Ա․ Լոպուխին
Այդ պատճառով դու ընծաներ կուղարկես Մորեսեթ−Գեթին, սակայն Աքզիբի բնակավայրերը խաբեություն կլինեն Իսրայելի թագավորների համար։ (Սինոդական թարգ․)[14]
«Այդ պատճառով դու ընծաներ կուղարկես»․ խոսքը ուղղված է ոչ թե Լաքիսին (Յունգերով), այլ Սիոնի դստերը։ «Ընծաներ» (եբրայերեն` «schiluchim») արտահայտության ներքո հասկացվում են այն նվերները, որոնք որպես օժիտ տրվում են հարսին (Գ Թագ․ 9։16)։ «Մորեսեթ−Գեթ»−ը, ըստ երևույթին, Գեթի հետ ինչ−որ կերպ առնչվող մի տարածք է, կամ եղել է նրա մոտակայքում կամ էլ հենց նրա տարածքի մեջ։ Այդ տարածքի «morescheth» անվանումը համահունչ է «meorasah» («հարսնացու») բառին (Բ Օր․ 23։23−27), այդ պատճառով էլ «դու ընծաներ կուղարկես Մորեսեթին» արտահայտության մեջ բառախաղ է բովանդակվում։ Հավանաբար, արտահայտության իմաստն այն է, որ Սիոնի դուստրը այլ տիրոջ տիրապետության տակ անցնելու առիթով պետք է օժիտ ուղարկի Մորեսեթին։ Մորեսեթը մարգարեի կողմից որպես ամբողջ երկրի ներկայացուցիչ է հիշատակվում։ Մարգարեի «սակայն Աքզիբի («Achziv») բնակավայրերը («beth») խաբեություն («leachzav») կլինեն Իսրայելի թագավորների համար» արտահայտության մեջ բառախաղ է բովանդակվում, որը ստացվում է ոչ միայն «achzav» (խաբեություն) բառի հետ Աքզիբ անվան համահունչության շնորհիվ, այլ նաև այն պատճառով, որ հասարակ անվան իմաստով «achziv» բառը նշանակում է գետակ, որը ամռանը ցամաքում է և այդ կերպով խաբում է իր ծարավը հագեցնելու հույս ունեցող ճանապարհորդին։ Այդ գետակի նմանությամբ էլ Աքզիբ քաղաքը կխաբի իր վրա հույս դնող իսրայելական թագավորներին։ Վերջիններիս ներքո մարգարեն մասնավորապես հուդայական թագավորներին նկատի ունի։ Աքզիբը նրանց համար այն իմաստով խաբեություն կլինի, քանի որ մյուս քաղաքների հետ միասին նա էլ կանցնի թշնամիների իշխանությանը տակ։ Աքզիբը Հուդայի ցեղին պատկանող տարածքում՝ Երուսաղեմից դեպի արևմուտք, գտնվող քաղաք է (Ծննդ․ 38։5, Հս․ 15։44)։ Յոթանասնիցում «Մորեսեթ և Աքզիբ» հատուկ անունները, ինչպես մյուս դեպքերում, թարգմանվել են որպես հասարակ անուն։ Այստեղից էլ ծագել է սլավոներեն տեքստի «դրա համար արձակել կտա անգամ Գեթի ժառանգությունը (եբրայերեն` «Մորեսեթ»), սնոտի տները (եբրայերեն` «Աքզիբի բնակավայրերը») ունայնություն դարձան Իսրայելի թագավորների համար» ընթերցումը։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Այդ պատճառով Գէթի տոհմից արձակուածներին կը տայ դատարկ տներ, որոնք Իսրայէլի թագաւորների համար ունայնութիւն դարձան:
(Արարատ թարգ․) Դրա համար հրաժեշտի ընծաներ պիտի տաս Մորեսեթ-Գեթին, Աքզիբի տները ստություն պիտի լինեն Իսրայելի թագավորներին։
(Գրաբար)Վասն այնորիկ տացէ արձակեալս մինչև ի ժառանգութիւն Գեթայ, զտունս սնոտիս, ի նանի՛ր եղեն թագաւորացն Իսրայէլի.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: