Նավումի մարգարեության մեկնություն 2:11

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

(եբր 12)․ «Ո՞ւր է այժմ առյուծների որջը և կորյունների այն արոտավայրը, ուր շրջում էին առյուծը, մատակ առյուծը և կորյունը, և ոչ ոք չէր վախեցնում նրանց»: (Սինոդական թարգ․)[11]
   

    Կործանման և ամայացման սարսափելի տեսարանից մարգարեն մտքով անցում է կատարում դեպի հին Նինվեի անհետացող փառքը: Նա զարմանքի ու ուրախության զգացումով է խոսում բռնությամբ և անարդարությամբ ձեռք բերված բոլոր տեսակի գանձերի այդ կենտրոնի՝ առյուծների այդ իրական որջի մոտալուտ անհետացման մասին (հմմտ. 11-12-համարներ, Սոփ․ 3։3)։ Եզրափակիչ համարում (13, եբր.՝ 14) մարգարեն ընթերցողներին տեղեկացնում է, որ ասվածը և դեռ ինչ պիտի ասի, դեռևս մարգարեություն է, այլ ոչ թե կատարված իրադարձություն, սակայն սա այնպիսի մարգարեություն է, որն անխուսափելիորեն պիտի իրականանա։ Որպես համաշխարհային տերություն՝ Ասորեստանի պատմական դերը, ըստ Աստծու անփոփոխելի դատաստանի, անդառնալիորեն կավարտվի․ նրա լիակատար կործանումն անխուսափելի է։ Այսպիսով, այս հատվածում, ինչպես նաև հաջորդ 3−րդ գլխում, ոչ այնքան Նինվեին սպասվող փաստացի աղետի նոր մանրամասներ են ներկայացվում, որքան մատնանշվում են այդ կործանման ներքին և արտաքին շարժառիթները։

--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Ո՞ւր են առիւծների որջերն ու նրանց կորիւնների որսերը, ո՞ւր գնաց մտաւ առիւծը. չկար մէկը, որ վախեցնէր առիւծի կորիւնին:
(Արարատ թարգ․) Ո՞ւր են առյուծների որջը և կորյունների սննդավայրը, որտեղ արու առյուծն ու մատակ առյուծը պտտում էին, և առյուծի կորյունը, ու վախեցնող չկար։
(Գրաբար) Ո՞ւր են մայրիք առիւծուցն եւ որսք կորեանց նոցա, ուր չոգաւ առեւծն մտանել, կորիւն առիւծուն՝ եւ ոչ ոք էր որ զարհուրեցուցանէր։