Սոփոնիայի մարգարեության մեկնություն 1:10

Ա․ Լոպուխին

10-11․ Եվ այդ օրը,− ասում է Տերը,− ողբ պիտի լսվի ձկների դարպասից և աղաղակների ձայներ այլ դարպասներից և մեծ ավերածություն բլուրների վրա: [10] Ողբացե՜ք, քաղաքի ստորին հատվածի բնակիչներ, քանի որ ամբողջ վաճառական ժողովուրդը կործանվեց և ոչնչացվեց արծաթով ծանրաբեռնված: (Սինոդական թարգ․)
   
   10−րդ և 11−րդ համարները նկարագրում են Երուսաղեմում տեղի ունեցած համընդհանուր աղետի պատկերը: Թշնամին Երուսաղեմ կմտնի հյուսիսից, և, հետևաբար, Երուսաղեմի հյուսիսային մասում գտնվող կետերը կոչվում են. 1) ձկների դարպասներ («шаар−хаддагим»), 2) քաղաքի երկրորդ մասը («хаммишне»), 3) բլուրներ («геваот»), 4) հովիտ («махтеш»): Այս բոլոր վայրերի դիրքը, հաշվի առնելով հին Երուսաղեմի տեղագրության վերաբերյալ ոչ բավարար տվյալները, կարելի է միայն մոտավոր ճշգրտությամբ նշել: «Ձկների դարպաս»−ը, որի եբրայերեն անվանումը «шаар хаддагим» է, Յոթանասնիցում անհաջող կերպով է փոխանցվել՝ «polh apokentauntwn», սլավոներեն՝ «Ծեծողների դարպասներից» (հավանաբար, Յոթանասնիցը «хаддагим»−ի փոխարեն ընթերցել է «хорехим»՝ «սպանողներ)։ Այն հիշատակվում է նաև Բ Մնաց. 33:14, Նեեմ. 3:3; 12:39 համարներում: Երանելի Հերոնիմոսն իր մեկնության մեջ այս դարպասների դիրքի մասին սխալ մատնանշում է անում. «Ձկների դարպասն այն դարպասն էր, որը տանում էր դեպի Դիասպոլիս և Հոպպե․ Երուսաղեմի բոլոր դարպասների մեջ այն ծովին ամենամոտն էր» (Ստեղծագործություն / Սոփոնիայի մարգարեության մեկնության մեկ գիրք, Մաս 14, Կիև, 1898 թ., էջ 251): Դատելով այս հաղորդումից՝ ձկների դարպասը պետք է լիներ Երուսաղեմի արևմտյան կողմում: Բայց իրականում, ինչպես երևում է հատկապես Նեեմի 12:39 համարից, ձկների դարպասը քաղաքի հյուսիսային կողմում էր, հավանաբար ներկայիս Դամասկոսի դարպասի տեղում, Երուսաղեմի երկրորդ պարսպի մեջտեղում՝ ձկների շուկայի մոտ Նեեմ. 13:16 (այս մասին ընթերցի՛ր նաև Նեեմ. 3:3 համարի մեկնաբանության մեջ): «Քաղաքի ստորին հատվածը» («хамишне») արտահայտությունը, որը Հովսեփոս Փլավիոսի մոտ (Հրեական հնություններ, XV, 11:5) փոխանցվել է «allh poliV» բառերով, ցույց է տալիս Լիրա բլրի վրա տարածվող և քաղաքի առաջին ու երկրորդ պարիսպների միջև ընկած Երուսաղեմի հյուսիսային հատվածը (այս մասին ընթերցի՛ր Բ Թագ. 22:15−20 համարների մեկնաբանության մեջ): Յոթանասնիցը («apo thV deuteraV») և Վուլգաթան («a secunda») «хамишне» բառը դարպաս իմաստով են հասկանում, սակայն Դ Թագ. 22:14 և Բ Մնաց. 34:22 համարները (որտեղ «երկրորդ մասը», ի դեպ, ներկայացվում է որպես Օլդա մարգարեուհու նստավայր) չեն ողջունում նման մեկնաբանությունը: «Բլուրների» («геваот») դիրքը ևս ճշգրիտ կերպով որոշել հնարավոր չէ։ Սակայն դրանց՝ քաղաքի հյուսիսային մասում գտնվելը, հաշվի առնելով 10−11−րդ համարների ընդհանուր համատեքստը, կասկածի ենթակա չէ: Նման պարագայում այդ բառով կարող էին անվանվել Մորիան, Սիոնը և քաղաքի տարածքում գտնվող նաև այլ բլուրներ: Նույնքան անորոշ վիճակում է նաև 11-րդ համարի առաջին հատվածի «махтеш» կոչվող տարածքի դիրքը: Այս եբրայերեն բառի անվանական իմաստը «հավանգ, փոքրիկ սանդ»−«monies» է (Առակկներ 27:22) կամ «ահագին (մեծ) փոս»։ Հնագույն թարգմանությունները ևս այս բառի անվանական իմաստը տարբեր ձևերով են փոխանցում. Յոթանասնից՝ «κατοικούντες την κατακεκομην», սլավոներեն՝ «ծեծված ապրողներ» (երանելի Թեոդորիտ՝ «Երուսաղեմին ծեծված է կոչում նրան պատահելիք աղետների պատճառով»), Վուլգաթան՝ «habitatores pilae» (երանելի Հերոնիմոսն ասում է. «ապրում են ջախջախված, քանի որ նրանք անջատվում են ճիշտ այնպես, ինչպես հացահատիկը վերևից տրորում են փայտի կտորով»), Թեոդիտոն՝ «εν τω βαθει», Ակյուղասը և Սյումաքոսը՝ «ολμος» (հովիտ), Քաղդեական (Արամեական) Թարգում՝ «нехала Kидрон», այսինքն՝ Կեդրոնի հովիտ: Հետագա շրջանների հետազոտողների մոտ գերակշռում է «махтеш»−ի հետ կապված հովտի, լեռնագոգի պատկերը, և, թվում է, որ այստեղ առավել հիմնավոր է Սիոնը Ակրից և Մորիայից բաժանող հովիտը տեսնելը, որը Հովսեփոս Փլավիոսի մոտ հայտնի է «f£ragx turopoiîn», այսինքն՝ պանրագործների հովիտ, այժմ Տիրապեոն, անվամբ: Մարգարեն այս հովտի բնակիչներին կատարյալ բնաջնջմամբ է սպառնում։ Այս տարածքի բնակիչները սկզբնապես անվանվում են «Քանանի ժողովուրդ» (եբրայերեն՝ «ам−кенаан»), իսկ հետո՝ «արծաթով ծանրաբեռնված» («нэтиле−касеф»): Երկու հասկացություններն էլ միմյանց զուգահեռ և ակնհայտորեն իմաստով հոմանիշ են, ինչն ամբողջությամբ հասկանալի է դառնում Աստվածաշնչում «кенаани» բառի հաճախակի գործածությունից. քանանացիներ բառը (կամ համապատասխանաբար «ам−кенаан − Քանանի ժողովուրդ», ինչպես որ խնդրո առարկա հատվածում է) «առևտրական» իմաստով է գործածվում (Ովս. 12:8, Ես. 23:8, Հոբ․ 40:30), քանի որ քանանական ազգերից ամենահայտնի փյունիկացիները հին աշխարհի առևտրով [զբաղվող] գլխավոր ժողովուրդն էին, որոնց ցեղային անունն էլ դարձել է առևտուր բառի հոմանիշը (տե՛ս նաև Եզ. 17:4): Հետևաբար, արդարացի է՝ ռուսերեն սինոդալ թարգմանության մեջ եբրայերեն «ам−кенаан» բառի «առևտրական ժողովուրդ» փոխանցումը: Երուսաղեմի Մահտեշ թաղամասի այս բնակիչների քանանական կամ փյունիկյան ծագումը միանգամայն ընդունելի է։ Գերությունից առաջ հրեաները դեռ չունեին այն խստությունը, որը գերությունից հետո նրանց դրդում էր արգելել փյունիկացիների և այլ քանանացիների Երուսաղեմում բնակություն հաստատելը ( Նեեմ. 13:16, Զաք. 14:21): Բաբելոնյան գերությունից առաջ նրանցից շատերը, անկասկած, ապրում էին Երուսաղեմում ( Եզեկ. 44:4−8): Միանգամայն բնական է, սակայն, որ առևտրականների բացասական հատկությունները՝ շահույթ ստանալու կիրքը, անազնվությունը և այլն, կարող էին հեշտությամբ փյունիկացիներից փոխանցվել հրեաներին: Հետևաբար, ամբողջությամբ ընդունելի է «Քանանի ժողովուրդ» արտահայտության բացատրությունը նաև հրեաներին կից: «Հուդայի ժողովրդին,− ասում է երանելի Հերոնիմոսը,− նա (մարգարեն) այն բանի համապատասխան է «Քանանի ժողովուրդ (populus Chanaan)» անունով կոչում, ինչը կարդում ենք Դանիելի գրքում. «Քանանացիների սերմը, այլ ոչ թե Հուդայի (Դան. 13:56)» (տե՛ս նույն տեղում, էջ 254): Ըստ երանելի Թեոդորիտի՝ «Նրանք (Երուսաղեմի բնակիչները) նախանձեցին քանանացիների անօրինությանը, ուստի քանանացիների նման վերջնական ոչնչացման ենթարկվեցին, և հարստությունը նրանց ոչնչով չօգնեց» (տե՛ս նույն տեղում, էջ 45): 11−րդ համարի վերաբերյալ նմանատիպ մեկնաբանություն է նաև սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացու մոտ (Սոփոնիայի մարգարեության մեկնություն // Աստվածաբանական բանբեր, 1895, Տ. Ի., էջ 342, 343):

   Հաշվի առնելով, որ մարգարեի կողմից նկարագրված Երուսաղեմ քաղաքին սպասվող սարսափների մասին (թալան, արյունահեղություն, թշնամու կողմից կատարվող սպանություններ) սպառնալիքներն անհավատների կողմից կարող էին հանդիպել անտարբերության, անվստահության և նույնիսկ անհարգալից վերաբերմունքի, 12, 13−րդ համարներում մարգարեն համառորեն խոսում է անխուսափելիության, Երուսաղեմի բնակիչների և նրանց գույքի համընդհանուր ու ամբողջական ոչնչացման անկասելիության մասին:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Այն օրը, - ասում է Տէրը, - աղաղակների ձայն կը լինի վիրաւորների դռնից, գոյժ՝ երկրորդ դռնից եւ մեծ բեկում՝ բլուրներից:
(Արարատ թարգ․) «Այդ օրը,- ասում է Տերը,- աղաղակի ձայն պիտի լինի Ձկների դարպասից, ողբ՝ Մասենայից, և մեծ փլուզում՝ բլուրներից։
(Գրաբար) Եւ եղիցի յաւուր յայնմիկ, ասէ Տէր, ձայն աղաղակի ի դրանէ խոցոտելոցն, եւ գոյժ յերկրորդ դրանէն, եւ բեկումն մեծ ի բլրոց։