Զաքարիայի մարգարեության մեկնություն 10։10

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

10-12․ «Եվ նրանց պիտի վերադարձնեմ Եգիպտոսի երկրից ու պիտի հավաքեմ նրանց Ասորեստանից և պիտի բերեմ Գաղաադի երկիրն ու Լիբանան, և նրանց համար տեղ չի բավականացնի»։ [10] «Եվ նեղությունը պիտի անցնի ծովի միջով ու պիտի հարվածի ծովի ալիքներին, և գետի բոլոր խորքերը պիտի ցամաքեն, և պիտի խոնարհվի Ասորեստանի հպարտությունը, իսկ Եգիպտոսից պիտի վերցվի գավազանը»։ «Նրանց պիտի զորացնեմ Տիրոջով, և նրանք պիտի ընթանան Նրա անունով, - ասում է Տերը»։ (Սինոդական թարգ․)
   
   Իսրայելի ազատագրման միջոցներն այնքան հրաշալի կլինեն, որ կհիշեցնեն Մովսեսի օրոք Եգիպտոսից հրեաների դուրս գալու հանգամանքները: Նեղոսը` Եգիպտոսի երկրի պտղաբերության աղբյուրը, պիտի ցամաքի, Եգիպտոսի տիրապետությանը վերջ պիտի դրվի. պիտի խոնարհվի նաև հպարտ նվաճող Ասորեստանը: Իսկ Եփրեմի որդիներին, որոնց մասին հիմնականում խոսվում է 6−րդ համարից սկսած, Տերը պիտի զորացնի. նրանց ձեռնարկները հաջողություն պիտի ունենան, քանի որ «նրանք ընթանալու են Նրա անունով»:

     Ծանոթագրություն. ըստ Ռուժեմոնտի՝ 9−11−րդ գլուխների այստեղ տեղադրված լինելն ամբողջովին չի համապատասխանում մարգարեական հայտնության մեջ ուրվագծված իրադարձությունների իրական ընթացքին. 9−րդ գլխում «մարգարեն ավարտում է իր աչքի առաջ բացված առաջին բարեբախտ ժամանակաշրջանի նկարագրությունը: Նա բացահայտում է երկրորդ՝ ավելի հեռավոր ժամանակաշրջան (Զաք. 10:4−12), որը, սակայն, առաջինից բաժանված է անկման և պատիժների մի շրջանով: Սակայն մարգարեն դեռ չի ցանկանում իր ունկնդիրների ուշադրությունը հրավիրել այդ խավար գիշերվա վրա. նա դրան կվերադառնա ավելի ուշ (11−րդ գլուխ), իսկ այժմ այդ պարագային հնարավորինս հակիրճ կերպով է անդրադառնում (Զաք. 10:1−3), քանի որ, առաջին հերթին, նա պետք է քաջալերի և մխիթարի իր ժողովրդին» (Վերը նշված ստեղծագործություն, էջ 221): Ըստ Քեյլի` 10−րդ համարի մարգարեությունն իրականացել է Զաքարիայից մինչև Քրիստոս ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում բազմաթիվ հրեաներ վերադարձել են իրենց հայրենք, իսկ Գալիլիան կրկին խիտ բնակեցվել է. Պաղեստինի նկատմամբ գերիշխանության համար մղվող աշխարհակալ պետությունների պայքարի ընթացքում Տերն իր հովանու ներքո էր պահում ընտրյալ ժողովրդին: Ըստ էության, այս մարգարեությունը հոգևոր բնույթ ունի և իրականացումը գտնում է  հրեաների՝ Քրիստոսի Թագավորության մեջ ընդունվելու միջոցով (Op. cit. S. 613):

--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Ես նրանց պիտի վերադարձնեմ Եգիպտացիների երկրից, Ասորեստանից պիտի ընդունեմ նրանց, նրանց Գաղաադ եւ Լիբանան պիտի բերեմ, եւ ոչ մէկը չի պակասելու նրանցից:
(Արարատ թարգ․) Եվ ես նրանց ետ պիտի դարձնեմ Եգիպտոսի երկրից և Ասորեստանից պիտի ժողովեմ նրանց։ Նրանց պիտի բերեմ Գաղաադի երկիրը և Լիբանան, և տեղ չպիտի գտնվի նրանց համար։
(Գրաբար) եւ դարձուցից զնոսա յերկրէն Եգիպտացւոց, եւ յԱսորեստանեայց ընկալայց զնոսա, եւ ի Գաղաադ եւ ի Լիբանան մուծից զնոսա, եւ ոչ պակասեսցէ ի նոցանէ՝ եւ ոչ մի։