Միքիայի մարգարեության մեկնություն 5։4

Ա․ Լոպուխին

Եւ Նա կկանգնի, և կհովվի Տիրոջ ուժով, Իր Տեր Աստծո անվան մեծությամբ, և նրանք ապահով կապրեն, քանզի այդ ժամանակ Նա մեծ կլինի մինչև երկրի ծայրերը։ (Սինոդական թարգ․)[4]
   

   4−րդ համարում մարգարեն ապագա Իշխանի [առաքելությունը] որպես հովվի գործունեություն է նկարագրում։ «Եւ Նա կկանգնի», այսինքն՝ կլինի Իր հոտին հետևող հովվի, նրա պահապանի պես. ընդհանուր առմամբ, կվերցնի իր ժողովրդին հովվելու [գործը]։ Սլավոներենը «եւ կհովվի» արտահայտության փոխարեն հունարենից «և կտեսնի և կհովվի իր հոտին» է թարգմանել։ «Իր հոտը» բառերը ներկայացվում են որպես հավելումներ, որոնք եբրայերեն տեքստում իրենց համապատասխանը չունեն. «Կտեսնի (δψεται) և կհովվի (καὶ ποιμανεἰ)» բայերը եբրայերեն «veraah» բայի կրկնակի թարգմանությունն են։ «Veraah» բայն էլ («աին» բառի հետ) նշանակում է հովվել և («ալեֆ»−ի հետ) տեսնել։ «Իր Տեր Աստծո անվան մեծությամբ». ըստ եբրայերեն տեքստի՝ այս բառերը Իսրայելի իշխանի մասին են ասվում, իսկ Յոթանասնիցում դրանք Նրա հովվության տակ գտնվող ժողովրդի վերաբերյալ են հասկացվում։ Այստեղից էլ ծագում է սլավոներենի «կհաստատվեն իրենց Տեր Աստծո անվան փառքի մեջ» տարբերակը։ Այս ընթերցումը չի կարող ընդունվել, քանի որ Աստվածաշնչում մեսսիական թագավորության անդամներին աստվածային փառք չի վերագրվում։ Քանզի այդ ժամանակ «Նա մեծ կլինի մինչև երկրի ծայրերը»։ Յոթանասնիցում խոսքը կրկին մեսսիական թագավորության անդամների մասին է՝ «διὸτι νυν μεγαλυνθὴσονται», «քանզի այդ ժամանակ նրանք փառավորվելու են», թեև որոշ ձեռագրերում նաև եզակի թվով է, ինչպես որ մեր՝ սլավոներեն տեքստում։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Նա կը կանգնի, կը տեսնի եւ կը հովուի իր հօտը Տիրոջ զօրութեամբ, եւ նրանք կը հաստատուեն իրենց Տէր Աստծու անուան փառքի մէջ, քանի որ այժմուանից նրա հզօրութիւնը պիտի տարածուի մինչեւ երկրի ծագերը:
(Արարատ թարգ․) Եվ նա պիտի կանգնի և իր հոտին պիտի կերակրի Տիրոջ ուժով, Տիրոջ՝ իր Աստծու անվան մեծափառությամբ։ Եվ նրանք ապահով պիտի բնակվեն, որովհետև արդեն մինչև երկրի ծայրերը նա մեծ պիտի լինի։
(Գրաբար) Եւ կացցէ՛, և տեսցէ՛ և հովուեսցէ՛ հօտի իւրոյ զօրութեամբ Տեառն, և ի փառս անուան Տեառն Աստուծոյ իւրեանց հաստատեսցին։ Զի այժմ մեծասցին մինչև ի ծա՛գս երկրի.