ՄԻ ՆՈՐ ՊԱՏՈՒՀԱՆ

Երկու ամիս անց Գրիգորն ու Կոլոտը, որպես լիիրավ անդամ, գրկաբաց ընդունվեցին Սուրբ Կարապետ վանքի Միաբանության կողմից: Նրանց գործը ուսուցչությունն ու խոստովանահայրությունն էին: Միաբանության միաձայն որոշմամբ ուսման ծրագրերը վերակազմվեցին Վարդան Վարդապետի մեթոդների համաձայն: Կարապետ Սրբազանի կարգադրությամբ Կոլոտը ստանձնեց նաև տնտես Հայր Թովմասի օգնականի պաշտոնը, որը  նրան հնարավորություն ընձեռեց նոր և շատ կարևոր գիտելիքներ ձեռք բերել. թեև խորապես հոգևոր` նրա մեջ արթնացավ մամոնայի ճամփաները լավ սովորելու տարօրինակ մի ձգտում: Այս հսկա վանքում էլ տնտեսությունը մեծ շարժման մեջ էր, ինչպես մյուս բոլոր վանքերում:

Այստեղ Հովհաննես Վարդապետը մոտիկից ծանոթացավ հոգևոր կյանքի հնագույն ճշմարտության հետ: Առանց մարմնի հոգին կաթվածահար էր, ճշմարտությունը` մունջ առանց լեզվի, գեղեցկությունը` տձև առանց լույսի և կրոնը` կաղ առանց դրամի: Հոգու աչքերը վաղուց բացված Կոլոտ վարդապետի մարմնի աչքերն էլ կամաց–կամաց սկսեցին բացվել ոսկու ուժեղ փայլի շլացումից: Զարմանքով նկատում էր, որ կրոնական յուրաքանչյուր ձեռնարկ ու հոգևոր երազանք փողով սկսվում ու փողով էր ավարտվում: Փիլիսոփայական գրքերը, որ կարդացել էր նա, արդեն մի նոր իմաստ էին հաղորդում առօրյա կյանքի բարդ հյուսվաքը հասկանալու համար: Կրկին կարդաց Պլատոնի և Արիստոտելի քաղաքական բնույթի գրվածքնրը: Ըմբռնեց, որ փողը հասարակության մեջ այն էր, ինչ երակներով հոսող արյունը` մարդու մարմնում:

Կոլոտին մտահոգում էր իր այս նոր հետաքրքրությունը: Լավ գիտեր հայրերի ուսուցումը դրամասիրության վերաբերյալ: Գիտեր, որ վանականը պարտավոր էր խուսափել դրամից ու հարստությունից, ինչպես սատանայից: Հուդայի անիծյալ ճամփան չէ՞ր արծաթասիրությունը: Կոլոտը իսկապես մտահոգված էր: Արդյո՞ք առանց կամենալու կհրապուրվեր աշխարհիկ փառքով ու կընկներ ծուղակը նյութապաշտ մտածելակերպի: Նրա ընթերցումները մեծամասամբ տնտեսական ու քաղաքական փիլիսոփայությանն էին ուղղված, և նա մեծ հաճույքով էր այս հարցերի շուրջ զրուցում հայր Թովմասի հետ:

Ի վերջո բացեց սիրտն իր մտերմին ու պատմեց նրան իր հոգու հակասությունների և մտածումների մասին: Գրիգորը  լավ ունկնդիր էր, նաև լավ էր ճանաչում իր ընկերոջն ու աշակերտին: Նա Կոլոտից վեց տարով մեծ էր. երբ ինքն արդեն վարդապետ էր, Կոլոտը դեռ սարկավագ էր: Սակայն Կոլոտի հասունությունը վաղու՜ց փակել էր տարիների այս  խրամատը: Գրիգորը բարձր էր գնահատում Կոլոտի արժանիքները` նրա ուշիմ ու ճկուն միտքը, սուր հոտառությունը և առաջնորդելու բացառիկ կարողությունը: Վստահում էր Կոլոտի հեռատեսությանն ու նխազգացումներին: Նա՛ էր առաջարկել ու համոզել իրեն հեռանալ Ամրդոլից և փնտրել ուրիշ մի վանք: Ինքը գոհ էր իրենց այցելած բոլոր վանքերից և ուզում էր առանց շատ փնտրտուքի մնալ և հաստատվել դրանցից մեկում: Դարձյալ Կոլոտն էր, որ համոզել էր իրեն գնալ ամենամեծ վանքը` Սուրբ Կարապետ: Նրա ցուցումները միշտ ճշգրիտ էին, և նախաձեռնությունները` հաջողված: Իր ամբողջ էությամբ մխրճվելու աստիճան Կոլոտը հիմա զբաղված էր տնտեսությամբ: Գրիգորը ժպտաց և, նրա ուսին թփթփացնելով, ասաց.

– Որքան  հասկացա` մի նոր որդ է ընկել մեջդ և անհանգստացնում է քեզ իր խլիրտներով: Բայց որդը դեռ ոչինչ է, այն պիտի մեծանա, ու տեսնենք, թէ ի՛նչ կդառնա` մոծա՞կ, թե մեղու, ճա՞նճ, թե՞ թիթեռնիկ:

– Ուզում ես ասել, որ շարունակեմ զբաղմունքս և չե՞մ ընկնի մեղքի մեջ:

– Անշուշտ, հիշում ես Անտոն ճարտարապետին: Երբ քեզնից երկու տարի առաջ Ամրդոլ եկավ, կյանքումս հանդիպած  լավագույն աշակերտն էր: Դու էլ կհիշես. նրա մեջ հանկարծ մեծ սեր ու ձգտում արթնացավ հին տաճարների նկատմամբ: Փախչում էր, օրերով անհայտանում: Պառկում էր ավերակ եկեղեցիների մեջ ու ժամերով դիտում խաչքարերը: Բոլորը  կարծում էին, որ խեղճը դիվահարվել էր, և մենք, հուսահատված, նրան փրկելու ճամփաներ էինք փնտրում: Սակայն Վարդան Վարդապետը քառասուն օր բանտակեց նրան մի խցի մեջ` նրա առջև բլրելով մատենադարանի ճարտարապետական բնույթի բոլոր գրքերը: Քառասուն օր անց, հագեցած, դուրս եկավ խցից և այլևս չփախավ: Ուր մի նոր եկեղեցի էր կառուցվում, Վարդապետը ուղարկում էր նրան և երբ հասկացավ, որ նա հոգևորական լինելու համար չէր ծնվել, ամուսնարեց: Հիմա նա մեր կողմերի լավագույն ճարտարապետներից մեկն է` եկեղեցաշեն և ազգօգուտ:

Վանքի պարիսպների վրայով հանդարտ քայլելով` Գրիգորը մի պահ կանգ առավ. ժամանակ տվեց Կոլոտին` մարսելու իր խոսքերը: Երեկոյի բոսորագույնը շողշողում էր քարերի վրա` անցած դարերի իմաստությունը ներշնչելով Գրիգորին:

– Այն, ինչ մենք շատ ենք սիրում և ընդունակ ենք անելու, Աստծուց մեզ տրված հատուկ կոչում է, նաև` պարտականություն: Հավանաբար Աստված քեզ ինչ–որ բանի համար է պատրաստում թերևս` քիմքդ գրգռելով այս քաղաքատն-տեսական նյութերի շուրջը: Սաղմոսներն անգիր իմացող շատ վանականներ ունենք, բայց քիչ է նրանց թիվը, ովքեր կարող են հասկանալ ժամանակի նշանները: Ո՞վ գիտե, թե մեր շուրջը փչող քաղաքական ու տնտեսական հողմերը ինչպիսի՞ ամպեր կկուտակեն մեր գլխին: Մեր մարդկային ու ազգային խնդիրները լուծելու ընդունակ քանի՞ եկեղեցական ունենք:

Մեր մեծագույն խնդիրներից մեկը մեր վանքերի տնտեսության տագնապալից վիճակը չէ՞: Ես անձամբ շահագրգռված չեմ այս խնդրով, բայց կարևորում եմ այն:

– Իսկ վտա՞նգը, – հարցրեց Հովհաննես վարդապետը: – Անգերազանցելի հաճույք է անդնդից դիտելը` ընկնելու վտանգի առկայությամբ:

Կոլոտը, հանդարտվելով, խրվեց իր ուսումնասիրությունների մեջ և հայր Թովմասից սովորեց հաշվապահության վերաբերյալ ամեն ինչ: Ամեն օր` նոր դաս, նոր փորձառություն: Վանքի այս գրասենյակը տնտեսագիտության համալսարան էր դարձել նրա համար: Մի օր, երբ Թովմաս  վարդապետի հետ ստուգում էին հաշիվ ները, դուռը ծեծեցին. ներս մտավ սարկավագներից մեկը մի գյուղացու հետ: – Ասում է, թե մի ձեռագիր ունի, հա՛յր սուրբ: Արժե տեսնել:
-Բարո՛վ եկար, ո՞ր գյուղից ես:
– Գեղատունկից: Իմ պապերից մնացած մի ավետարան ունեմ, ահա՛, նայե՛ք, – գյուղացին բացեց իր տոպրակն ու կաշվե կողով, լավ պահպանված մի մագաղաթ հանեց, համբուրեց ու հարգանքով դրեց սեղանի վրա, – հայրական այս  հիշատակից չէի ուզենա բաժանվել, բայց տղայիս եմ ամուսնացնելու և փողի կարիք ունեմ:

Թովմաս  Վարդապետը թերթեց գրքի էջերը. պատկերազարդ ու լավ խնամված, ամբողջական, թանկարժեք մի ավետարան էր այն: Նրա կողքին կանգ նած Կոլոտի աչքերը չորս բացվեցին: Անմիջապես հասկացավ ձեռագրի անգին արժեքը. մագաղաթը առնվազն վեց–յոթ հարյուր տարվա մի հնություն էր` հոգևոր անգնահատելի մի գանձ: Սակայն Թովմաս  Վարդապետը անտարբեր էր մագաղաթի նկատմամբ: Շուրթերը ծռելով և ուսերը թափ տալով, անտարբերությամբ հարցրեց.

– Որքա՞ն ես ուզում սրա համար:

– Ճիշտն ասած, չգիտեմ, դուք որոշեք նրա արժեքը, դուք գիտեք:

– Քեզ մի բան ասեմ, եղբա՛յր, մենք սրա պետքը չունենք: Դու մեր մատենադարանը մտած, տեսած կա՞ս: Սրա նման հազարավոր գրքեր ունենք և տալու տեղ ենք փնտրում:

Կոլոտը զարմացավ: Վարդապետը սուտ էր խոսում: Այսպիսի հնությունը շատ հազվադեպ երևույթ էր նույնիսկ վանքերի գրադարանների համար:

– Բայց քեզնից կգնեմ այս ավետարանը: Հիմա ասա ինձ, տղայիդ հարսանիքի համար ինչքա՞ն փողի կարիք ունես:  Բայց սուտ չխոսես, եթե շատ ուզես, չեմ գնի:

Գյուղացին, գլուխը ծռելով, ասաց.

– Տասը օսմանյան ոսկի:

– Ի՞նչ, տա՞սը ոսկի: Այս հին գրքի՞ համար: Եթե ուզում ես, հինգ ոսկի:  Ես մեր դպիրների կողմից գրված մի նոր ձեռագիր ծախեմ քեզ, նոփ–նոր: Բացի այդ, տասը ոսկով երեք հարսանիք կանես: Շատ–շատ ուզեցիր: Վանքը դժվար օրեր է ապրում, շաղ տալու փող չունենք:
-Դուք ի՞նչ կտաք:
– Հինգ ոսկի:

– Շատ քիչ չէ՞, հայր սուրբ , գոնե ութ ոսկի լիներ: – Դու՞ ինչ կա սես, Հովհաննես վարդապետ: Ի՞նչ կարժենա սա:

Կոլոտն անսպասելիորեն ինքն իրեն գտավ այս առևտուր– խաղի մեջ:

– Է– է– է՜, յոթից ավելի չարժե,– կմկմաց նա` գլուխը բացասաբար շարժելով:

Կոլոտը նույնպես սուտ խոսեց` զարմանալով, որ առանց խղճի խայթ զգալու հեշտությամբ ստեց:

Գյուղացին տատանվում էր: Բայց Թովմաս  Վարդապետը գիտեր մարդուն շփոթմունքից ինչպես հանել: Դրամարկղից վերցրած քսակից յոթ ոսկի հաշվելով` դրեց գյուղացու ափի մեջ: Ոսկու փայլն ու ափի մեջ այն շոշափելը կախարդական ներգործություն ունեցան մարդու վրա. աչքերի մեջ արևներ  ծագեցին, և մի ժպիտ ծնվեց հոգու խորերից: Թովմաս վարդապետն ուզում էր կնքել առևտուրը մի անգամ ` ընդիշտ` գոհացնելով մարդուն:

– Սարկավագին հայտնիր նախնիներիդ անունները: Այս կիրակի Սուրբ Պատարագին նրանց հոգու հանգստության համար հոգեհանգիստ կկատարենք, և այդպիսով քո խիղճն էլ հանգիստ կլինի: Նաև տղայիդ հարսանիքին կգանք հայր սուրբի հետ: Փառավոր հարսանիք կլինի,–բարեկամաբար մարդու ուսին թփթփացնելով` վարդապետը վարպետորեն կնքեց գործարքը:

Երբ գյուղացին ու սարկավագը դուրս եկան, Թովմասը «հարձակեց» մատյանի վրա: Կարծես լափելով շրջում էր էջերը, շոյում էր, հոտոտում և քահ–քահ ծիծաղում` ձեռքերը մանկան նման սեղանին խփելով:

– Աթոռդ քաշիր ու նստիր կողքիս, եղբա՛յր: Նայի՛ր, տե՛ս` ի՜նչ չքնաղ գանձ է: Յոթ ոսկով գնեցինք, յոթ հարյուրով էլ չէինք կարող գտնել այսպիսի մի բան, պատկերացնու՞մ ես:  Նայի՛ր, հազար քառասունյոթ թվին է գրված:

Հովհաննեսն էլ խանդավառվեց գրքով, բայց կամաց–կամաց խիղճը սկսեց տանջել նրան այնպես, ինչպես կոտրված ոսկորդ է սկսում ցավել:

– Խաբեցինք խեղճ գյուղացուն, հա՛յր սուրբ, մեղք գործեցինք:

– Ի՞նչ մեղքի մասին ես խոսում, – առանց մտահոգության վարդապետը մատնանշեց մատյանում մի տեղ:

– Տեսնու՞մ ես կարմիր կնիքը: Լավ նայիր և կարդա, թե ինչ է գրված:

– «Արշարունիքի Սանդղտավանք, ՆԻ»,– կարդաց Կոլոտը:

– Տեսար, թե ո՛ւմ է պատկանում այս Ավետարանը: Աստված գիտե, թե ինչ պայմաններում է հեռացել Անիից: Քանի– քանի անգամ մեր վանքերը կողոպտվեցին այլազգիների կողմից, երկրաշարժերից վնասվեցին կամ արշավանքների ժամանակ գրքերը թաքցրին, իսկ մի մասն էլ բաժանեցին գյուղացիներին, որպեսզի վտանգից հետո կրկին վերադարձվեն վանքերին: Ահա մեր գեղու հին հարսի նման վերադարձավ մեզ մոտ, – հայր Թովմասը գորովալից մի համբույր դրոշմեց մատյանի վրա:

– Որքա՜ն կուրախանա սրբազանը, երբ տեսնի սա,– ասաց նա,– բայց անմիջապես չասենք, մի քանի օր թող մնա մեր գրասենյակում, փոքր–ինչ վայելենք, իրավունք ունենք, չէ՞:

Այդպես էլ եղավ: Անցյալի թագուհին բազմել էր նրանց գրասեղանին: Հազիվ զբաղված մի քանի գործով` հազիվ անդրադառնում էին դրա վաղեմի էջերին: Երկար ու մտածկոտ` Կոլոտը կանգ առավ մի մանրանկարի վրա: Թովմասը մոտեցավ` տեսնելու, թե այդ ինչ նկար էր գրավել Կոլոտի ուշադրությունը: Հիսուսն ու նրա աշակերտներն էին` բոբիկ ոտքերով, նիհար և գրեթե կիսամերկ: Դիմացի էջի վրա գեղագրված էին Տիրոջ խոսքերը` արտասանված իր աշակերտներին առաքելության ուղարկելուց  առաջ: Հովհաննես Կոլոտը սկսեց մի քանի տող բարձրաձայն կարդալ. «Ձեր գոտիների մեջ ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ և ո՛չ էլ պղնձադրամ ունեցեք: Ճանապարհի համար ո՛չ պարկ, ո՛չ ավելորդ հագուստ, ո՛չ կոշիկ ու գավազան առեք»: Հետո տխուր դեմքով նայեց հայր Թովմասին:

– Հա՛յր սուրբ, ինչու՞ ենք մենք այսքան զբաղվում դրամով, երբ այդքան մեծ հարստություններ կան վանքերի մեջ կուտակված: Այս ամենի կարիքը կա՞ Քրիստոսի ավետարանը քարոզելու համար:

– Իհարկե՛, կարիք կա, և դեռ ավելին: Դու ծանոթ ես մեր ելմտացույցին և գիտես, թե որքան  փողի կարիք ունենք. հազիվ ծայրը ծայրին ենք հասցնում: Միայն մենակյաց խոտաճարակ ճգնավորները փողի պետքություն չունեն: Եթե ուզում ես հաց ուտել, ուրեմն պետք է կա՛մ դրամագլուխ ունենաս, կա՛մ մուրաս:

– Իսկ Տիրոջ խոսքերը ինչպե՞ս մեկ նենք:

– Շատ պարզ: Նրանց հավատը փորձելու և խորացնելու համար մի քանի օրվա պտույտներ էին դրանք և ոչ թե նրանց ամբողջ կյանքի համար տնօրինված տնտեսական ուղեգիծ:

– Ինչպե՞ս կարող ես այդքան վստահ լինել:

– Իրենք էլ մեզ նման ունեին ընդհանուր մի քսակ, որ հանձնված էր Իսկարիովտացուն, այնպես չէ՞: Նաև մեր Տերը այդ խոսքերը իր առաքելության առաջին տարիներին էր ասել, իսկ ապա իրականությունը ստիպեց նրան վերանայել իր իդեալիզմը և հաստատել դրամապանակ: Իմ կարծիքով դա պատահեց Պետրոսին պատվիրած ձկան որսից հետո` նրանցից ակնկալված մեկ ոսկի տուրքի համար: Փողի համար Տեր Հիսուսը կա՛մ հաճախ այսպիսի հրաշքներ պիտի գործեր և ինչպես հացերը բազմացրեց, նույնպես և ոսկիները պետք է բազմացներ, որ մի տեսակ կախարդություն էր դառնում, և շատ չէր տարբերվելու քարերը հացի վերածելուց, կա՛մ իր հրաշքների համար դրամ պիտի պահանջեր, որ հակառակ էր «ձրի առեք և ձրի տվեք» նրա սկզբունքին: Անշուշտ, կարող էր մուրալ: Բայց սա կթուլացներ նրա պատգամների ուժը: Ո՞վ կհարգեր անճար մի մուրացկանի և կհավատար, թե նա էր աշխարհի փրկիչը` Մեսիան: Ուրեմն, որդեգրեց իրեն հետևողների նվիրատվությունները տնտեսելու ճամփան` հօգուտ իր առաքելության. այն, ինչ մենք ենք անում, իմ սիրելի խղճահարված եղբայր:

Կոլոտը զարմացավ ու հիացավ Թովմաս  վարդապետի կուռ տրամաբանության և հասուն աստվածաբանության վրա. ստույգ ու հստակ էին նրա բոլոր պատճառաբանությունները, որ լրիվ համոզեցին նրան, և շատ հանգույցներ քանդվեցին նրա մտքում:

– Ինչ լավ բացատրեցիր, հա՛յր սուրբ, լուսավորվեցի, շնորհակալ եմ:

– Իսկապես, ի՜նչ լավ կլիներ, եթե այս մատյանը մի քանի օր էլ մնար այստեղ, այնպես չէ՞:

Սակայն այդպես չեղավ: Հանկարծ դուռը բացվեց: Կարապետ սրբազանը նույն սարկավագի հետ ներս խուժեց իր յուրահատուկ չոր հազով և կաղալով ուղղվեց դեպի մատյանը: – Ապա տեսնեմ յոթ ոսկով ձեր գնած ձեռագիրը: Սրբազանը մի քանի րոպե հմայված թերթեց գիրքը և հիացմունքով ու մասնագիտորեն նկատեց.

– Հովհաննես գրչագրի գործն է: Մեկը ևս ունենք մեր գրադարանի մեջ, սակայն սրա չափ կատարյալ չէ: Հրա՛շք է սա, հրա՛շք: Թող մի շաբաթ մնա տաճարում` ի տեսություն միաբանների, իսկ հետո միայն հատուկ օրերին կհանենք:

Հանկարծ հազի սաստիկ մի նոպա բռնեց Կարապետ սրբազանին: Մի գավաթ ջուր հասցրին նրան: Նրա թաշկինակի վրա արյան հետքեր նկատեցին և հասկացան, որ այս հազը լավ նշան չէր: Սրբազանը փոքր–ինչ հանդարտվելուց հետո վերցրեց գիրքը, գրկեց երեխայի նման, առանց սարկավագի օգնության աղաչանքներին ականջ դնելու` ինքն անձամբ տանելով` գնաց ուրախությամբ` մոռանալով նույնիսկ պարզ շնորհակալություն կամ գնահատանքի խոսք ուղղել վարդապետներին, որոնք, սակայն, հասկացան նրան և ուրախ էին իրենց մեծավորի այս սիրալից եռուզեռով:

 

Հաջորդ գլուխը՝

ՎԱՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ