Նավումի մարգարեության մեկնություն 1:12

Ա. Պ. Լոպուխին. «Բացատրական աստվածաշունչ»

12-13․ «Այսպես է ասում Տերը․ թեև նրանք ապահով են և բազմաթիվ, սակայն պիտի կոտորվեն ու վերանան, իսկ քեզ, թեև Ես տանջեցի, այլևս չեմ տանջի»: [12] «Եվ այժմ Ես պիտի խորտակեմ նրա լուծը, որ ընկած է քեզ վրա և պիտի խզեմ քո կապանքները»: (Սինոդական թարգ․)
   
    12-14-րդ համարներում մարգարեն արտահայտում է Աստծու դատաստանի վերջնական դատավճիռը Ասորեստանի ճակատագրի, նրա բնակչության և նրա աստվածների վերաբերյալ:

    «Այսպես է ասում Տերը» խոսքերով մարգարեն արտահայտում է Ասորեստանի վերաբերյալ Աստծու հաջորդ որոշումների ողջ կարևորությունը, անփոփոխելիությունն ու խստությունը։ Ասորեստանցիներն այժմ վայելում են լիակատար բարօրություն ։ Նրանք այնքան զորավոր, անվտանգ և բազմաթից էին, որ ամբողջովին անպարտելի էին թվում ուրիշների աչքին (Նավ․ 2։12-13, եբրայերեն տեքստում՝ 13, 14, Ես․ 10։24), և իրենք իրենց համարում էին անհասանելի ցանկացած վտանգի համար (Սոփ․ 2։15)։ Սակայն «որքան էլ հզոր լինեին ասորեստանցիները, և որքան էլ բոլոր ժողովուրդների միջոցով բազմապատկվեր նրանց զորությունը, միևնույնն է, նրանք պիտի կոտորվեն՝ իրենց կործանող հրեշտակի կողմից։ Քանզի ինչպես խիտ մազերը չեն կարող դիմանալ սուր մկրատին, այդպես էլ Աստծու բազմաթիվ թշնամիները հեշտությամբ կկործանվեն, և Ասորեստանը կվերանա ու «կդադարի գոյություն ունենալուց»»․․․ (Երանելի Հերոնիմոս. «Մեկ գիրք՝ Նավում մարգարեի մեկնության», Կիև, 1896, մաս 13, էջ 268-269)։ Եբրայերեն բնագրում ասորեստանցիների նկատմամբ Աստծու պատժի մասին խոսքն առանձնահատուկ արտահայտչականություն ունի՝ «նրանք պիտի կոտորվեն, մասնավորապես (խայտառակ կերպով՝ ոչխարների նմանությամբ) կխուզվեն ու կածիլվեն (եբրայերեն՝ «nagozzu»)։ Ասորեստանցիների զորքերը Հուդայի վրա արշավելիս նրանում սարսափելի ավերածություններ էին գործում, հետևաբար, նմանվում էին ածելու, որը մաքուր սափրում էր ոչ միայն գլխի և ոտքերի մազերը, այլև մորուքը (Ես․ 7։20), որից զրկվելը, արևելյան պատկերացումների համաձայն, անպատվության նշան էր (Բ Թագ․ 10։4-5): Այդպես էլ կատարյալ խայտառակություն և լիակատար կործանում է սպասվում նաև Ասորեստանին։

    12−րդ համարի առաջին հատվածի ընթերցումը Յոթանասնից (նաև սլավոներեն) թարգմանության մեջ տարբեր է, և հատկապես դա նկատի ունի երանելի Թեոդորիտոս Կյուրոսացին, երբ 12−րդ համարի վերաբերյալ նշում է․«“Ջրերի բազմություն” ասելով՝ մարգարեն նկատի ունի Նինվեի դեմ ելած բաբելոնացիներին, որոնք, ջրերի նման ջոկատների բաժանվելով, ձեռնամուխ եղան քաղաքի պաշարմանը» («Տասներկու մարգարեների մեկնությունը», Մ․, 1857, գիրք 3, էջ 10)։ Ասորեստանի ամբողջական կործանման հռչակումից հետո (12-րդ համար, Ա), մարգարեի միտքը (ի հակադրություն վերոհիշյալի) դառնում է դեպի Հուդայի և Երուսաղեմի ազատագրումը. «Իսկ քեզ, թեև Ես տանջեցի, այլևս չեմ տանջի»։ «Սրանով,− մեկնում է երանելի Հերոնիմոսը, − խոստում է տրվում ոչ թե մշտական անվտանգության, այլ միայն այդ ժամանակի և այդ շրջանում նրանց պաշարող թշնամիներից ապահովության մասին» («Մեկ գիրք՝ Նավում մարգարեի մեկնության», Կիև, 1896, մաս 13, էջ 269): Հրեաների համար արդեն Բաբելոնում գերություն էր սահմանվել (Ես․ 39։6), և այդ որոշումը պետք է ուժի մեջ մնար։ Սակայն նրանց նեղությունների ժամանակավոր ազատագրումը և ասորեստանցիների բռնությունների դադարեցումը հնարավոր էր, և մարգարեն հենց սա է Աստծու անունից հրեաներին խոստանում։ Ընդ որում՝ ասորեստանցիների ստրկական լծից ազատագրման խոստումը աստվածաշնչյան գրողների համար «լուծը խորտակել», «կապանքները խզել» (Ղևտ․ 26։13, Ես․ 10։27, Երեմ․ 2։20, 5։5, 28։2, 30։8 և այլն) սովորական արտահայտությունների միջոցով է պատկերվում։

--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Այսպէս ասաց Տէրը բազում ջրերի իշխանների մասին. «Այսպէս պիտի բաժանուեն նրանք, եւ քո մասին այլեւս լուր չի լսուելու:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տերը. «Թեև նրանք խաղաղության մեջ են և բազմաթիվ, բայց և այնպես պետք է կոտորվեն և վերանան։ Թեպետ ես տառապեցրել եմ քեզ, այլևս չեմ տառապեցնելու։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր ի վերայ իշխանաց ջուրց բազմաց, այնպէս զատուսցին, եւ լուր քո ոչ եւս լուիցի։