Նավումի մարգարեության մեկնություն 2:13

Ա․ Լոպուխին

(եբր․ 14)․ Ահա Ես քեզ վրա եմ, ասում է Զորությունների Տերը։ Եւ ծխի մեջ կայրեմ քո մարտակառքերը, և սուրը կխժռի քո կորյուններին, և երկրից կոչնչացնեմ քո որսը, և այլևս չի լսվի քո դեսպանների ձայնը։ (Սինոդական թարգ․)[13]
   
   Խորամանկ Նինվեի անհաղթելի ուժի և երկրի երեսից նրա անհետ կորչելու հակադրության պատճառով ընթերցողի մոտ ակամայից ծագող տարակուսանքը (11, 12 համարներ) մարգարեն փարատում է ամենակարող Աստծո դատաստանի մատնանշմամբ (Նավ․ 3։5ա)։ Միևնույն ժամանակ «քանի որ մարգարեն վերևում փոխաբերական իմաստով է հիշատակում առյուծների և կորյունների, որսալու և արոտավայրի մասին, ապա, ըստ այսմ, ասորեստանցիների կործանումն էլ է այլաբանորեն կանխատեսում։ Եվ քանի որ գազանների ինչ−որ քարանձավներում թաքնվելու և այնտեղից դուրս գալ չցանկանալու դեպքում որսորդներն այդ քարանձավների մուտքերի մոտ ծուխ են դնում, նրանց դուրս գալ են ստիպում և դուրս եկողին էլ աղեղով են դիմավորում, ուստի այս պարագայի նմանողությամբ Աստված ասում է, որ ամբողջ բազմությանը ծխի կմատնի, իսկ առյուծներին՝ սրի․ իսկ սա քաղաքի հրկիզում և թագավորների սպանություն է նշանակում, որից հետո էլ որսն ավարտվում է» (երանելի Թեոդորոս, Տասներկու մարգարեների մեկնությունը, Մ․, 1857, գիրք 3, էջ 15)։ Մինչ այս հնչած մարգարեի այլաբանական խոսքը համարի եզրափակիչ արտահայտության մեջ արդեն վերափոխվում է ասորական տերության անդառնալի կործանման մասին ուղղակի խոսքի․ «և այլևս չի լսվի քո դեսպանների ձայնը», որն էլ երանելի Հերոնիմոսը հետևյալ կերպ է վերաշարադրում․ «Դու այլևս երկրներ չես ամայացնի և հարկեր չես պահանջի, և քո սուրհանդակներն այլևս լսելի չեն լինի տարբեր երկրներում» («Մեկ գիրք՝ Նավում մարգարեի մեկնության»։ Կիև, 1896, մաս 13, էջ 289)։ Սուրհանդակները, Ասորեստանի թագավորի դեսպաններն էին, որոնք նրա հրամանները տանում էին հպատակ ժողովուրդներին և պահանջում էին վերջիններիս աներկբա հնազանդությունը իրենց տիրոջ կամքին և հրամաններին։ Այդպիսին էր հայտնի Ռաբսակը (Դ Թագ․ 18։17−37,Ես․ 36։13−20)։

   Այսպիսին է Նինվեի հանդեպ ամենակարող Աստծո, Զորությունների Տիրոջ, (եբրայերեն՝ «Иегова−Цебаот») դատաստանը։ Հայտնի է Աստծո այս անվան եռակի նշանակությունը՝ Իսրայելի բանակի (Ելք․ 6։26, 7։4), երկնային լուսատուների (Ես․ 40։26, Սոփ․ 1։5 և այլն) և, հատկապես, Հրեշտակների զորքերի առնչությամբ (Գ Թագ․ 22։19, Ես․ 24։21, նաև պրոֆ․ Ա․ Ա․ Գլագոլևի գրքում, Հինկտակարանյան աստվածաշնչյան ուսուցում հրեշտակների մասին, Կիև, 1900, էջ 238−256)։ Հաշվի առնելով ասորեստանցիների մոտ գոյություն ունեցող երկնային մարմինների պաշտամունքը՝ Իսրայելի Աստծուն Զորությունների Տեր անվանելն ինքնին ասորեստանցիներին պետք է ցույց տար, որ ոչինչ այլևս չի կարող նրանց փրկել այդ Աստծո ձեռքից, Ով նրանց աստվածների միակ Տերն է (Բ Օր․ 11։17)։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) «Ահա ես քո դէմ եմ, - ասում է Ամենակալ Տէրը, - ծխով կ՚այրեմ քո զօրքերը, սուրը կ՚ուտի քո առիւծներին, երկրից կը վերացնեմ քո որսը, եւ այլեւս չեն լսուի քո գործերը»:
(Արարատ թարգ․) «Ահա ես քո դեմ եմ,- ասում է Զորքերի Տերը,- և պիտի ծխով այրեմ նրա մարտակառքերը. սուրը պիտի ուտի քո կորյուններին, և երկրից պիտի բնաջնջեմ քո որսին, և քո պատգամաբերների ձայնն այլևս չպիտի լսվի»։
(Գրաբար) Ահաւասիկ ես ի վերայ քո, ասէ Տէր ամենակալ, եւ այրեցից ծխով զբազմութիւն քո՝ եւ կերիցէ սուր զառեւծս քո, եւ բարձից յերկրէ զորս քո, եւ ոչ եւս լուիցին գործք քո։