Հովնանի մարգարեության մեկնություն 1:1

Ա․ Լոպուխին

Տիրոջ խոսքը լսելի եղավ Հովնանի` Ամաթիայի որդու համար: (Սինոդական թարգ․)[1]
   
   «Եվ եղավ» («վայխի»)․ այսպես են սկսվում Հին Կտակարանի շատ գրքեր (Նավ․ 1:1, Հռութ․ 1:1, Դատ. 1:2, Ա Թագ. 1:1 և այլն)։ Նման սկիզբ ունենալը հիմք ընդունելով՝ սխալմամբ ​​ենթադրվում է, որ Հովնան մարգարեի գիրքը ոչ թե ամբողջական ստեղծագործություն է, այլ ընդամենը մի հատված:

   «Տիրոջ խոսքը»․ սա Աստվածաշնչում, հատկապես մարգարեներին տրվող, Աստվածային հայտնության սովորական մատնանշում է (Ես. 2:1, 51:16, Եր. 1:1, 2:1, 7:1, Եզ․ 1:3, Ովս. 1:1, Սոփ. 1:1, Միք. 1:1, Անգ. 1:3, Զաք. 1:9, 7:7): Իսկ ինչ վերաբերում է սույն հայտնությանը, ապա այս պարագայում դրա վերաբերյալ որևէ ցուցում առկա չէ: Այս արտահայտությունը օգտագործող Աստվածաշնչյան մյուս համարների նմանությամբ՝ այն կարելի է պարզապես ներքին զգացողության իմաստով ըմբռնել, որը մարդը ընկալում է ոչ թե որպես իր սեփականը, այլ որպես իրեն դրսից՝ բարձրագույն զորությունից՝ ուղղակի Աստծուց տրվող: Այսպիսով՝ քանի որ Հովնան մարգարեին տրված հայտնությունը չի ուղեկցվում արտաքին ոչ մի արտասովոր նշանով, այլ ամբողջությամբ տեղի է ունենում նրա ներսում, ուստի հասկանալի է դառնում, թե ինչու է մարգարեն որոշում չհնազանդվել «Տիրոջ խոսքին»:

   «Հովնանի` Ամաթիայի որդու համար» (սլավոներենում՝ «Ամաթի»): Մարգարեի անունը Հովնան է (ծագում է տանջվելու իմաստով կիրառվող «յանա» գոյականից՝ «ճնշված լինել»), որը, ըստ երանելի Հիերոնիմոսի բացատրության, ունի «ճնշված, ցնցված արարած», ինչպես նաև «հառաչող աղավնի» իմաստները: Նա, անկասկած, Ամաթիայի որդի է կոչվում իր հոր անունի, այլ ոչ թե «ճշմարտության որդի» հասարակ անվան հետևանքով («ամիտտայ» արտահայտությունը եբրայերենում ունի «ճշմարտություն» իմաստը), ինչպես որ բացատրվում է ռաբբիների կողմից (Դ. Կիմխի, Ի. Աբարբանելեմ), որպեսզի հաստատվի հրեական այն ավանդությունը, համաձայն որի Հովնան մարգարեն նույնացվում է Սարեփթա քաղաքի այն այրի կնոջ զավակի հետ, որին հարություն էր տվել Եղիա մարգարեն (Գ Թագ. 17:17−23):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց Ամաթի որդի Յովնանի հետ եւ ասաց.
(Արարատ թարգ․) Տիրոջ խոսքը հասավ Ամաթիի որդի Հովնանին՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղեւ բան Տեառն առ Յովնան Ամաթեայ, եւ ասէ.