Նավումի մարգարեության մեկնություն 1:3

Ա․ Լոպուխին

Տերը երկայնամիտ է և մեծ է զորությամբ, և առանց պատժի չի թողնում,  մրրիկի և փոթորկի մեջ է Տիրոջ ճանապարհը, ամպերը Նրա ոտքերի փոշին է։ (Սինոդական թարգ․)[3]
   
   «Տերը երկայնամիտ է և մեծ է զորությամբ»։ «Երկայնամիտ» արտահայտությունը (եբրայերեն՝ «էրէհ−ապպայիմ», տառացի նշանակում է «երկար կամ դանդաղ է բարկանալու մեջ», Վուլգաթա՝  «patiens», Յոթանասնից՝ «μακροθυμος») մարգարեի կողմից փոխառվել է Հնգամատյանից (Ելք․ 34։6, Թվ․ 14։18)։ Այն օգտագործվել է նաև Սուրբ գրքի այլ հատվածներում (Նեեմ․ 9։14, Սաղմ․ 86։15, 102։8, 145։8, Հով․ 2։13)։ «Հանկարծակի և ակնթարթորեն չի պատժում, այլ մեծ երկայնամտություն է դրսևորում։ Դրա վկաները դուք եք, նինվեացինե՛ր, որ ապաշխարության եք դիմել և ձեզ համար փրկություն եք ձեռք բերել, սակայն նորից ավելի մեծ չարիքների եք տրվել և մինչև այժմ դրանց համար չեք պատժվել։ Սակայն այսքան երկար մարդկային անօրենությունները տանողը նաև չապաշխարողների վրա պատիժներ սահմանել գիտի» (երանելի Թեոդորոս «Տասներկու մարգարեների մեկնությունը»․ Մոսկվա, 1857, գիրք 3−րդ, էջ 7)։ Աստծո երկայնամտությունը ամենևին էլ Տիրոջ թուլության նշանը չէ, այլ, ընդհակառակը, Նրա «մեծ զորության»։ «Մի ակնթարթում Նա կարող էր կործանել անարդարներին, եթե ցանկանար, քանի որ Նա մեծ զորության է տիրապետում, սակայն պատիժը այն կարևոր պատճառով է ուշացնում, որպեսզի ապաշխարելու ժամանակ տա» (երանելի Հերոնիմոս)։ Սակայն դրանով հանդերձ չապաշխարողների վերաբերյալ Նրա դատաստանը մնում է անխուսափելի (տե՛ս Ելք 34։6, 7)․ «Այդքան երկար մարդկային անօրինությունները տանողը նաև չապաշխարողների համար պատիժներ սահմանել գիտի։ Որովհետև մարգարեն [սրա մասին է խոսում], երբ ասում է «մաքրելով չի մաքրի», այսինքն՝ ում մեղքերը արժանի են պատժի, նրան չի ազատի մահապատժից» (երանելի Թեոդորոս)։  Բոլոր մեղավորների նկատմամբ Աստծո դատաստանի վերաբերյալ ընդհանուր խոսքից հետո մարգարեն մասնավորապես անցնում է ասորեստանցիների վերաբերյալ դատաստանի նկարագրությանը։ Սակայն դեռևս (3։2−6−րդ համարներ) այդ դատաստանը նկարագրում է նաև մյուս հինկտակարանյան սրբազան հեղինակների [մոտ առկա] ընդհանուր բնական երևույթների պատկերներով՝ որպես աշխարհում հայտնվող Աստծո պատժիչ գործունեության դրսևորում (Ելք․ 19, Դատ․ 5, Սաղմ․ 18, 50, 67, 97)։ Այլ աստվածաշնչյան աստվածհայտնութենական պատկերների պես այստեղ էլ է առաջ քաշվում աստվածային ամենակարողության պատժիչ գործունեությունը. Տեր Աստծու հաղթական երթը ուղեկցվում է կործանարար բնական երևույթներով․ մրրիկն ու փոթորիկը, ամպերը և ամպրոպն են ուղեկցում սարսափելի Աստվածհայտնությանը (համար 3։2), Աստծո առաջ ցամաքում են ծովերն ու գետերը, թոշնում և չորանում է ամենափարթամ բուսականությունը (համար 4), դողում են լեռները, բլուրները և ամբողջ երկիրը (տե՛ս համար 5), ընկնում են ժայռերը, և ոչինչ կանգուն չի մնում Աստծո բարկության կրակի առաջ ( համար 6)։ Այսպիսի զորության, մեծության և գեղեցկության նկարագրություն կարելի է հանդիպել միմիայն ներշնչված աստվածաշնչյան գրողների մոտ։ Իսկ որո՞նք են այս գեղարվեստական պատկերի առանձնահատկությունները։

   «Ամեն անգամ, երբ Սուրբ Գրքում պատմվում է Աստծո երկիր իջնելու, երկրի վրա Նրա այս կամ այն ​​վայրում հայտնվելու մասին, միաժամանակ հիշատակվում է նաև այն հուզմունքի և դողի մասին, որոնց այդ ժամանակ ենթարկվում է բնությունը։ Սինա լեռան վրա Աստծո իջնելու ժամանակ «որոտներ և կայծակներ էին լինում, և մի թանձր ամպ կար սարի վրա, և շատ սաստիկ փողի ձայն (Ելք․ 19։16), ամբողջ լեռը ծխում էր․․․ և նրանից ծուխ էր դուրս գալիս, ինչպես հնոցից, և ամբողջ լեռը սաստիկ ցնցվում էր» (համար 18)։ Աստծո հայտնության մասին մյուս պատմություններից էլ է երևում, որ այս հայտնությունները բնության մեջ ուղեկցվում են որոշակի ցնցումներով» (պրոֆ․ Մ․ Ն․ Սկաբալանովիչ, «Եզեկիել մարգարեի գրքի առաջին գլուխը»։ Բացատրական փորձ։ Մարիուպոլ, 1904, էջ 112)։ Բնության այս երևույթները ընդգրկված են «փոթորիկ» հասկացության մեջ, որը վերցված է լայն իմաստով բնության բոլոր հատվածներում տեղի ունեցող ցնցումներից (Սաղմ․ 50։4)։ Եվ Նավում մարգարեն հենց այսպիսի երևույթների միջոցով է խորհում դատաստանի համար հայտնվող Տեր Աստծու երթի մասին։ Բացի Նավում 1։3 համարից «մրրիկի և փոթորկի մեջ» (եբրայերեն՝ «բեսուֆահ ուվիսարահ» («սեարահ» բառը «սին» տառի հետ)) արտահայտությունը Աստվածաշնչում հանդիպում է ընդամենը մեկ անգամ՝ Հոբ․ 9։17−ում։ Առավել հաճախ օգտագործվում է իմաստով նրան համապատասխանող և համահնչյուն «սեարահ» բառը («սամեհ» տառի հետ)։ 1, 17, 23, 29, 72, 93, 96, 126, 150, 154 և Կեննիկոտի մի քանի այլ ձեռագրերում առկա Նավումի գրքում վերջին բառն է դրված։ Յոթանասնիցում՝ «εν σοντελεια και εν συσσεισμψ», Վուլգաթայում՝ «in tempestate et turbine» տարբերակներն են․ «Ամպը Նրա ոտքերի փոշին է» («անան ավակ ռագլավ»)․ բոլոր այս երևույթները, որպես իրենց Իշխանի (Սաղմ․ 135։6, 7, Եր․ 10։13, 51։16, Հոբ․ 38։22−25, 34։37), անվերապահորեն ենթարկվում են Աստծո զորավոր խոսքին։ Ամենակարող Տեր Աստծու այս վեհ պատկերը եբրայեցիներին ծանոթ է դեռևս սինայական օրենքի տվչության ժամանակներից (Ելք․ 19։16, 18, Բ Օր․ 6։22) և սրբազան հեղինակների [կողմից միշտ օգտագործվում է] մեղավորների հանդեպ դատ անելու համար Տեր Աստծու հայտնվելը պատկերելիս (Սաղմ․ 18։9, 10, 17։3, 4, Ես․ 19։1, Դան․ 7։13, Հով․ 2։2, Սոփ․ 1։15 և այլն)։ «Ի դեպ, մարգարեն ճանապարհին միացնում է նաև փոշին․ մի՞թե դրանով ցանկանում է ասել, որ այժմ այլևս երկայնամտություն չի ցուցաբերի, այլ մահվան կմատնի, ամենուրեք նրանց աղետների ամպով ծածկելով» (Թեոդորոս եր․ «Տասներկու մարգարեների մեկնությունը»։ Մ․, 1857, Գիրք 3, էջ 8)։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Համբերատար է Տէրը, մեծ է նրա զօրութիւնը, Տէրը ամենեւին չի արդարացնում մեղապարտին: Նրա ճանապարհը հողմապտոյտով է եւ կործանումով. քամին նրա ձին է, ամպերը՝ նրա ոտքերի փոշին:
(Արարատ թարգ․) Տերը համբերատար է և մեծազոր և Տերը երբեք չի արդարացնի հանցավորին. Տիրոջ ճանապարհը մրրիկի և փոթորկի մեջ է, և ամպերը նրա ոտքերի փոշին են։
(Գրաբար) Տէր երկայնամիտ՝ եւ մեծ է զաւրութիւն նորա. Եւ արդարացուցանելով ոչ արդարացուցանէ Տէր. վախճանաւ եւ շարժմամբ է ճանապարհ նորա հողմ երիվար նորա, եւ ամպք փոշի ոտից նորա։