Միքիայի մարգարեության մեկնություն 5։3

Ա․ Լոպուխին

Այդ պատճառով նա նրանց կթողնի այնքան ժամանակ, քանի դեռ չի ծնել ծննդաբերել իմացողը, այդ ժամանակ Իսրայելի որդիների մոտ կվերադառնան նրանց մնացյալ եղբայրները։ (Սինոդական թարգ․)[3]
   

   3−րդ համարում մարգարեն խոսում է այն մասին, թե ինչպիսին է լինելու հրեաների վիճակը Մեսսիայի գալուստից առաջ։ «Այդ պատճառով նա նրանց («յithnem») կթողնի այնքան ժամանակ», այսինքն՝ որովհետև փրկությունը կգա միայն այն ժամանակ, երբ որ Մեսսիան գա, իսկ Նա դեռևս չի եկել. «Նրանց կթողնի» արտահայտությունն ավելի ճիշտ կլինի եբրայերենից «կտա նրանց» տարբերակով թարգմանել։ Մարգարեն խոսում է Տեր Աստծու մասին։ Միևնույն ժամանակ, «nathan» բայը ոչ թե այն իմաստով պետք է հասկանալ, որ Տերը մինչև Մեսսիայի գալստյան ժամանակները կործանումից կփրկի հրեաներին (երանելի Հերոնիմոս և բազմաթիվ միջնադարյան մեկնիչներ), այլ այն, որ Տերը հրեաներին կմատնի թշնամիների ձեռքը (Դատ. 2։9, Գ Թագ. 8։46, 14։16, Բ Մնաց. 30։7)։ «Քանի դեռ չի ծնել ծննդաբերել իմացողը»։ «Ծննդաբերել իմացող» արտահայտության ներքո մեկնաբանները հասկանում են Եկեղեցին (երանելի Հերոնիմոս, երանելի Թեոդորոս Կյուրոսացի), Երուսաղեմը (Թեոդորոս Մափսուեստացի), որը ծննդաբերության ցավերի միջոցով ավելի լավ վիճակի կհասնի, Բաբելոնը, որն ազատ կարձակի կարծես թե իր արգանդում բանտարկված գերիներին (Կալմեր), և վերջապես, Սուրբ Կույսին՝ Մեսսիայի Մորը։ Վերջին մեկնաբանությունը գտնում ենք սուրբ Եփրեմ Ասորու, սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացու և բազմաթիվ այլ նորագույն էկզեգետների մոտ (Կեյլ, Շեգգ, Ռեյնկե և այլք)։ Այս մեկնաբանությունը պետք է նախընտրելի լինի [նաև] մյուսների կողմից։ Մարգարեն «ծննդաբերել իմացող» արտահայտության ստույգ սահմանումը չի տալիս. հետևաբար, ենթադրվում է, որ այն հայտնի էր մարգարեի լսարանին։ 4։9−10 համարներում ծննդկանի տանջանքները Միքիան Սիոնին է վերագրում, միևնույն ժամանակ Միքիայի ժամանակակից Եսային հայտարարում է Կույսի («almah») մասին, որը ծնելու է Էմմանուելին (Ես. 7։14)։ Ըստ այսմ՝ Միք. 2։3 համարի բառերը կարող են հասկացվել կա՛մ Սիոնի, կա՛մ էլ Եսայու «almah»−ի վերաբերյալ։ Եթե «ծննդաբերել իմացող» արտահայտության ներքո Սիոնը հասկացվի, ապա մարգարեի արտահայտությունը հստակ իմաստ չի ստանա։ Հստակ իմաստ կստացվի միայն այն ժամանակ, երբ Միքիայի խոսքերը Ես․ 7։14 համարի բառերի նմանությամբ՝ որպես Սուրբ Կույս Մարիամի մասին մարգարեություն բացատրվեն։ «Այդ ժամանակ Իսրայելի որդիների մոտ կվերադառնան նրանց մնացյալ եղբայրները». «Իսրայելի որդիների մոտ», այսինքն՝ Դավթի դինաստիային հավատարիմ ճշմարիտ Իսրայելի մոտ: «Կվերադառնան», այսինքն՝ հոգեպես և կրոնական իմաստով կմիավորվեն Իսրայել−Մեսսիային: Այսպիսով, ըստ մարգարեի, Մեսսիայի գալստյան պտուղը կլինի Իսրայելի ամբողջական վերականգնումը։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Այդ պատճառով Տէրը նրանց կը թողնի մինչեւ ծննդկանի ժամանակը. նա կը ծնի, եւ նրա մնացած եղբայրները կը վերադառնան իսրայէլացիների մօտ:
(Արարատ թարգ․) Ուստի նրանց պիտի լքի մինչև ծննդկանի ծնելու ժամանակը, և նրա եղբայրների մնացորդը պիտի վերադառնա Իսրայելի որդիներին։
(Գրաբար) Վասն այնորիկ տացէ զնոսա մինչև ի ժամանա՛կ ծննդականին. ծնցի՝ և մնացորդք եղբարց նորա դարձցին առ որդիսն Իսրայէլի։