Ա․ Լոպուխին
««Իսրայելը Տիրոջ սրբությունն էր, Նրա պտուղների երախայրիքը (առաջին պտուղը). բոլոր նրան ուտողները դատապարտվեցին, աղետ պատուհասեց նրանց», - ասում է Տերը»։ (Սինոդական թարգ․)[3]
Այս երկու համարներում, որոնք բաժանվում են չորս սյունակների, մարգարեն, այսպես ասած, իր հաջորդող հանդիմանական քարոզի համար մեկնարկի կետ է հաստատում։ Հատկապես այստեղ է Երեմիան հիշում այն հին և լավ ժամանակը, երբ Իսրայելը Եգիպտոսից դուրս գալու ժամանակ Աստծո հանդեպ նույնպիսի խոր և քնքուշ սեր էր տածում, ինչպիսին սովորաբար նորահարսը տածում և ցուցաբերում է իր ամուսնու հանդեպ։ Իսրայելական ժողովուրդը, Եհովայի հրահանգի համաձայն (Ելք․ 4։31), լիովին վստահ Եգիպտոսից դեպի անանցանելի անապատ դուրս եկավ՝ առանց վախենալու այստեղ իրեն սպասող դժվարություններից և վտանգներից։ Այդ մասին Երեմիան խոսում է Աստծո անունից, և այնուհետև արդեն իր անունից անմիջապես հաստատում է, որ նաև Աստված էր այդ սիրո համար Իր կողմից պարգևատրում Իսրայելին։ Իսրայելը Աստծո աչքերում դառնում էր «Տիրոջ սրբությունը», այսինքն՝ Աստծուն ընծայված զոհ, կամ իր կամ անձ (Ելք․ 19։6) կամ էլ «առաջին պտուղ», որը, ըստ օրենքի, պատկանում էր Եհովային (Ելք․ 22։19)։ Այդ պատճառով էլ բոլոր նրանք, ովքեր իրենց էին վերցնում Եհովայի այդ սրբությունը կամ առաջին պտուղը, իրենց վրա էին ուղղում Աստծո բարկությունը (Ղևտ․ 22։10, 15)։ Հասկանալի է, որ այստեղ մարգարեն խոսում է հեթանոսների մասին, որոնք, իրապես, խստորեն պատժվում էին Եհովայի կողմից, երբ ցանկանում էին «կուլ տալ Իսրայելին» (Ամբ․ 3։14)։
--------------------------------
[3] (Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի սուրբը. «Տիրոջ համար, իր պտուղներից առաջինն է նա: Բոլոր նրանք, ովքեր ուտելու են այն, զղջալու են. չարիքներ են հասնելու նրանց վրայ», - ասում է Տէրը:
(Արարատ թարգ․) Սուրբ էր Իսրայելը Տիրոջ համար, նրա բերքի երախայրիքն էր. այն ուտողները՝ բոլորը, հանցավոր էին լինում, չարիք էր գալիս նրանց վրա",- ասում է Տերը։
(Գրաբար) սուրբն Իսրայէլի. Տեառն է սկիզբն արմտեաց նորա. ամենեքեան որ ուտեն զնա զղջասցին. չարիք հասցեն ի վերայ նոցա՝ ասէ Տէր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: