ են դառնում, ու պիտի հեղեղեն երկիրն ու այն ամենը, ինչ լցնում է այն, քաղաքն ու նրա մեջ բնակվողներին. այդ ժամանակ մարդիկ պիտի աղաղակեն, և պիտի ողբան երկրի բոլոր բնակիչները»»: «Նրա ուժեղ երիվարների սմբակների դոփելու ձայնից, նրա մարտակառքերի դղրդյունից, նրա անիվների շառաչյունից հայրերը հետ չեն նայելու իրենց զավակներին, որովհետև նրանց ձեռքերը թուլանալու են»: «Այդ օրվանից գալիս է բոլոր փղշտացիներին բնաջնջելու, Տյուրոսի և Սիդոնի բոլոր մնացած օգնողներին ոչնչացնելու համար, որովհետև Տերը պիտի կործանի փղշտացիներին` Կափթոր կղզում մնացածներին»։ «Գազան ճաղատացավ, կործանվում է Ասկալոնը` իրենց հովտի մնացորդները»։ «Մինչև ե՞րբ պիտի կտրատես, օ՜, Տիրո՛ջ սուր, մինչև ե՞րբ դու չես հանգստանալու. հե՛տ քաշվիր քո պատյանի մեջ, կա՛նգ առ և հանգստացի՛ր»։ «Բայց ինչպե՞ս կարող ես հանգստանալ, երբ Տերն է հրաման տվել Ասկալոնի և ծովեզերքի դեմ. նրան Նա´ է այնտեղ ուղարկել»։ (Սինոդական թարգմ.)
Երեմիայի կողմից այս մարգարեության հռչակման ժամանակը որոշվում է հետևյալ բառերով. «Նախքան փարավոնը ավերեց Գազան»: Դա տեղի է ունեցել Մեգիդոյի ճակատամարտից կարճ ժամանակ անց (մ.թ.ա. 608 թ.), երբ Նեհաո փարավոնը շարժվել է Ակկո նավահանգստից: Ուստի փղշտացիների երկրի հյուսիսում նա ավերել է Գազան, քանի որ այդ քաղաքն ասես Եգիպտոսի բանալին լիներ:
Եթե այն ժամանակ նրա կողմից դեպի Միջագետք ձեռնարկված արշավանքը անհաջողությամբ ավարտվեր, ապա նա, ամեն դեպքում, կարող էր Միջերկրական ծովի ափի երկայնքով անարգել վերադառնալ Եգիպտոս:
Փղշտացիները, հյուսիսից իրենց երկիր եկող թշնամիների մասին լուրից, այնպիսի սարսափի մեջ էին ընկել, որ հայրերը նույնիսկ ուշադրություն չէին դարձնում իրենց երեխաների խնդրանքներին: Փղշտացիների դաշնակից փյունիկեցիների ամրոցների անկման հետ նրանք զրկվում էին իրենց վերջին հույսից: Նրանց Տյուրոս և Սիդոն քաղաքները նույնպես պետք է ենթարկվեն պաշարման սարսափներին: Հպարտ փղշտացիների ողորմություն խնդրելն անօգուտ էր. Աստծո սուրը չի դադարի մինչև փղշտացիների նկատմամբ ամբողջովին կատարվի Աստծո դատաստանը:
-------------------------------------
[1](Էջմիածին թարգմ.) Տիրոջ խօսքը այլազգիների մասին՝ ուղղուած Երեմիա մարգարէին, երբ Փարաւոնը դեռ չէր աւերել Գազան:
(Արարատ թարգմ.) Տիրոջ խոսքը, որ հասավ Երեմիա մարգարեին փղշտացիների մասին՝ դեռ փարավոնը Գազան չզարկած։
(Գրաբար) Ի վերայ այլազգեաց Բանն Տեառն՝ որ եղեւ առ Երեմիա մարգարէ ի վերայ այլազգեաց, մինչ չեւ հարեալ էր փարաւոնի զԳազա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: