Իսկ քանանացիները, որ անիծված էին և իրապես անիծված` մի լարաբաժին երկրի ժառանգություն (իսկ) չունեին, այլ` խաբեությամբ և պատեհություններով, որովհետև մի մասը Սեմի ցեղին էր (բաժին) հասել: Արդար դատավորն անիրավ դատաստան չի կատարում. «Անիծյալ է նա, ասում է, ով կփոխի իր հայրերի (դրած) սահմանը» (Բ Օր. ԻԷ 17): Այս սահմանափոխությունը նախ քանանացիները կատարեցին` անեծքի ենթարկվելով, իսկ Աստված, որ բոլորի արդար դատավորն է, այնտեղ կվերադարձնի: Բայց Նավեի որդի Հեսուն ոչ նրանց բազմությունից զարհուրեց, և էլ նրանց պատրաստությունից սոսկաց, (այլ) վերցնելով իր զորքերի բազմությունը` հասավ Գաղգաղայի Գարիզ լեռան մոտ: Գարիզը ժողովարան դարձրեց և Գեբաղը սարկավագանոց շինեց, որով և անեծք կարդաց Գեբաղին և օրհնություն` Գարիզին:
Եվ ի՞նչ. այս երկու լեռները, որոնք կից են իրար և բաժանված իրարից. նմանությունն են մեր երկդիմի բնության. անեծք մեր մարմնական բնությանն աղտեղի գործերի համար, և օրհնություն հոգու և մարմնի արդար գործերի համար: Եվ ձորը բաժանում է Գեբաղն ու Գարիզը, իսկ նրանց մեջտեղը կառուցված է Շամրին քաղաքը: Եվ այս օտար չէ մեր բնությանը. մեջտեղը սրտի բնությունն է, և նույնը հոգու և մարմնի խորհրդարանն է: Թող մեր աջակողմը Գարիզը լինի և ձախակողմը Գեբաղը: Հարկ է ականջների երկու ցնցուղների միջով ընկալել, և ձայնական հնչումով սրտին ներգործել. օրհնությունը մեր ներսն ընդունենք և անեծքը հեռացնենք, հալածենք (մեզանից), ապա մեր երկու կողմերը Գարիզ կլինեն և ոչ Գեբաղ:
Բայց այժմ հարցնենք երկճյուղ փայտի մասին, որից կախվեցին քանանացիների թագավորները: «Դրեք, ասում է, ձեր ոտքերը թագավորների պարանոցների վրա» (Հեսու Ժ 24): Քաջ զորականները մարդկանց սպանում են տեսանելի կերպով, իսկ սատանային, նրա բովանդակ չարությունը` ծածուկ: Նավեի որդին` Հեսուն, նրան կապոտում է իր գործակիցների հետ միասին և իր երկրային սպառազեն զորականների ոտքի տակն առնում: Ինքը չի սպանում, որովհետև Հեսու է[1]. այդ Հեսու անունը (միայն) հրամայել գիտե դատողական խրատին, և նրա ձեռքով հաստատում է ճշմարտությունը:
Հինգ թագավորներին սպանելն ու փայտից կախելն այստեղ այլաբանություն է և տեսական ակնարկ: Հինգ թագավորները կերպարանքով մարդադեմ էին, օձաձև, հին վիշապի բնակավայր, իսկ տեսակով, գործերով, նմանությամբ ու ձևով` բանական օձ: Ըստ հինգ թագավորների, օձը հինգ ոտք ունի, սողալիս կրկնելով գալարվում է հինգ անգամ[2]: Եբրայեցիներին կանչեց Եգիպտոսից` անեծքի վրեժն առնելու առաջին օձից և նրա ուսուցչից: Հեսուն նրանց` օձաձև հինգին կապում և թույլ է տալիս (նրանց) սպանել այն զավակին, որին կյանքի կայծակը կոծկված էր պահում: Մարդկային ոտքը կոխում և աստվածային հուրն այրում էր մեղքը: Չի հրամայում փայտը կոխել, որովհետև օձաձև չէր. թագավորների ձևը կոխեց:
Եթե մարդու բնությանը մոտենաս և իմաստուն մտքով քննես, նրա (օձի) նման ազատություն կտեսնես. եթե կամենաս` օձաձև կլինի և թե կամենա` աստվածաձև: Մարդու առաքինությունն աստվածային կերպարանք է, ինչն Աստված բնությամբ ունի, մարդը կարող է ձեռք բերելով ստանալ: Իսկ եթե աչքը երկրին տնկի և սրա գործերով կապվի, գալարվի` (այլևս) ինքն իրեն օձաձև դարձրեց. աչքով, քթանցքներով, ականջներով, բերանով և հինգերորդ` ներքին համով: Այս Հինգը միաբան կապված գալարվում են, մանավանդ, որ իգական մասերով, կանացի ձայներով մարդու լսելիքը մեղավորվում է և մեղավորվածն անբաժանելիորեն կապվում է իր զուգակցի հետ. աչքը խոնարհվում է աչքին, հոտը հոտին է միախառնվում, բերանը համբուրում է, համը խառնվում է համի հետ. սրանք խոկում կոչվեցին: Այս չար բաները ցույց տվեցին ծառի հետ օձի միաբանությունը: Օձը հղացավ աներևույթ չարության կերպարանքներ և արու բնություն եղավ ծառի պտղի միջնորդությամբ, խաբեց ու մեղավորեց իգական մասի հինգ զգայությունները, ապուշ դարձրեց կնոջ միտքն ու Աստծու պատվիրանները մոռացնել տվեց մինչև պատերազմի մեջ մտավ և պատվիրեց նայվածքի (համար), որից հարկ է, որ զգուշանա:
[1] Նկատի ունի անվան «Փրկիչ» իմաստը, որն ակնարկում է Հիսուս Քրիստոսին:
[2] Օձի հինգ գալարների խորհրդաբանական այս մեկնությունը քաղված է Փիլոն Ալեքսանդրացու Ծննդոց մեկնությունից. «Փիլոնի Եբրայեցւոյ մնացորդք ի Հայս, որ են մեկնութիւնք Ծննդոց եւ Ելից…», աշխատ. հ. Մկրտիչ վրդ. Աւգետեան, Վենետիկ, 1826, էջ 25-26:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: