Ա․ Լոպուխին
իսկ Եսավին ատեցի և նրա լեռները ամայացման մատնեցի, և նրա ունեցվածքը անապատային շնագայլերին տվեցի։ (Սինոդական թարգ․) [3]
Այստեղ խոսքն արդեն ոչ թե Եսավի` որպես հրեաների նախահոր, այլ Եսավից սերած եդովմական ժողովրդի մասին է։ Տերը «ատում է» եդովմական ժողովրդին։ Այդ արտահայտությունը անտրոպոլոգիզմ (մարդակերպություն) է, որը Մաղաքիան այն բանի համար է օգտագործում, որպեսզի համոզի իր ունկնդիր հրեաներին, որ Աստված իսկապես սիրում է նրանց։ Իրականում, սիրելով հրեաներին, չէր կարելի միաժամանակ չատել նաև եդովմացիներին, որոնք մշտապես ձգտում էին հրեաներին որևէ չարիք պատճառել։ Եդոմի հանդեպ Աստծո ատելությունը ցույց է տալիս այս ժողովրդի դեմ ուղղված Աստծո չդադարող բարկությունը, որը նույնպես անդադար շարունակում էր ամեն տեսակի չարիք գործել Աստծո ընտրյալ հրեա ժողովրդի նկատմամբ։ «Նրա լեռները ամայացման մատնեցի». Լեռները եդոմացիների բնակության վայրերն էին (տե´ս Աբդ․ համար 3)։ «Լեռները ամայեցնելը», հետևաբար, եդովմացիների բոլոր տները կործանել էր նշանակում։ «Անապատային շնագայլերին» (այս մասին ընթերցի՛ր նաև Ես․ 34։13−րդ համարի մեկնաբանությունը)։ Տիխոմիրովը այս հատվածը հետևյալ կերպ է թարգմանում․ «նրա տարածքները տափաստանային արոտավայր (դարձրեց)»։ Թե այստեղ մարգարեն Եդովմի ո՞ր ավերածությունը նկատի ունի, երևի թե հնարավոր չէ ասել։ Ամենաբնական ենթադրությունն այն է, որ նա այստեղ ակնարկում է այն ավերածությունները, որոնք Եդովմին պատճառվել էին պարսկական թագավորներ Դարեհ I Վշնասպի, Քսերքսեսի և Արտաքսերքսեսի կողմից, որոնք Եգիպտոս կատարած իրենց արշավանքների ժամանակ չէին կարող շրջանցել այն և, բնականաբար, ամեն անգամ ավերածություններ էին անում, մինչդեռ այս թագավորները, ընդհանուր առմամբ, ողորմած էին հրեաների նկատմամբ։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) նրա սահմանները ամայութեան դարձրի եւ նրա ժառանգութիւնը՝ անապատի բաժին:
(Արարատ թարգ․) Իսկ Եսավին ատեցի և նրա սարերը ամայի դարձրի, իսկ նրա ժառանգությունը անապատի շնագայլերին տվեցի»։
(Գրաբար) եւ կարգեցի զսահմանս նորա յապականութիւն, եւ զժառանգութիւն նորա ի դաշտ անապատի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: