ՄՆԱ՞Լ, ԹԵ՞  ԳՆԱԼ

Բախտորոշ այդ կիրակիից հետո Կոլոտի համբավը կայծակի արագությամբ տարածվեց թե՛ եկեղեցական, թե՛ բարձր դասակարգի շրջանակներում, որոնք միաբերան կարծես արձագանքում էին Տարոն ավագերեցի խոսքերը. «Թերևս բացի Սամվել վարդապետից` քսան տարուց ի վեր ոչ մի եկեղեցական այսպիսի ազդեցություն և դրական տպավորություն չէր թողել մայրաքաղաքի ժողովրդի վրա»: Ամիրաները գիտեին, որ Կոլոտը հյուրընկալվել էր Սամաթիյում ապրող իր ազգական Արթին վարպետի տանը: Գրեթե ամեն օր մի շքեղ ձիակառք էր կանգ առնում նրանց տան առջև` Հովհաննես վարդապետին մի ամիրայի ապարանքը հրավիրելու կամ տանելու: Սրանից ամենաշատ տուժողներն էին Արթին վարպետն ու նրա կինը, ովքեր շատ էին վարժվել Կոլոտի շնորհիվ իրենց տանը գոյացած աշխույժ եռուզեռին, որ մեծ հրճվանք էր դարձել նրանց միապաղաղ կյանքում: Կոլոտն արդեն գիշերներն ուրիշների տանն էր լինում և միայն քնելու համար էր նրանց տուն վերադառնում: Վաղ առավոտյան եկեղեցի էր գնում և ամբողջ օրը դրսում էր անցկացնում: Նրանց համար, սակայն, ամենատխուր բանն այն եղավ, որ Ծննդյան Տոնից հետո նրանց թանկագին հյուրը Սահակ պատրիարքի կողմից հրավիրվեց բնակվելու պատրիարքարանում: Կոլոտին հատկացվեց առանձին հարկաբաժին և ծառայու թյան համար երկու սպասավորներ: Այսպես նա ավելի ազատություն ուներ հյուրերին ընդունելու, հյուրասիրության գնալու, երբ կամենար` տուն վերադառնալու` առանց իր տարեց ազգականներին անհանգստացնելու:

Օրացույցի տարեկան բնականոն դարձը կատարվել էր, և տարեթիվը 1712-ից փոխվել էր 1713-ի: Կոլոտը զարմանում էր իր բախտի վրա, որն ամենամեծ դռները հեշտությամբ էր նրա առջև բացում: Ամեն բան նրա ակնկալիքից տասնապատիկ ավելի լավ էր ընթանում, և բաղձալի հաջողությամբ էին պսակվում նրա բոլոր ձեռնարկները: «Բախտն Աստծո մեկ այլ անունն է»,– Հիշեց Վարդանի մեկնաբանությունը բախտի վերաբերյալ: Սակայն հանկարծ Գրիգոր վարդապետին հատուկ անսպասելի հոռետեսություն իջավ նրա վրա, և վարանոտ մի միտք սկսեց նրա գլխում կրկնվել. «Մինչև ե՞րբ այս բախտավորությունն այսպիսի հաջողությամբ պիտի շարունակվի»:

Նրա մեջ կրկին սկսվեց երկու Կոլոտների ընդհարումն իրար դեմ: Մեկն ասում էր. «Վերադարձի՛ր Սուրբ Կարապետ և վերստին ստանձնի՛ր վանականի քո կյանքը: Վանականը, երբ դեռ երիտասարդ է, վնասում է իր հոգին, եթե երկար ժամանակ իր վանական շրջապատից շատ հեռու միջավայրում է ապրում, նման է գետի ձկան` ծովի աղի ջրերում լողալիս: Վերադարձի՛ր, առաքելությունդ մայրաքաղաքում հաջողությամբ ավարտեցիր: Ի՞նչ պատճառկա այստեղ ավելի երկար մնալու»:

Իսկ մյուս ձայնը շարունակ փսփսում էր. «Պետք է քո ողջ էությամբ ազգային և եկեղեցական խնդիրների մեջ մխրճվես` լեռնացող հարցերի միջև տարբերությունները տեսնելու և դրանց լուծումները հայթայթելու: Չես կարող ազդեցիկ մեկը դառնալ և ազգաշեն գաղափարներդ կիրառել, եթե ամբողջ կյանքդ վանքում փակված անցկացնես: Աստված քո առջև կբացի այս դռները: Մի փոքր էլ մնա մայրաքաղաքում, որովհետև այստեղ հաստատելիք բարեկամություններդ, հատկապես ամիրաների հետ, անգին արժեք պիտի ունենան ապագա առաքելություններիդ համար, նույնիսկ եթե մի օր վանք վերադառնալու լինես»:

Այս երկու ուղղությունները, որոնք երկուսն էլ սխալ չէին, ոչ էլ վատ, խորապես ալեկոծում էին նրա հոգին. ո՞ր ուղին էր պետք որդեգրել: Իր վերջնական որոշումը տալուց առաջ ուզում էր Աստծո ձայնն ու կամքն իմանալ: Այսպիսի պարագաներում ընդհանրապես ծոմ էր պահում և աղոթքով փնտրում Տիրոջ կամքը: Նրա հավատի համաձայն` լուծումն առհասարակ նրան հայտնվում էր երազների միջոցով: Հետևաբար վերջերս տեսած հստակ մի երազի ազդեցությունից մտազբաղ՝ փորձում էր հասկանալ դրա պատգամը: Երազում շրջում էր մի նավահանգստի ափին` դիտելով մեծ ու փոքր նավերը: Հետաքրքրությունից մղված` մտավ մի մեծ նավի առջև հավաքված բազմության մեջ ու տեսավ, որ այն պատրաստ է մեկնելու. առագաստները բացված էին: Ճամփորդները, ցամաքի վրա կանգնած, իրենց սիրելիներին էին ձեռքով ցտեսություն անում: Սպասում էին վերջին ճամփորդին շարժվելու համար, բայց նա դեռ չէր երևում: Մի պաշտոնյա հզոր ձայնով սպասված ճամփորդի անունն էր կրկնաբար կանչում. «Գրիգոր Շիրվանցի, Գրիգոր վարդապետ Շիրվանցի, եկե՞լ է, այստե՞ղ է»: Կոլոտն առաջ նետվեց և պաշտոնյային զարմացած պատասխանեց. «Այդ անձը Պոլսում չէ: Նա Մուշում` Սուրբ Կարապետ Վանքում է: Այստեղ սխալ կա»: «Սխալ չկա: Նրա անունով այստեղ արձանագրություն կա, նա յի՛ր, արդեն վճարվել է, և առանց նրա չենք կարող շարժվել: Դու ո՞վ ես»: «Ես նրա հարազատն եմ, եղբոր նման ենք»: «Ուրեմն դու պիտի գնաս նրա փոխարեն: Այսքան մարդիկ դեռ ինչքա՞ն պիտի սպասեն»: «Ո՛չ, ո՛չ, ես մի քիչ էլ եմ Պոլսում մնալու»: Սակայն Կոլոտը հանկարծ զգաց, որ հավաքված բազմությունը հրելով, աղաչելով, սպառնալով, քաշելով ու քաշքշելով իրեն դեպի նավ է հրում: Խեղճը, հակառակ իր կամքի, հայտնվեց նավում: Կամուրջը վերցրին, և նավն արագ մտավ ծով: Կոլոտը, շփոթության մատնված, դիտում էր հետզհետե հեռացող մայրաքաղաքը` իր մզկիթներով ու եկեղեցիներով զարդարված: Նրա շուրջը գտնվող ժողովուրդը ծանոթ հայեր էին, թեև չէր հիշում, թե նրանք ովքեր են, և բոլորը նրան շնորհակալություն էին հայտնում նավ բարձրանալու համար: Թարմ օդը, ծովի հոտը, շողացող արևը և զովացնող զեփյուռը բաղձալի տպավորություն էին հաղորդում երա զին: Հատկապես երբ նավի առա գաստ ներն էր դի տում, հանկարծ նրանք խոշ որ, գեղեցիկ թի թե ռի վերած վե ցին, և Կոլոտը երա նե լի զգա ցում նե րով արթնացավ:

Լավ երազ էր, և մեկ նու թյու նը՝ պարզ. Պոլսից արդեն պետք  էր հեռանալ: Նավն ան կաս կած խորհր դան շում էր բա ժանումը, բայց Գրիգորի դերը երազում նրա համար ան հասկանալի մնաց: Սակայնքանի որ Կոլոտն իր երազ նե րը մոռացողը չէր, մի օր, իհարկե, դրա ճիշտ մեկնաբանությունը ևս պիտի գտներ: Երազը նրան նաև վերադարձ ներշնչեց. նավով Իզմիր մեկնել և այնտեղից ցամաքով Կիլիկիայի կողմերն ընթանալ` այսպիսով չտեսած վայրերը տեսնելով և հայկական տարբեր համայնքներ այցելելով` վանքի տպարանի համար հանգանակություն կատարել և այդ ճանապարհով ի վերջո հասնել Սուրբ Կարապետ: Մեկնելու լավագույն ժամանակը փետրվարի կեսերն էր, այսինքն` երկու շաբաթ հետո:

* * *

Երբեմն այնպիսի դեպքեր են պատահում, որոնց մասին քաղաքներ և ժողովուրդներ խոսում են ոչ միայն մի քանի շաբաթ կամ ամիս, այլ երկար տարիներ և նույնիսկ ամբողջ դարեր, որովհետև դրանք ազգային գիտակցության վրա խորը հետքեր են թողնում և անսրբագրելի հետևանքներ ունենում: Ահա այդ նոր տարում հայությունը այդպիսի մի դեպքի լուրերով էր խռովված ու մեծ հուզումների մատնված: Տխրահռչակ դեպքը, թեև սկիզբ էր առել յոթը տարի առաջ, Սակայն եղեռնական անցուդարձերի մանրամասնությունները նոր էին երևան գալիս` ցասման մեծ ալիք ստեղծելով հայկական շրջանակներում: Այդ հուզումների պատճառը հանգուցյալ Ավետիք պատրիարքի առևանգման և մահվան լո րերն էին:

Ավետիք Սրբազանը պատրիարք էր դարձել 1702-ին: Մեծ հաջողություն էր արձանագրել` հայության միասնությունը վերահաստատելով: Անկեղծ ջանքերով համոզել էր հայ կաթոլիկներին, որ մնային իբրև Հայ Առաքելական Եկեղեցու  անդամներ: Սակայն այդ հաշտեցուցիչ շարժումները կասկածով էին դիտվում լատին կղերի` ճիզվիտների և Ֆրանսիայի մոլեռանդ դեսպան Ֆերիոլի կողմից, որ Ավետիքին նկատում էին որպես մեծագույն արգելք իրենց միսիոներական նպատակներին: 1704-ին ենիչերների կատարած զինվորական հեղափոխության հետևանքով Ավետիք պատրիարքը ևս, իր պալատական նեցուկը կորցնելով, ընդդիմադիր որոշ հայերի և դեսպան Ֆերիոլի ջանքերով պաշտոնանկ եղավ և  մի կղզի աքսորվեց: Սակայն ժողովրդի մեծամասնության պնդումներով և աջակցությամբ մի քանի ամիս հետո երկրորդ անգամ գահ բարձրացավ: Նրա դեմ մեղադրական փորձերը շարունակվեցին, և 1706-ին նա կրկին աքսորվեց Թենետոս: Սակայն  բանտարկությունից երկու ամիս հետո նրա կողմնակիցները երկրորդ անգամ հաջողության հասան` եպարքոսից  ներողության թուղթ ստանալով: Այն պետական պաշտոնյաները, որ պիտի ուղեկցեին պատրիարքին` նրան աքսորավայրից Պոլիս տանելու, ճիվիտների դրդումով կաշառվեցին Ֆերիոլի կողմից: Սխալ նավ առաջնորդվելով` պատրիարքը չէր կարողացել հասկանալ, որ ոչ թե Պոլիս, այլ ֆրանսիական պետության կողմից Եվրոպա է որպես գերի տարվում: Ահա այդ թվականից հետո հնարավոր չեղավ որևէ լուր ստանալ Ավետիք պատրիարքից, ում ճակատագիրը նաև հուզում էր պետությանը, որ լուրջ քննությամբ կաշառակեր պաշտոնյաներից իմացավ ճշմարտությունը` նրանց տանջանքի ենթարկելով: Թեև ամեն մարդ կասկածում էր Ֆերիոլին, սակայն ստույգ փաստ չկար նրան ուղղակի ամբաստանելու: Կաշառակերները միայն իրենց ստացած դրամից էին տեղյակ, իսկ ծուղակի ետևում կանգնածների ինքությունը նրանց համար բոլորովին անհայտ էր: Ֆերիոլը խստիվ մերժում էր իրեն ուղղված ամբաստանություննրը և խորամանկորեն օգնում էր պետության և հայերի փնտրտուքի ջանքերին: Այսպես անցել էին յոթը տարիներ, թեև ուրիշներ պատրիարքական գահ բարձրացան, ժողովուրդը մեծ բաղձանքով սպասում էր Ավետիքի վերադառնալուն:

Եվ ահա կաթոլիկյան կուսակցությունը հպարտությամբ հայտարարեց, որ Ավետիք Սրբազանը Ֆրանսիայում` Փարիզի մոտակայքում, վախճանվել է որպես կաթոլիկ, այսինքն` մեռնելուց ինն ամիս առաջ` 1710-ին, դավանափոխ էր եղել և կաթոլիկ քահանայության «շնորհ» ստացել: Այս լուրն այնքան վատ հակազդեցություն ունեցավ կաթոլիկյան շարժման դեմ, որ նույնիսկ Ֆերիոլը զղջաց դրա հարուցած բացասական հետևանքների համար: Պետության կողմից մեծ հալածանք և հետապնդում սկսվեց լատինասեր հայերի դեմ, և կաթոլիկ միսիոներների շարժումները մեծ հարվածներ ստացան, քանի որ իրադարձությունն ընկալվեց որպես Օսմանյան կայսրության դեմ քաղաքական ոտնձգություն: Հայոց պարիարքները պետական կառույցում պաշտոնապես «նախարարի» դիրք և իշխանություն ունեին: Հայ առաքելականները տոչորված էին վրեժխնդրության մարմաջով՝ ազգային կյանքում գոյացած ճեղքն է՛լ ավելի ընդարձակելով:

Անշուշտ, ոչ ոք չէր հավատում Ավետիք պատրիարքի կամավոր դավանափոխ լինելու հավանականությանը: Ամեն  մարդ լավ կռահում էր կաթոլիկ հավատաքննության զզվելի ճնշումները տարաբախտ պատրիարքի վրա` գործադրված չորս դաժան տարիների ընթացքում: Իսկապես, երբ դեպքերի մանրամասնությունները հետզհետե հասան տեղ, ողբերգության ամբողջական պատկերը ցայտուն կերպով պարզվեց բոլորի առջև: Խեղճ պատրիարքը ամենադաժան պայմանների ներքո և կատարյալ առանձնության և անձկության մատնված` բանտից բանտ էր աքսորվել վիճակը գաղտնի պահելու համար: Փարիզի չարաշուք Բաստիլ զնդանի ամենամութ  խցերում տարիներ անցկացրած և առողջությունը կորցրած այդ խեղճ եկեղեցականին դահիճներն ի վերջո հայտնել էին, որ եթե կաթոլիկ դառնա, տանջանքներին վերջ կդրվի, ու ծանր վիճակը մի փոքր կմեղմանա: Հայերի այդ առույգ և աշխույժ առաջնորդը ահա, ում վրա իր ժողովուրդը տարբեր հույսեր էր դրել, անողոք հիվանդությունից հյուծված ու փտած, զնդաններում մահվան էր ենթարկվել ընդամենը հիսունչորս տ րեկանում:

Հայերը երբեք չմոռացան իրենց սրբությունների դեմ կատարված այդ արհամարհական ոտնձգությունը և իրենց ազգային իրավունքների դեմ կատարված այդ քստմնելի բռնաբարության դեմ պատասխանեցին` ուղղափառ պատրիարքների շարքում ընդմիշտ պատվելով Ավետիք պատրիարքի անունը, նրան համարելով կրոնական մոլեռանդության անմեղ զոհ:

Ժողովուրդը չգիտեր այդ հոգեցունց լուրերի դիմաց իր անելիքը: Ահա այդպիսի կացության մեջ Գասպար Դպիրը Հովհաննես Կոլոտից օգնություն է խնդրում` իր երիտասարդների խմբում գոյացած վրիժառության ձգտումները կասեցնելու համար: Քսան հայ երիտասարդներ գաղտնի ուխտ էին արել Ավետիք պատրիարքի ոխը լուծելու և մշակում էին խիզախ ծրագրեր, որոնք մեծ փորձանք կարող էին բերել թե՛ իրենց, թե՛ հայության գլխին: Սամաթիայի Սուրբ Գևորգ Եկեղեցու մութ սենյակներից մեկում բոլորը հավաքվել էին ժողովի:

– Մենք էլ նրանց առաջնորդին նույնը պիտի անենք: Մենք էլ լատին եպիսկոպոսին փախցնենք ու բանտարկենք մի սենյակում, տեսնենք` կաթոլիկները քանի տարի հետո նրան պիտի գտնեն,– բեղերը դեռ նոր ելած մի շեկ երիտասարդ էր բարկությամբ խոսում:

– Այո՛, սրիկային հաց ու ջուր չենք տա, արևի երես ցույց չենք տա, իսկ հետո կստիպենք, որ խոստովանի` կաթոլիկությունը սխալ է և ուղղափառություն ընդունի: Եթե ընդունի, գրավոր կերպով թող գրի ասածները,– նախորդի ասածներն առավել բորբոքված հաստատեց մեկ ուրիշը:

Դժվարանում էին առանց հայհոյանքի խոսել. Գասպար Դպիրի և Հովհաննես վարդապետի ներկայությունն էր, որ զսպում էր նրանց լեզվագարությունը: Կոլոտը լավ գիտեր, թե երիտասարդներն ինչքան հեշտությամբ կարող են նետվել խմբակային խենթություններ կատարելու, հատկապես երբ իրար գրգռեն և տարվեն մեծ հուզումներով: Նրանց տրվելիք ամենափոքր քաջալերանքը վառոդ բռնկեցնող կայծ կարող էր դառնալ:

– Ո՛չ, ո՛չ, լատին եպիսկոպոսին չէ, այդ անaստված Ֆերիոլ գազանին պետք է սատկեցնել,– ուրիշ մեկը հայտնեց իր գաղափարը,– ինձ համար ատրճանակ գտեք: Եթե այդ շան ճիշտ ճակատին չխփեմ, ես էլ նրա նման շուն շանորդի թող լինեմ:

Կոլոտը գիտեր իր ժողովրդի տաքարյուն բնավորությունը և վստահ էր, որ եթե այդ երիտասարդին զենք տային, վաղ առավոտյան կվազեր Ֆերիոլին սպանելու` ճակատին կրակելով:

Կոլոտն արտոնեց, որ կես ժամ նրանք իրենց ցասումը  հայտնեն և դուրս թափեն իրենց սրտերի թունավոր պարունակությունը, ապա նրանց հստակ բացատրեց, թե այն, ինչ որ բարկությունը պահանջում է, երբեք էլ ողջախոհության ճանապարհը չէ: Վրիժառության այդ ճանապարհները լուծումներ չեն հայթայթում ոչ մի խնդրի համար, այլ ճիշտ հակառակը` ուրիշ շատ նոր խնդիրների դուռ բացելով` վրիժառության չար անիվը պիտի սկսեր շարժման անցնել: Կոլոտի վերջին խոսքն ամենահամոզիչն էր, որ հանդարտեցրեց բոլորին:

– Դուք սառնարյուն ոճրագործներ չեք, ոչ էլ գաղտնի գործակալներ, այլ շուկայում աշխատող արհեստավորներ, որ մուրճ բռնել գիտեն և ոչ թե ատրճանակ: Ինչ որ անեք, հաջորդ օրը ոստիկանությունն իմանալու է: Նույնիսկ այս ժողովից է տեղյակ լինելու, գիտեք: Վստա՞հ եք, որ ձեզանից մեկն արդեն այս գիշեր ոստինակությանը լուր չի հասցնելու: Վստահ չէին, իհարկե, հետևաբար ցրվեցին` անսալով իրենց վարդապետի` խաղաղության կոչ ուղղող բարի խրատներին: Գասպար Դպիրի տանն ընթրեցին և միասնաբար պատրիարքարան վերադարձան: Տեսակցեցին ու խորհրդակցեցին Սահակ պատրիարքի հետ վերջին զարգացումների մասին: Կոլոտը դեռ վանք վերադառնալու որոշումը չէր հայտնել որևէ մեկի: Հասկացավ, որ բոլորն իր հանդեպ մեծ հույսեր են տածում` են թադրելով, որ ավելի երկար մնալով Պոլսում` նեցուկ պիտի կանգնի եկեղեցաշեն որոշ ծրագրերի:

– Ինձ համար մեծ մխիթարանք է Հովհաննես վարդապետի ներկայությունը պատրիարքարանում: Ինձ զորացած եմ զգում: Շնորհակալ եմ քեզանից, Գասպա՛ր դպիր, միջնորդությանդ համար, ինչի շնորհիվ ծանոթացա այս բարի վարդապետի հետ:

Կոլոտն իրեն շոյված զգաց և չկարողացավ ասել, որ արդեն որոշել է վերադառնալ: Գասպար Դպիրին ճանապարհելուց հետո նա իր սենյակը գնաց` հանգստանալու և հաջորդ օրվա քարոզը պատրաստելու. Հասգյուղ թաղի Սուրբ Ստեփանոս եկեղեցին պիտի գնար: Տեղի առաջնորդ Նահապետ եպիսկոպոս Պարտիզակցու կողմից հրավիրվել էր` կիրակնօրյա Սուրբ Պատարագ մատուցելու և քարոզելու, իսկ կեսօրին  պիտի միասին ճաշեին Մելիտոն ամիրայի ապարանքում: Արդեն քունը տանում էր, և պիտի պառկեր, երբ սպասավորը  թակեց դուռը:

– Պատկառելի Սեղբոս ամիրան է եկել, ուզում է Ձեզ տեսնել, շատ կարևոր է:

Եթե այդ ժամին մի ամիրա եկել, հասել էր իր մոտ, ուրեմն իրապես լուրջ խնդիր  պիտի լիներ: Կոլոտը վախենում էր, որ Ավետիք պատրիարքի մասին շրջող զրույցները, ի վերջո, անհամ դեպքերի տեղիք տված լինեին: Սեղբոս ամիրայի հետ Սարգիս խալֆայի տանն էր ծանոթացել և մի անգամ էլ նրա տուն էր ընթրիքի հրավիրվել, մինչև ուշ գիշեր լավ զրուցել էին իրար հետ ու շատ մտերմացել: Սեղբոսը` երեսունութ տարեկան, գրեթե Կոլոտին տարեկից, երիտասարդ ամիրաներից մեկն էր, որ իր հորից ժառանգած հարստությունը կրկնապատկելով` դարձել էր մայրաքաղաքի պարենի գլխավոր վաճառականը:

– Համեցե՛ք, Սեղբո՛ս ամիրա, խնդրեմ, նստեցե՛ք:

– Ո՛չ, ո՛չ, երկար չեմ մնալու, ոտքի վրա խոսենք,– ամիրան իր շուրջը զննեց կասկածով,– եթե կարելի է, դուրսը մի քանի րոպե շրջենք: Լավ կլիներ, որ Ձեզ վրա տաք մի բան գցեիք, դրսում բավականին ցուրտ է այս գիշեր:

Կոլոտն անմիջապես հաստ վերարկուն հագավ և իր բրդեղեն բաճկոնն արագ գցեց թիկունքին: Դրսում իսկապես ցուրտ էր, և անձրևախառն ձյուն էր արդեն սկսել գալ: Պատրիարքարանի պարտեզի մի անկյուն գնացին և կարճ շրջաններ գծելով` սկսեցին այս ու այն կողմ քայլել: Պատրիարքարանի աղոտ լույսերի կիսաստվերի տակ տեղացող ձյունափաթիլները, ցուրտը և Սեղբոս ամիրայի պիրկ դիմագծերն ավելացնում էին պահի ծանրությունը՝ մտահոգություն պատճառելով Կոլոտին:

- Չէի ուզում այս ժամին անհանգստացնել, սակայն ասելիքս քեզ համար մեծ կարևորություն կարող է ունենալ: Հա՛յր սուրբ, մոտ օրերս դու Նահապետ սրբազանի և Մելիտոն ամիրայի հետ որևէ գործ ունե՞ս:

– Այո՛, ինձ Պատարագի և ապա` ճաշի են հրավիրել, վաղը գնալու եմ Հասգյուղ:

– Նայե՛ք, ես հեռու ազգական ունեմ, որ իբրև տնտես ծառայում է Նահապետ սրբազանի մոտ: Այս երեկո ինձ այցելության եկավ: Երբ իրեն քո մասին էի գովասանքով պատմում, մի տեսակ մտահոգված երեսիս նայեց և ասաց. «Վստահ չեմ կարող ասել, թե ինչ, բայց Հովհաննես վարդապետ Բաղիշեցու գլխին անպայման տհաճ մի բան են սարքում»: Երեք օր առաջ Մելիտոն ամիրան հովվատանը հանդիպել և ոտքի վրա կարճ զրույց է ունեցել սրբազանի հետ: Իմ այս ազգականը գնացել է` իմանալու, թե ինչ են փափագում խմել, ահա այդ պահին լսել է Մելիտոն ամիրայի խոսքերը. «Հովհաննես Բաղիշեցու համար մեր նախատեսած պատրաստությունն ի՞նչ վիճակի մեջ է, սրբազա՛ն հայր»: «Ամեն ինչ պատրաստ է, պարո՛ն: Մի՛ անհանգստացեք, վարդապետին անակնկալի ենք բերելու Ձեր տանը»: Եվ Սրբազանը ցածր ձայնով ինչ -որ բաներ է փսփսացել ամիրայի ականջին:

– Բայց թերևս ա նարկվածը կիրակնօրյա ճաշասեղանն էր:

– Թերևս, բայց մի ամիրապարզ ճաշի պատրաստության համար ինչո՞ւ պիտի եպիսկոպոսի հետ գաղտնի զրույց ունենալու պահանջ զգա:

Ամիրայի առարկությունը ճիշտ էր, բայց Կոլոտը որևէ պատճառաբանություն չէր կարող մտածել, որ այդ մարդիկ իր հետ թշնամանային: Ոչ մի խնդիր  չէր ունեցել ո՛չ սրբազանի, ո՛չ էլ Մելիտո նիհետ:

– Ես որևէ պատճառ չեմ գտնում, որ այդ մարդիկ ինձ վատություն անելու համար հատուկ պատրաստություն տեսնեն: Դուք խելքին մոտ պատճառ ունե՞ք, խնդրեմ, ասե՛ք:

– Այո՛, շատ համոզիչ մի քանի պատճառներ կարող եմ

Ձեզ թվարկել: Մելիտոն ամիրան իր ամբողջ էությամբ արդեն նվիրվել է Սահակ պատրիարքին գահընկեց անելու գործին՝ առանց խնայելու որևէ ջանք կամ ձեռնարկ: Նրան են միացել չորս-հինգ ամիրաներ, եկեղեցականների մի խումբ, և ամենակարևորը` վայելում է պալատի Բարձր Դռան նեցուկը: Սահակ պատրիարքը մինչև ե՞րբ պիտի դիմանա եպարքոսի դրամափոխին և սուլթանի խորհրդատուին: Պարզապես սպասում են հարմար առիթի, իսկ դու եկար և խախտեցիր հավասարակշռությունը:

– Որպես գավառացի վարդապետ` իմ կշիռն այս մեծ խաղի մեջ ի՞նչ կարող է լինել որ...

– Շատ բան: Դու այն հազվագյուտ եկեղեցականներից ես, որ գրեթե բոլոր ամիրաների հետ լեզու գտար, և համակրեցին քեզ, ես` նույնպես: Եվ երևում է` դու Սահակ պատրիարքի կողքին ես: Երբ նրա դեմ պայքարը բացահայտվի, բնականաբար, մելիտոնյան խմբին հակառակ` պատրիարքին պիտի զորավիգ կանգնես՝ ներգրավելով նաև մյուս ամիրաներին:

Կոլոտը, ձեռքը ճակատին խփելով և փոքր քրքիջ արձակելով, սրտագին խնդաց.

– Աստվա՛ծ իմ, ինչե՞ր են իմ մասին մտածում, ի՞նչ խոր հաշիվներ են պտտվում իմ` ամենահետին ծառայիս շուրջը, հա՛, հա՛, հա՛:

– Դու քեզ թեթև մարդ մի՛ համարիր, վարդապե՛տ: Ի՞նչ ես կարծում, Սահակ պատրիարքը քեզ շատ սիրելու համա՞ր էր, որ իր մոտ կանչեց, պատրիարքարանում հատուկ հարկաբաժին ու ծառաներ տրամադրեց: Հարյուրավոր վարդապետներ են ամեն տարի մայրաքաղաք գալիս, բայց ոչ մեկն այս տեսակ ընդունելության չի արժանանում: Նա էլ է վախենում, որ դու իրեն հակռակ, ընդդիմադիր խմբերի կողմը կարող ես անցնել և նույնիսկ... պատրիարքության գահին ձգտել:

– Ինչե՞ր եք խոսում, Տե՛ր Հիսուս Քրիստոս, ես հյուր եմ այս քաղաքում, ստվերի նման եկա և պիտի անցնեմ անհայտորեն:

– Արդեն շատ ուշ է, վարդապե՛տ: Արդեն դու էլ, ուզես  թե չուզես, Կոստանդնուպոլսի կրոնաքաղաքական խաղերի անբաժանելի մի մասն ես: Օձիքդ չես կարող մեզնից ազատել: Բարությամբ կամ չարությամբ, բայց ընդմիշտ մեր հաշիվների մեջ պիտի տեղ ունենաս, նույնիսկ եթե վերադառնաս Սուրբ Կարապետ: Եթե ոչ, ես այս ժամին, այս ցրտին ի՞նչ գործ ունեի քեզ հետ: Դու ստվեր չես, այլ մի կայծ, որ հրաշալի մի լուսավորություն պիտի բռնկեցնի մեր ժողովրդի կյանքում:

– Շատ շնորհակալ եմ Ձեր այս ազնիվ գովասանքների համար, սակայն ես ուրիշ ծրագրեր ունեմ իմ կյանքում, և այս քաղաքը տեղ չունի նրանցում:

– Դու այդպես կարծիր: Դու դեռ այս քաղաքի ուժը չգիտես: Ես չեմ տեսել ոչ մի եկեղեցականի, որ կարողանա դիմադրել սրա ձգողական զորությանը: Այո, օրինակ` Նահապետ սրբազանը: Պարտիզակի առաջնորդն էր: Դու էլ ես տեսել այդ նահանգի բարօրությունը: Հայության լավագույն և ամենաընտիր վայրերից մեկն է այդ շրջանը, որ հարուստ է ամեն ինչով` բերրի հողեր, եկեղեցասեր ու մշակութասեր բազմաբնակչություն: Ամեն հայ հոգևորականի երազանքն է մի օր այդպիսի թեմի առաջնորդը դառնալ: Ահա Նահապետ Սրբազանը տասը տարի առաջ լքեց այդ բարելից պաշտոնը և եկավ, հաստատվեց այս քաղաքում: Տասը տարուց ի վեր ամեն գնով ջանում է պատրիարք դառնալ և այս անգամ, թվում է, բավականին մոտեցել է իր զարտուղի մարմաջի հագեցմանը:

– Եվ ես ստվեր եմ գցում նրա երազների վրա պատրիարքության աթոռի համար նրա դեմ մրցակից լինելու հավակնությամբ, այնպես չէ՞:

– Ճիշտ այդպես է, վարդապե՛տ. ի՜նչ շուտ սկսեցիր սովորել մեր համայնքային շախմատի խաղը:

– Ուրեմն ի՞նչ տեսակ «պատրաստություն» են տեսնում` իրենց երևակայական մրցումից ինձ դուրս գցելու:

– Ես էլ իրապես չգիտեմ: Երբեմն այս «պատրաստությունները» կարող են շատ աղտոտ և անխիղճ լինել: Օրինակ` Սամվել վարդապետ Վանեցու գլխին եկածները:

– Հաճախ եմ այդ վարդապետի մասին լսում, բայց չեն պատմում, թե ինչ է նրան պատահել: Երբ նրա մասին հարցնում եմ, բոլոր ամիրաները միաբերան փոխում են նյութը: Գիտեմ, որ նրան են ինձ նմանեցնում: Խնդրում եմ, գոնե դու նրա մասին պատմիր:

– Իհարկե, չեն պատմի, որովհետև ամոթ է, մեր բոլորի ճակատին քսված սև, անսրբագրելի մուր: Այս օրերին բոլոր հայերս ըմբոստանում ենք կաթոլիկների կողմից Ավետիք պատրիարքի հանդեպ անմարդկային բռնության դեմ: Անշուշտ, իրավունք ունենք, բայց այս քաղաքի հայությունն  ավելի վատ բան է արել իր հարազատ մի զավակի` լավագույն եկեղեցականներից մեկի հանդեպ:

Սեղբոս ամիրան մի պահ կանգ առավ: Ձյունը սաստկացել էր, և մի խստաշունչ մրրիկ էր բարձրացել: Չոր ծառերի մերկ ճյուղերը մահվան տխուր մեղեդի էին երգում` կարծես ընկերանալու Սամվել վարդապետի տխուր պատմությանը:

– Եթե մրսեցիր, ներս մտնենք, ամիրա՛, եղանակը խստացավ: Արդեն դուրսը շրջե լու եղանակ չէ, և չեմ ուզում` իմ պատճառով հիվանդանաս,– Կոլոտը նշմարել էր, որ Սեղբոսը սկսել է դողալ:

– Լավ կլինի` ներս մտնենք: Հանկարծակի դող իջավ վրաս, բայց ոչ թե ցրտից, այլ...,– Սեղբոսը չլրացրեց իր նախադասությունը:

Ներս մտան: Ա՜հ, մարդ ի՜նչ լավ է զգում, երբ դրսի ցրտից ներսի ջերմության, դրսի մթից ներսի լույսին է անցնում և սառած ափերով մի տաք գավաթ է բռնում՝ սիրելիի ձեռքերի նման մխիթարական: Բարի սպասավորը  շատ լավ էր կռահել դա և արդեն պատրաստպահել էր «սահլեբը»՝ Պոլսո ավանդական տաք մի խմիչք, որ կաթնեղենով էր պատրաստվում: Սահլեբի վրա ցանված դարչինի բուրմունքը գրգռում էր նրանց քիմքը, և կում- կում խմում էին տաք հեղուկը` մոր  կրծքի նման հանդարտեցնո՜ղ, հագեցնո՜ղ: Մի պահ երկու խելացի մարդիկ նայեցին իրար ու հասկացան, որ երկուսն էլ  լիարժեքորեն, կում առ կում վայելում են այդ պահի գեղեցկությունը:

– Ի՜նչ մեծ երջանկություն կա թաքնված, չհետապնդված փոքր բաների մեջ, և ի՜նչ մեծ տառապանք՝ մեծո թյան որոնումների ետևում:

– Սեղբո՛ս ամիրա, սկսեցիր փիլիսոփայել: Դու էլ ես մյուսների նման նյութը փոխում: Երևում է` դու էլ չես ուզում Սամվել վարդապետի մասին պատմել:

– Ճիշտ է, չեմ ուզում պատմել, բայց պետք է ինձանից լսես նրա պատմությունը: Վերջում կհասկանաս, որ ես եմ պատահարների լավագույն վկան: Բայց նախ` արտոնիր, որ գոնե այս պարզ հաճույքը հանգիստ վայելեմ ու բաժակիս քաղցր կախարդանքը վերջացնեմ, հետո բերանս լցվելու է դառը բառերով:

 

Հաջորդ գլուխը՝

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԲԱԶԿԵՐԱԿԸ