Ա. Պ. Լոպուխին (†1904)
5-6. «Այսպես ասա այս երկրի ամբողջ ժողովրդին և քահանաներին. «Երբ հինգերորդ և յոթերորդ ամիսներին ծոմ էիք պահում և սուգ անում՝ այն էլ արդեն յոթանասուն տարի, մի՞թե Ինձ համար էիք ծոմ պահում, մի՞թե Ինձ համար»»։ [5] «Եվ երբ ուտում եք ու երբ խմում, մի՞թե ձեզ համար չեք ուտում և ձեզ համար չեք խմում»։ (Սինոդական թարգ․)
Աստծուց հայտնություն ստացած մարգարեի պատասխան խոսքից պարզ է դառնում, որ հարցնողները, Աստծու պատվիրանից բացի, չափազանց մեծ կարևորություն էին տալիս նաև սահմանված պահեցողություններին։ Նրանք այս զուտ ծիսական արարողություններին բարոյական ահռելի մեծ արժեք էին վերագրում: Աստծու խոսքի համաձայն՝ մարգարեն խրատում է ոչ միայն հասարակ ժողովրդին, այլև քահանաներին, որոնք, հավանաբար, նույնպես հակված էին ծիսական կարգերի պահպանումը շփոթել բարոյական պատվիրանների կատարման հետ: Քահանաները պահեցողություն էին սահմանել, ու ժողովուրդը հետևում էր դրան գերության երկարատև շրջանում, սակայն դա ինքնին արդյո՞ք բարոյական որևէ նշանակություն ուներ: Տերը չէր պահանջել սահմանել այդ պահեցողությունները և դրանք, հետևաբար, Նրա կամքի հետ որևէ առնչություն չունեին: Մարդը ուտում և խմում է իր կյանքը պահպանելու համար, իսկ ժուժկալությունն ինքնին պարտադիր կերպով չի հանգեցնում բարոյական կատարելության: Այս դեպքում պահքը, եթե դրան ոչ պատշաճ նշանակություն է վերագրվում, կարող է շեղել մարդու ուշադրությունը այն պատվիրանների և օրենքների պահպանումից, որոնք Աստված տվել էր նախկին մարգարեների միջոցով այն ժամանակ, երբ Երուսաղեմն իր շրջակայքով և ամբողջ երկիրը դեռևս խաղաղություն ու բարօրություն էին վայելում: Խաղաղությունը խաթարվել էր, բարօրությունը` վերացել: Պարզ է, որ Աստծու կողմից տրված պատվիրանները չէին պահպանվել, և դրանց հանդեպ անփույթ վերաբերմունքը հարուցել էր Աստծու բարկությունը ամբողջ երկրի հանդեպ: Այժմ էլ ոչ միայն պետք չէ ոչ միայն մոռանալ պատվիրանների մասին, այլև դրանք հավասարեցնել Աստծու կամքի վրա չհիմնված սահմանումներին:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) «Խօսի՛ր այդ երկրի ժողովրդի եւ քահանաների հետ եւ կ՚ասես. «Երբ դուք ծոմ էիք պահում եւ ողբում ահա եօթանասուն տարի շարունակ, հինգերորդ կամ եօթներորդ ամիսներին, մի՞թէ ինձ համար էիք ծոմ պահում.
(Արարատ թարգ․) «Այս երկրի ամբողջ ժողովրդին և քահանաներին ասա՛. Ահա այս յոթանասուն տարին, երբ ծոմ էիք պահում և սուգ անում հինգերորդ և յոթերորդ ամիսներին, մի՞թե ինձ համար էիք ծոմ պահում։
(Գրաբար) Խաւսեաց ընդ ժողովրդեան երկրիդ՝ եւ ընդ քահանայս՝ եւ ասասցես՝ եթէ պահիցէք եւ կոծիցէք ի հինգերորդս կամ յեւթներորդս ամսոց. ահա եւթանասուն ամ. միթէ պա՞հս պահիցէք ինձ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: