Առցանց գրքեր / Մեկնություն Եսայի մարգարեության / գլուխ 1

Հարց. Ի՞նչ է, որ ասում է՝ Եսայու տեսիլք.

 

Պատասխան.
Մարգարեությունը տեսիլք է անվանում, քանզի մարգարեն, համաձայն եբրայեցիների, տեսանող է կոչվում, որովհետև ինչ հետո պետք է կատարեր Աստված, հույժ պայծառությամբ տեսնել էր տալիս մարգարեական աչքերին, այդ պատճառով տեսիլք է անվանում, ինչպես Միքիան, ասում է Աքաաբին, թե՝ «...տեսել եմ, թե ինչպես բոլոր Իսրայելացիները ցրված են...» (Գ Թագ 22:17): Եվ Դանիելն ասում է. «նայում էի, մինչև որ Աթոռներ դրվեցին, և մի Ծերունի նստում էր այնտեղ...» (Դան.7:9-10), դարձյալ տեսիլք է անվանում, որպեսզի ունկնդիրներին ուղարկի Աստծո մոտ, որ ցույց էր տալիս տեսիլքը: Իսկ այն բանը, թե՝ Տիրոջ խոսքը պատգամ է՝ Աստծո ձայնն էր հայտնում, ովքեր լսում էին, թե ինչ էր խոսում Աստված նրանց  հետ: Ըստ այնմ. «Տերը խոսեց Մովսեսի  հետ» (Ելք 6:10), և Եսային, թե՝ «Լսեցի  Տիրոջ խոսքը» (6:8): Իսկ այն, որ պատգամ են անվանում, մարգարեական ներգործություն է, ինչպես Նավումը Նինվեի պատգամ է անվանում (Նավում 1:1), այսինքն՝ ինչ ստանում էին Սուրբ Հոգուց, այն էին խոսում: Եվ Պողոսը ավետարանի վերաբերյալ ասում է. «...մարդուց չառա... այլ՝ Հիսուս Քրիստոսի մի հայտնությունից» (Գաղատ.1:12-13): Այս պատճառով առաքյալը բոլոր թղթերում այսպես է գրում՝ ցույց տալու համար, թե իրենից չի ասում, այլ՝ առաքողից: Ըստ որում նաև Քրիստոսն է ասում. «Եվ ուսուցիչներ չկոչվեք, որովհետև ձեր ուսուցիչը Քրիստոսն է» (Մտթ. 23:10): Դարձյալ, մարգարեների  տեսնելն ու լսելը մեր նման չէ, որովհետև այլ կերպ էին տեսնում ու լսում: Ինչպես  Եսային է ասում. «Սրեց իմ լսելիքը, որ ունկնդիր լինեմ: Տիրոջ խրատը կբացի  իմ ականջները...» (50:4-5): Եվ Դավիթն ասում է. «Բաց իմ աչքերը, որ տեսնեմ քո օրենքի հրաշալիքները» (Սղմ.118:18): Բայց թե ինչպես է սա տեղի ունենում՝ մեզ համար անգիտելի է: Ընդամենը մի փոքրիկ  օրինակով կարելի է այսպես ասել. ինչպես զուլալ ջուրն ընդունելով արևի  ճառագայթն իր մեջ՝ փայլատակում է,  նույնպես մարգարեների սիրտն ընդունելով Սուրբ Հոգին՝ հստակորեն տեսնում էր լինելիքը:

 

Ի՞նչ է, որ ասում է. Լսիր երկինք և ունկնդիր եղիր երկիր (1:2).

 

Խոսքի կառուցվածքը նախ ցույց է տալիս Աստծո բարկությունը, և նրանց անարժանությունը, որովհետև, թողնելով  մարդկանց՝ խոսքն ուղղում է անբան տարերքին:

 

Երկրորդ՝ [խոսում է] համոթ մարդկանց: Որովհետև անզգամներից անզգա են, քանզի երկինքն ու երկիրը լսում են Աստծուն, իսկ նրանք՝ ոչ: Այսպես վարվում են նաև մյուս մարգարեները, ինչպես այն մարգարեն, որ ուղարկվեց Հերոբովամի մոտ, Բեթել՝ թողնելով թագավորին՝ նա Սեղանի հետ էր խոսում (տե՛ս Ամոս 9:1): Եվ Երեմիան, թե՝ «Երկիր, երկիր... լսիր Տիրոջ պատգամները... այդ մարդուն համարիր տարագիր այր» (Երեմ.22:29-30):

 

Երրորդ՝ որովհետև երկնքի և երկրի առջև Իսրայելին մեծ բարություն  արեց՝ փրկելով եգիպտացիներից, երկինքն ու երկիրը մարտակից եղան, երկինքը կարկուտ և երկիրը՝ գորտ բխեցրեց: Այժմ նրանց, այսինքն՝ երկրին և երկնքին ցույց է տալիս փրկվածների չարիքը, թե զուր աշխատեցին:

 

Չորրորդ՝ որովհետև հրաշքներով քառասուն տարի  անապատում երկնքից մանանայով և երկրի վրա վիմաբուխ ջրով և այլ բաներով առանց աշխատանքի պահեց նրանց: Իսկ նրանք լքեցին նույն հրաշագործ Աստծուն և անամոթաբար երկրպագեցին երկնքի  զորություններին՝ արեգակին և լուսնին, անտառների փայտերին ու քարերին: Այս պատճառով, նրանց չարիքը կշտամբելով, դիմում է երկնքին և երկրին:

 

Հինգերորդ՝ նրանց չարիքը երկնքի  հրեշտակներին և երկրի մարդկանց վկայում է, որ նրանք արժանի են Աստծո բարկությանը և ամեն տեսակ պատուհասների, որ գալիս էին նրանց վրա:

 

Վեցերորդ՝ Աբրահամին խոստացավ, թե՝ «Քո հետնորդներին պիտի բազմացնեմ երկրի ավազի չափ...» (Ծնդ 13:16): Արդ, ինչպես հայտնի է դարձնում նրանց՝ ընդունելը, նույնպես և հայտնի է դարձնում նրանց մերժումը, երբ այլազգիների կողմից գերեվարվեցին:

 

Յոթերորդ՝ բազում էին իսրայելացիների հայրերը՝ երկնքի արդարները՝ Աբրահամը, Իսահակը, Հակոբը և մյուսները, բայց ինչպես երկրի վրա նրանց հայրերը  մարգարեներն ու սուրբերն էին, ովքեր ուրախանում էին երբ Իսրայելն ընթանում էր բարեպաշտությամբ և Աստծուց բարիքներ էր ընդունում, նույնպես և խոտորվելով դեպի կռապաշտություն և պատուհասների ենթարկվելիս տրտմում էին: Սա այսպես էր ոչ միայն այն ժամանակ՝ հրեաների նկատմամբ, այլև այժմ, երբ մեզ է պատուհասում, և ապագայում, երբ խայտառակվելու ենք մեր չարությունների պատճառով: Երբ բացվեն մատյանները և երկնավորները երկիր իջնեն, այնժամ կհանդիմանվեն մեր չարությունները: Համաձայն այն խոսքի, թե՝ «Արդ, պիտի հանդիմանեմ քեզ և այս ամենը առջևդ դնեմ» (Սղմ.49:21):

 

Հարց. Ամեն գլուխ ցավի մեջ է, ամեն սիրտ՝ տրտմության (1:5).

 

Պատասխան. Գլուխը Երուսաղեմի և թագավորի համար է ասում:

 

Ոտքերից մինչև գլուխ նրա վրա առողջ տեղ չկա (1:6).

 

Գլուխ են թագավորները և սիրտ՝ քահանաները, որ իբրև սիրտ՝ բովանդակ մարմնի կենդանության մասին են հոգ տանում, որովհետև քահանայի շրթունքները պահում են Աստծո օրենքների գիտությունը (Մաղաք. 2:7): Իսկ ոտքը աշխարհի բոլոր ժողովուրդներն են, և ամեն մի ազգ մարմնի այլաբանությունն է, և գերության մատնվելը:

 

Հարց. Եթե Զորությունների Տերը մեզ սերունդ թողած չլիներ՝ կդառնայինք Սոդոմի պես, կնմանվեինք Գոմորին (1:9).

 

Պատասխան. Նախ այն է ասում, որովհետև երբ գերվեցին Բաբելոն, մնացածներից շատերը փախան Եգիպտոս:

 

Երկրորդ՝ որովհետև Եգիպտոսից դուրս ելածները դառնացրին Տիրոջը, որ երդվեց չհաշտվել նրանց հետ: Սակայն Հեսուն և  Քաղեբը անցան Հորդանանը և ժառանգեցին երկիրը՝ օրինակ լինելով Քրիստոսին հավատացողների, ովքեր անցնում են սուրբ ավազանով և ժառանգում երկնքի արքայությունը:

 

Երրորդ՝ որովհետև Քրիստոսից հետո, երբ Երուսաղեմը գերվեց Տիտոսի կողմից, առաքյալները և հավատացյալներից  շատերը փրկվեցին գերությունից և եղան հրեաների մնացորդները, որի համար մարգարեն շնորհով գոհանում է Աստծուց:

 

Չորրորդ՝ թեպետ տիրասպաններ եղան և կորավ Իսրայելի ազգը, սակայն վերջին ժամանակներում դառնալու են Տիրոջը, համաձայն Պողոսի. «Մինչև մյուս ժողովուրդների ամբողջությունը փրկվի, եւ ապա ամբողջ Իսրայելը կփրկվի» (Հռոմ.11:25-26): Եվ սա լինելու է Նեռի օրերին, ինչպես ասում է Հովհաննեսը Տեսիլքում. «Տեսա Իսրայելի ազգից հարյուր  քառասունչորս հազար կնքվածների» (հմմտ. Հայտ. 20:2):

 

Հինգերորդ՝ որովհետև մեղքի մեջ մխրճվածների հանդեպ Աստված բարեմտորեն ներողամիտ է, մինչև որ նրանք զղջան, խղճի խայթ զգալով, և չմատնվեն անվախճան տանջանքների:

 

Հարց. Լվացվեցեք, սրբվեցեք. (1:16).

 

Սրանից առաջ ասաց թե. «Չեմ ներելու ձեր մեղքերը, կշտացել եմ ձեզանից, ձեր պահքը ատեցի, ձեր խունկը պիղծ է ինձ  համար, քանզի ձեր ձեռքերը լի են արյամբ» (հմմտ.Եսայի 1:13-15), իսկ այժմ ինչպե՞ս է արդարության խրատ տալիս:

 

Պատասխան. Պատճառն այս է, որովհետև Աստված սովորաբար սպառնում է մարդկանց, որպեսզի ճշմարտության բերի և ապաշխարության կանչի: Եվ երբ դարձի են գալիս՝ նրանց առջև է դնում փրկության հույսը, ինչպես նինվեացիներին արեց: Որովհետև երբ սպառնալիքից զարհուրեցին ու դեպի բարություն դարձան, այնժամ փութով  հաղթահարեց բարկությունը: Նույնպես և այստեղ է ասում. «Լվացվեցեք, սրբվեցեք», այսինքն՝ կոչում է զղջումով ապաշխարության և արտասվալից խոստովանության: Այս խոսքն ակնարկում է նաև մկրտությունը, երբ մկրտվում ենք Սուրբ Հոգով և կրակով, որպեսզի մաքրի մեղքի աղտեղությունը, ինչպես ասում է Պետրոսը. «Ապաշխարեցեք, և ձեզանից յուրքանչյուրը թող մկրտվի Տեր Հիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողության համար» (Գործք 2:38):

 

«Ձեր չար արարքները թոթափեցեք ձեզանից» (1:16).

 

Որպեսզի երբ լսեն, թե՝ լվացվեցեք, սրբվեցեք՝ չկարծեն, որ դա վերաբերում է հրեական լվացմանը՝  ավելացնում է.  Ձեր չար արարքները թոթափեցեք ձեզանից. սրանով ցույց է տալիս առաքինության  դյուրությունը և անձնիշխան ազատությունը, որով մարդ որ կողմ կամենա՝ կարող է փոխվել: Քանի որ մկրտության  լվացումից հետո հարկ է անձը մաքուր պահել, ըստ կարողության: Որի համար ասում է. Ձեր չար արարքները թոթափեցեք ձեզանից: Եվ Սողոմոնն ասում է. «Ամենայն զգուշությամբ պահիր և պահպանիր քո սիրտը» (Առակ. 4:23):

 

Իմ աչքի առաջ (1:16).

 

Ինչպես Սողոմոնն է ասում, «Քո սրբությունը թող լինի Աստծո ամենատես  աչքերի առջև, և ոչ թե կեղծավորների նման, ովքեր մարդկանց աչքին ձևացնում են, բայց ներքուստ հափշտակող գայլեր են» (հմմտ.1 Կորնթ. 3:13, Մրկ. 7:15): «Բերանով խոսում են խաղաղություն, և սրտով նենգություն են նյութում» (հմմտ. Սղմ. 3:16, Առակ. 6:18):

 

Հարց. Ինչ է, որ ասում է. Սովորեցեք բարին գործել (1:17).

 

Պատասխան. Բազում բաներ կան, որ հակառակ են բարի գործերին. նախ՝ բնության բռնությունը, երկրորդ՝ անձնիշխանության ծուլությունը, երրորդ՝ դևերի խաբեությունը, չորրորդ՝ ագահությունը: Այս պատճառով, եթե  մեկը կամենում է զերծ մնալ սրանցից, հարկ է կամքի հոժարությունն ուղղել դեպի բարին, և Աստծուց օգնություն խնդրել, ըստ Դավթի. «Ինձ օգնություն պիտի գա Տիրոջից» (Սղմ. 120:2):

 

Արդարություն փնտրեցեք. (1:17).

 

Չորս բան է աղավաղում դատաստանի արդարությունը. նախ՝ կաշառքը, երկրորդ՝ կողմնապահությունը, երրորդ՝ վախը, չորրորդ՝ տգիտությունը: Սրանցից զերծ՝ դատաստանն արդար է լինում: Բայց կան ոմանք, որ վճիռ չեն կայացնում: Այդ պատճառով, շարունակում է, ասելով. Փրկեցեք զրկվածին (1:17):

 

Հարց. Ձեր իշխաններն ապստամբներ են և գողերին գողակից (1:23).

 

Պատասխան. Նախ ասում է նրանց մասին, ովքեր արծաթին պղինձ են խառնում, գինուն՝ ջուր, և  խարդախում են չափն ու կշիռը, և իշխանները նրանցից կաշառք են վերցնում ու թույլ են տալիս. սրանով նրանք կցորդ են դառնում գողերին: Սա կատարելապես չար ու դժնդակ է իշխանների համար, որովհետև ինչն անհրաժեշտ էր կարճել, բազմապատկում են: Քանզի սրանից է լինում աղքատների զրկանքը, կռիվն ու կործանումը քաղաքների և
աթոռների:

 

Երկրորդ՝ եթե իշխանն իր գործերով բարի կամ չար է, բոլոր ենթակաները նույնն են սովորում, ինչպես ասում է Առակաց գիրքը, թե՝ «Այն թագավորը և նրա հետ բոլոր նրանք, որ ականջ են դնում անիրավության խոսքերին, անօրեններ են» (Առակ.29:12), որովհետև եթե ծառի արմատը չոր է, բոլոր ճյուղերը նմանապես կչորանան: Ուստի մարգարեն իրավացիորեն է ժողովրդի մեղքերին կցորդ համարում  իշխանին, որովհետև նրանից սովորեցին ու հանդգնություն ստացան:

 

Երրորդ՝ Իշխաններ է ասում հրեից քահանաներին և  առաջնորդներին, ովքեր գողակից եղան գող աշակերտ Հուդային, և միասին մտմտացին Տիրոջ սպանությունը: Նաև հաստատ է, որ իշխանները, որ դատավորներ են, չորս մեղքերի  պատճառով առավելագույն չափով են  պատժվում, որոնց և թվարկում է մարգարեն. նախ դրանք այն դատավորներն են, ովքեր մարդկանց դրդում են անմեղներին զրպարտել և մատնել դատաստանի: Դրանցից շատերին ենք տեսնում մեր  ժամանակներում. այդ պատճառով ասում է. գողակից են գողերին:
Երկրորդ՝ կան այնպիսիք, որ կաշառք են վերցնում, ինչպես ասում է՝ կաշառք են սիրում:
Երրորդ՝ կան, որ նենգություն ու ոխ ունեն մարդու հանդեպ, և դատաստանի ժամանակ հայտնում են այն, որի պատճառով  նրանց անվանում է «վրիժառուներ»:
Չորրորդ՝ ոմանք ականջ չեն դնում աղաղակին և դատաստան չեն անում: Այդ պատճառով ասում է. որբերին և այրիներին  ականջ չեն դնում և արդարություն չեն անում:

Քաղաքի կառուցման պատճառները երեքն են. նախ իշխանի ազնիվ բարեպաշտությունը, երկրորդ՝ նրա խրատատուի  բարեմիտ խորհրդատվությունը, երրորդ՝ իշխանության տակ գտնվողների և ռամիկ ժողովրդի կատարյալ  հնազանդությունը, որով կառուցումը լիակատար է լինում: Նույնպես հիվանդի առողջության համար երեք բան է անհրաժեշտ. նախ՝ հմուտ  բժիշկ, երկրորդ՝ հիվանդի հնազանդությունը, որ ինչ դեղ էլ որ տա՝ խմի, երրորդ՝ բժշկական դեղերի նյութը, որ մատչելի
լինի: Եթե սրանցից մեկը պակաս լինի՝ հիվանդը չի առողջանա: Խորամուխ եղիր վերն ասվածների մասին: Եվ կկոչվես  մայրաքաղաքների արդարության քաղաք  հավատարիմ Սիոն, թեպետ Երուսաղեմը երբեք արդարության քաղաք չկոչվեց:
Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. «Թեպետ և անունով չկոչվեց, բայց ճշմարիտ գործով կոչվեց», այսինքն՝ մեղքից փոխվեց դեպի արդարություն: Եվ զգուշությամբ պահիր խոսքդ, որովհետև երբ հրեան հարցնի, թե Քրիստոսն այն է, որ Մարիամից ծնվեց, բայց նա Էմանուել չկոչվեց, քանզի Եսային ասում է, թե «Էմանուել պիտի կոչվի» (7:14): Նրան պատասխանիր. ինչպես արդարության քաղաքը, այնպես էլ այս դեպքում, թեպետ անվամբ Էմանուել
չկոչվեց, բայց գործերով  իրապես հայտնվեց նրա Էմանուել լինելը, այսինքն՝ «Ամեն ինչ կատարեց տնօրենությամբ, փրկություն արեց և համբարձվեց Հոր մոտ» (Մրկ. 16:19):