Զաքարիայի մարգարեության մեկնություն 14։3

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

3-5․ «Այն ժամանակ Տերը պիտի ելնի և պատերազմ այդ ազգերի դեմ, ինչպես պատերազմեց մարտի օրը»։ [3] «Եվ այն օրը Նրա ոտքերը պիտի կանգնեն Ձիթենյաց լեռան վրա, որ Երուսաղեմի դիմաց է՝ դեպի արևելք, և Ձիթենյաց լեռը պիտի բաժանվի արևելքից մինչև արևմուտք՝ շատ մեծ հովիտով, և լեռան կեսը պիտի շարժվի դեպի հյուսիս, իսկ նրա մյուս կեսը՝ դեպի հարավ»։ «Եվ դուք պիտի փախչեք դեպի Իմ լեռների հովիտը, որովհետև լեռների հովիտը պիտի տարածվի մինչև Ասայել, և դուք պիտի փախչեք այնպես, ինչպես փախաք երկրաշարժից՝ Հուդայի թագավոր Ոզիայի օրերին։ Եվ պիտի գա իմ Տեր Աստվածը, և Նրա հետ՝ բոլոր սրբերը»։ (Սինոդական թարգ․)
   
   Այն ժամանակ Տերը` Իր ժողովրդի Պաշտպանը, դուրս կգա նրա թշնամիների դեմ ու Անձամբ կպատերազմի նրանց հետ, ինչպես բազմիցս արել է` հրաշալի կերպով հարվածելով Իսրայելի դեմ ելնողներին: Բացի այդ՝ Երուսաղեմի բնակիչներին կտրվի փրկության հնարավորություն փախուստի միջոցով: Տերը կկանգնի Երուսաղեմից դեպի արևելք գտնվող Ձիթենյաց լեռան վրա. լեռը կճեղքվի երկու մասի (ըստ երանելի Թեոդորիտոսի` չորս մասի, տե՛ս վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 122)` արևելքից դեպի արևմուտք, այնպես որ փրկություն փնտրողները լեռան երկու կեսերի միջև գոյացած հովտով հեշտությամբ կարող են փախչել Երուսաղեմի դեմ պատերազմող թշնամիներից:

   «Ասայելը» (Սինոդական թարգմանություն) կամ «Ացայը» (Վիեննական կանոն) Ձիթենյաց լեռից դեպի հարավ գտնվող բնակավայր է, սակայն ոմանք «el' azal» արտահայտությունը նաև «մոտ», «մոտակայք» իմաստով են հասկանում (սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի, վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 206; երանելի Հերոնիմոս; էջ 170, Keil. Op. cit.S. 649, 650; Köhler. Der Weissagungen Sacharjas... 9–14, S. 255–257): Իր հապճեպությամբ այս փախուստը հիշեցնելու է երկրաշարժից փախուստի հայտնի դեպքը, որը տեղի էր ունեցել Ոզիայի թագավորության շրջանում (Ամոս 1:1; Allioti. Op. cit. Bd. 2. S. 1094, 2): Աստծու ժողովրդի թշնամիներից այս հրաշալի պաշտպանության ժամանակ Տերը կհայտնվի հրեշտակային զորքով շրջապատված:

--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Տէրը պիտի ելնի ու պատերազմի այդ բոլոր ազգերի դէմ, պիտի պատերազմի, ինչպէս իր համար ճակատամարտի օրը:
(Արարատ թարգ․) Եվ Տերը պիտի դուրս գա և պատերազմի այն ազգերի դեմ, ինչպես կճակատամարտեր պատերազմի օրը։
(Գրաբար) Եւ ելցէ Տէր՝ եւ տացէ պատերազմ ընդ ազգսն ընդ այնոսիկ. իբրեւ յաւուր ճակատու իւրոյ յաւուր պատերազմի։