Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
Քո սրտի հպարտությունը մոլորեցրեց քեզ. դու բնակվում ես ժայռերի ծերպերում՝ բարձրադիր վայրում և քո սրտում ասում ես. «Ո՞վ ինձ գետին կիջեցնի»: (Սինոդական թարգ․) [3]
Եդոմի ապագա նվաստացումը նրա համար հատկապես ծանր կլինի իր հպարտության պատճառով:
«Քո սրտի հպարտությունը մոլորեցրեց քեզ» (hischschiecha). Յոթանասնիցն այս վերջին բառն ընթերցել է որպես «hissiecha» (ծագում է «nasa» արմատից) և, հետևաբար, թարգմանել է «ephren se» (սլավոներենում՝ «քո սրտի հպարտությունը բարձրացրեց քեզ»): Եդոմի հպարտությունը ձևավորվել էր այն համոզմունքից, որ իրենց կողմից բնակեցված ժայռերն անմատչելի են: Լեռնային Եդոմը հարուստ էր քարայրներով` մասամբ բնական, մասամբ՝ արհեստական: Այս քարայրներում բնակվել են Եդոմի հնագույն բնակիչները` քոռեցիները (Ծննդ. 14:6, Բ Օր. 2:12, 22), իսկ հետագայում դրանք զբաղեցրել են Եսավի սերունդները: «Behvej−sela» (ժայռերի ծերպերում) արտահայտությամբ մարգարեն, հավանաբար, ցանկացել է մատնանշել Եդոմի թագավորության գլխավոր քաղաքը` Սելան, որը հետագայում կոչվեց Պետրա: Դրա ժայռերի անառիկության մասին վկայում է նաև Պլինիոսը, որը նշում է. «fuit oppidum circumdatum montibus inaccessis»:
«Բարձրադիր վայրում». եբրայերեն «merom schivto» արտահայտությունը 3−րդ դեմքի վերջածանցով պետք է թարգմանվի որպես «Իր բնակության բարձրադիր վայրում» տարբերակով: Յոթանասնիցը «merom»−ի փոխարեն այս բառն ընթերցել է իբրև դերբայ («merim»), ինչի հետևանքով այն թարգմանվել է որպես «uywn katoikian autou», (սլավ.՝ «բարձրացնելով իր բնակատեղին»):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Քո հպարտութիւնը քեզ վերեւ բարձրացրեց՝ բնակուելու ժայռերի ծմակներում, բարձրացնելու քո բնակատեղին եւ ասելու ինքդ քեզ. «Ո՞վ ինձ գետին կ՚իջեցնի»:
(Արարատ թարգ․) Քո սրտի հպարտությունը խաբել է քեզ, ո՛վ վեմի խոռոչներում բնակվող, որի բնակարանը բարձր է, ու սրտումդ ասում ես. Ո՞վ ինձ գետին կիջեցնի։
(Գրաբար) Հպարտութիւն սրտի քոյ բարձրացոյց զքեզ բնակե՛լ ի ծա՛կս վիմաց. բարձրացուցանել զμնակութիւն իւր, և ասել ի սրտի իւրում ո՞վ իջուսցէ զիս յերկիր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: