Երեմիայի մարգարեության մեկնություն 8:14

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

14-15. Իսկ հիմա մենք ինչո՞ւ նստենք. հաւաքուեցէ՛ք՝ գնանք մտնենք ամուր քաղաքները եւ այնտեղ մեռնենք, քանզի մեր Տէր Աստուածը լքեց մեզ եւ դառնութեան ջուր խմեցրեց մեզ. Հաւաքուեցինք խաղաղութեան համար, բայց բարութիւն չկար, հաւաքուեցինք բժշկութեան համար, բայց ահա տագնապ է:
 
  Բերվում են իրենց մեղքերը գիտակցող և փոխադարձաբար ամրացված քաղաքները կամ միայն Երուսաղեմ քաղաք (քանի որ մյուս քաղաքներն արդեն գրավված էին) մտնել խորհուրդ տվրող մարդկանց պատասխան խոսքերը։ «Եվ մենք,— ասում է,— կլռենք այնտեղ, որովհետև մեր Տերը մեզ լռել ստիպեց, որովհետև Նրան աղոթելու համարձակություն չունենք, կամ էլ, որպես դեն նետված աղբ, կտապալվենք այնտեղ: Նա մեզ լեղիով ջուր խմեցրեց, քանի որ մենք քաղցր Աստծուն դառնության փոխեցինք: Եվ մեր այդպիսի ջուր խմելու պատճառը պարզ է: Մենք, ոչ մի բարի գործ չկատարելով, մեղք գործեցինք Տիրոջ առաջ: Մենք խաղաղություն էինք ակնկալում և կարծում էինք, որ գալիս է ապաքինման ժամանակը, մինչդեռ ամեն ինչ լի էր սարսափներով և աղետներով։ Դեմքերի, հատկապես մարգարեների փոփոխությունը բարդացնում է ըմբռնումը. բայց եթե հայտնի տեղիներում այն քննվի ըստ պատճառահետևանքային կապերի, ապա խրթին թվացողը կդառնա հասկանալի:

 

Ա. Լոպուխին

«Ինչի՞ համար ենք մենք նստել. հավաքվե՛ք, գնանք ամրացված քաղաքներն ու այնտեղ կործանվենք. որովհետև մեր Տեր Աստված մեզ համար կործանում է սահմանել և մեզ դառը ջուր է տալիս խմելու` այն բանի պատճառով, քանի որ մենք մեղանչեցինք Տիրոջ առաջ»։ (Սինոդական թարգմ) [14]
 
 Հրեաները պատրաստվում են դաշտավայրերի քաղաքներից փախչել լեռնային քաղաքները, բայց նույնիսկ այնտեղ փրկվելու հույս չունեն: Նրանք զգում են, որ Տերն Ինքն է իրենց դեմ:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն՝ գլուխ 8:13

---------------------------------------
[14] (Էջմիածին թարգմ.) Իսկ հիմա մենք ինչո՞ւ նստենք. հաւաքուեցէ՛ք՝ գնանք մտնենք ամուր քաղաքները եւ այնտեղ մեռնենք, քանզի մեր Տէր Աստուածը լքեց մեզ եւ դառնութեան ջուր խմեցրեց մեզ.
(Արարատ թարգմ.) Մենք ինչի՞ համար ենք նստել։ Հավաքվե՛ք, և գնանք պարսպապատ քաղաքներն ու այնտեղ կործանվենք, որովհետև Տերը՝ մեր Աստվածը, մեզ կործանեց և մեզ դառը ջուր խմեցրեց, որովհետև մենք մեղանչեցինք Տիրոջ առաջ։
(Գրաբար) Արդ մեք՝ զի՞ նստիցիմք. այլ ժողովեցարուք՝ եւ մտցուք ի քաղաքս ամուրս, եւ անդր անկցուք. զի Տէր Աստուած մեր ընկէց զմեզ, եւ արբոյց մեզ ջուր դառնութեան, զի մեղաք առաջի նորա։