Սոփոնիայի մարգարեության մեկնություն 3:11

Ա․ Լոպուխին

11-13․ Այդ օրը դու չես ամաչելու քո բոլոր գործերի համար, որոնցով դու մեղք գործեցիր Իմ դեմ, որովհետև այդ ժամանակ քո միջից պիտի հանեմ քո հոխորտանքով հրճվողներին, և այլևս չես հպարտանա Իմ Սուրբ լեռան վրա: [11] Բայց ձեր մեջ թողնելու եմ խոնարհ և պարզ մարդկանց, և նրանք ապավինելու են Տիրոջ անվանը: Իսրայելի մնացորդները անօրենություն չեն գործի, սուտ չեն խոսի, և նրանց շուրթերին և լեզուներին նենգություն չի գտնվի, որովհետև նրանք կկերակրվեն ու կհանգստանան, և ոչ ոք չի անհանգստացնի նրանց: (Սինոդական թարգ․)
   
   Աստծո դատաստանից հետո հրեաների համար ևս լավ ապագա կսկսվի: «Երբ դա կատարվի, և հեթանոսները ևս փրկության արժանանան, ապա նաև դուք, Երուսաղեմո՛ւմ բնակվողներ, հավատքով փրկությունը ընդունելով, կազատվեք նախկին չարիքից, չեք արհամարհի Իմ պատվիրանները և մեծարի Հինկտակարանյան տաճարը»։ Երանելի Թեոդորիտն այսպես է վերաշարադրում 11−րդ համարը (տե՛ս նույն տեղում, էջ 54): Որպես իրեն ժամանակակից հրեական համայնքի բարոյական և սոցիալական կյանքին իր բարոյական տկարություններից մաքրելու միջոց մարգարեի կողմից, ինչպես նախկինում (Սոփ. 1:4−6, 8, 9, 12 համարներում), այնպես էլ այստեղ մատնանշվում է ամբարիշտների ոչնչացումը, աստվածապետության իդեալներին չհամապատասխանող ամեն ինչի, առաջին հերթին՝ հպարտության և մեծամտության հեռացումը: Ընդհակառակը, կորստից կփրկվի ժողովրդի լավագույն հատվածը, հենց այն խոնարհներն ու նվաստացածները (համար 12), որոնց դեռ ավելի վաղ (Սոփ. 2:2) մարգարեն առանձնացրել էր ընդհանուր ժողովրդի մեղավոր զանգվածից և Աստծո ժողովրդին վայել կյանքով ապրելու կոչ արել: Գերության ժամանակաշրջանի աղետալի դպրոցից այս բարեպաշտ մարդիկ կքաղեն գերության անզորության և նրա (ենթադրաբար՝ հրեա ժողովրդի) բարիքի ամբողջությամբ Աստծուց կախված լինելու մասին փորձված գիտակցությունը։ Հետևաբար, նրանք լիովին նվիրված կլինեն Աստծո կամքին և ամեն ինչում իրենց հույսը կդնեն Աստծու վրա (համար 12։2): Միաժամանակ նրանցից կազմված համայնքը կլինի իրապես արդար մարդկանց համայնք․ սուտը, կեղծիքը, անարդարությունը և, ընդհանրապես, ցանկացած տեսակի բարոյական չարիք այս համայնքի անդամների մեջ տեղ չի ունենա: Իսկ համայնքի նման բարոյական բարձրությանը կհամապատասխանի նաև նրա արտաքին՝ անհոգ և անվտանգ կյանքը (համար 13): Հրեական համայնքի հետգերության շրջանի բարոյական կատարելության բոլոր այստեղ նշված հատկանիշները, իհարկե, մասամբ են իրականացել, քանզի դրանք լիովին կիրականանան միայն ավետարանական ժամանակներում: Թեոդորիտը 12−13−րդ համարների վերաբերյալ նշում է. «Սա մեզ հստակ ցույց է տալիս առաքյալների դեմքը, որոնց Տերը քնքշանքով ասաց. «Երանի հեզերին, որովհետև նրանք ժառանգելու են երկիրը» (Մատթ. 5:5), և նաև «Ինձնից սովորե՛ք, որովհետև հեզ եմ և սրտով խոնարհ, և խաղաղությո՛ւն տվեք ձեր հոգիներին» (Մատթ. 11:29): Հենց նրանց էլ երանելի Սոփոնիան կոչում է «հեզ ու խոնարհ» մարդիկ, որովհետև իսրայելացիներն այդպիսին չեն, այլ «հիմար և անմիտ ժողովուրդ են» (Բ Օր. 32:6), և, ըստ մեկ այլ մարգարեի խոսքերի, «նրանց պարանոցը երկաթե ջղերից է, և նրանց ճակատը՝ պղնձից» (Ես. 48:4)» (նույն տեղում, էջ 54):
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Այն օրը չես ամաչի քո բոլոր գործերից, որով ամբարշտացար իմ դէմ, որովհետեւ այն ժամանակ քո միջից պիտի հանեմ քո ամբարտաւան չարութիւնը, եւ այլեւս չես շարունակելու գոռոզանալ իմ սուրբ լերան վրայ:
(Արարատ թարգ․) Այդ օրը չպիտի ամաչես քո բոլոր արարքների համար, որոնցով իմ դեմ հանցանք գործեցիր, որովհետև այն ժամանակ քո միջից կհեռացնեմ քո հպարտությամբ զվարճացողներին, և մյուս անգամ այլևս չես գոռոզանա իմ սուրբ լեռան վրա։
(Գրաբար) Յաւուր յայնմիկ ոչ ամաչեսցես յամենայն գործոց քոց, որովք ամպարշտեցեր առ իս, զի յայնժամ զերծից ի քէն զչարութիւն ամբարտաւանութեան քոյ, եւ ոչ եւս յաւելցես մեծաբանել ի վերայ լերին սրբութեան իմոյ։