Միքիայի մարգարեության մեկնություն 7։2

Ա․ Լոպուխին

2-3․ Երկրի վրա ողորմածներ չմնացին, մարդկանց մեջ արդարներ չկան, բոլորը դարան են պատրաստում, որպեսզի արյուն թափեն, յուրաքանչյուրն իր եղբորը ցանցն է գցում։ [2] Նրանց ձեռքերը ուղղված են չարիք գործելուն, ղեկավարը նվերներ է պահանջում, և դատավորը կաշառքի դիմաց է դատում, իսկ մեծատոհմիկները արտահայտում են իրենց հոգու չար ցանկությունները և խեղաթյուրում են գործը։ (Սինոդական թարգ․)
   
Մարգարեն բացահայտում է առաջին համարի պատկերների իմաստը և կրկնում է ավելի վաղ հնչեցված մեղադրանքները. այժմ դրանք տարածում է ամբողջ ժողովրդի, այլ ոչ թե միայն երևելիների վրա (Միք. 2։1−2, 8, 3։3)։ «Ղեկավարը նվերներ է պահանջում». նվերներ բառը թարգմանիչների կողմից ավելացվել է իմաստից ելնելով։ 2, 3−րդ համարների սլավոներեն շարադրանքը նույն իմաստն է հայտնում, ինչ եբրայերեն և ռուսերեն տեքստերը, սակայն որոշ արտահայտություններում շեղվում է առաջինից։ Սլավոներեն տեքստի «վա՜յ իմ հոգուն» (հունարեն՝ «ὄι μοι ψυχή») բառերը բացակայում են բնագիր տեքստի 2−րդ համարում և հավանաբար այն պատճառով են առաջացել, որ Յոթանասնիցը 1−ին համարի վերջին «ivvethah naphschi» (իմ հոգին ցանկանում է) արտահայտությունը առնչության մեջ է դրել 2−րդ համարի հետ, որն էլ «ojah naphschi» (վա՜յ իմ հոգուն) տարբերակով է ընթերցել: «Բոլորը դարան («jerovu») են պատրաստում, որպեսզի արյուն («ledamim»՝ արյան համար) թափեն». «Բոլորը արյան մեջ են թաքնվում» (δικάζονται), այսինքն՝ բոլորն էլ մինչև արյուն են դատ անում, քանի որ Յոթանասնիցը «jeerovu» բառի փոխարեն (ծագում է «arav» բառից՝ ցանց հյուսել, դարանակալել) դրան համապատասխանող «jarivu» (ծագում է «rix» բառից՝ դատ անել) բառն է ընթերցել։ «Յուրաքանչյուրն իր եղբորը ցանցն (jazudu) է գցում (cherem)» պատկերը որսորդություններից է փոխառված։ Սլավոներենում «յուրաքանչյուրն իր ընկերոջը դառնորեն նեղում է» տարբերակն է, քանի որ «jazudu» (հյուսել, դնել) բառի փոխարեն Յոթանասնիցը ընթերցել է «jazuru» (ծագում է «zur» բառից՝ նեղացնել), իսկ «cherem» (ցանց) բառը նրա կողմից ընդունվել է որպես «ἐκθλιβή» (դառնությամբ)։ «Դատավորը կաշառքի (baschillum) դիմաց է դատում»։ Հունարենից՝ սլավոներենում «դատավորը խաղաղության խոսքեր է ասում» (այսինքն՝ պատժելու փոխարեն խրախուսում է անօրինությունները) տարբերակով է թարգմանվել։ Յոթանասնիցի ընթերցումը հավանաբար այն բանի արդյունքում է առաջացել, քանի որ եբրայերեն «baschillum» (կաշառքի դիմաց) արտահայտությունը որպես «keschalom» (ինչպես խաղաղությունը խաղաղության մասին) է ընթերցվել։ Ավելին դիտարկվող նախադասությանն է առնչվել նաև հաջորդող «haggadol» (մեծ մարդիկ կամ ազնվականները) բառը, որն էլ ընթերցվել է որպես «haddabar» (բառ)։ «Մեծ մարդիկ (haggadol) արտահայտում են իրենց հոգու չար ցանկությունները և խեղաթյուրում են գործը («hajeavthuha»)»։ Յոթանասնիցը «haggadol» (մեծ մարդ կամ ազնվական) բառը, ինչպես արդեն վերևում նշվել է, առնչել է նախորդ նախադասությանը. հազվադեպ հանդիպող «vajeavthuha» (ծագում է «adath» բառից՝ կախել, խեղաթյուրել) բառը Յոթանասնիցը ծագեցրել է «abar» (ἐξαιρέω՝ խլում եմ, Բ Մնաց. 35։23) կամ էլ «abad» բառից (ἐξαίρω, տե՛ս Թվ. 33։52): Բացի այդ՝ նախորդ համարից տեղափոխվել է «thovam−նրանց բարիքները» բառը։ Այստեղից էլ ստացվել է սլավոներեն տեքստի «նրա հոգու ցանկությունն է. և կխլեմ նրանց բարիքները» անհասկանալի ընթերցումը։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․)Վա՛յ ինձ, որովհետեւ երկիւղածութիւնը վերացաւ երկրից, եւ մարդկանց մէջ չկայ մէկը, որ ուղիղ լինի. բոլորը արեամբ են դատում, իւրաքանչիւրը սաստիկ նեղում է իր ընկերոջը, եւ իրենց ձեռքը չարիք անելու սովոր են դարձնում:
(Արարատ թարգ․) Բարեպաշտը կորչում է երկրից, և մարդկանց մեջ ուղղամիտը չկա. ամենքն արյան համար դարան են սարքում, ամեն մարդ իր եղբորը որսում է ցանցով։
(Գրաբար) Վա՛յ անձին իմում. զի կորեա՛ւ երկիւղած յերկրէ. և ո՛չ գոյ ուղիղ ի մէջ մարդկան. ամենեքին արեամբ դատին. իւրաքանչիւր զընկեր իւր նեղելով նեղեն։ Զձեռս իւրեանց պատրաստեն ի չար։