ՈՒՐԻՇ ՄԻ ԹԻԹԵՌՆԻԿ ԵՎՍ

Որքան մոտենում էին գյուղին, այնքան պատկերները հետզհետե ավելի ակնառու էին դառնում. հողե տներ, աշխատող գյուղացիներ ու այստեղ–այնտեղ արածող արջառներ: Հասկացան, որ քրդական մի գյուղ էր եղել այս մեկը, և ճշտեցին կրկին իրենց ուղղությունը: Իրենց ճամփան գյուղի եզերքով էր անցնում, հետևաբար, առանց այնտեղ մտնելու` շարունակեցին գնալ:

Հազիվ անցել էին գյուղի սահմանը, երբ իրենց ետևից լսեցին ձիերի քառատրոփ, սրարշավ մոտենալը: Մի կողմ քաշվեցին այս սրընթաց հեծյալների ճանապարհից: Երեք ձիավոր, սակայն, կանգ առան նրանց առջև: Նրանցից մեկը աճապարանքով ցած իջավ ձիուց: Կոշտ դիմագծերով և տխուր դեմքով հսկա մի քուրդ էր նա, աչքերը ուռած և երկար մորուքով, հաստ բեղերով և քրդերին հատուկ գլխարկով ու շորերով: Ակամայից սարսուռը պատեց վարդապետներին: Բայց հանդարտվեցին, երբ մարդը հայերեն բարևեց և աշխատեց ժպտալ: Վարդապետները հասկացան, որ այդ մարդը տառապում էր մի բանի պատճառով: Տարօրինակ չէր, որ այս կողմերի քրդերը հայերեն գիտեին: Շատ հայեր էլ քրդերեն գիտեին, ինչպես նաև Հովհաննեսը և Գրիգորը: Սակայն իրենց քրդերենը ավելի լավ էր, քան այս մարդու հայերենը: Նրանք քրդերենով պատասխանեցին, և մարդը ուրախացավ: Քուրդը նրանց աղաչում էր, որ տուն գային և աղոթեին իր հիվանդ որդու վրա, որ արդեն մի քանի օր էր, ինչ անշարժ պառկած էր: Ոչ մի բժիշկ և դեղ չէր օգնել, և նրանց կղերականների բոլոր աղոթքները իզուր էին անցել: Հուսահատ վիճակի մեջ էին: Ամեն մարդ ասում էր «գործ Աստուծո մնաց»: Երբ հեռվից նկատել էին հայ վարդապետներին, հույսի վերջին մի նշույլ էր ծագել իր որդու համար` նրանց աղոթքը: Հատկապես խոջաներից մեկը իբր «կախարդություն» էր որակել հիվանդությունը և այն լուծարելը` չափազանց դժվար: Այդ տգետ մարդկանց համար կրոնը առհասարակ նախպաշարումներից էր բաղկացած և հիմնված` վախի վրա: Նրանք հաճախակի էին լսում հայ վարդապետների կողմից անցյալում և ներկայումս կատարված հրաշքների մասին: Վանքերում, աշխարհից հեռու այս խորհրդավոր մարդիկ երկյուղ և հարգանք էին արթնացրել նրանց մեջ: Հավատում էին նրանց մեծ, կախարդական զորությանը: Վարդապետները համաձայնեցին նրանց հետ գնալ: Ժամանակ կորցնելու պատճառ չկար: Մյուս երկու քրդերը իրենց ձիերը տվեցին վարդապետներին և արագ ուղղվեցին գյուղ: Գյուղի ամենից մեծ և քարեղեն տունն էր նրանց մուտք գործածը: Հասկացան, որ մարդը գյուղապետն էր և շեյխը` շրջակա ցեղախմբերի: Ներսից լսվում էր կանանց լաց ու կոծի աղմուկը:

– Ի՞նչու եք լաց լինում, – հարցրեց գյուղապետը` ավելի մտահոգված:

– Շնչառությունը հետզհետե նվազում է, շեյխ իմ,–պատասխանեց միջին տարիքի մի կին` երեխայի մայրը:

Երեք կին ուներ շեյխ Մահմուդը և ինը զավակ, միայն մեկը` արու: Հետևաբար, պարզ էր շեյխի` խուճապի և կսկծի մատնվելու հիմնական պատճառը. մեծ ողբերգություն էր տասնչորս տարեկան միակ ժառանգի մահը իր համար: Տղայի մոտից դուրս հանեցին բոլորին` թողնելով միայն նրա հորն ու մորը, ինչպես Հիսուսն էր արել: Անուշադեմ մի մանուկ` նիհարած, գունատ և գրեթե անշունչ պառկած էր: Կանայք լաց լինելու իրավունք ունեին. մանուկը մահամերձ էր, իր կյանքի վերջին վայրկյաններն էր ապրում:

– Երեք օր առաջ մի դող եկավ նրա վրա, սառը քրտինք պատեց և դրանից հետո անգիտակից վիճակում պառկած է այսպես,– շեյխը խոսեց արտասվելով:

Ուրիշ ոչ ոք չկար, հետևաբար հանգիստ լաց էր լինում: Այս խոժոռադեմ մարդու հորենական սիրտը այլևս չէր կարողանում զսպել ցավի պոռթկումը:

– Մի ուրիշ թիթեռնիկ ևս,– ասաց Կոլոտը,– այս գեղեցիկ գարնան օրը պիտի գտնի իր վախճանը, մեր ձեռքերում պիտի պատահի հոգեվարքը և կամ...

Եվ կամ հրաշքների Աստվածը իր բուժարար զորությունը պիտի շնորհեր մի անգամ ևս: Շեյխը հավատք ուներ և գիտեր, որ Աստված աղերսողին շնորհ էր բաշխելու առանց կրոնի, ազգի կամ դիրքի խտրականության: Նա հասկանում և զգում էր, որ այս տարօրինակ հագուստով սևագլուխ մենակյացները իրենց զարմանալի նվիրվածությամբ ուրիշ շնորհներ ունեին` Աստծո կողմից տրված:

– Ձեզ եմ տալիս հարստությանս կեսը, եթե բժշկեք միակ որդուս, – պաղատագին աղաչեց շեյխը:

– Մենք դրամ չենք վերցնի, որովհետև ինչ որ մենք ունենք, Աստծո կողմից է տրվել մեզ ձրիաբար, ուստի մեր աղոթքը գին չունի: Այն, ինչ որ պիտի տանք, Աստծուն և նրա Մեսիային է պատկանում, մե՛րը չէ:

– Մեզ համար մաքուր խմելու ջուր բերեք, օջախից` մի փոքր շիկածուխ և մի փոքր սեղան, – պատվիրեց Գրիգոր վարդապետը:

Այնուհետև իր տոպրակից ծալված մի փաթեթ հանեց, զետեղեց փոքրիկ սեղանի վրա ու բացեց: Մեջը ձեռաց խաչ, Ավետարան և մի փոքրիկ ջրաման կար: Ձեռաց խաչը և ջրամանը Վարդան վարդապետն էր նրան հանձնել մեռնելուց առաջ, իսկ իր սրբատուփը` Հովհաննեսին: Հովհաննես վարդապետն էլ իր տոպրակը բաց արեց, որի մեջ կային Նարեկի աղոթագիրք, մի սրբատուփ և խնկաման: Նրանք քաջ գիտեին, թե ինչ պետք է անեին այսպիսի պարագաներում: Գրիգորը ուշադրությամբ զննեց անկողինը և սենյակը: Սենյակի բոլոր մասերում զետեղված էին ամեն տեսակ նախապաշարումի և կախարդության բազմապիսի ուլունքներ, գրեր, կապույտ աչքեր, հատկապես անկողինը լցված էր դրանցով:

– Սրանցից որևէ օգուտ քաղեցի՞ք, – հարցրեց Գրիգորը շեյխ Մահմուդին:

– Ո՛չ, ո՛չ մի օգուտ: Բայց` մի փոքրիկ հույսի նշույլ, գիտե՛ք:

– Երբ ձեր հույսը այսպիսի բաների վրա եք դրել, ըստ մեր հավատքի, Աստծո Հոգին կբարկացնեք: Այժմ մենք կկանչենք Մեսիայի Հոգին, որը կարող է նույնիսկ հարություն շնորհել մեռյալներին: Նա՛ պետք է շնորհ անի քո որդու համար, հակառակ, որ դուք այլ դավանանքի եք պատկանում: Որովհետև մեր Տերը չափազանց գթասիրտ է և ողորմած բոլորի հանդեպ և ասում է. «Ինձ մոտ եկողին ես ետ չեմ ուղարկի, ես եմ հարությունն ու կյանքը»: Ուրեմն պետք է որ այս բոլոր սնոտի առարկաներից իսպառ մաքրեք ձեր տունը և ձեր միակ հույսը նրա վրա դնեք: Հավատացողի համար ամեն ինչ հնարավոր է, և այս բանը անելով` պիտի փաստեք ձեր հավատքը:

Այս խոսքերը չավարտված` հեծկլտացող մայրն արդեն իսկ հապճեպորեն հավաքում էր բոլոր հուռութները: Երբ այդ ամենը հավաքեց իր փեշի մեջ, բերեց վարդապետների մոտ:

– Այս ամենը տնից դուրս հանեք և խոստացեք, եթե ձեր երեխան բուժվի, այդ բոլորը այրել:

– Խոստանում եմ և երդվում, որ կայրեմ այդ ամենը: Միայն թե երեխաս առողջանա:

Խունկ վառեցին, փոքրիկ ամանի մեջ ջուր լցրեցին: Գրիգորը խաչը վերցրեց, իսկ Կոլոտը Ավետարանը բացեց և կարդալ սկսեց բժշկության մի հատված: Այր ու կին ծնրադիր աղոթում էին լալագին: Ջուրն օրհնեցին և սրսկեցին պատերի ու անկողնու վրա:  Հովհաննես վարդապետը թրջեց մանկան ճակատը: Կուրծքը բացեց և ս. Նշխար պարունակող մասնատուփը դրեց հիվանդի սրտի վրա: Նարեկը վերցրեց և սկսեց բարձրաձայն ընթերցել և այնուհետև գիրքը հիվանդի գլխի տակ զետեղեց: Գրիգոր վարդապետը «Փարատեա՛ զցաւս» աղոթքը արտասանեց և խաչակնքեց մանկան ճակատը, բերանը և սիրտը: Այնուհետև երկու վարդապետները ծնրադրեցին անկողնի երկու կողմերում և բարձրաձայն արտասանեցին Հիսուս Քրիստոսի անունը հիսուն անգամ` «Տէր, Ողորմեա»–ի հետ միասին: Կոլոտը արտասվում էր և աղոթում.

– Ո՜վ Տեր, թիթեռնիկը թող չմեռնի այս անգամ: Մի պուտ ուրախություն առաքիր քո Արքայությունից: Գարունը թող գարուն լինի այս խեղճ ընտանիքի համար: Երբ կյանք ես տալիս ծաղիկներին, թող որ այս ծաղիկն էլ մի քիչ ևս ապրի: Ո՜վ Տեր մեր Հիսուս Քրիստոս, քո սուրբ անունը կանչեցինք, ցույց տուր Քո անվան զորությունը այս օտար մարդկանց: Թող տեսնեն, որ Դո՛ւ ես միակ կենդանի և կենդնություն տվող Աստվածը: Ո՜վ Եղիայի Աստված, կրակով ևս պատասխանիր մեր աղոթքին, կյանքի մի բոց առաքիր այս մանկան սրտին, թող կայծը վառի իր աչքերի մեջ կրկին, շունչը ե՛տ դարձրու նրան:

Հարության մի շարական երգեցին և «Հայր մեր»–ով ավարտեցին իրենց աղոթքը: Մանուկը հանկարծ շունչ քաշեց` լսելի բոլոր ներկաներին: Բայց հետզհետե կրկին նվաղեց շունչը: Բերանը բացված էր: Մնացած օրհնված ջրից մի շիթ կաթեցրին նրա բերանի մեջ: Արարողությունն ավարտելուց հետո հավաքեցին ու ծալեցին սրբազան պարագաները և կրկին զետեղեցին իրենց տոպրակներում: Հիվանդի մոտ միայն մայրը մնաց, մյուսները գնացին այլ սենյակ, որտեղ պտուղներով սեղան էր գցված: Զովացուցիչ թան հրամցրին վարդապետներին: Լուռ էին բոլորը: Մարդիկ իրենց անելիքը արել և ասելիքը ասել էին արդեն: Այժմ Աստված պետք է կատարեր իր անելիքը: Անատոլուի բոլոր մարդիկ քաջ գիտեին, ո՛ր կրոնի էլ պատականեին, ինչպես Աստծո կամքին հանձնվել լռելյայն, ամենից տառապալի և ցավագին պարագաներում անգամ: Լռությունը նշանակում էր` «Եղիցի կամք քո»: Բոլորին հասկանալի էր այս լռության լեզուն: Սակայն մի սուր ճիչ ընդհատեց պրկված լռությունը: Սարսափեցին բոլորը և գամված մնացին` երկյուղով պատած: Շեյխի աչքերում նշմարելի էր վախի զգացումը: Մեծ աղաղակով հիվանդասենյակից դուրս եկավ մայրը: Բղավում էր խենթի նման, բայց դեմքը ուրախ էր:

– Աչքերը բացե՜ց, աչքերը բացե՜ց, «Մայրիկ, ջուր տուր» ասաց:

Սմքած շեյխը կարծես ժայթքեց իր նստած տեղից: Սեղանը տապալվեց, թանը թափվեց: Ներս խուժեց հիվանդասենյակ և նա էլ սկսեց բղավել: Բոլորը շտապեցին մանկանը տեսնել: Բայց անհնար էր տեսնել, քանի որ շեյխը իր խոշոր մարմնով այնպե՜ս էր փաթաթվել որդուն, որ երեխան անհետացել էր նրա գրկում: Մայրը անընդհատ հարվածում էր Մահմուդին, որպեսզի նա բաց թողնի երեխային:

– Մի՛ սեղմիր այդպես, կվնասես, կողքի քաշվիր:

Երբ Մահմուդը թողեց երեխային, այս անգամ արդեն ինքը` մայրը փաթաթվեց նրան: Այդ պահին շեյխը դուրս եկավ պատշգամբ, ձեռքի երկու հրացաններով միմյանց ետևից կրակեց օդի մեջ, այնուհետև հանեց ատրճանակը և նույնպես կրակահերթ տվեց: Ծառաները վազեցին` տեսնելու, թե ինչ պատահեց:

– Շուտ լուր տարածե՛ք ամենքին և ամեն տեղ: Ջեմալս առողջացավ, Ջեմալս բուժվեց: Թող յուրաքանչուր ոք դադարեցնի իր գործը, սեղաններ պատրաստվեն, ոչխարներ մորթվեն: Այսօր տոն է, որովհետև որդիս մահվանից ետ վերադարձավ: Ուտենք, խմենք և զվարճանանք:

Վարդապետները միմյանց նայեցին ժպտալով և հիշեցին «Անառակ որդու» առակը, որտեղ հայրը տուն վերադարձող կորուսյալ որդու մասին ասում էր. «Ուտենք և ուրախանանք, որովհետև իմ այս որդին մեռած էր և կենդանացավ, կորսված էր և գտնվեց»:

Նրանք իրենց գործը լիուլի կատարել էին: Աննկատելի տանից դուրս եկան և արագ քայլերով հեռացան: Ուրախության անակնկալ հարվածի թմրությունից փոքր ինչ սթափվելուց հետո, Մահմուդը ամենուր տան մեջ սկսեց փնտրել վարդապետներին, բայց չգտավ: Հարցրեց շատերին, բայց նրանց պատասխանն էր` գնացին: Այդ պահին արագ կերպով ցատկեց իր ձիու վրա և վարգով հասավ վարդապետներին: Ձիուց ցած իջավ և դիմեց նրանց.

– Ո՞ւր եք փախչում այսպես` առանց լուր տալու:

– Մենք դեռևս ճանապարհ ունենք գնալիք, մթնելուց առաջ մենք պետք է Սուրբ Կարապետ վանքն հասնենք:

– Ոչ մի տեղ չեք կարող գնալ,– ուրախ վրա բերեց Շեյխը և իր թևերի մեջ առավ երկուսին միասին ու գրկեց սրտագին, – դուք այսօր իմ սիրելի գերիներն եք: Ես ձեզ այնտեղ կհասցնեմ ձիերով, հոգ մի արեք:

Վարդապետները քաջ գիտեին, որ իրենք սիրո գերիներ են: Այսպիսին էին Անատոլուի օրենքները: Մինչև շատ լավ չհարգվեն, փրկություն չկար այլևս իրենց համար: Տեսան, որ շեյխի երեսն էլ փոխվել էր, փայլում էր ուրախության լույսով: Քրիստոս ողորմացել էր այս մարդուն և օրհնել մի նոր կյանքով:

– Տեսածս այս հրաշքի վրա ես կրոնափոխ կլինեի, բայց չեմ կարող, ներեցե՛ք ինձ: Բայց պիտի աղոթեմ Հիսուս Քրիստոսին մինչև կյանքիս վերջը, որովհետև իմ աչքերով տեսա նրա զորությունը: Իմ կյանքում երբե՛ք չեմ տեսել, որ մի աղոթք այսպիսի պատասխան գտնի: Իսկ գալով ձեզ` ոսկիների մեջ պիտի խեղդեմ, ու եթե ամուսնանաք, աղջիկներս կտամ ձեզ:

Վարդապետները ծիծաղեցին:

– Մենք աղքատության և կուսակրոնության ուխտ ենք արել, ու ինչպես քիչ առաջ ասացինք` չենք կարող քեզնից փող վերցնել այս հրաշքի համար: Եթե վերցնենք, ապա հիվանդությունը կրկին կվերադառնա երեխային և կամ մեզ կփոխանցվի: Մեզ տրվելիքը դու աղքատներին տուր:

Սեղանի պատվո հյուրերն էին երկու վարդապետները` շեյխի աջ և ձախ կողմերին բազմած: Ջեմալն էլ ներս մտավ գիշերանոցով: Տեղ բացեցին նրա համար գետնի սեղանի վրա: Հացի մի պատառ կտրեց և այն պահին, երբ ցանկանում էր դնել բերանը, Գրիգոր վարդապետը սաստեց.

– Ո՛չ մի բան չուտես, վնասակար է այսօր:

– Ինչո՞ւ, առողջ է տղան և անոթի, ամեն ինչ կարող է ուտել,– ասացին սեղանի շուրջ նստածները:

– Ո՛չ այսօր, – պատասխանեց վարդապետը, – օրերով ոչինչ չի կերել ու այժմ եթե ծանրամարս բաներ ուտի, կվնասի ստամոքսը և կհիվանդանա կրկին: Թող միայն ապուր խմի այսօր, թան և պտղահյութեր, այն էլ` կամաց–կամաց, ումպ առ ումպ:

– Վարդապետի՛ն լսիր, տղա՛ս, – ասաց շեյխը, – նրա բոլոր ասածները ճշմարի՛տ են:

Ուրախ–զվարթ խոսակցությունների ընթացքում սեղանակիցներից մեկը դարձավ դեպի Ջեմալը և հարցրեց.

– Է՛, Ջեմալ, մյուս աշխարհ գնացիր և ետ եկար, ի՞նչ տեսար այնտեղ, հուրիներ տեսա՞ր:

– Ոչինչ չեմ հիշում, – պատասխանեց Ջեմալը, – միայն թե ճերմակազգեստ մեկը արթնացրեց ինձ: Ճերմակ մորուք ուներ, բայց շատ ծեր էլ չէր: Այս վարդապետների նման էր հագած` նույն գլխարկով, բայց` ճերմակ: Իմ կողքը հրելով` արթնացրեց ինձ «գյավուրների կուռք»–ով` բռնած իր ձեռքում (խաչին իսլամներն այդպես են անվանում):

Կողքին նստած մարդը սաստեց մանկանն այդ բառի համար` ամաչելով վարդապետներից: Բայց տղան ուրիշ բառ չգիտեր խաչի համար, և սեղան նստողները ևս առիթներում այդ արհամարհական բառերով էին խոսում խաչի մասին:

– Որևէ բա՞ն ասաց այդ մարդը, – հարցրեց հայրը:

– Ինձ մի գավաթ ջուր տվեց, ես էլ խմեցի: Հարցրեցի, թե ի՞նչ էր անունը: Ժպտաց և ասաց անունը... Է՜, հիշում էի, ի՛նչ էր, ի՞նչ էր: Հա՛, հիշեցի՛: Մի հայ ջրաղացպան կար, նրա անունն էր ասածը:

– Արթին վարպե՞տ, – հարցրեց շեյխը:

– Չէ, ես մանուկ ժամանակ` գետի մեջ խեղդվողը:

– Վարդա՛ն, – ասացին սեղանի շուրջ գտնվողներից մի քանիսը միաբերան:

– Այո՛, – գոռաց Ջեմալը, – Վարդանն ասաց միայն մեկ բառ:

Վարդապետների գդալները իրենց ձեռքից ցած ընկան, սառեցին, քար կտրեցին հանկարծ, միմյանց նայեցին շշմած: Սեղանակիցները նկատեցին այդ և հարց տվեցին. Ո՞վ է Վարդանը:

– Մեր հանգուցյալ ուսուցիչը, – նույն պահին ասացին երկու վարդապետները, – մի սուրբ ու հրաշագործ վարդապետ էր:

– Էվլիան է եղել, – ասացին սեղանակիցները. նրանք իրենց սրբերին այդպես էին կոչում:

– Այն խաչը, որ գործածեցինք, նրա խաչն էր, և օրհնված ջուրը նրա ջրամանից տվեցինք Ջեմալի բերանը:

Մի երկյուղ պատեց բոլորին: Մի սուրբ բան շրջում էր իրենց շուրջը, և անդենականից մեկը այցելել և հպվել էր իրենցից մեկին: Իրենք ականատես էին եղել այն բազմաթիվ հրաշքներից մեկին, որոնց մասին զրույցները լսում էին հաճախ, բայց երբեք չէին տեսել իրենց աչքերով: Ուրախացան, կերան, խմեցին և պարեցին քրդերը` այր ու կին միասնաբար, որոնք Ալավի աղանդին էին պատկանում և ավելի մոտ էին համարվում քրիստոնյաներին և ավելի լայնախոհ: Երբ մութն ընկավ, շեյխ Մահմուդը իր տված խոսքը հիշեցրեց նրանց: Ձիերով առաջնորդեցին վարդապետներին, ջահերի և լապտերների ուղեկցությամբ: Ով որ ձի ուներ, մասնակցեց թափորին: Ճանապարհն անգիր գիտեին արդեն: Ոգելից խմիչքի պատճառած ուրախ տրամադրությամբ հաճախ կրակում էին օդի մեջ:

Մշո Սուլթան Սուրբ Կարապետը հառնեց նրանց առջև: Լուսնի ճառագայթները արծաթյա երևույթ էին հաղորդել նրա խորհրդավոր պարիսպներին, պատերին, կամարներին և գմբեթին: Վարդապետները խաչակնքեցին երեսները և փառք տվեցին Աստծուն` այս անակնկալ և անմոռանալի օրվա համար:

 

Հաջորդ գլուխը՝

ՎԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ