Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
16-18․ «Սակայն Աստծուց երկյուղ ունեցողները միմյանց ասում են. «Տերն ուշադրություն է դարձնում և լսում է այս. Նրա առաջ հիշատակի գիրք է գրվում Տիրոջից երկյուղ ունեցողների և Նրա անունը պատվողների մասին»»։ [16] «Եվ նրանք Իմը կլինեն,- ասում է Զորությունների Տերը,- Իմ սեփականությունը՝ այն օրը, որ Ես պիտի սահմանեմ, և Ես պիտի ողորմեմ նրանց, ինչպես մարդն է ողորմում իր որդուն, որը ծառայում է իրեն»։ «Եվ այնժամ կրկին կտեսնեք տարբերությունը արդարի և ամբարշտի միջև, Աստծուն ծառայողի և Նրան չծառայողի միջև»։ (Սինոդական թարգ․)
Ի հակադրություն այդ հանդուգն դատողություններին՝ մարգարեն այժմ մեջբերում է այն զրույցները, որոնք բարեպաշտ մարդիկ վարում էին միմյանց հետ։ Վերջիններս լիովին վստահ են, որ Տերն ուշադրություն է դարձնում և լսում է նրանց («այս» բառն ավելորդ է)։ Նա բազմում է որպես թագավոր, որի առաջ Նրա թելադրանքով հատուկ հիշատակի գրքում գրի են առնվում Իրեն հաճելի մարդկանց գործերը (Եսթ․ 6։1)։ Տերն այդպիսի մարդկանց պիտի դարձնի Իր սեփականությունը, Իր թանկագին ժառանգությունը, երբ դատաստանի օրը դատի մարդկանց (Ելք 19։5)։ Նրանք կլինեն Նրա սիրելի որդիները, որոնք կատարում են Իր կամքը։ Այդ ժամանակ այն մարդիկ, որոնք հանդուգն խոսքեր էին ասում, կրկին, ինչպես իրենց նախնիները, կտեսնեն, որ Տիրոջ աչքում արդարի և ամբարշտի միջև տարբերություն կա։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Այսպէս տրտնջացին Տիրոջից երկիւղ կրողները, իւրաքանչիւրն իր ընկերոջ հետ: Տէրը անսաց, լսեց եւ յիշատակի գիրք գրեց Տիրոջից երկիւղ կրողների առաջ եւ նրանց առաջ, որոնք սարսում են նրա անունից:
(Արարատ թարգ.) Այն ժամանակ իրար հետ խոսեցին Տիրոջից վախեցողները. Տերն ականջ դրեց ու լսեց, և նրա առջև հիշատակի գիրք գրվեց Տիրոջից վախեցողների համար և նրա անվան մասին մտածողների համար։
(Գրաբար) Զայս տրտնջեցին երկիւղածքն Տեառն իւրաքանչիւր ընդ ընկերի իւրում. եւ անսաց Տէր. եւ լուաւ եւ գրեաց գիր յիշատակի առաջի երկիւղածաց Տեառն, եւ որոց սարսեն յանուանէ նորա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: