Ա․ Լոպուխին
Եւ Նա խաղաղություն կլինի։ Երբ որ Ասորեստանը գա մեր երկիրը և մտնի մեր պալատները, մենք ընդդեմ նրա յոթ հովիվներ և ութ իշխաններ կկանգնեցնենք։ (Սինոդական թարգ․)[5]
«Եւ Նա («seh») խաղաղություն («schalom») կլինի». Ըստ ռուսերեն թարգմանության՝ մարգարեն բնութագրում է Իսրայելի Իշխանի ապագա թագավորությունը, Նրա էությունը ցույց է տալիս Նրան տրված «խաղաղություն» անվամբ։ Որպես խաղաղության պատճառ և աղբյուր՝ Մեսսիան ներկայացվում է դեռևս Մովսեսից առաջ՝ Ծննդոց գրքում (տե՛ս Ծննդ. 49։10) և Եսայի մարգարեի մոտ, ով ապագա թագավորին անվանում է «խաղաղության իշխան» (տե՛ս 9։6)։ Սրա նմանությամբ նաև առաքյալը, մեկ բառով Մեսսիայի գործը բնորոշել ցանկանալով, ասում է. «Նա մեր խաղաղությունն է» (տե՛ս Եփս. 2։14)։ Սակայն ռուսերեն տեքստում ընդունված Միքիայի քննարկվող խոսքերի թարգմանությունը չի հաստատվում հունարեն թարգմանությամբ։ Հաջորդող «εἰρηνη» («այդպիսին կլինի երկիրը») բառի հետ համաձայնեցնելով՝ Յոթանասնիցը եբրայերեն «seh» (ռուսերեն՝ «Նա») բառը կա՛մ «αυτῆ» («այս» կամ «սա», այսինքն՝ 4−րդ համարի վերջում հիշատակված երկիրը), կա՛մ էլ «ἅυτη» («այս» կամ «այսպիսին») բառով է փոխանցում։ Նորագույն մեկնաբանները (Նովակ, Մարտի, Գոոնակեր) նույնպես կարծում են, որ «seh» («այս») դերանունը մատնանշում է հետագայի «schalom»−ը, և ամբողջ արտահայտությունը Յոթանասնիցի համաձայն են հասկանում։ Իսրայելի Իշխանի խաղաղ կառավարման բնույթը այն զորության հետևանքը կլինի, որով Իսրայելը կհաղթի թշնամիներին։ Այդ զորությունն այնպիսին կլինի, որ Իսրայելը կհաղթի Աստծու հանդեպ թշնամաբար տրամադրված ողջ աշխարհին։ Որպես այդ աշխարհի ներկայացուցիչ՝ մարգարեն մատնանշում է ասորեստանցիներին։ «Մտնի մեր պալատները» («bearnmothenu»)։ Յոթանասնիցը [«bearnmothenu»−ի փոխարեն] գրությամբ վերջինիս նման «beadmathenu» (ծագում է «adamah−երկիր» բառից) է ընթերցում, և այդ պատճառով էլ «կհասնի ձեր երկիրը» տարբերակով է թարգմանում։ Այսպիսի ընթերցումն էլ, որպես առավել բնական, պետք է նախընտրել եբրայերենից։ «Մենք ընդդեմ նրա յոթ հովիվներ և ութ իշխաններ կկանգնեցնենք («nesiche»)». անորոշ կերպով մատնանշվում է Իսրայելի զորությունը, նրա պաշտպանության հզորությունը (տե՛ս Ամ. 1։3, Ժող. 11։2)։ Յոթանասնիցը «nesiche»−ի (ծագում է «սամեհ» բառից) փոխարեն ընթերցել է «neschiche» (ծագում է «շին» բառից), և վերջինս, «naschachc» (խոցել) արտահայտությունից ծագեցնելով, «δήγματα ενθρώπων» կամ էլ, ինչպես սլավոներենում է, «մարդկային յոթ խոցեր» տարբերակով է թարգմանել։ Հավանաբար Յոթանասնիցը նկատի է ունեցել Ասորեստանին պատուհասած աղետները։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Եւ խաղաղութիւն կը լինի նրանով: Երբ ասորեստանցիները գան ձեր երկիրը, եւ երբ նրանք հասնեն ձեր աշխարհը, Տէրը կը բարձրացնի նրանց դէմ եօթը հովիւ եւ ութ ղեկավար մարդիկ:
(Արարատ թարգ․) Եվ սա խաղաղություն կլինի։ Երբ ասորեստանցին մեր երկիրը մտնի և երբ որ շրջի մեր պալատներում, այն ժամանակ մենք նրա դեմ կկանգնեցնենք յոթ հովիվ և ութ իշխան մարդկանց,
(Գրաբար) և եղիցի նմա խաղաղութիւն. յորժամ եկեսցէ Ասորեստանեայն յերկիր ձեր՝ և յորժամ հասցէ յաշխարհ ձեր. յարուսցէ ի վերայ նորա եւթն հովիւ՝ և ո՛ւթ վարիչ մարդկան։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: