ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Վաղ առավոտյան արևոտ ու լուսավոր էր, որևէ կապ չուներ նախորդ օրվա խստաշունչ եղանակի հետ: Հատուկ կառք էր ուղարկվել Կոլոտի համար: Պատարագից  հետո Նահապետ սրբազանի հետ գնացին Մելիտոն ամիրայի ապարանքը, որը շատ հեռու չէր եկեղեցուց: Ամեն բան նորմալ էր ընթանում: Հակառակ Կոլոտի ակնկալության` չկար մեծ բազմություն, այլ միայն երկու քահանա և երեք ամիրա, որոնց հետ Կոլոտը մինչ այդ օրը դեռ չէր ծանոթացել: Կանայք էլ չկային. դա լավ նշան էր: Երբ սկսեցին ճաշել իրար ետևից մատուցված համեղ կերակուրները, Կոլոտն իզուր էր իր աղիների մեջ տարօրինակ շարժում սպասում: Նրա օշարակի մեջ հաստատապես լուծողական չէին լցրել: Զրույցները մտերմիկ էին, մթնոլորտը՝ հարազատ, առանց որևէ թշնամական երանգի:

Երբ սկսեցին սուրճ խմել, խումբն ի վերջո բացահայտեց իր կուսակցական ծրագրերը, որ համայն հայությանը փկելու էր բոլոր խնդիրներից, իրենց նախատեսած լուծումները լինելու էին ամեն հիվանդության դեղն ու դարմանը, և Պոլսում իրենցից առավել բանիմաց կուսակցություն` ազգային -եկեղեցական գործերից հասկացող, գոյություն չուներ: Է՛հ, սքանչելի ճաշի փոխարեն Կոլոտը կարող էր լուռ ու մունջ լսել այդ մեներգությունը, նրանց առարկելու որևէ խնդիր  չուներ: Թող փորձեին ու փրկեին աշխարհը, եթե դա էր նրանց փափագածը: Ինչպես միշտ, նրա ուղեղում կրկին հնչեց Վարդանի մի դասը. «Երբ մարդկանց որովայնը կշտանում է, անմիջապես փրկիչ դառնալու փափագ է նրանց մեջ արթնանում: Այդպիսով ճնշում են ներքին այն նուրբ ձայնը, որ փսփսում է, թե իրենք են, որ փրկչի կարիք ունեն, և ուրիշներին փրկելուց առաջ նախ իրենք պետք է հազար ու մի կապանքներից և կուրությունից փրկվեն»:

– Քեզ համար «պատրաստություն» ենք տեսել, Հովհաննե՛ս վարդապետ, որպեսզի քեզ ևս մեր խմբում ընդունենք,- Մելիտոն ամիրան վերջապես հայտնեց իր նպատակը: «Պատրաստությո՞ւն». Կոլոտն այդ բառը շատ լավ գիտեր, նրա մտքում այն երեկվանից արձագանքող անիծյալ բառի էր վերածվել, բայց ամիրայի բերանից արևահամ խոստումի տեսքով էր դուրս գալիս:

– Ես համաձայն եմ ձեր բոլոր մտահոգություններին` կրոնական ու քաղաքական խնդիրների շուրջ, և արժե ձեր առաջարկներից շատերը փորձել, որպեսզի սոցիալական մեր կյանքում անհրաժեշտ բարեփոխություններ կատարվեն: – Իսկ ի՞նչ ես կարծում, ո՞րն է ամենամեծ արգելքը դրանց իրագործման համար:

– Մեր ազգային միասնությունը, անկասկած:

– Կեցցե՛ս, վարդապե՛տ, ճիշտ նշեցիր` մեր ազգային -եկեղեցական միասնությունը, ինչը իրագործող գլուխն է, որ պակասում է մեզ: Մենք գերաշնորհ Նահապետ սրբազան հոր անձի մեջ ենք տեսնում այդ իդեալ եկեղեցականին, ով մեր փրկարար ծրագրերի գլուխը պիտի դառնա:

Խումբը, առիթն օգտագործելով, կենցի բա ժակ բարձրացրեց Նահապետ սրբազանի համար:

– Շնորհակալ եմ, Մելիտո՛ն ամիրա, այս ազնիվ խոսքերի համար: Սակայն մենք տկար ենք, եթե ձեզ նման գործակիցներ ու մեր ետևից եկող ժողովուրդ չունենանք: Թող  գլուխն ուզածի չափ հզոր ու տաղանդավոր լինի, բայց եթե ձեռներեց եկեղեցականներ ու աշխարհականներ չունի` իրեն նեցուկ կանգնող, ոչ մի դրական արդյունքի հնարավոր չէ հասնել, բնականաբար,– Սրբազանը դիմեց Կոլոտին` իր ձեռքը նրա ուսին դնելով,– Մենք մեծ պատկառանք ենք տածում քո նկատմամբ, սիրելի՛ եղբայր` խորապես գնահատելով քո արժանիքները: Մենք ուզում ենք մեր կողքին քեզ տեսնել` որպես ընկերոջ, օգնականի և բարեկամի:

Սուրճն արդեն ավարվել էր, և երկու ծառաներ սենյակ մտան: Մեկը գավաթները հավաքեց, իսկ մյուսը խոշոր պարկ դրեց գետնասեղանի վրա: Սրբազանը ոտքի ելավ ու բացեց պարկը, որի մեջ եպիսկոպոսական ամբողջական զգեստ կար փաթաթված: Սրբազանը մեկ առ մեկ ներկայացրեց յուրաքանչյուր կտորը` եմիփորոն, խույր, գավազան, պանակե և այլն: Ամեն ինչ խնամքով ու ճոխությամբ պատրաստվել և  գործվել էր ոսկե թելերով կանաչ-դեղին թավիշի վրա: Ներկայացրածը Պոլսի ձեռագործական արվեստի լավագույն նմուշներից էր: Ի վերջո, թանկագին քարերով զարդարված ոսկեղեն ձեռաց մի խաչ տուփից հանելով` ցուցադրեց ներկաներին:

– Ի՞նչ կասես, Հովհաննե՛ս վարդապետ:

– Հնարավոր չէ ավելի լավը երևակայել: Բարո՛վ գործածեք, սրբազա՛ն հայր:

– Սա իմը չէ, քեզ համար է, վարդապե՛տ: Շատ կարճ ժամանակում հազիվ պատրաստեցինք: Կիրակոս քահանան ողջ լինի, շատ լավ աշխատեցրեց Հասգյուղի տիկնանց, իսկ ծախսը Մելիտոն ամիրան տրամադրեց: Երբ ես պատրիարք ընտրվեմ, երդում եմ տալիս. առաջին գործս պիտի լինի քեզ  եպիսկոպոս ձեռնադրել տալը` որպես փոխանորդ և կրոնական ժողովի ատենապետ:

– Իսկ ես ի՞նչ պիտի անեմ` արժանանալու այդ մեծ շնորհին:

– Ոչինչ, դու արդեն արժանի ես,– կրկին խոսեց Մելիտոնը,– պարզապես պիտի սպասես` մի կողմ քաշվելով: Սահակ պատրիարքը պիտի գնա այսօր կամ վաղը, նրա պարանը շուտվանից քաշված է: Երբ սա պատահի, չենք ուզենա, որ նրա կողքին կանգնես: Չենք ուզում, որ նրան դավաճանես, որովհետև լավ գիտենք ձեր բարեկամական կապերն իրար հետ: Պարզապես պիտի սպասես առանց մի բան անելու: Երբ Ժամանակը գա, մենք քեզ կընդգրկենք մեր ծրագրերում:

– Շատշնորհակալ եմ, բայց իզուր եք ինձ համար այսքան ծախս արել: Ես անձամբ չեմ հավատում, որ լուծումը Սահակ պատրիարքին տապալելու մեջ է, այլ նրա շուրջը համախմբվելը` նրան զորավիգ կանգնելով: Սահակ պատրիարքը խաղաղ մարդ է և իմաստուն առաջնորդ և այս հատկությունների շնորհիվ է, որ երկու անգամ գահ բարձրացավ` համայնքի մեծ նեցուկին արժանանալով:

– Ուրեմն նրա մարդն ես և հանուն նրա մեր դեմ պիտի պայքարես, այդպե՞ս հասկանանք:

– Ես չեմ կարող Սահակ պատրիարքին պաշտպանել, որովհետև հյուր եմ այս քաղաքում և արդեն մի քանի շաբաթից վերադառնալու եմ Սուրբ Կարապետ:

– Մենք պատրաստ ենք, վարդապե՛տ, եթե մի օր կրկին վերադառնաս Պոլիս և ուզենաս այստեղ հաստատվել, մեր առաջարկն ընդմիշտ ի զորու է քեզ համար,– փոխեցին զրույցի թեման Մելիտոնը և սրբազանը` գոհ իրենց նպատակին հարմար այս լուծումից, և մի փոքր էլ խոսեցին ընհա նուր խնդիր ներից: Նահապետ սրբազանն արծաթյա սրբատուփը պարկից հանեց ու Կոլոտին նվիրեց, իսկ Մելիտոնը Սուրբ Կարապետի համար ճոխ նվիրատվությամբ Կոլոտին ուրախացրեց:

Մելիտոն ամիրան անձամբ ընկերացավ Կոլոտին մինչև պատրիարքարան:

– Վարդապե՛տ, այսօր մեր աչքին ավելի բարձրացար: Շատ քիչ եկեղեցականներ կարող էին մերժել այն, ինչ այսօր քեզ մատուցեցինք: Թերևս քո անձի համար վանք վրադառնալն ամենալավ որոշումն է, բայց չգիտես, թե մենք ևս որքան  կարիքն ունենք անաղարտ մնացած հոգևորականների, ովքեր հերոսական աննկուն ջիղ ունեն դրամի, փառքի և տիտղոսների նկատմամբ՝ դյուրությամբ չհանձնվելով դրանց հմայքին: Դու դա ունես, և մենք հեշտությամբ չենք թողնի, որ մեզանից այսպես անձայն, անշշուկ հեռանաս:

Երեկոյան ժամերգությունից հետո, երբ Կոլոտը դուրս էր գալիս Մայր Եկեղեցուց, ակնհայտ մտահոգությամբ նրան մոտեցավ Սեղբոս ամիրան և վարդապետին հրավիրեց իր տուն ընթրիքի: Շքեղ ձիակառքում նստած` Կոլոտը հանդարտորեն պատմեց կեսօրվա անցուդարձերը:

– Ուրախ եմ, որ նրանց «պատրաստությունը» դրական է եղել, և դու հաշտությամբ ես հարցը փակել, սակայն քաղաքից քո հեռանալը չպետք է ի գին սրա լիներ:

– Հավատա՛, ամիրա՛, սա լավագույն և միակ լուծումն էր մի շարք բարդություններից ձերբազատվելու: Սա կարծես Մակեդոնացու սրի հարվածը լինի, որ քան դեց Անկյուրիայի անքակտելի հանգույցը և առաջ շարժվեց:

– Սակայն Մակեդոնացին այդ հարվածի շնորհիվ գրավեց և հաղթականորեն մուտք գործեց Անկյուրիոն, իսկ դու հեռանում ու լքում ես մայրաքաղաքը` այն գրավելուն այսքան մոտ գտնվելով:

– Երեկվանից ես ինձանից առավել Սամվել վարդապետի ճակատագրի մասին եմ մտածում: Դեպքերն արդյոք ինչպե՞ս կընթանային, եթե նա պարզապես մի քանի ամիս Պոլսում մնար և ժամանակին, առանց ուշանալու վերադառնար իր վանքը, ինչ որ ես եմ անելու: Ոզում եմ քեզ պատմել մի ծառի մասին:

Ամրդոլի վանքի պարիսպների և կից ժայռերի միջև մի թզենի էր բուսնել: Բոլորս զար մանում էինք, թե ինչպես էր այդ փոքրիկ ծառն ամեն ամառ անհող այդ ճեղքի մեջ կարողանում պտուղ տալ: Իհարկե, անթիվ թզենիներ ունեինք վանքի հարակից այգիներում, որ մեր ձեռքը երկարելով` կարող էինք դրանց պտուղները քաղել և հեշտությամբ, առանց հոգնելու ուտել: Մեր աչքը, սակայն, այդ հերոս թզենու պտղի վրա էր:

Մի հատուկ օր` Վերափոխման նախատոնակից հետո, երեկոյան, երիտասարդ միաբանները մրցում էին իրար հետ` վտանգավոր այն բարձունքը մագլցելու, մի քանի պտուղ այնտեղից քաղելու և դրանք Վարդան վարդապետին բերելու համար, որ նշխարի նման բաժանում էր բոլոր միաբաններին, անշուշտ, պատշաճ դասերով՝ ամեն տարի տարբեր, ամեն տարի ավելի խորն իմաստներով պատկերազարդված: Օրինակ` ասում էր.

«Պտղատու թզենի եղեք` առանց մտածելու, թե ով պիտի ձեր պտուղը վայելի: Եթե մենք չլինեինք, թռչունները պիտի ուտեին և փառք տային Արարչին: Մարդու երես չտեսնող վանականներ ու ճգնավորներ կան, նրանց աղոթքներն ու մաքուր արցունքները հրեշտակների հրճվանքն է և Քրիստոսի վայելքը»:

«Այս թզենու նման հերոս եղեք` առանց գանգատվելու, թե հողը քիչ է, ջուրը՝ սակավ, իսկ հողմերը սաստիկ են, և արևը՝ կիզիչ: Ուր որ կյանք կա, այնտեղ հրաշքներն անպակաս են, իսկ ուր որ կյանք չկա, ամենապարարտ հողը նույնիսկ անկարող է խոտի մի ծիլ իսկ արտադրելու»:

«Այս թզենու նման առավել մոտ եղեք Աստծուն, քան մարդկանց: Թող ձեր ապրելակերպն ուրիշների համար առեղծվածային մնա: Թող հիանան ու զարմանան, թե ինչպես եք դուք կարողանում ձեզ բանտարկել խցերում ու քարայրներում և չեք խենթանում, կործանվում ու հիվանդանում: Այո՛, չեք ամուսնանում և առանց ընտանեկան ջերմության, զավակներ ու թոռնիկներ գրկելու կարողանում եք ապրել ու երջանիկ լինել, դեռ ավելին` սրտագին խնդալ` կապույտ և անամպ: Այո՛, դուք պիտի փաստեք նրանց, որ Աստված բավարար է»:

«Թող արժանիները մոտենան ձեզ, և մագլցումից հետո մահն աչքի առաջ ունենալով` թող քաղեն ձեր պտուղները: Բազմություններ թող սպասեն` ձեզանից ինքնաբերաբար թափվածները հավաքելու, կամ մագլցելով քաղողներին խնդրեն, որ գոնե իրենց որպես փշրանք բաժին հասնի: Աստծո արքայության գաղտնիքներն իմանալը բոլորին տր ված չէ, այլ միայն հզորները պիտի նրա դռները ջարդելով ներս մտնեն»:

«Բայց պետք է նաև վիրավորվելու պատրաստ լինեք: Ձեր քաղցր պտուղները քաղելու եկողներից ոմանք, դժբախտաբար, ձեր ճյուղերը կոտրելով՝ ձեզ անպայման ցավ ու վիշտ պիտի պատճառեն: Հազարավորնրին բու ժող մեր Տիրոջ ձեռքերը ծակեցին ու բոլորին սիրող սիրտը խոցեցին, այդպես չէ՞»:

– Գիտե՞ս, ամիրա՛, այդ թզենին Վարդան վարդապետն ինքն էր` Ամրդոլի ճեղքերի մեջ բուսնած: Շատ խորհրդավոր էր, նրա մեռած տարում էլ այն չորացավ:

– Եվ հիմա ուզում ես մեզանից հեռանալ, որպեսզի քո ետևից վազենքքո պտուղնե՞րը հավաքելու համար:

– Ինչո՞ւ չէ, ես իմ ուզած տեղում իմ պտուղները պիտի արտադրեմ: Եթե ձեզ շահագրգռում է, եկե՛ք ու քաղե՛ք դրանք,– Կոլոտը զգաց, որ իր ասածի մեջ համեստություն չկա. ո՞վ կարող էր միշտ համեստ լինել:

Սեղբոսի ապարանքը Թոփգաբուի թաղում էր` մի մեծ այգում: Սեղան էր նստել ամիրայի ընտանիքը՝ կինը և երեք զավակները՝ յոթ տարեկան մի աղջիկ, տաս ու տասնվեց տարեկան երկու տղաներ: Մեծ տղայի երեսն այնքան ակնհայտ էր կախ ընկած, որ անկարելի էր` Կոլոտը չհարցներ պատճառը: Սակայն տղան չպատասխանեց: Սեղբոս ամիրան համառոտ պատմեց խնդիրը. տղ յին երկու տարով ուսման համար ուղարկել էր Իտալիա, և տղան հիմա փափագում էր Ֆրանսիա գնալ և այնտեղ բարձրագույն ուսում ստանալ, սակայն ամիրան այդ ուղղությամբ վերապահումներ ուներ. հատկապես կրոնական մտահոգությունները նրան տարակուսանքի էին մատնել:

– Արդեն հիմիկվանից կաթոլիկյան հակումներ եմ նշմարում, վարդապե՛տ, չեմ կարող Ֆրանսիա ուղարկել, որպեսզի չորս-հինգ տարի հետո առջևս չտնկվի որպես մոլեռանդ կաթոլիկ՝ հազարամյա մեր հավատքին հակառակվելով և ազգային մեր արժեքներն արհամարհլով: Քանի՜-քանի՜ վատ օրինակներ ահա մեր առջև են. հայրեր ու որդիներ թշնամացել են իրար դեմ Արևմուտքից վերջիններիս վերադառնալուց հետո:

– Վարդապե՛տ, խնդրում եմ, համոզեք հայրիկիս, որ այդպիսի բան երբեք չի պատահի: Ես ուսման համար եմ գնում: Ինձ գիտություն, ոչ թե նոր հավատք է հարկավոր,- տղան, ի վերջո, փոխեց իր երեսի տհաճ արտահայտությունն ու պաղատանքի տեսք տվեց: Երևում է` շատ էր ուզում Եվրոպայում ուսում ստանալ:

Նույնիսկ երկու մարդու երկխոսությունը լիակատար հասկանալու համար հարկավոր է ողջ աշխարհի քարտեզը դնել սեղանի վրա և բոլոր ցամաքամասերի վրա տեղի ունեցած անցուդարձերը բծախնդրորեն վերլուծել:

Հոր և որդու այս վեճը ևս կարող ենք հասկանալ, եթե ծանոթանանք տասնութերորդ դարի պատմական որոշ երևույթների:

Օսմանյան կայսրության տկարացումը զուգադիպում էր եվրոպական ազգերի զարգացմանն ու հզորացմանը: Տիրապետող մուսուլմանական հատվածն այդ փոխվող քաղքական, տնտեսական, գիտական ու զինվորական զարգացումների բուն իմաստին դեռ իրազեկ չէր: Ուժի հավասարակշռությունը, ի վնաս նրանց, խախտված էր, սակայն նրանք իրենց տկարացումը վերագրում էին լոկ զինվորական ազդակներին և երազում էին վերստին ձեռք բերել անցյալ սուլթանների հաջողությունները՝ Արևմուտքի դեմ արձանագրված: Իսկ քրիստոնյա հատվածը, որ ավելի սերտ հարաբերություններ էր մշակում Եվրոպայի հետ, հասկացել էր կյանքի ամեն ասպարեզում Եվրոպայում կատարվող քաղաքակրթական հսկահեղափոխությունների իմաստը: Առևտրական, կրթական ու կրոնական հարաբերություններն արդեն թթխմորել էին քրիստոնյա բոլոր համայնքները, որոնք ապրում էին օսմանական տիրապետության ներքո:

Այս արտաքին ազդեցությունների առաջին թիրախը դարձան հայերը: Կաթոլիկ դառնալը վաճառականության մեջ մեծ առավելություն էր շնորհում հավատափոխին, հատկապես եթե առևտուրը կաթոլիկ երկրների հետ էր, ինչպես նաև հավատափոխ եղած անձը մաքսային առանձնաշնորհուներ էր ձեռք բերում` կաթոլիկ Ֆրանսիայի և Իտալիայի հովանին վայելելով: Եվրոպա գնացած աշակերտները վերադաձին հիացմունքով էին խոսում արևմտյան գեղարվեստի, գիտության ու ճարտարարվեստի մասին՝ դառնալով կամավոր քարոզիչներն այդ երկրների և մշակույթների: Արևմուտքով հիանալու հետ մեկտեղ զարգանում էին նաև Արևելքի և սրա արժեքների նկատմամբ արհամարհանքն ու դժգոհությունը:

Մշակութային այս զարգացումներին զուգահեռ` 17-րդ դարից սկսած` կաթոլիկական ազդու միսիոներություն սկսվեց Օսմանյան պետության սահմաններից ներս: Բողոքականության դեմ հարձակման անցած և որոշ հաջողություններ ձեռք բերած Կաթոլիկ եկեղեցին, 17-րդ դարից սկսած, Արևելք և Հեռավոր Արևելք շարժվեց` իր կրոնական գերիշխանությունը տարածելու: Արևելյան Ուղղափառ եկեղեցիները հարյուրավոր տարիներ արդեն իրենց հաղորդակցությունը խզել էին Կաթոլիկ Եկեղեցու հետ և քրիստոնեությունն ապրում էին իրենց ավանդույթների և եկեղեցական կանոնների հմա ձայն: Օսմանական կայսրության և ռուսական ցարության սահմանների մեջ գտնվող քրիստոնյաների մեջ ևս կաթոլիկությունը տարածելու մեծածավալ ծրագրեր էին մշակվում և ի գործ դրվում: Սակայն քանի որ կաթոլիկ և ուղղափառ դավանանքներն իրար շատ մոտ էին, կրոնական մշակույթին վերաբերող ծիսական հարցերի շուրջ վիճաբանոթյու նը դառնում էր է՛լ ավելի երկրորդական արժեք ունեցող: Հետևաբար կաթոլիկյան շարժումը մյուս եկեղեցիների կողմից ընդունվում էր որպես «լատնաց ման» ձգտում, որ Հռոմի վարչական իշխանությունն աշխատում էր պարտադ րել աշխարհի բոլոր եկեղեցիների վրա:

Ուղղափառ եկեղեցիների նվիրապետությունները բուռն կերպով դիմադրեցին Հռոմի այդ կայսերածավալ ցանկություններին: Բնական է, որ լատինացման այդ շարժման բուն  նպատակն ավելի քաղաքական էր, քան կրոնական: Օսմանական պետությունը հենց սկզբից արմատական թշնամությամբ դիմավորեց անջատողական այդ օտարամուտ շարժումները: Երբ կաթոլիկները հասկացան, որ հնարավոր չի լինի արևելյան այս եկեղեցիներին համոզել Հռոմին և Պապի գերիշխանությանը ենթարկվել, մարդորսության միջոցով մրցակից կաթոլիկ համայնքներ ու եկեղեցիներ հաստատելու պառակտիչ ճանապարհը որդեգրեցին:

Այս նորակառույց մրցակից եկեղեցիները զավեշտորեն  իրենք իրենց կոչում էին «Միացյալ կամ Ունիթորական եկեղեցիներ»` հակառակ այն իրականության, որ բաժանման և պառակտման ամենաժանգոտ դաշույնն էին անխոհեմաբար խրում քրիստոնեական միության և եղբայրության կողը:

Կրոնն Արևելքի ամենաէական տարրն էր, որ անհատի պատկանելությունն էր որոշում: Կրոնափոխությունը հավասար էր ինքնությունը հեղափոխելուն և ուրիշ մեկի վերածվելուն: Միսիոներական մարտահրավերը՝ ուղղված արևելյան ժողովուրդներին, ահա այս կետի վրա էր հիմնված: Հայերը կամ արևելյան այլ քրիստոնյաներ Արևմուտքի քաղաքակրթական զարգացումներից մաս ու բաժին չէին կարող ունենալ, մինչև իրենց դավանանքը չմիացնեին Արևմուտքի դավանանքին, հատկապես Կաթոլիկ եկեղեցուն և սրա վարչական կենտրոնին՝ Հռոմին ու Պապին:

Հիսուսյան կոչվող ճիզվիտ միսիոներներն արդեն կես դարից ավելի թափանցել էին հայ ազգի բոլոր խավերի մեջ` ներառյալ Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորական դասը: Միսիոներները շրջում էին ողջ Անատոլիայով մեկ հաճախ ծպտված ուսուցչի կամ բժշկի կերպարանքով, և իրենց  գիտությամբ ու բարեպաշտությամբ գրավում էին ժողովրդի ու հոգևորականների համակրանքը: Այնուհետև իրենց ինքնությունն էին հայտնում և նրանց առաջնորդում կաթոլիկ դառնալու` արհամարհանքով թողնելով Առաքելական իրենց եկեղեցին: Հռոմի նյութական ընդարձակ միջոցներով ու Ֆրանսիայի քաղաքական հովանավորությամբ գաղտնի, ազդեցիկ ու խիզախ ճիզվիտական զանազան խրամանկ մեթոդ ներ էին գործի դրվում, որոնց որպես հետևանք` կայսրության ողջ տարածքում մադոր սությամբ կազմված կաթոլիկ նոր համայնքներ էին երևան գալիս` երբեմն գաղտնի, երբեմն էլ հայտնի, բայց միշտ խնդրահարույց ու խառնակիչ: Ահա կաթոլիկական խնդիրն այսպիսի հրդեհի նման բռնկվել էր նաև հայ ժողովրդի բոլոր խավերի մեջ. արյունահոս մի վերք, որ խորապես խորտակում էր ազգային փխրուն միությունը` անվերջանալի հակամարտությունների դուռ բացելով և նույնիսկ ընտանեկան երդիկների ներքո հորը  որդուց բաժանելով:

– Ամիրա՛, աշխարհն արագ փոխվում է դեպի արևմտյան կողմը,– երիտասարդին օգնության հասավ Կոլոտը,– Մենք շատ չենք հասկանում այս իրականությունը: Սակայն մենք ևս մաս ենք կազմելու դրան` առանց ուշանալու այս զարգացումներից: Եթե մենք չհետևենք արևմտյան զարգացումներին, այն ժամանակ այդ զարգացումները մեզ կհետապնդեն՝ գրավելու և ընկճելու մեզ. այն, ինչ որ ակամա արդեն իսկ անում ենք. այս վիճակն է, ահա: Արևմուտքը, երևում է, շատ է փափագում Արևելք թափանցել: Մենք նույնպես պետք է ունենանք այդ փափագը Արևմուտք գնալու: Հաճախ պաշտպանության դիրքի վրա գտնվելով և նրանց հայհոյելով` չենք կարող դիմագրավել Արևմուտքի մարտահրավերներին: Հարկավոր է դուրս գալ խրամատներից և արևմտյան հորիզոնի վրա բարձրացող աստղը ճանաչել: Երեք մոգերի նման պետք է այցելենք նորածին «գիտությանը», որպեսզի մեր փրկիչը ևս կարողանա դառնալ և ազատագրման նոր ելք շնորհել գերյալ մեր ժողովրդին:

Կոլոտը համոզեց Սեղբոսին, որպեսզի որդուն` Արսենին, Ֆրանսիա ուղարկի` հաշվի առնելով բոլոր վնասները, որոնք նրան մտահոգություն էին պատճառում: Ճաշից հետո միասնաբար տան սենյակներով շրջեցին:

– Այս սրահում էր, որ Սամվել վարդապետի չարաբախտ ծուղակը լարվեց: Այս մեկը հորս սենյակն, ահա այս անկողնում չորս տարի տառապեց ու վախճանվեց:

– Քեզ համար դժվար չէ՞ միշտ այս հիշատակներով ապրելը:

– Կարող եմ, իհարկե, ուրիշ տուն փոխադրվել, բայց ինձ  այնպես է թվում, որ հորս անեծքը նրա հարստության հետ ժառանգել եմ: Ուստի ես էլ նրա ապաշխարանքը շարունակելու եմ, մինչև գտնեմ Սամվել վարդապետին՝ ողջ կամ մահացած:

Սե ղնը սպասարկած սպասուհին Կոլոտից իր և իր զավակների համար աղոթք խնդրեց: Երբ սենյակ մտավ, երեք հիվանդ մանուկներ տեսավ անկողնու վրա պառկած: Կոլոտը հարցական նայեց Սեղբոսին, ով գլխով հավաստեց նրա կռահածը. հենց այդ սպասուհին էր այն կինը ...

Կոլոտն աղոթեց տարաբախտ մանուկների համար, որոնք խոշոր գլուխներով, նիհար ու չմեծացող մարմիններով սրտաճմլիկ երևույթներ էին: Երբ Կոլոտը ձեռքը դնելով բժշկության աղոթք կարդաց նրանց համար, լաց եղավ` իմանալով, որ նրանք երբեք չեն բուժվելու, մինչև մահվան ողորմած հպումով չփոխադրվեն աղքատ Ղազարոսի դրախտը: Կյանքի մեծագույն հարցը կրկին խոժոռադեմ հառնեց Կոլոտի մտադաշտի վրա. «Ինչո՞ւ են ուրիշների հանցանքի պատիժը կրում այս անմեղ մանուկները, իրենց մոր ու մայրաքաղաքի ամբողջ հայության մեղքն ինչո՞ւ է սրանց տկար ուսերի վրա ծանրացած»: Եթե ուրիշ մեկն այս հարցը տար նրան, անպայման պատշաճ պատասխան կգտներ տալու, բայց այդ պատասխանը չէր համոզի նրա խղճահարված հոգուն: Երբ նրա արցունքոտ աչքերը հանդիպեցին թշվառ մանուկների ցավատանջ աչքերին, այնտեղ Քրիստոսին տեսավ, որ խաչի վրա գամված, ուրիշների մեղքը քավելով` դիտում էր աշխարհը` անճար և անել սպասելով Իր մահվանը:

 

Հաջորդ գլուխը՝

ԳՆԱԼ, ԲԱՅՑ Ո՞ՒՐ