Հովնանի մարգարեության մեկնություն 3:5

Ա․ Լոպուխին

5-10․ Նինվեացի մարդիկ հավատացին Աստծո պատգամին, պահեցողություն հայտարարեցին, ու մեծից մինչև փոքր քուրձ հագան: [5] Լուրը հասավ նինվեացիների թագավորին: Սա ելավ իր գահից, հանեց իր պատմուճանը, քուրձ հագավ ու նստեց մոխրի վրա: Թագավորի ու նրա մեծամեծների կողմից Նինվեում հայտարարվեց ու ազդարարվեց, թե մարդ ու անասում, հոտ ու արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն և ջուր չխմեն: Եվ մարդ ու անասուն քուրձ հագան, ի սրտե աղոթեցին Աստծուն, բոլորը հետ կանգնեցին իրենց չար ճանապարհներից ու  անօրենություններից, որ իրենց ձեռքով էր կատարվում, և ասացին. «Ով գիտե, թերևս Աստված միտքը փոխի ու հետ կանգնի Իր խիստ բարկությունից, ու մենք կորստի չմատնվենք»: Եվ Աստված տեսավ նրանց գործերը, քանի որ բոլորը հետ էին կանգնել իրենց չար ճանապարհներից: Աստված զղջաց այն աղետների համար, որ ասել էր, թե կանի նրանց, ու չարեց: (Սինոդական թարգ․)
   
   Վերոհիշյալ համարներում խոսվում է նինվեացիների ապաշխարության մասին, [որը տեղի ունեցավ] Հովնան մարգարեի քարոզչության հետևանքով: Հովնան մարգարեի գրքի պատմական իսկության հակառակորդներն այս ամբողջ պատմությունն անհավանական են համարում: Անհավանական է, որ մինչ այդ բոլորի համար անծանոթ մի մարդու քարոզչության շնորհիվ մի հսկայական քաղաք սկսի ապաշխարել։ Ապաշխարությանը թագավորի մասնակից դառնալը և այդ առիթով հատուկ հրաման արձակելը ևս անհավանական է համարվում: Անհավանական են թվում նաև այն արտաքին ձևերը, որոնցով արտահայտվում են նինվեացիների ապաշխարության զգացումները: Բերված առարկությունը հիմնականում հիմնված է հավանականի և անհավանականի մասին սուբյեկտիվ տեսակետի վրա և իր բնույթով առանձնապես ուժեղ չէ։ Իսկապես, շատ հաճախ է պատահում, որ իրականությունը գերազանցում է հավանականի մասին մեր պատկերացումները: Մինչդեռ Հովնան մարգարեի պատմության մեջ հավանականի [սահմանը] գերազանցող որևէ բան չկա: Բոլորին հայտնի են ժողովրդական զանգվածների վրա անհատների այնպիսի ազդեցության դեպքերը, երբ այդ զանգվածները վարակվում են խանդավառության աստիճանի հասնող ընդհանուր տրամադրությամբ և բառացիորեն ենթարկվում են այն անձի ամեն խոսքին, որը կարողացել է դառնալ շարժման առաջնորդ (օրինակ՝ պայքարի համար Ժաննա դը Արկի կողմից ֆրանսիացիների ոգեշնչումը, Պետրոս ճգնավորի և այլոց կողմից ժողովրդական զանգվածների ոգեշնչումը և խաչակրաց արշավանքների մղելը և այլն): Եվ ինչո՞ւ զանգվածների հոգեբանությանը այսքան համահունչ այս իրադարձությունը չի կարող տեղի ունեցած լինել Նինվեում: Արևելյան ազգերի ոգեշնչվելու հատկությունը, որը նինվեացիների մոտ ավելի էր զորացել ճոխ և անհոգ կյանքի շնորհիվ, մանտիկայի (գուշակության արվեստ, մարգարեական շնորհ) հանդեպ նրանց մեծ հարգանքը և ցանկացած տեսակի կանխագուշակության հանդեպ հավատքը պարարտ հող են ստեղծում, որպեսզի նրանք արձագանքեն օտարերկրացի մարգարեի ոգեշունչ քարոզին և սարսափելի մարգարեությանը: Նինվեացիների վրա հատկապես մեծ տպավորություն պետք է գործեր կետի փորում երեք օր մնալու մասին Հովնանի պատմությունը. այս հրաշքի մեջ նրանք իրենց համար մարգարեի՝ Աստծո կողմից առաքված լինելու և նրա քարոզի ճշմարտացիության նշանն են տեսնում, ինչպես որ այդ մասին խոսում է Ավետարանը. «Հովնանը նշան եղավ նինվեացիների համար» (Ղուկ. 11:30, 31; Մատթ. 12:40): Հավանաբար նրանք նույնիսկ Հովնանի պատմությունը համադրել են իրենց մոտ տարածված Եա−Օհաննեսի առասպելի հետ, որը ծովից դուրս էր եկել, որպեսզի մարդկանց աստվածներին պաշտել և սուրբ կյանքով ապրել սովորեցներ: Այս պարագայում ոգեշնչված Հովնանն իր ահեղ հանդիմանությամբ և ազդեցիկ խոսքով կարող էր նրանց երևալ իբրև հենց Հովհաննես կամ Օհաննես (դրա օգտին է խոսում նաև անունների համահնչունությունը): Այսպիսով՝ Հովնանի խոսքերի շնորհիվ տեղի ունեցած Նինվեի բնակիչների համընդհանուր ապաշխարությունը ամբողջությամբ հավանական փաստ է դառնում: Այս ամենին Նինվեի թագավորի մասնակցությունն ու նրա կողմից հատուկ հրամանի արձակումը չեն նվազեցնում փաստի պատմական լինելու հավանականությունը: Նինվեի թագավորը միևնույն ժամանակ նաև քաղաքի բարձրագույն քուրմն էր, իսկ նրա ազնվականները զբաղեցնում էին նրան հաջորդող հիերարխիկ աստիճանները, այդ իսկ պատճառով ժողովրդի մեջ եղած կրոնական վերելքին նրանց մասնակցությունն անխուսափելի էր: Ինչ վերաբերում է ապաշխարության ձևերին, ապա այստեղ տարակուսանք է առաջացնում դրան ընտանի կենդանիների ներգրավումը։ Հին ժամանակների մարդիկ ավելի մոտ էին կանգնած կենդանական աշխարհին և կարծում էին, որ կենդանիները նույնպես կարող էին մասնակցել իրենց կյանքին, և այդ իսկ պատճառով նրանց հետ կիսում էին ինչպես ուրախությունը, այնպես էլ տխրությունը: Օրինակ՝ Հերոդոտոսը պատմում է, որ պարսիկները, Պլատեի մոտ տեղի ունեցած ճակատամարտից հետո, երբ զոհվում է նրանց հրամանատար Մասիստը, ի նշան սգի, խուզում են իրենց բանակում եղած բոլոր կենդանիների մազերը։ Նման պարագա է նաև մեր կողմից ուսումնասիրվող հատվածում (տե՛ս 7, 8 համարներ): Այս մանրամասնությունը կարելի է միայն որպես ճշմարիտ պատմական առանձնահատկություն նշել: Որպես վերջաբան պետք է ասել, որ Հովնանի քարոզչության միջոցով նինվեացիների ապաշխարության պատմական հավաստիությունը հաստատում է Ավետարանը: Փրկիչն ասում է, որ «Նինվեի մարդիկ դատաստանի ժամանակ վեր պիտի ելնեն այս սերնդի հետ ու պիտի դատապարտեն նրան, որովհետև Հովնանի քարոզչության վրա ապաշխարեցին…» (Ղուկ. 11:32): Ակնհայտ է, որ Փրկիչն ու նրա ժամանակակիցները նինվեացիների ապաշխարությունն իրական պատմական իրադարձություն էին համարում, քանի որ հակառակ պարագայում դրա մասին հիշատակությունը ոչ մի նշանակություն չէր ունենա:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Նինուէացի մարդիկ հաւատացին Աստծու պատգամին, պահեցողութիւն յայտարարեցին եւ մեծից մինչեւ փոքրը քուրձ հագան:
(Արարատ թարգ․) Եվ Նինվեի մարդիկ հավատացին Աստծուն և ծոմ հայտարարեցին ու մեծերից մինչև փոքրերը քուրձեր հագան։
(Գրաբար) Եւ հաւատացին արք նինուէացիք յԱստուած, եւ քարոզեցին պահս՝ եւ քուրձ զգեցան ի մեծամեծաց մինչեւ ցփոքունս իւրեանց։