Ա. Պ. Լոպուխին (†1904)
2-5․ «Առաջին կառքի ձիերն աշխետ էին, իսկ երկրորդ կառքի ձիերը՝ սև»։ [2] Երրորդ կառքի ձիերը սպիտակ էին, իսկ չորրորդ կառքի ձիերը՝ պուտավոր և ուժեղ»։ «Եվ ես, սկսելով խոսել, ասացի ինձ հետ խոսող Հրեշտակին. «Ի՞նչ է սա, Տե՛ր իմ»»: «Եվ Հրեշտակը պատասխանեց ինձ ու ասաց. «Սրանք, որ ելնում են, երկնային չորս հոգիներն են, որոնք կանգնում են ամբողջ երկրի Տիրոջ առաջ»»: (Սինոդական թարգ․)
Այս վերջին տեսիլքի բովանդակությունը սերտ համապատասխանության մեջ է առաջին տեսիլքի հետ. այնտեղ ներկայացվում է խորհրդանշական գույներով ձիերի մասին, որոնք շրջում են ամբողջ երկրով մեկ՝ իմանալու, թե ինչ վիճակում են թագավորություններն ու ժողովուրդները․ իսկ այստեղ խոսվում է նույն գույների ձիերով լծված կառքերի մասին, որոնք հեթանոսների հանդեպ Աստծու դատաստանն իրականացնելու համար ուղղվում են դեպի երկրի տարբեր կողմերը: Առաջին առաքելությունն իրականացնում են ձիերը (կամ նրանց հեծյալները), իսկ երկրորդը կարող են իրականացնել զինված մարտակառքերը: Այդ պատճառով դրանք հիշատակվում են միայն վերջին տեսիլքում: Նախկինում մատնանշվում էին անորոշ հեռավոր ապագայում սպառնացող աղետները, սակայն այժմ Աստծու կամքը կատարողները, որոնք 5−րդ համարում կոչվում են երկնային հոգիներ՝ կանգնած ամբողջ աշխարհի Տիրոջ առջև, մարտակառքերի կերպարանքով պատերազմի աղետներն ու դրանց հետևանքներն արդեն տարածում են բոլոր հեթանոսական երկրներում: Միևնույն ժամանակ մարգարեի ութերորդ տեսիլքը կապված է իրեն նախորդող տեսիլքների հետ. Վվեցերորդ և յոթերորդ տեսիլքները պատկերում են սուրբ երկրում մեղավորների պատիժը և անօրենության հեռացումը դեպի հեթանոսության սահմանները։ Ութերորդ տեսիլքում պատկերվում է բոլոր հեթանոս ազգերի հանդեպ Տիրոջ դատաստանը, որը տեղի է ունենալու վերջիններիս անաստվածության և անօրենության հետևանքով, որոնք նրանց մեջ երկարատև բնակություն էին գտել: Այս դատաստանին պիտի ենթարկվեն երկրի բոլոր թագավորությունները, որ կան աշխարհի չորս կողմերում, ինչն էլ ցույց է տալիս հենց մարտակառքերի թիվը:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Առաջին կառքին լծուած էին աշխէտ ձիեր, երկրորդ կառքին՝ սեւ ձիեր,
(Արարատ թարգ․) Առաջին կառքի ձիերն աշխետ էին, երկրորդ կառքի ձիերը սև էին։
(Գրաբար) Ի կառսն առաջինս ձիք աշխէտք, եւ ի կառսն երկրորդս ձիք սեաւք.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: