Միքիայի մարգարեության մեկնություն 2։8

Ա․ Լոպուխին

Իսկ ժողովուրդը, որը նախկինում Իմն էր, թշնամու պես ըմբոստացավ, և դուք վերցնում եք խաղաղությամբ անցնողների՝ ինչպես վերին այնպես էլ ներքին հանդերձը, ովքեր ետ են դառնում պատերազմից։ (Սինոդական թարգ․)[8]
   

   8−րդ համարը բարդ է հասկանալու համար և ռուսերեն տեքստում ենթադրաբար է թարգմանվել։ Ըստ ռուսերեն թարգմանության իմաստի՝ բացահայտելով նախորդ համարի վերջում արտահայտված այն միտքը, որ Տերը բարի է միայն արդարացի վարվողների համար, մարգարեն 8−րդ համարում ցույց է տալիս, թե արդարությունից ինչքան հեռու է հրեա ժողովուրդը։ Ժողովուրդը, ասես, դարձել է Աստծո թշնամին, քանի որ Նրա պատվիրաններին հակառակ է գործում. խաղաղ օտարականներից, պատերազմը և բռնությունը ատող մարդկանցից ինչպես վերին, այնպես էլ ներքին հագուստն է խլում։ Տեքստի որոշ ուղղումներ թույլ տալով` նորագույն մեկնաբանները 8−րդ համարն այլ կերպ են թարգմանում։ Օրինակ, Գոոնակերի մոտ «իսկ դուք դեմ եք Իմ ժողովրդին, դուք նրա թշնամուն եք օգնում, Սալմանասարի (եբրայերեն` «saimah eder − վերին հանդերձ»−ի փոխարեն Գոոնակերը ընթերցում է «salmanazar») առաջ դուք պատերազմի ավարն եք խլում նրանցից, ովքեր վստահությամբ իրենց ճանապարհով են գնում» տարբերակն է։ Նովակի մոտ «դուք թշնամու պես եք հանդես գալիս Իմ ժողովրդի դեմ, բարեկամներից խլում եք (հարստությունը) և անզգուշությամբ անցնողներից` պատերազմական ավարը»։ Հունարեն և սլավոներեն տեքստերը 8−րդ համարում այնպիսի միտք են փոխանցում, որը շեղվում է բնագրից և լիովին անհասկանալի է․ «և նախկինում Իմ ժողովուրդը թշնամաբար հակառակվեց իր խաղաղությանը․ նրանց կմաշկեն, որպեսզի խլեն պատերազմական ավարի հույսը»։ Ըստ երևույթին, ըստ հունա−սլավոնական տեքստի իմաստի` մարգարեն ցանկանում է ասել, որ Աստծո հանդեպ ժողովրդի թշնամական վերաբերմունքի պատճառով (այսպիսի հարաբերությունները հակասում են հենց ժողովրդի բարօրությանը) նրանից կվերցվի ամեն ինչ՝ և՛ կարողությունը (նրա մաշկը), և՛ հույսը։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Թշնամութեամբ հակառակ կանգնեց իր խաղաղութեանը: Նրան մորթազերծ կ՚անեն՝ բառնալու յոյսը եւ վերացնելու պատերազմի կսկիծը:
(Արարատ թարգ․)Բայց մի թշնամի է բարձրանում իմ ժողովրդի դեմ. ապահով անցուդարձողներից հանդերձի հետ պատմուճանն եք հափշտակում պատերազմից վերադարձողներից։
(Գրաբար)Ի թշնամութիւն հակառակեցաւ ընդդէմ խաղաղութեան իւրոյ։ Զմորթ նորա մորթեսցեն բառնա՛լ զյոյս, զբեկումն պատերազմի։