Զճգնութիւն սրբոց Քոց Քրիստոս տօնելով այսօր ընդ զօրս անմարմնոցն.
Քեզ երգեմք անլռելի զօրհնաբանութիւն:
Մերկացեալք զմարդկային տկարութեան զգեստ.
Հաւատոյ վառեալ զգեստիւք. յաղթեալ հակառակամարտիցն ի պատերազմի:
Մկրտեալք ընդ Քրիստոսի հեղմամբ արեան ի մահ աստուածութեանն գոլով հրաշակերտք.
Շինեալք ի վայելչութիւն սուրբ Արքայութեանն:
Աղօթիւք սոցա եւ բարեխօսութեամբ պարգեւեա մեզ Քրիստոս
Մասն եւ բաժին ընդ հրաւիրեալսն ի կոչումն արքայութեանն երկնից:
(Շարակնոց)
Քրիստոսի բարեյաղթ զինուոր երանելի Կոդրատոսը, (հռոմէացիների լեզուով Կոդրատոս կամ Կոտրատոս թարգմանւում է քառակողմ կամ քառանկիւնի) Բիւթանիայի մայրաքաղաք Նիկոմիդիայից էր եւ ապրել է Դեկոս եւ Վաղերիանոս ինքնակալների հալածանքների տարիներին:
Նա երեւելի մէկն էր քաղաքում՝ բոլորից բարետես, բարձրահասակ եւ գեղեցկատես, զօրաւոր խօսքով, եւ որ ամէն ինչից վեր է՝ զարդարուած աստուածպաշտութեամբ ու ջերմեռանդ հաւատով:
Այդ ժամանակներում ինքնակալների սպասաւորները տարբեր վայրերից հաւաքում էին քրիստոնեաներին, բերում էին Նիկոմիդիա, նետում բանտ եւ ապա քարշ տալիս դատաւորների մօտ, որպէսզի եթէ համոզուէին հաղորդ լինել կուռքերին մատուցուող զոհաբերութիւններին եւ ուտել պիղծ կերակուրներից, առանց տանջանքների կþարձակուէին, այլապէս պիտի մահուան մատնուէին:
Քաղաքի բոլոր քրիստոնեաները տագնապի մէջ էին. ոմանք թաքնւում էին լեռներում, ոմանք՝ ագարակներում: Սակայն առաքինի նահատակները եւ Քրիստոսի ընտիր ծառաները համարձակ շրջում էին քաղաքում ու մեծ ուրախութեամբ սպասում, թէ ինչպէս արժանի լինեն վկայական խոստովանութեամբ փառաւորել Աստծուն: Նրանցից քաջ Կոդրատոսը, որն առանձնապէս աչքի էր ընկնում իր ջերմեռանդութեամբ, մօտեցաւ բանտապետին եւ զինուորներին ու նրանց շատ գանձեր տուեց՝ կալանաւոր եղբայրների կարիքների համար: Եւ այդպէս համարձակութիւն առնելով՝ յաճախ այցելում եւ խնամում էր Տիրոջ անուան համար բանտում գտնուողներին, հոգում նրանց կարիքները եւ լուսաւոր մտքով անդադար խրատում նրանց: Ովքեր քաջասիրտ էին ու յօժարակամ, նրանց ջերմեռանդ էր դարձնում վկայելու Տիրոջը, իսկ երկչոտներին ու վեհերոտներին քաջալերում եւ մխիթարում էր, որ չվախենան, այլ առաւել ուրախ լինեն: Ասում էր, թէ մարդկանցից շատերը ոչ թէ հեշտութեամբ, այլ մեծ տառապանքներով ու չարչարանքներով ելան այս աշխարհից, հանգիստ չունեցան այս ժամանակաւոր կեանքում եւ ոչ էլ հանդերձեալ բարիքներին արժանի եղան, իսկ Աստուծոյ համար վշտերն ու տառապանքները մեծամեծ բարիքների առիթ են թէ՛ այս կեանքում, թէ՛ հանդերձեալում:
Արդ, եկաւ օրը, եւ նահանգի Պերինիոս բդեշխը Նիկոմիդիայի հրապարակում նստեց ատեանում, եւ հրամայեց իր առջեւ բերել Քրիստոսի անուան համար բանտարկուածներին: Եւ երբ եկան, բդեշխն ասաց նրանց. «Ձեզնից իւրաքանչիւրը թող յայտնի իր անունը, ազգութիւնը, պատիւը եւ երկիրը»: Այնժամ երանելի Կոդրատոսը, որ կանգնած էր ամենավերջում՝ բանտարկուածների թւում չլինելու պատճառով, վառուելով աստուածպաշտութեամբ եւ երկնքի արքայութեան հանդէպ մեծ փափագով, ճեղքեց բազմութիւնն ու կանգնեց բոլոր եղբայրներից առաջ, վախենալով, որ միգուցէ նրանցից մէկը տկարանայ հարցաքննուելիս, վախենայ տանջանքներից եւ ուրանայ: Քանզի նրանցից ոմանց տեսնում էր բանտի նեղութիւններից գունատուած եւ ընդարմացած, նաեւ՝ նրանք տեսել էին պատրաստուած բազմաթիւ տանջանքների գործիքները: Որպէս քաջ նահատակ, սպառազինուած Քրիստոսով՝ բոլորից առաջ անցաւ եւ բոլորի առաջ բարձր ձայնով պատասխանեց բդեշխին. «Մենք քրիստոնեա՛յ ենք, այս իսկ է մեր անունը, իսկ մեր պատիւն ու ազատութիւնը նոյնն է՝ ծառայում ենք երկնաւոր Թագաւորին՝ Յիսուս Քրիստոսին եւ աներեւոյթ Աստծուն: Մեր քաղաքը երկնային Երուսաղէմն է, որտեղ Քրիստոս պիտի բնակեցնի Իր սիրելի զօրականներին: Ահա լսեցիր ամէնը: Այս է քո բոլոր հարցերի սպառիչ պատասխանը»:
Ատեանի զայրացած սպասաւորները ցանկացան նրան հեռացնել եւ սրահից դուրս բերել: Նրանք ասում էին. «Իշխանը քեզ չէ, որ հարցաքննում էր, այլ իր առջեւ կանգնածներին», իսկ բդեշխը, զարմացած նրա համարձակութեան վրայ, դռնապաններին ասաց. «Մօտ բերէ՛ք այդ ամբարտաւանին, թող տեսնենք, թէ ինչ օգուտ կունենայ իր համարձակութիւնից ու յանդգնութիւնից»: Այնժամ Կոդրատոսը դարձեալ այսուայն կողմ հրելով ամբոխին ու եղբայրներին, յօժարութեամբ առաջ եկաւ, կնքեց իր անձը Խաչի նշանով եւ ասաց բդեշխին. «Ո՛վ բդեշխ, լինելով առաջամարտիկ ընդդէմ բանսարկուի, որը քեզնով մարտնչում է Քրիստոսի ծառաների դէմ, ահա ինքնակամ քո առջեւ եմ: Պատրաստ եմ ամէն տեսակ տանջանքների: Արա՛, ինչ կամենում ես, որպէսզի տեսնես, որ Քրիստոսի զինուորներն անյաղթ են: Եւ մենք, որ ունենք Նրա կնիքը, ահաւասիկ պատրաստ ենք պատերազմել քո բոլոր հնարքների դէմ»:
Զայրացած բդեշխն սկսեց նախատել նրան՝ ասելով. «Ասա՛ ինձ, անզգա՛մ եւ չարագո՛րծ, ի՞նչ է քո անունը եւ ո՞վ ես դու»: Կոդրատոսը պատասխանեց. «Արդէն լսեցիր, որ մենք անուամբ քրիստոնեայ ենք եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ծառաները»: Բդեշխն ասաց. «Պէտք չէ, որ քեզ քրիստոնեայ կոչես, որովհետեւ թագաւորի հրամանով մահուան կը մատնուես: Տեսնում եմ, որ իմաստուն եւ բարետես այր ես, ու երեւում է, որ բարձրաստիճան տոհմից ես: Լսի՛ր ինձ, ես կը դիմեմ թագաւորին, եւ նա քեզ դատաւորի իշխանութիւն կը տայ, միայն թէ գոհացրո՛ւ աստուածներին»: Կոդրատոսը պատասխանեց. «Ո՛վ բդեշխ, մի՛ խաբիր եւ մի՛ վայրախօսիր, որովհետեւ բազում աստուածներ չկան, այլ՝ մի Հայր Աստուած, Որից է ամէն ինչ, եւ մի Տէր Յիսուս Քրիստոս, Որով է ամէն ինչ, եւ մենք էլ կանք Նրանով»: Բդեշխն ասաց. «Կան բազում աստուածներ, սակայն ամէն բանի վրայ թագաւորում են տասներկու աստուածները, որոնց պարտաւոր ես ընդունել ու երկրպագել»: Իսկ Կոդրատոսը առաջ բերեց հոմերական առակը, ըստ որի՝ բարի չէ շատ թագաւորներ ունենալը, այլ՝ մէկը: Բդեշխն ասաց. «Այդ դու ասացիր եւ չի ակնարկուած Հոմերոսի խօսքերում: Նա Պոսիդոնի համար ասում է՝ հաւաքեց ամպերը, փոթորկեց ծովը բոլոր հողմերով, ծածկեց ամպերով, եւ աստուածների հայրն ի վերուստ սոսկալի որոտ արձակեց: Եկաւ Պոսիդոնը, շարժեց երկիրը եւ Տրոյա քաղաքը ու աքայացիների նաւը: Առաւել պերճ խօսքերով գրում է նաեւ Արամազդի քաջագործութիւնների մասին, որպէսզի ճանաչես աստուածների մեծութիւնը»: Երանելի Կոդրատոսն ասաց. «Ինչ որ ասել է Հոմերոսը, ճշմարի՞տ է ասել, թէ՞ սուտ»: Բդեշխն պատասխանեց. «Ճշմարի՛տ»: Կոդրատոսն ասաց. «Ապա ուրեմն ճշմարիտ են նաեւ նրա ասածները նրանց անառակութեան եւ գարշելի ու պիղծ գործերի մասին, որոնք վայել չեն աստուածներին, այլ՝ մոլեռանդ եւ պղծագործ մարդկանց: Ես ամաչում եմ ձեզ համար, որ թողնելով Աստծուն, երկրպագում էք պիղծ դեւերին: Եւ եթէ կամենում ես, ձեր իսկ քերթողներով ցոյց կը տամ, որ ձեր կուռքերը գարշելի դեւեր են»:
Բարկացաւ բդեշխը եւ ասաց. «Իմ ներողամտութիւնից համարձակութիւն առած՝ դու սկսեցիր լուտանքներ թափել: Վախենում եմ, որ թագաւորը բարկանայ ինձ վրայ, որ քեզ թոյլ տուեցի այդպէս խօսել ու արհամարհել իմ ունեցած իշխանութիւնը, սակայն ես կը սանձեմ քո համարձակութիւնը»: Պատասխանեց վկան. «Իմ համարձակութիւնը ինձնից չի կարող վերցնել ո՛չ դու, ո՛չ քո թագաւորը եւ ո՛չ էլ որեւէ մէկը»:
Այնժամ բռնաւորը հրամայեց մերկացնել Քրիստոսի նահատակին, պրկել նրա մարմինը փայտին եւ հարուածել փշօտ գաւազանով այնքան, մինչեւ որ ասի իր անունը եւ ով լինելը: Եւ երբ բդեշխը չկարողացաւ նրանից պատասխան ստանալ, իր սպասաւորներից ոմանք, որ ճանաչում էին նրան, ասացին. «Նրա անունը Կոդրատոս է, եւ մեծ տոհմից է»: Ապա կամենալով հրապոյրներով որսալ նրան, եւ նրանով էլ՝ միւսներին, հարուածողներին ասաց. «Խնայէ՛ք դրան ու արձակէ՛ք փայտից»: Կոդրատոսն ասաց նրան. «Այդ ի՞նչ արեցիր, դու գցեցիր քո պատիւը»: Բդեշխը մօտ կանչեց նրան ու ասաց. «Կամովին համաձայնի՛ր մեզ, մի՛ անարգիր քո պատիւն ու ազգատոհմը քրիստոնէական կրօնի պատճառով, որով մոլորուել ես»: Երանելին պատասխանեց. «Ես նախընտրեցի ընկեցիկ լինել Աստուծոյ տան մէջ, քան թէ բնակուել մեղաւորների յարկի տակ»: Բդեշխն ասաց. «Համաձայնի՛ր եւ զոհ մատուցի՛ր աստուածներին, յատկապէս որ պատուակից ես հռոմայեցիների մեծ ծերակոյտին: Ինչո՞ւ մեռնես որպէս մի չարագործ: Գիտե՞ս, թէ որքան հազարաւոր քաջ մարդիկ ընդունեցին թագաւորների եւ մեծ սինկղիտոսի հրամանները, ու ոչ մի քրիստոնեայ չմնաց»: Իսկ սուրբ Կոդրատոսը պատասխանելու փոխարէն կրկնեց սաղմոսի այն խօսքերը, թէ՝ «Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժւում, մեղաւորների ճանապարհին ոտք չի դնում եւ յանցագործների հետ համախոհ չի լինում»[1]: Բդեշխն ասաց. «Ո՛վ Կոդրատոս, մի՛ այլաբանիր քեզ խաբելով, որովհետեւ այս հրամանը նոյնն է բոլոր քրիստոնեաների համար, թէ՛ աղքատ, թէ՛ հարուստ, թէ՛ թշուառ եւ թէ՛ պատուական անձանց համար, եւ այս ատեանը չի խնայում ոչ մէկին»: Կոդրատոսն ասաց. «Դա այդպէս է, որովհետեւ աստուածային Գիրքը եւս ասում է. "Այլևս չկայ ո՛չ ծառայ եւ ո՛չ տէր, ո՛չ հարուստ եւ ո՛չ տնանկ, ո՛չ բարբարոս եւ ո՛չ սկիւթացի, ո՛չ հելլէն եւ ոչ յուդայական, այլ բոլորս մէկ ենք ի Տէր": Արդ, աղաչում եմ, կատարի՛ր քո թագաւորների եւ սինկղիտոսի հրամանը, որովհետեւ ես քրիստոնեայ եմ, եւ իմ ազգն ու պատիւն իմ Տիրոջ մօտ է եւ ոչ թէ մարդկանց, որ այսօր կան ու վաղը չեն լինելու»: Այնժամ բդեշխը, խնայելով նրա երիտասարդութեանը, սկսեց գորովանքով խօսել ու ասել. «Ընդունի՛ր եւ զոհ մատուցի՛ր, վայելի՛ր կեանքի բարիքները եւ այս լոյսի պայծառութիւնը»: Այս ասելով՝ բդեշխը կեղծաւորաբար արտասուեց մեծ հառաչանքներով եւ թաշկինակով սրբեց երեսը: Իսկ քաջ Կոդրատոսը յանդիմանեց չարի խարդախութիւնը՝ ասելով. «Դժնդակ վիշապի խորամանկութիւնը եւ մարդասպան բելիարի արտասուքն իմ առջեւ մի՛ բեր: Յափշտակող գա՛յլ, չես կարող յափշտակել Աստուծոյ ծառայիս»:
Այդտեղ գտնուող դատաւորներից մէկը, որի անունը Մաքսիմիանոս էր, սաստեց սուրբին եւ ասաց. «Իմ մեծավայելուչ տէրը ողորմում է քեզ, իսկ դու անարգո՞ւմ ես նրան»: Կոդրատոսն ասաց. «Նա ողբալու է իր ծննդեան օրը, իսկ ես լալու արժանի չեմ: Ո՞վ ես դու, որ խօսում ես նրա առջեւ: Բաւական է մեզ բդեշխը: Իսկ եթէ դու ես կամենում դատել, թող Տէրը սաստի քեզ»:
Այնժամ խօսեց նաեւ Աստերիոս վաճառապետը՝ ասելով. «Երդւում եմ քո կեանքով, իմ տէ՛ր բդեշխ, եթէ այդպէս թողնես դրան, չի ակնածի անարգել նաեւ ինքնակալ թագաւորին, հայհոյել աստուածներին ու մեզ մեծ վտանգի մատնել»: Տեսնելով, որ բազմացան իր դատախազներն ու դատաւորները՝ Քրիստոսի վկան ասաց. «Լա՛ւ է ասում աստուածային Գիրքը. "Ինչո՞ւ խռովութիւն արեցին հեթանոսները, եւ ժողովուրդները դատարկ բաներ խորհեցին: Հաւաքուեցին երկրի թագաւորները, եւ միաւորուեցին իշխաններն ընդդէմ Տիրոջ ու Նրա օծեալի"[2], քանզի ահա Քրիստոս եւս դատւում է ամբարիշտ եւ սնոտի իշխանների կողմից»: Բդեշխը հրամայեց. «Մերկացրէ՛ք այդ ամբարտաւան մարդուն ու հարուածէք չոր արջառաջլերով, որպէսզի հնազանդուի մեր տէր թագաւորներին»:
Իսկ երանելին տանջանքների մէջ գոհանում էր Տիրոջից ու ասում. «Փա՛ռք Քեզ, իմ Տէր Աստուած, Յիսուս Քրիստոս, որ անարժանիս ու մեղաւորիս արժանացրիր Քո սուրբ անուան համար կրել այս չարչարանքները եւ ինձ եւս դասակից դարձրիր Քո ծառաներին: Գոհանում եմ Քեզնից, Տէ՛ր, եւ Քո առջեւ ընկած աղաչում եմ, Աստուա՛ծ իմ, աւարտին հասցրու իմ կեանքի ընթացքը Քո սուրբ անունով, կնքի՛ր իմ խոստովանութիւնը Սուրբ Հոգու շնորհով, պարգեւի՛ր ինձ հանճարեղ միտք եւ անխոտոր հաւատ, ինձ իմաստուն դարձրու Քո անհուն իմաստութեամբ, պահի՛ր ինձ Քո Աջով, Բարձրեա՛լ: Հիմա է փրկութեան եւ օգնութեան ժամանակը, հիմա է Քո խոստումների ժամանակը, ընդունի՛ր իմ աղաչանքը, որպէսզի իմ մէջ եւս փառաւորուի Քո սուրբ անունը: Կատարի՛ր հոգուս տենչը, ուղղի՛ր իմ բարի խորհուրդները, մօտեցրո՛ւ ինձ Քո Հօրը եւ Նրա առաջ խոստովանի՛ր ինձ, Տէ՛ր իմ Յիսուս Քրիստոս»:
Եւ այնքան հարուածեցին երանելու թիկունքին, որ դահիճները յոգնեցին ու հինգ անգամ նրանց փոխարինեցին: Սուրբ վկայի ողը մէկ թզաչափից աւելի մեծ ուռուցք դարձաւ, իսկ արիւնը մարմնի կտորների հետ հոսում էր գետի պէս: Բդեշխն ասաց նրան. «Գոնէ հիմա հաւատո՞ւմ ես աստուածներին»: Իսկ Քրիստոսի երանելի վկան պատասխանեց. «Հեթանոսների կուռքերը ոսկի եւ արծաթ են՝ մարդկանց ձեռքի գործ: Բերան ունեն եւ չեն խօսում, աչքեր ունեն եւ չեն տեսնում, ականջներ ունեն, բայց չեն լսում, քիթ ունեն, բայց չեն հոտոտում, ձեռքեր ունեն եւ չեն շօշափում, ոտքեր ունեն եւ չեն քայլում: Նրանց ստեղծողներն ու նրանց յուսացողները նրանց նման են»: Ի պատասխան՝ բդեշխն ասաց. «Կարծում եմ, որ խաբում ես խաւար սփռող քո խօսքերով: Լսի՛ր ինձ եւ զոհ մատուցիր աստուածներին»: Սուրբն ասաց. «Լոյսը քեզ խաւար է թւում, եւ ճշմարտութիւնը՝ մոլորութիւն: Իմացի՛ր, որ ես քո աստուածներին չեմ պաշտում եւ կայսեր ու սինկղիտոսի հրամանը չեմ ընդունում: Արդ, ինչ կամենում ես, արա՛ իսկոյն եւ ինձ երկնաւոր Թագաւորի մօտ ուղարկի՛ր»: Բդեշխն ասաց. «Վախճանիդ մօտեցրած վճիռը քեզ անամօթ է դարձրել: Երդւում եմ աստուածներով, որ չեմ խնայի քեզ, այլ նոր տեսակ տանջանքներով եւ դաժան մահուամբ կþոչնչացնեմ քեզ»:
Եւ քանի որ արդէն օրն աւարտւում էր, բդեշխը հրամայեց բանտ տանել բոլոր քրիստոնեաներին: «Նրանց հետ,- ասաց,- տարէ՛ք եւ Կոդրատոսին: Մանր խեցի սփռէ՛ք գետնին, սուրբին տարածէք դրանց վրայ, նրա լանջին մի մեծ քար դրէք, ոտքերն ամրացրէք կոճղին, շղթայէք պարանոցը եւ այդպէս թողէ՛ք»: Եւ երանելի Կոդրատոսը երկար օրեր մնաց այս անտանելի տանջանքների մէջ: Նա համբերում էր իբրեւ առաքինի քաջ նահատակ՝ հաստատուն մնալով ի Քրիստոս:
Ապա Պերինիոս բդեշխը գնաց Նիկիա՝ նստելու ատեանում եւ հրամայեց իր առջեւից տանել նաեւ բանտարկուածներին: Սուրբ վկաները գնում էին մեծ ուրախութեամբ: Նրանց առջեւից գնում էր պանծալի նահատակ երանելի Կոդրատոսը: Ինչպէս երբ իր զօրութեամբ պանծացած առաքինի զօրավարը ճակատամարտ է մտնում իր փայլուն սպառազինութեամբ՝ իր խստադէմ եւ խոժոռ հայեացքով ահաբեկելով թշնամու գնդերին, այդպէս էր նա երեւում բոլոր տեսնողներին: Իր վրայ առած կապանքները՝ իբրեւ գեղեցիկ ու պատուական զարդեր, հրճւում եւ ուրախանում էր: Հելլէն փիլիսոփաները զարմանում էին քրիստոնեաների արիութեան, համբերութեան եւ առաքինութեան վրայ եւ ասում էին միմեանց. «Արդարեւ, մեծ է քրիստոնեաների հաւատը եւ առաջիկայ յոյսը, որով հեշտութեամբ են տանում այս չարչարանքները»: Եւ շատերը, ի վերուստ հաստատուելով այս խորհրդի մէջ, հաւատացին Տիրոջը եւ մեծացրին Կոդրատոսի խումբը՝ ուրացողների փոխարէն:
Ապա բդեշխն սկսեց դարձեալ հարցաքննել առաքինի անձանց պարագլուխ Կոդրատոսին. «Զոհ մատուցի՛ր աստուածներին, Կոդրատո՛ս»: Վկան պատասխանեց նրան. «Ես ծառան եմ Քրիստոսի, որ մարգարէի միջոցով ասաց. "Աստուածները, որ երկինքն ու երկիրը չեն արարել, կը կորչեն"»: Բդեշխն ասաց. «Հարկ է ընդունել թագաւորների հրամանները եւ ոչ թէ Քրիստոսի, ում Աստուած են ասում»: Կոդրատոսն ասաց. «Ես ընդունում եմ իմ Թագաւորի՝ Քրիստոսի հրամանները եւ ոչ թէ մարդկանց, որոնք Աստծուն չեն ճանաչում: Մեզ հրամայուած է աղօթել նրանց համար, բայց նրանց կուռքերին զոհեր մատուցել՝ ո՛չ երբէք: Ի՞նչ օգուտ էք տալիս կայսրին՝ զոհ մատուցելով պիղծ կուռքերին, եթէ ոչ մեծ վնաս, այն էլ նախ ինքներդ ձեզ պատճառելով»: Բդեշխն ասաց. «Եթէ աղօթում ես թագաւորի համար, ապա պէտք է նաեւ լսես ու հնազանդուես նրա օրէնքներին, քանզի ինչպէս ասում էք, ձեր օրէնքում գրուած է՝ հատուցել կայսրինը կայսրին, եւ Աստծունը՝ Աստծուն»: Կոդրատոսը պատասխանեց. «Երկրի վրայ եղած բոլոր արժանի պարտքերը, տուել եմ կայսրին եւ այժմ էլ շտապում եմ իմ Աստծուն տալ ամէն տեսակ առաքինութիւններ: Մեզ՝ քրիստոնեաներիս, ձեր թագաւորը հրամայել է կա՛մ զոհ մատուցել, կա՛մ մեռնել: Եւ մենք պատրաստ ենք ի Քրիստոս խոստովանութեան համար մեռնել ոչ թէ մէկ, այլ բիւր անգամ»: Բդեշխն ասաց. «Տեսնո՞ւմ ես, թէ քրիստոնեաների ինչ մեծ բազմութիւն զոհ մատուցեց աստուածներին»: Քաջ նահատակը պատասխանեց. «Եթէ ես զոհ չեմ մատուցում, ապա նրանց բոլորից աւելի իմաստուն եմ: Սակայն որտե՞ղ են նրանք, որ զոհ մատուցեցին, կամենում եմ տեսնել նրանց»:
Այնժամ բդեշխը հրամայեց ուրացողներին հաւաքել մի տեղում, որպէսզի Կոդրատոսը տեսնի եւ թերեւս հաւասարուի նրանց: Անթարթափ նայելով նրանց՝ սուրբը զայրագին ցասումով ասաց. «Թշուառնե՛ր, ի՞նչ պատահեց, որ իսկոյն ձեզ մատնեցիք սատանային՝ թողնելով ձեր կարգը եւ ուրանալով Տիրոջը, Ով մեր փրկութեան համար գնեց մեզ Իր արիւնով: Արդեօք չուսանեցիք մեռելների յարութեան, կամ Քրիստոսի միւս անգամ Գալստեան մասին, որ լինելու է փառքով եւ հրեշտակային զօրութեամբ՝ դատելու աշխարհը եւ տանելու արդարներին դէպի յաւիտենական կեանք, իսկ մեղաւորներին՝ յաւիտենական հուրը եւ արտաքին խաւարը, ուր անանցանելի են լացը, ատամների կրճտոցը եւ անքուն որդը: Ի՞նչ էք պատասխանելու այն սոսկալի օրը, երբ հրեշտակների զօրքերը ահուդողով կանգնած պիտի լինեն են ատեանի առջեւ: Եւ եթէ նրանք սոսկում են կանգնել մեծ ու ահաւոր ատեանի առջեւ, ապա ի՞նչ պէտք է անեն դեւերը եւ բոլոր նրանք, որ հաղորդ եղան նրանց: Բացէ՛ք ձեր սրտի աչքերը եւ տեսէ՛ք, թէ որտեղից ընկաք. հեռացաք յաւիտենական Թագաւորից եւ վաճառուեցիք անպիտան ծառային՝ գերուելով բանսարկուի կողմից, որը բնակւում է ձեր իշխանի մէջ: Եւ սա, ինչպէս մի ծառայ, որը տեսնելով, որ իր տէրը դրսում է, ծեծում է իր ծառայակցին ու սպանում, սակայն տէրը գալով մէջտեղից կը կտրի նրան եւ նրա մի մասն անհաւատների հետ կը դնի: Հասկացէ՛ք, թէ ինչ արեցիք: Վախենալով ժամանակաւոր տանջանքներից՝ ձեզ յաւիտենական տանջանքների մատնեցիք: Դուք ինքներդ կը ստանաք ձեր հատուցումը արդար Դատաւորից: Չէ՞ք լսել Նրա խօսքը, որ ասաց. "Մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող, այլ դուք առաւել վախեցէ՛ք նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին և մարմինը"»:
Երանելու այս խօսքերը սոսկումի ու զղջման բերեց բոլոր ուրացող անձանց: Նրանք սկսեցին միաբան աղաղակել ու արտասուալից ասել. «Տէ՛ր, մենք վախեցանք տանջանքներից, մոլորուեցինք անբան անասունների պէս եւ ցրուեցինք գայլերի մէջ ոչխարների պէս: Մեր մեղքերը մեզ գցեցին չարի որոգայթի մէջ: Կամենում էինք ապրել այս ժամանակաւոր կեանքում, սակայն մեռանք յաւիտենական կեանքի համար: Եւ թէ այսուհետ ինչ պիտի անենք թշուառականներս, չգիտենք»:
Այնժամ երանելի Կոդրատոսը, տեսնելով նրանց արտասուքները եւ լցուած մեծ ուրախութեամբ նրանց դարձի համար, ասաց. «Քաջալերուէ՛ք, եղբայրնե՛ր, քանզի մեր Տէր Յիսուս Քրիստոս բարեգութ է եւ ողորմած, անոխակալ եւ գթառատ: Արտասուքներով ընկէ՛ք Նրա առջեւ, հաստատուն մնացէ՛ք ի Քրիստոս խոստովանութեան մէջ եւ ձեզնից իւրաքանչիւրը Նրա արեամբ կը սրբուի մեղքերից: Թէպէտ միառժամանակ պարտուեցիք պատերազմում մարմնի տկարութեան պատճառով, սակայն այժմ քաջ խորհուրդներով յաղթէ՛ք առաքինաբար»: Իսկ նրանք բարձրաձայն ողբում ու լաց էին լինում: Երեսնիվայր գետին ընկած եւ հողը գլուխներին տալով՝ քարերով ծեծում էին իրենց կուրծքը: Տեսարանն այնքան սրտաճմլիկ էր, որ ամբողջ քաղաքից գնացին նրանց մօտ, եւ նրանց ողբակից եղան ոչ միայն քրիստոնեաները, այլեւ հեթանոսներն ու հրեաները, տղամարդիկ ու կանայք, փոքրերն ու մեծերը, մինչեւ որ հրապարակները, փողոցները ու տանիքները լցուեցին մարդկանց բազմութեամբ:
Իսկ բդեշխը բարկացաւ եւ հրամայեց ի տես բոլորի՝ կախել Կոդրատոսին, քերել ու ջահեր պահել նրա կողերին: Սակայն քաջ Կոդրատոսը, արհամարհելով տանջանքները, մեծ համարձակութեամբ քաջալերում էր զղջացողներին եւ ասում նրանց. «Բարին դա է, եղբայրնե՛ր, երկար աղօթէ՛ք Տիրոջը: Նա կը լսի ձեզ, որովհետեւ ողորմած է»: Եւ երբ նրանք ասացին, թէ՝ արժանի չենք տալու Քրիստոսի սուրբ անունը, քանի որ ուրացանք Նրան, սուրբ վկան զօրացրեց նրանց՝ ասելով. «Աղօթէ՛ք, եղբայրնե՛ր, աղօթէ՛ք, մեր Տէրը եւ Աստուածը բարերար է: Նա մերձ է բոլոր նրանց, ովքեր օգնութեան են կանչում Նրան: Մի՛ յուսահատուէք, եղբայրնե՛ր, մօտեցէ՛ք ինձ, քաջալերուէ՛ք եւ յուսացէ՛ք Տիրոջը»: Եւ նրանք հառաչանքներով ընկան նրա առջեւ, որից արտասուեցին անգամ անողորմ զինուորները, եւ շարժուեցին բոլոր քարացած սրտերը:
Իսկ սուրբ Կոդրատոսը կախաղանի վրայից երկինք նայեց ու աղաղակեց. «Տէ՛ր Աստուած, մեծ ու ահաւոր, բարերար եւ բարեգութ, որ մեզ համար ծագեցրիր արդարութեան Արեգակին՝ Քո Միածին Որդուն եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսին, Դու լուսաւորեցիր մեզ, որ առաջ խաւարի մէջ էինք ու հրաւիրեցիր: Ո՛վ ողորմած, գթած, ներողամիտ, բազումողորմ եւ ճշմարիտ Տէ՛ր, որ Քո մեծ մարդասիրութեամբ անտեսում ու ջնջում ես մեր մեղքերն ու անօրէն գործերը, վանի՛ր սկզբնաչարին եւ մարդասպանին՝ բարիատեաց եւ նախանձոտ սատանային, կուռքերի հօրը եւ խաւարի առաջնորդին: Ընդունի՛ր Քո զինուորներին, որոնք փոքր-ինչ մոլորուեցին սատանայի որոգայթներով, բայց այժմ ապաւինեցին Քո ամենազօր բարերարութեանը: Մի՛ բարկացիր նրանց վրայ՝ որպէս ապստամբների, այլ որպէս ընդունելի պատարագ՝ ընդունի՛ր նրանց հաշտութեամբ, ինչպէս որ ինձ՝ մեղաւորիս: Արժանացրո՛ւ նրանց խառնուել Քո երկնային եւ ճշմարիտ գնդին: Ցո՛յց տուր նրանց բարութեան նշան, որ ոչ թէ գարշում, այլ ողորմում եւ ընդունում ես ապաշխարողներին: Տէ՛ր Յիսուս Քրիստոս, լսի՛ր ինձ՝ Քո ծառային, եւ նրանց փոխարէն ա՛ռ իմ հոգին, որպէսզի յաւիտեան փառաւորուի Քո սուրբ անունը»:
Սուրբն աւարտեց աղօթքը, եւ բոլոր եղբայրները միաբերան գոչեցին՝ «ամէն»: Այնժամ հրաշք կատարուեց. յանկարծ մարեցին ջահերը, որոնցով այրում էին երանելի Կոդրատոսի կողերը, թուլացան դահիճների ձեռքերը, եւ սուրբերի վրայ լոյսի ամպ երեւաց: Իսկ բդեշխի եւ հեթանոսների վրայ կատարուեց հակառակը. սաստիկ խաւար եւ դժնի ծուխ պատեց նրանց, որից տագնապեցին անհաւատները եւ կարծեցին, թէ ահա քաղաքը պիտի կործանուի: Երկար լռութիւնից յետոյ լսելի եղաւ հրեշտակների ձայնը, որոնք օրհնում եւ փառաւորում էին Աստծուն, եւ բոլոր հաւատացեալները հասկացան, որ երկնքում մեծ ուրախութիւն եղաւ ապաշխարած անձանց համար:
Երկու ժամ անց խաւարն աստիճանաբար ցրուեց: Հեթանոսները տեսնում էին լոյսը, որ դեռեւս սուրբերի շուրջն էր: Այնտեղ կային անզեղջ ուրացողներ, որոնք սկսեցին բարձր ձայնով եւ հառաչանքներով աղաղակել առ Աստուած ու ասել. «Մեղանչեցինք, Տէ՛ր, քաւի՛ր մեր մեղքերը, անօրէնութիւն գործեցինք, հաշտուի՛ր մեզ հետ»:
Վախենալով, որ միգուցէ բոլոր հեթանոսներն ընդունեն քրիստոնէութիւնը՝ բդեշխը շտապեցրեց դահիճներին, որ բոլոր նրանց, ովքեր յարում էին Կոդրատոսին, նրա հետ միասին բանտ նետեն: Քաղաքի բազմութիւնը նրանց յետեւից գնաց մինչեւ բանտի դուռը, սակայն բռնութեամբ ցրեցին բոլորին:
Հետեւեալ օրը բդեշխը նստեց ատեանում եւ հրամայեց իր առջեւ բերել բոլոր բանտարկուած քրիստոնեաներին: Հարցաքննելով եւ իմանալով, որ նրանք պատրաստ են մեռնել Քրիստոսի անուան համար, հրամայեց կապել բոլորին, իւրաքանչիւրին տանել իր գաւառը եւ այնտեղ ողջ-ողջ այրել, որ տեսնողներն ահաբեկուեն: Եւ սուրբ վկաները, սրտապնդուած երանելի Կոդրատոսից, գնում էին մեծ ուրախութեամբ՝ փառաւորելով Աստծուն եւ գոհանալով անակնկալ փրկութեան համար:
Իսկ երանելի Կոդրատոսին ու նրա ընկերներին բդեշխը հրամայեց իր առջեւից տանել դէպի Հելլեսպոնտոս: Հասնելով Ապամիա քաղաքը՝ բդեշխը զոհեր մատուցեց գարշելի կուռքերին եւ այնտեղ իր կամքը պարտադրեց Կոդրատոսին՝ ասելով. «Եւ արդ, զոհ մատուցիր աստուածներին, որպէսզի փրկուես տանջանքներից, որ սպասւում են քեզ ու իւրայիններիդ»: Կոդրատոսը պատասխանեց. «Ես քրիստոնեայ եմ եւ դեւերին զոհ չեմ մատուցի»: Նայելով զգեստի նման այրուած եւ պատառոտուած նրա մարմնին՝ բդեշխը տարակուսած ասաց իւրայիններին. «Այլ ի՞նչ տանջանքների մատնեմ այս մահապարտին, որն ինքնին մեռածների թւում է»: Զօրականները չգիտէին, թէ ինչ պատասխանեն, որովհետեւ տեսնում էին, որ նրա մարմնի վրայ ողջ տեղ չէր մնացել տանջանքներ կրելու համար:
Այնժամ չարի խորհրդով բռնաւորը նորատեսիլ չարչարանք յօրինեց. հրամայեց սուրբին գցել մի քուրձի մէջ, ապա խոր փոս փորել, նրան այնտեղ գցել ու շուրջ մէկ ժամ պարաններով ծեծել: Նրան դուրս բերեցին քուրձի միջից՝ համարելով, թէ մեռած է, սակայն կենդանի նահատակը, որ անմռունչ տանում էր այդ քստմնելի հարուածները, ասես ոչինչ չէր զգացել: Բդեշխն ասաց նրան. «Եւ դու չզգացի՞ր տանջանքները»: Սուրբը չպատասխանեց նրան, այլ աղօթեց Տիրոջն՝ ասելով. «Փա՛ռք Քեզ, Տէ՛ր Յիսուս Քրիստոս, նրանց հարուածները մանկան արձակած նետերի պէս եղան, քանզի տկարացաւ նրանց զօրութիւնը դրանց մէջ: Դու ես, Աստուա՛ծ իմ, որ զօրացրիր ինձ ի փառս Քո զօրութեան»: Բարկացաւ բդեշխը եւ ասաց. «Թշուառակա՛ն, ես կը մասնատեմ ողջ մարմինդ, որքան էլ վստահես քո կախարդութեանը», իսկ վկան շարունակում էր օրհնաբանել Աստծուն:
Այնուհետեւ բդեշխը գնաց բիւթանացիների Կեսարիա, որ նաեւ Ապոլոնիա էր կոչւում եւ իրենից առաջ տարաւ Կոդրատոսին: Այնտեղ եւս զոհեր մատուցելով իր գարշելի կուռքերին, կանչեց վկային եւ ասաց նրան. «Այլեւս բաւական են կրածդ տանջանքները, այժմ մօտեցի՛ր եւ զոհ մատուցի՛ր աստուածներին»: Կոդրատոսն ասաց. «Տանջանքներով յարձակուեցիր ինձ վրայ եւ հիմա կարծում ես, թէ կը համաձայնե՞մ: Արա՛, ինչ պէտք է անես, եւ կը տեսնենք՝ դո՞ւ կը յաղթես, թէ՞ իմ ճշմարիտ ու անյաղթելի հաւատը»: Այնժամ բդեշխը հրամայեց պրկել նրան քարերի վրայ, մեծ-մեծ քարեր դնել ձեռքերի ու ոտքերի վրայ եւ փշոտ գաւազաններով երկար հարուածել: Տանջանքների մէջ երանելին սաղմոսում էր՝ ասելով. «Բազում անգամ մարտնչեցին իմ դէմ՝ իմ մանկութիւնից սկսած, սակայն ինձ չյաղթեցին...»: Եւ երբ աւարտեց սաղմոսը, բդեշխն ասաց. «Թող երկար ծեծուի, որովհետեւ խելքի չեկաւ»: Սուրբ Կոդրատոսը պատասխանեց. «Հարուածի՛ր, հարուածի՛ր մարմնիս, որ տանջել ես համարում, մինչդեռ չգիտես, որ յոյժ ուրախացնում ես հոգուս»: Բդեշխն ասաց. «Չար դեւի տիրեցիր, ո՛վ թշուառական»: Սուրբը պատասխանեց. «Երդւում եմ իմ Փրկիչ Քրիստոսով, որ տիրեցի ոչ միայն մէկ, այլ առաւել չարի ու չարանմանների ամբողջ զօրութեանը իմ Տէր Յիսուս Քրիստոսով: Նրան փա՛ռք յաւիտեանս»: Եւ եղբայրները, որոնք կցորդ էին սուրբի կապանքներին, աղաղակեցին՝ «ամէն»:
Բդեշխը սաստիկ բարկացաւ: Թողնելով երանելի Կոդրատոսին՝ հրամայեց բռնել նրանցից երկուսին՝ Սատոռնինոսին եւ Ռուփինոսին ու քերել նրանց մարմինները: Այնժամ կախեցին նրանց մի փայտից, երկաթէ քերիչներով այնքան քերեցին ու քրքրեցին նրանց, որ մարմիններից դուրս թափուեցին նրանց ներքին անդամները: Իսկ երանելիներն իրենց տանջանքների մէջ աղաչում էին սուրբ Կոդրատոսին եւ բոլոր մօտ կանգնած եղբայրներին՝ աղօթել իրենց համար: Իրենք եւս, դէպի երկինք նայելով, աղօթում էին ու ասում. «Տէ՛ր Յիսուս Քրիստոս, բարձրեալ Աստուծոյ Որդի, մեզ եւս ուղարկիր Քո օգնականութիւնը եւ պահապան եղի՛ր Քո ծառաներին: Աստուա՛ծ մեր, տո՛ւր մեզ համբերութիւն եւ յաղթութիւն մինչեւ մեր կեանքի աւարտը»:
Եւ շատ ժամեր անց, երբ ոչ մի պատասխան չէին տալիս, քանի որ սաստիկ տանջանքներից խօսել իսկ չէին կարողանում, բդեշխը հրամայեց վերցնել նրանց, տանել Հելլեսպոնտոս տանող ճանապարհով ու այնտեղ սրով սպանել: Եւ այդպէս երկու սուրբ վկաները ի Քրիստոս աւարտեցին իրենց կեանքի ընթացքը: Հաւաքուեցին աստուածասէր մարդիկ եւ, դահիճներին ոսկի տալով, վերցրին նրանց պատուական նշխարները, իւրաքանչիւրին տարան իր քաղաքը եւ թաղեցին մեծ պատուով:
Իսկ երանելի Կոդրատոսին եւ նրա ընկերներին բդեշխը հրամայեց իր հետ տանել Ապոլոնիադա: Մտնելով Ապոլոնի մեհեանը՝ ստիպեց սուրբին զոհ մատուցել գարշելի դեւերին՝ ասելով. «Այսուհետեւ համաձայնուի՛ր եւ այդ մոլորութիւնիցդ հեռացի՛ր: Ինչո՞ւ ես անարգում քո պատիւն ու ազգը: Ընդունի՛ր աստուածներին եւ կեանք ունեցիր: Ես բժիշկներին կը հրամայեմ դարմանել քեզ, եւ եթէ նրանք դժուարանան, կը դիմես բժշկապետ Ասկլեպիոս աստծուն, եւ նա կը բժշկի քեզ: Ճանաչի՛ր աստուածների զօրութիւնը եւ երկիւղի՛ր մեծն Ապօլոնից, դիւցազն Հերակլէսից, բոլորի թագաւոր Արամազդից, հզօր Արէսից, ծովապետ Պոսիդոնից: Երբեւէ չե՞ս նաւել եւ չե՞ս տեսել նրա զօրութիւնը: Երկրպագի՛ր արեգակին. մի՞թէ նա երկնքում չէ, մի՞թէ նա եւս մեռաւ, ինչպէս որ դու ես ասում հայհոյելով»:
Սուրբ Կոդրատոսը զայրացաւ իր հոգում եւ համարձակ պատասխանեց նրան. «Ես երկրպագում եմ ճշմարիտ եւ աներեւոյթ Աստծուն եւ Նրա Միածին Որդուն՝ մեր փրկիչ Տէր Յիսուս Քրիստոսին: Ես երկիւղում եմ միայն Նրա սպառնալիքներից, սարսում միայն Նրա ամենազօր Աստուածութիւնից եւ չեմ ուրանում Նրա անճառելի զօրութիւնը: Չեմ հաւատում մեռելոտի կուռքերին, չեմ վախենում դեւերից, արհամարհում եմ մարդկանց ձեռքի գործը, ինչպէս նաեւ քեզ, որ իշխանութիւն ունես ինձ վրայ: Տասն օր յետոյ պիտի գնամ իմ Տիրոջ մօտ, իսկ դու կը վախճանուես անբան անասուններից վատթար, որովհետեւ չճանաչեցիր ճշմարիտ Աստծուն, որ քեզ կեանք է շնորհել: Սատանայի որդի՛ եւ բելիարի եղբա՛յր, գարշելի դեւերի հաղորդակի՛ց, խոզերից աւելի անմի՛տ, մոլեկան շո՛ւն, արիւնարբու վիշա՛պ, մարդակեր գազաններից աւելի վայրի՛, ինչպէ՞ս չես ամաչում զոհ մատուցել դրանց, որոնք ոչինչ չեն ճաշակում: Ձեր խոհարարներն առաւել պարկեշտ են, քան դուք, որովհետեւ նրանք մորթում են իրենց տներում՝ ի վայելումն մարդկանց եւ ոչ թէ դեւերի: Իսկ դուք զոհ էք մատուցում քարերին եւ ինքներդ ձեզ ծաղրի մատնում: Արդ, թող գայ ձեր զոհն ընդունողը, երեւայ, որոնի ինքն իրեն, ընդունի եւ ուտի: Թող քո այդ քարեղէն աստուածն ասի, թէ ինչ է կամենում, ինչ զոհ մատուցել իրեն՝ ա՞յծ, արջա՞ռ, թէ՞ թռչուն: Ամաչէ՛ք, սատանայի որդիներ, որովհետեւ դուք մոլագար էք եւ մեզ էլ մոլագար էք համարում»:
Այս խօսքերից կարկամեց բդեշխը եւ սրտի չարութիւնից չգիտէր, թէ ինչ անէր: Յիմարաբար կարծելով, թէ դարձեալ տանջելով կը նուաճի Քրիստոսի անյաղթ վկային՝ դահիճներին հրամայեց աղ եւ քացախ ցանել սուրբի վէրքերի վրայ, մազեղէն քուրձով շփել, եւ ապա կողերին շիկացած երկաթ մօտեցնել: Երանելի Կոդրատոսը քաջութեամբ համբերում էր ցաւերին եւ հեզութեամբ աղօթում: Շարժւում էին միայն շրթունքները, եւ ոչ ոք նրանից ամենեւին ձայն չէր լսում: Երբ դահիճները յոգնեցին, բդեշխը հրամայեց դադարեցնել տանջանքները:
Հետեւեալ օրը բդեշխը դարձեալ ճանապարհուեց դէպի Հելլեսպոնտոս: Հրամայեց իր առջեւից սայլի վրայ տանել Կոդրատոսին՝ ամբողջովին քաղցած: Եւ երբ հասան Ռիւնդակ գետին, տեղի իշխանը մեծ ամբոխով նրան ընդառաջ եկաւ՝ իբր պատիւ տալու համար, սակայն իրականում կամենում էր տեսնել Աստուծոյ ծառայ Կոդրատոսին, որովհետեւ նրա նահատակութեան համբաւը հասել էր մինչեւ Ասիա եւ տարածուել ամենուր:
Գալով մօտակայ աւանը, որ կոչւում էր Տաճարագիւղ (ըստ յոյների՝ Երմուպօլիս), իջեւանեց այդտեղ, իսկ առաւօտեան նստեց ատեանում, հրամայեց առաջ բերել Կոդրատոսին՝ ամբոխի առաջ նրան դատելու եւ բոլորին ահաբեկելու համար: Եւ ահա դահիճները ուսամբարձ բերեցին սուրբին, որովհետեւ նա քայլելու ուժ չունէր: Ողջ ժողովուրդը նայում էր անյաղթ վկային. երանելին թաթախուած էր արեան մէջ եւ պատուած՝ վերքերով, սակայն հոգու ներքին ուրախութեամբ զուարթադէմ էր, ինչպէս որ գրուած է. «Բերկրացող սրտի դէմքը զուարթ է»[3]:
Երբ կանգնեց ատեանի առաջ, բդեշխն ասաց նրան. «Խելքի եկա՞ր, ո՛վ Կոդրատոս, թէ՞ չես թողել խելագարութիւնդ»: Երանելին բարձր ձայնով պատասխանեց նրան. «Ես իմ մանկութիւնից զգաստ եմ եղել եւ իմ մօր որովայնից Քրիստոսի ծառան եմ»:
Այնժամ բռնաւորը հրամայեց երկաթէ կրակարան բերել եւ այն շիկացնել այնքան, որ հրակերպ դառնայ: Նրա հրամանով դահիճները կամեցան Կոդրատոսին պառկացնել շիկացած «անկողնու» վրայ, սակայն քաջ նահատակն ասաց դահիճներին. «Հեռացէ՛ք ինձնից, սատանայի արբանեակնե՛ր, ես ինքս կը բարձրանամ»: Եւ կնքելով իրեն Քրիստոսի խաչով՝ արիաբար ելաւ: Դահիճները կրարարանի վրայ ձիւթ եւ ձէթ էին լցնում, իսկ սուրբ Կոդրատոսը սաղմոսում էր՝ ասելով. «Աստուա՛ծ, նայի՛ր ինձ՝ օգնելու, Տէ՛ր, շտապի՛ր ինձ օգնել, ովքեր պահանջում են իմ հոգին, թող ամաչեն եւ պատկառեն, թող յետ դառնան ու ամաչեն, ովքեր ինձ չարն են կամենում»: Երբ աւարտեց սաղմոսը, ուրախութեամբ ասաց բռնաւորին. «Քո այս հուրը թոյլ է, իսկ այս կրակարանի երկաթն աւելի փափուկ է, քան քո սիրտը: Լաւ է, որ ինձ «անկողին» ես պատրաստել՝ չարչարանքներից հանգստանալու համար»:
Շատ ժամեր անցան, եւ նահատակը ոչինչ չէր զգում, ասես հուրն ամենեւին չէր մօտեցել իրեն: Զարմացաւ բդեշխը եւ յոյսը կտրեց, թէ տանջանքներով կը կարողանայ յաղթել նրան: Հրամայեց հանել նրան կրակարանից, տանել գիւղից փոքր-ինչ հեռու մի բարձրադիր տեղ ու այնտեղ գլխատել: Ճանապարհին երանելին սաղմոսում էր՝ ասելով. «Օրհնեալ է Տէրը, որ մեզ նրանց ատամների որսը չդարձրեց»:
Եղբայրները, ձայնակից լինելով նրան, գնում էին նրա նահատակութեան վայրը: Սուրբը երկար աղօթեց եւ գոհանալով Աստծուց՝ իր պարանոցն ուրախութեամբ մատնեց սրին: Եւ այդպէս Տիրոջ մօտ 250 թուականին երանութեամբ աւարտեց իր կեանքի ընթացքը: Եղբայրները վերցրին բազմայաղթ վկայի սուրբ մարմինը եւ երկիւղով թաղեցին պատշաճ մի վայրում՝ փառաւորելով Քրիստոսին: Նրան փա՛ռք յաւիտեանս. ամէն:
________________________________________
[1] Սաղմ. Ա 1:
[2] Սաղմ. Բ 2:
[3] Առակ. ԺԵ 15:
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
Սուրբ Կոդրատոս զինուորի եւ նրա ընկերների վկայաբանութիւնը - Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 261:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: