Ա․ Լոպուխին
1-3․ Դարեհ թագավորի չորրորդ տարում, իններորդ ամսի չորրորդ օրը, որ Քասղև ամիսն է, Տիրոջ խոսքը հասավ Զաքարիային, [1] երբ Բեթելը ուղարկեց Սարասարին և Ռահեմ−Մելեխին ու նրա ուղեկիցներին, որպեսզի աղոթք անեն Տիրոջ առաջ, և Զորությունների Տիրոջ տանը գտնվող քահանաներին ու մարգարեներին հարցնեն` ասելով, թե. «Ես լացե՞մ և պահք պահե՞մ հինգերորդ ամսին, ինչպես որ ես դա արդեն անում էի»: (Սինոդական թարգ․)
Ի հիշատակ այն տխուր իրադարձությունների, որոնք Իսրայելին տանում էին վերջնական ջախջախման և ցրման, սահմանվել էին պահեցողության շրջաններ, որոնք պահվում էին ինչպես գերության ժամանակ, այնպես էլ դրա ավարտից հետո: Այսպիսի պահքերը չորսն էին.
1․ տասներորդ ամսի պահքը` ի հիշատակ այն օրվա (տասներորդ ամսի տասներորդ օրը), երբ Նաբուգոդոնոսոր արքայի կողմից սկսվեց Երուսաղեմի պաշարումը (Դ Թագ. 25:1),
2․ չորրորդ ամսի պահքը, որի իններորդ օրը սկսվել է Երուսաղեմի պարիսպների ավերումը (Եր. 52:6, 7),
3․ հինգերորդ ամսի յոթերորդ օրը տեղի ունեցած տաճարի ու քաղաքի այրումը և պարիսպների վերջնական ավերումը պատճառ հանդիսացավ հատուկ, մյուսներից ավելի կարևոր, պահքի սահմանման համար,
4․ և, վերջապես, ի հիշատակ Գոդոնիելի մահվան՝ պահք սահմանվեց յոթերորդ ամսին (տե՛ս 25−րդ համար):
Սակայն Դարեհ արքայի թագավորության չորրորդ տարում տաճարի վերակառուցումն այնքան էր առաջ գնացել և գործերն, առհասարակ, այնպիսի բարենպաստ ընթացք էին ստացել, որ ոմանք սկսել էին շփոթվել այն մտքից, թե արդյոք բարեպատեհ է հինգերորդ ամսի պահքը պահելը (սա տաճարի կործանման հիշատակի համար պահվող պահքն էր), երբ ավերման հետքերն արդեն ջնջվել էին, և, հետևաբար, վերացվել էր նաև պահքի և սգի պատճառը: Արդյո՞ք այս պահքը չեղյալ համարելու ժամանակը չէ: Բավականին դժվար է հստակորեն մատնանշել, թե ում կողմից է բարձրաձայնվում այս հարցադրումը: Հավանաբար «Տիրոջ մոտ» դեսպաններ ուղարկող մարդուն կամ հասարակությանը խորհրդանշող «Բեթելը» (տե՛ս 2−րդ համար) ուսումնասիրողների մոտ տարբեր կերպ է մեկնաբանվում. ոմանք այս արտահայտությունը «Տիրոջ տուն», այսինքն՝ հավատացյալների համայնք (առանց հստակ սահմանազատումների) իմաստով են հասկանում, իսկ այլք՝ Բեթել քաղաքի իմաստով, ուր վերադարձել էին բաբելոնական գերիների մի մասը:
Իրենց ծննդավայրում հաստատված հենց այս գերիներն էլ դեսպաններ են ուղարկում (դեսպանները, ակնհայտորեն, ծնվել էին Բաբելոնում և, հետևաբար, քաղդեական անուններ էին կրում) Երուսաղեմ, որպեսզի նրանք «աղոթեն Տիրոջ առաջ» և երկար տարիներ պահվող հինգերորդ ամսի պահքը չեղարկելու ժամանակի մասին հարցը քահանաներին ու մարգարեներին ուղղեն:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Դարեհ թագաւորի չորրորդ տարում, իններորդ ամսի՝ Քասղեւ ամսի չորրորդ օրը Տիրոջ խօսքը հասաւ Զաքարիային:
(Արարատ թարգ․) Եվ Դարեհ թագավորի չորրորդ տարում՝ իններորդ ամսի, այսինքն՝ Քասղևի չորսին, Տիրոջ խոսքը հասավ Զաքարիային,
(Գրաբար) Եւ եղեւ յամին չորրորդի Դարեհի արքայի, եղեւ բան Տեառն առ Զաքարիա, որ աւր չորք էին ամսոյն իններրորդի, որ է քասղեւ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: