Մովսեսը թլպատության օրեսդիրը չէր, այդ պատճառով էլ չէր կարող խափանել (այն), և քանի որ չէր կարող խափանել` չէր [էլ] կամենում մեծարել: Ապագան տեսնելու պատճառով անապատում քառասուներկու տարի լռեց, որովհետև տեսավ հրաշքի տկարությունը: Անմիջապես ճանաչեց ուրիշ ազգերից զատորոշելով, բայց ոչ թե [նրա մեջ տեսավ] աստվածային կամքի արդարության լրումը: Նրան թույլ տվեց անցնել Հորդանան գետով բազմամարդ աշխարհ, ուր անհրաժեշտ էր դրոշմի նշանը, որ պիտի նրանց անձը պահեր և զատորոշեր շատ ազգերից: Նավեի որդի Հեսուն երկու պիտանի բաների պատճառով էր շտապում Իսրայելի որդիներին թլպատել. զատելու համար այլ ազգերից և անբաժանելիորեն միաբանելու (նրանց) պատերազմների սխրանքների մեջ: Բայց առաջիկա խնդիր է սակավ խոսքերով պատմել նրա թլպատության մասին. թե ինչու՞ էր քարերով թլպատում և ոչ երկաթով, քանզի Գիրքն ասում է. «Հեսուն կարծր քարից դանակներ պատրաստեց և դրանցով թլպատեց Իսրայելի որդիներին» (Հեսու Ե 3): Նրանց մարտի էր նախապատրաստում, և պատերազմողների բոլոր զենքերը շինված էին երկաթից, որոնք պետք է թաթախվեին Քամի հինգ ազգերի բազում զավակների արյամբ: Տեգերն ու նիզակատեգերը, սրերն ու նետերի սլաքները և զինավառվածների բոլոր զենքերը թեպետ և զանազան էին ըստ իրենց տեսքի, բայց բոլորի նյութն էլ երկաթ էր: Նրանց զերծ պահեց թլպատության արյունից, քանզի թեպետ նշանը ժամանակավոր էր, բայց` աստվածային: Պատշաճ չէր գործիքը, որ կյանքի պատճառ է, ժամանակավորապես շրջել և նրանց համար դարձնել մահվան պատճառ: Սակայն հողագործ մարդկանց (համար) երկաթը կյանքի պատճառ է (նրանց համար), ովքեր հողագործ են, և սակայն իրենց ագահության պատճառով զրկում և զլանում (օգնել) մեկմեկու, և խախտում են իրենց հայրերի դրած սահմանը: Կա նաև մի այլ տեսակ, որ այս երկու ասվածներից վատթար է. շատերը հանուն աստվածների երկաթյա կուռքեր են պատրաստում, տեգեր և նիզակատեգեր են նվիրում նրանց, ովքեր պիղծ և գարշելի էին այդ գործիքների համար. Հեսուն դրանք արժանի չհամարեց մատուցել իբրև թլպատության նյութ, բայց այնքան մեծարեց քարե դանակները, որ (դրանք) իր հետ թողեց Թամնասաքամ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: