Ոչ միայն հինգ թագավորներն էին այնտեղ, այլև, ինչպես հեթանոսներից ոմանք են ասում, թեպետ և առասպելական բաներ են, երեք բյուր դևեր էին, որ ընկան երկնքից և մարդուն հանեցին դրախտից ու ամբողջ աշխարհը գցեցին մեղքի և մահվան տակ: Եվ այն օրը երեսուն հազար զորք էր եկել Գաբավոն հինգ թագավորներին թիկունքից օգնելու (որպեսզի) թերևս կարողանան կոտորել եբրայեցիների որդիներին, որոնց մեջ աղոտ ճրագն անմարելի էր երևում: Եվ չարի խավարասեր զորքերը բազմանում էին և մորեխի ամպի նման ծածկում էին երկինքը: Նավեի որդի Հեսուն գոչեց առյուծի նման, վարից վեր դողացրեց, փախցրեց և ցրեց նրանց իբրև վախկոտ աղվեսների երամ: Սուրը դրած կոտորում էր նրանց մինչև Ազեկի և Մակեդի կողմերը: Իսկ նրանք, երբ խուճապահար փախչում էին Իսրայելի որդիներից Սորոնիմի մոտ, Տերը որոտաց երկնքից, և նրանց վրա սկսեց կարկտախառն քարեր տեղալ. քանանացիները ավելի շատ կոտորվեցին սրանցից, քան Իսրայելի որդիների սրից:
Իսկ եթե Հեսուին բավական էր իր բարկության վրեժն առնել նրանցից, ապա նրանք ի՞նչ կարիք ունեին քարե կարկուտի օգնությանը. վերն ասացի, եթե իմացար: Սատանան սողուն է, (բայց) ոչ թե հողի վրա, այլ` օդի, որ ամպի նման իր բազմագունդ բոլոր դևերով եկավ կանգնեց քանանացիների վրա: Հեսուի նիզակը չէր կարող այնտեղ հասնել. վերին օգնականի կարիքը կար, զենքը զենքին և ձայնը ձայնին մարդաձայն բարբառով (բախվեցին), երկնային սրի որոտման ձայնը` հրածին կարկուտը, տանջեց վերին դևերի գնդերը: Հեսուն արեգակից ու լուսնից բարձր տեսավ Աստծուն, որը նրանց օգնության էր հասել: Հեսուն (ոչ միայն) լուսատուների անունները հրամայաբար էր տալիս, այլև Տիրոջ լուսատուներին հրամայում էր մտքով, ինչպես և գրված է. «Արեգակը թող Գաբավոնի վրա կանգնի և Լուսինը` Ելոնի ձորի վրա» (Հեսու Ժ 12): Արեգակը ավելի թեթև թև ունի, քան Լուսինը, բայց Նավեի որդի Հեսուն հավասարեցնում է պատասխանի հրամանը, որովհետև բոլորի կառավարին մոտիկ էր տեսնում:
Լսելիքը մտքի դուռն է. Արեգակը և Լուսինը լսելիքի դռներ չունեն. ինչպե՞ս ձայնի հնչյունը ներս գնաց. երբ ականջներովդ հզորագույն ստույգ հրամանը (չես լսում, ապա ինչպե՞ս է), ըստինքյան առանց ականջների նրանց լսել տալիս: Ոչ թե երկնքում հրաձգություն էր փնտրում, այլ արևապաշտներին էր հանդիմանում: Օդի բնության նման Արեգակին մշտաշարժ ենք անվանում: Կենդանուն դյուրին է մի տեղում մնալը, իսկ նրա հարաշարժ շնչին` անհնարին: Հեսուն այնպես կարգադրեց լուսատուներին և իբրև անշունչ քարեր թմրեցրեց նրանց` մեկով կշռելով երկուսին[1]:
[1] Մեկ խոսքով կարգադրելով երկուսին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: