ՁՈՆ
Գրքիս երկրորդ հատորը ձոնում եմ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տասնամյակին. տարիներ, որոնք անցել են մերօրյա ուխտավորների ճանապարհները հարթելով և նրանց համար օթևաններ կերտելով:
Կոլոտն անհամբերությամբ սպասում էր կիրակի օրվան: Մինչ այդ ամեն օր հաճախում էր Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցի և առավոտյան ու երեկոյան ժամերգություններին քարոզում էր ժողովրդին: Նրա համբավը կայծակի արագությամբ տարածվել էր ողջ Սամաթիայով մեկ, որտեղ մոտ քսան հազար հայեր էին ապրում: Գասպար Դպիրն ու իր խումբը որոշել էին աջակցել այս պերճախոսքարոզչին և ամեն գնով նրան իրենց մոտ պահել: Կոլոտին հյուրասիրող Արթին էֆենդին իր տան լավագույն սենյակն էր տրամադրել նրան և իր կնոջ հետ ամեն բան անում էր, որպեսզի Կոլոտի համար կատարյալ հանգիստ ապահովեր: Կոլոտի բարձրացող ժողովրդականությունից նրանց էլ, անշուշտ, որպես ազգականների, մի լավ բաժին պիտի հասներ: Ո՞վ չէր փափագի փայլող աստղի կողքին կանգնել, որպեսզի լույսի մի փայլ էր իր երեսի վրա շողշողար: Իրենց զավակներին վաղուց ամուսնացրած այս ծեր մարդկանց համար մեծ ուրախություն էր տեսնել իրենց խոշոր տունը լեփ- լեցուն հարևաններով ու թաղի երևելիներով, որոնք մինչև ուշ գիշեր զրուցում էին ընդարձակ սրահում` վառարանի շուրջ հավաքված: Ամեն գիշերկարծես ժողովրդական դիվան էր կազմվում:
Կոլոտն ավելի նախընտրում էր լսել ուրիշներին, քան խոսել, և նրանց հարցեր ուղղել, քան պատասխաններ տալ: Բոլոր հյուրերը այս նորեկ վարդապետին Պոլսի քաղաքական և համայնքային խնդիրների շուրջ իրենց հմտությունը փաստելու համար մրցում էին միմյանց դեմ: Կոլոտը բավականին խելացի էր և ամեն նյութի շուրջ մասնագետի հովերով չէր տառապում: «Այն վարդապետը, որ միշտ վարդապետ է, հիմարի մեկն է»,- ասում էր Վարդան վարդապետը,- «իսկ խելացի Վարդապետը գո հանում է կեսաշակերտ մնալով իր ողջ կյանքում»: Եվ ահա այս համեստ զրույցների ու վիճաբանությունների շնորհիվ Կոլոտի ուշիմ միտքը մի քանի օրում արդեն ըմբռնել էր մայրաքաղաքի ազգային ու եկեղեցական բոլոր հիմնահարցերը, քաղաքական ու տնտեսական խնդիրները:
Վերջապես կիրակին եկավ: Առավոտյան ժամերգությունից հետո մեծ շուքով սկսվեց Ս. Պատարագը: Մայր Եկեղեցին բավարար չէր Գումգաբուի հայկական համայնքի պաշտամունքային կարիքները գոհացնելու համար, որովհետև քառասուն հազարի չափ հայեր էին ապրում պատրի արքանիստ այս թաղում, որտեղ միայն այս մեկ եկեղեցին կար: Եկեղեցու համալ րը պարունակում էր իրար կից երեք բազիլիկ եկեղեցիներ, որոնց մեջ կիրակի օրերին զուգահեռաբար երեք տարբեր պատարագներ էին մատուցվում: Երեսուն չորս քահանաներ էին ծառայում ժողովրդի կրոնական կարիքները հոգալու համար: Ահա այսպիսի խոշոր եկեղեցում երբ Հովհաննես Վարդապետը «խաղաղություն» տալու համար դառնում էր դեպի ժողովուրդը, գլուխների ընդարձակ մի ծով էր սփռվում նրա առջև: Սարգիս ճարտարապետն ու վերջինիս հարազատները քառասունքի առթիվ դասի մեջ էին կանգնել: Նրա հորեղբայրը՝ Մահտեսի Խոսրովը, դժգոհ երեսով ու ձայնով փսփսաց Սարգիս ճարտարապետի ականջին. – Արդյո՞ք չպետք է այս Պատարագը պատրիարքն ինքը մատուցեր և ոչ թե այս անծանոթ գավառացի վարդապետը:
Սակայն չկարողացավ որևէ պատասխան ստանալ մտորումների տրված տրտումերես Սարգիս ճարտարապետից, ով, աչքերը գետնին հառած, տառապում էր նորակորույս իր սիրելի հոր թարմ հիշատակներով՝ դեռ չհաշտվելով նրա մահվան հետ:
Երբ պահը եկավ քարոզելու, դպիրները Կոլոտին հանձնեցին խաչն ու գավազանը: Կոլոտը քարոզելու երկու ընտրություն ուներ: Կարող էր խոսել գրաբարով ճոխացած ծանր ոճով, որով ապա ցուցած կլիներ իր անառարկելի լեզվական վարպետությունը: Դրանով, անշուշտ, այս գավառացի վարդապետի աստվածաբան լինելու հան գա ման քը պիտի հաստատ վեր Պոլսի երևելի ների և ժողովրդի մեջ, որոնք հավանաբար շատ քիչ բան պիտի հասկանային նրա ասածներից: Մայրաքաղաքի խելացի եկեղեցականներն այդպես էին քարոզում, և Կոլոտի համար էլ ավելի հարմար ու անվտանգ քարոզելու ոճը կարծես դա էր: Եվ կամ, հակառակը, պիտի խոսեր ժողովրդի համար հասկանալի ու մտերմիկ ոճով: Ամբողջ Պատարագի ընթացքում Կոլոտը երկմտության մեջ էր: Երկու ոճով էլ կարող էր խոսել, երկուսին էլ պատրաստ էր: Բնազդով հասկանում էր, որ դա իրեն հրամցված մեկ անգամվա բախտավորություն էր: Իր այս քարոզով պիտի գծվեր իր ապագա ճակատագիրը: Սակայն երբ դարձավ գլուխների ծովին, և մի պահ հայացքը հանդիպեց մխիթարանքի կարոտ Սարգիս ճարտարապետի հայացքին, արդեն քաջ գիտեր` ինչպես պիտի խոսեր:
Մահտեսի Խոսրովը կրկին փսփսաց Սարգիս ճարտարապետի ականջին.
– Արդյո՞ք չպետք է պատրիարքն ինքը գոնե քարոզեր: Սակայն կրկին ոչ մի պատասխան չստացավ Սարգիս ճարտարապետից, ով արդեն առաջին պահից իսկ սկսած` անբացատրելի համակրանք էր տածում այս գավառացի եկեղեցականի նկատմամբ:
– Տխուր եք, գիտեմ: Երբ հող է դառնում մեր սիրելին, ում հետ վարժվել էինք միշտ միասին լինել, հողի պես մի սև շղարշ է պատում մեր սրտերին: Հողը շատ անգութ է թվում մեզ: Սակայն Աստծո խոսքը մեզ սովորեցնում է, որ հողը հրաշքների վայրն է: Մարդիկ միշտ երկնքին են նայում, երբ ուզում են հրաշք տեսնել: Սխալ են անում. պետք է հողին նայեն, որովհետև Աստված, Ով երկնքում է, Իր երեսն ուղղել է դեպի երկիր Իր արվեստն իրագործելու համար: Աստծո լուսեղեն մատների առջև մի պաստառ է այս երկիրը, իսկ հողը` կավ արձանագործի Իր ափերի մեջ: Աստված երկինքներից է փչում Իր կենդանարար շունչը, որ գալիս, բախվում է հողին՝ թափանցելով նրա մեջ խորապես, և ահա հրաշքնե՜ր, հազա՜ր տեսակ հրաշքներ` ծաղի՜կ, ծաղի՜կ, ծաղի՜կ` հազար ու մեկ տեսակ, ծառե՜ր՝ անթիվ-անհամար, և ահա գույնզգույն թռչուննե՜ր՝ նրանց վրա ճռվողող, միլիոն տեսակ միջատ, սողուն, անասուն. բոլորը, բոլորը հողից են հրաշալիորեն ժայթքում:
Հովհաննես Վարդապետը մի պահ կանգ առավ, շնչով լցրեց թոքերը և իր զորեղ շեշտով խոսքն ուղղեց սառույց կապած լուռ բազմությանը.
– Ասացե՛ք ինձ, սիրելի՛ եղբայրներ և քույրեր, խնդրում եմ, ասացե՛ք, ինչպե՞ս են այս հրաշալիքներն անկենդան հողից դուրս գալիս. որովհետև հողն առանձին չէ, այլ Աստված կա նրա մեջ: Այն հողի մեջ, ուր թաղում ենք մեր սիրելիներին, Աստված կա, սիրելի նե՛ր, Աստված կա նրա մեջ:
Ի՜նչ բարի լուր, ի՜նչ սքանչելի ավետիս: Հետևաբար մեր սիրելիներին մենք հողին չենք հանձնում, այլ Աստծուն, Ով թաքնված է հողի մեջ Իր կենդանարար շնչով և սպասում է տիեզերքի մեծագույն հրաշքն իրագործելուն, այն է` հարություն տալու նրա մեջ բոլոր թաղվածներին: Այս է իմ հավատքը, իսկ ձերն ի՞նչ է: Ես հավատում եմ Մեկին, Ով ասել է. «Եթե ցորենի հատիկը, հողի մեջ ընկնելով, չմեռնի, չի կարող նոր կյանք ունենալ»: Դուք ո՞ւմ եք հավատում:
Սառույցը ճայթեց, և խանդավառության մի հուզում ալիք-ալիք տարածվեց... Լուռ ժողովուրդը սկսեց պատասխանել նրա հարցերին ջերմորեն, դրա կան շեշտով: Բոլորին ծանոթ շիրիմների վրա հանկարծ ծաղիկներ` մանուշակ ու շուշան, ծլարձակեցին, իսկ մահվան տխուր դուռը կարմիր ու սպիտակ վարդերով զարդարվեց: Սարգիս ճարտարապետի աչքերից երկու կաթիլ արցունք հոսեց դեպի վար, և առաջին անգամ հոր մահավան լուրից այս կողմ մի խաղաղ ժպիտ ծնունդ առավ նրա սգահար հոգում: Զգաց, որ այդ վայրկյանին մի կաթիլ լույս իջավ հորգերեզմանի վրա:
Վարդապետը շարունակեց խոսքն այլ օրինակներով և Ավետարանի խոսքերով՝ բոլորի համար հասկանալի պարզ ոճով ու բառերով: Մարդիկ կարծես թե առաջին անգամ էին լսում հազար անգամ իրենց լսած խոսքերը, որ այնքա՜ն թարմ ու նորաշունչ էին հնչում նրա բերանից: Եկեղեցականներն էլ իրենց հերթին զարմանում էին, թե ինչպես իրենք դրանից առաջ չէին կարողացել այդքան հստակ ու պարզ մտածել այդ ճշմարտությունների մասին:
– Ես մի գերեզման գիտեմ, որը Երուսաղեմում է գտնվում, որ լույս է, համակ լույս: Այն դատարկ է, որովհետև այնտեղ հողն արտադրել է իր առաջին հրաշքը՝ հարություն տալով ցորենի առաջին Հատիկին: Մենք քրիստոնյա ենք, եղբայրնե՛ր, և գիտենք մի ուրիշ տեսակ մահ, որ կյանք է ընդարձակ, և մեր ննջեցյալները հատ- հատ աստղեր են խավարը ծակող աչքերի նման: Մենք գիտենք մի մահ, որի գույնը սպիտակ է, օրհնաբեր ձյան նման սպիտակ, հարսի հագուստի նման սպիտակ: Այն անհամբեր է և հղի գարնան ուրախ օրերով: Մեր իմացած մահը պարզապես արևամար է: Երբ մենք անհետացած արևի ետևից արտասուքով տխրագին գոչում ենք. «Երթաս բարո՜վ, սիրելի՛ս», նույն պահին հրեշտակները բացականչում են ցծագին. «Բարի՜ եկար, ո՛վ երանելի»: Հավատացյալ ննջեցյալը երբեք տխուր չէ: Բանտարկված արծիվը, երբ տեսնում է իր վանդակը քանդված, ի՞նչ է անում: Տխրո՞ւմ է, թե՞ ուրախությամբ ճախրում դեպի արդար արեգակը:
Ճիշտ է, մենք չգիտենք, թե մեր աչքերը հետմահու ինչե՜ր պիտի տեսնեն: Սակայն նույնը չէ՞ր արդյոք, երբ մեր մոր արգանդում էինք գտնվում. այն ժամանակ էլ չգիտեինք, որ այսքան գեղեցիկ է այս աշխարհը, և չգիտեինք, թե մեր ծնողներն ինչե՜ր են մեզ համար պատրաստել: Երկնավոր Հայրը նույնպես Իր զավակների համար բազում անակնկալներ է պատրաստել, որոնք «ո՛չ աչքը տեսավ, ո՛չ էլ ականջը լսեց»:
Կրկին հադիպեցին Կոլոտի ու Սարգիս ճարտարապետի հայացքները, և երկուսն էլ այդ պահին հասկացան, որ իրենց միջև մի ամբողջ կյանք տևող բարեկամության կամուրջ է հաստատվել: Դժգոհ հորեղբայրը, այս անգամ տամկացած աչքերով, կրկին փսփսաց Սարգիս ճարտարապետի ականջին, բայց արդեն հիացմունքով լեցուն. «Ի՜նչ լավ արեց Սահակ պատրիարքը` այս վարդապետին պատարագելու առիթ տալով, այդպես չէ՞: Արդյոք ի՞նչ է անունը»:
Հասավ հոգեհանգստի պահը: Ամբողջ ժողովրդին մոմեր էին բաժանվել: Եկեղեցին վերածվել էր շողշողուն ծովի: Հովհաննես Կոլոտ վարդապետն արարողությունից առաջ կրկին խոսեց.
– Այսօր հոգեհանգստյան Պատարագն էր հանգուցյալ Հրանտ ճարտարապետի, ում քառասուն օր առաջ հողին հաձնեցինք, ավելի ճիշտ` այդ հողի մեջ գրկաբաց սպասող Աստծուն հանձնեցինք: Այս եկեղցում նա իր ողջ կյանքում շապիկ հագնող մի դպիր էր եղել: Մահ ու հարություն երգեց, մինչև որ քուն մտավ: Նա մեր Եկեղեցու Հավատացյալ ու Հավատարիմ զավակը մնաց: Որպես արքունիքի ճարտարապետ` նա մեծ վաստակ ունի նաև մեր բոլոր եկեղեցիների նորոգության մեջ: Այս եկեղեցին էլ վերջին հրդեհից հետո նրա ձեռքով վերաշինվեց: Ձեր տեսած այս սյուները, կամարները, քանդակներն ու նկարները նախ և առաջ նրա ուղեղում ձևավորվցին և ապա քարի վրածնունդ առան: Այս տաճարի մանրամասնություններն ամենից առաջ նրա մտքի ծալքերում գծագրվցին, և այս բոլոր գունագեղ կանթեղները նրա հոգում վառվեցին: Երբ կերտում էր այս սուրբ խորանը, գիտեր, որ մի օր իր հոգու համար սուրբ Պատարագ պիտի մատուցվեր այնտեղ, և խունկ պիտի ծխեր առ Աստված:
Մահն անծանոթ բան չէր Հրանտ ամիրայի համար: Երեք անգամ սուրբ Երուսաղեմ ուխտի գնաց և եռամեծար մահտեսի դարձավ` տեսնելով մահը սուրբ Գերեզմանում պարտված: Աստված առատաձեռն եղավ նրա նկատմամբ. տաղանդ ու շնորհտվեց, զավակներ, թոռնիկներ, հարստություն, համբավ, տիտղոս ու պատիվ պարգևեց՝ սուլթանների և նախարարների սեղանին ճաշելու: Բայց ամե նից կարևորը` սի՜րտ տվեց նրան, ընդարձակ ու խոշոր մի սիրտ` իր ժողովրդին ընդգրկելու դրա մեջ: Հարստացանք ու զորացանք նրանով: Սիրեց մեզ և մեր զավակներին: Այժմ մենք ևս մեր սիրո լույսն ենք խառնում այս փայլփլող մոմերի լույսին: Թող մեր սիրով և աղոթքներով նրա հոգին լուսավորվի և Տիրոջ առջև ողորմություն գտնի: «Ինչո՞ւ եք ողջին մեռածների մեջ փնտրում»: Նա ողջ է ու ննջում է Քրիստոսի մեջ և լուսապայծառ մի առավոտ Քրիստոսի հետ հարություն պիտի առնի: Նա Հավատաց, իսկ Հիմա տեսնում է:
Երբ Կոլոտը Պատարագից հետո զգեստներն էր փոխում, Սարգիս ճարտարապետը ներս մտավ և շնորհակալություն հայտնելով` ջերմաբար համբուրեց նրա ձեռքը. «Մխիթարվեցինք ու խաղաղվեցինք ձեր Պատարագով: Մեծ պատիվ կանեիք, եթե պատրիարքի հետ ներկա լինեիք հոգեճաշին»:
Հովհաննես Վարդապետը Տարոն ավագերեցի հետ եկեղեցու բակ ելավ` տեսնելու դրամահավաքի արդյունքը. սուրբ Կարապետ վանքի համար դրված պնակի մեջ չնչին գումար էր հավաքվել: Կոլոտը զարմացավ, որ հազարավոր մարդկանցից այդքան քիչ դրամ էր գոյացել: Հիշեց, որ նույնիսկ Պարտիզակի Արմաշ գյուղում կրկնապատիկ ավելի դրամ էր հավաքվել: Մտաբերեց, որ իր քարոզի մեջ ո՛չ իր, ո՛չ էլ սուրբ Կարապետի մասին չի խոսել: Հետևաբար արդյունքը բնական էր, քանի որ ժողովուրդը ոչ մի բան չգիտեր իր առաքելության մասին:
Կոլոտը պատկանում էր այն անկեղծ մարդկանց դասին, որոնց բոլոր զգացուներն անմիջապես իրենց երեսի վրա հստակ գծերով ի հայտ են գալիս` մատնելով իրենց ներքին հուզումները դիմացինին: Տարոն ավագերեցը Կոլոտի երեսի վրա ընթերցեց հուսախաբությունը և ուսին թփթփացնե լով` մխիթարեց.
– Թո՛ղ այդ դրամը, դու այսօր դրա մի աղբյուրը գրավեցիր: Երբ Կոլոտը փորձում էր հասկանալ նրա խոսքերի իմաստը, տեր հայրը շարունակեց.
– Այս քաղաքի մեծահարուստների սիրտը շահեցիր: Դա փոքր շահույթ մի՛ համարիր: Քսան տարուց ի վեր ոչ ոք, թերևս Սամվել վարդապետից բացի, չէր թնդացրել այս եկեղեցին այնպես, ինչպես դու այսօր արեցիր:
Դուրս ելան: Ձիակառքերը շարվել էին` հրավիրյալներին հոգեճաշին տանելու: Մահտեսի Խոսրովը հյուրերին տեղավորելուց հետո ճանապարհում էր կառքերը: Վերջին կառքը սպասում էր Կոլոտին և ավագերեցին, որոնց միացավ նաև Խոսրովը, երբ արդեն ավարտել էր իր գործը:
– Մնացինք վերջում, բայց «շատ վերջիններ առաջին պիտի լինեն»,– ասում է Ավետարանը, այդպէս չէ՞, վարդապետ, հա՛, հա՛, հա՛:
Խոսրով ճարտարապետն ուրախ հոգեվիճակով իր ձեռքը դրեց կողքին նստած վարդապետի ուսին և իր գոհունակությունը հայտնեց նրան.
– Այսօր պիտի տխուր լինեինք և մինչև քո քարոզը հենց այդպես էինք: Դու մեզ մեր հավատքի զորությունը հիշեցրիր: Քարոզդ մեր գիշերային խավարն արևով լուսավորեց: Ուրախացրիր մեզ, թող Աստված էլ քեզ ուրախացնի, վարդապե՛տ:
Հաջորդ գլուխը՝
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: