Միքիայի մարգարեության մեկնություն 6։16

Ա․ Լոպուխին

Ձեզ մոտ պահպանվեցին Ամրիի սովորությունները և Աքաբի տան բոլոր գործերը, և դուք գործում եք ըստ նրանց խորհուրդների, և Ես քեզ ամայության կմատնեմ, և քո բնակիչներին՝ ծաղրանքի, և դուք պիտի կրեք Իմ ժողովրդի նախատինքը։ (Սինոդական թարգ․)[16]
   

   Ամրին այն դինաստիայի նախահայրն է, որն իրեն արատավորել էր կռապաշտությամբ և անօրինությամբ (Գ Թագ. 16։31, 18։18)։ Աքաբը այդ դինաստիայի ամենաակնառու ներկայացուցիչն է։ Աքաբի դստեր՝ Գոթողիայի միջոցով (Դ Թագ. 8։18), որն ամուսնացավ հուդայական թագավոր Հովրամի հետ, Ամրիի տան նախատինքը փոխանցվեց նաև Հուդային։ «Դուք պիտի կրեք Իմ ժողովրդի (ammi) նախատինքը», այսինքն՝ կկրեք Իմ ժողովրդի համար նշանակված պատիժը։ Սակայն որոշ մեկնաբաններ (Նովակ), ոչ առանց հիմնավորման, Յոթանասնիցի նմանությամբ «ammi» («Իմ ժողովրդի») բառի փոխարեն ընթերցում են «amim−ժողովուրդներ, մարդիկ»։ Նմանատիպ ընթերցման իմաստն այն կլինի, որ Իսրայելն իր անիրավության պատճառով բոլոր ժողովուրդների նախատինքի առարկան կդառնա։ Յոթանասնիցի նմանողությամբ սլավոներեն տեքստի 16−րդ համարում Ամրիի փոխարեն Զամրի է, որը, իհարկե, սխալմունք է։ «Քո բնակիչներին» բառերը Յոթանասնիցում և սլավոներենում առնչվում են Սամարիայի բնակիչներին․ այդ պատճառով էլ «նրա մեջ բնակվողները» տարբերակով են ընթերցվում։

--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Կ՚ապականուեն իմ ժողովրդի անօրէնները եւ Աքաաբի տան բոլոր գործերը,դուք էլ շարժուեցէ՛ք ըստ նրա խորհուրդների, որովհետեւ ձեզ ապականութեան պիտի մատնեմ, քո բնակիչներին պիտի դարձնեմ սուլոցի արժանի, եւ դուք ժողովուրդների նախատինքը պիտի ստանաք»:
(Արարատ թարգ․) Պահել ես Ամրիի կանոնները և Աքաաբի տան բոլոր գործերը և ընթանում ես նրա խորհուրդներով, որպեսզի քեզ ամայացնեմ, նրա բնակիչներին ֆշշոցի առարկա դարձնեմ, և դուք պիտի կրեք իմ ժողովրդի նախատինքը։
(Գրաբար) Եւ ապականեսցին անօրէնք ժողովրդեան իմոյ, և ամենայն գործք տանն Աքաաբու. և գնացէք ըստ խորհրդոց նորա. զի մատնեցից զձեզ յապականութիւն, և զբնակիչս քո ի շչիւն, և զնախատինս ժողովրդոց ընկալջիք։