Գլուխ 30

Տերն ասում է. Վա՜յ ձեզ, ապստամբ որդիներ (գրաբարում՝ «որդիք ապստամբք»)(30։1)
   
   Նախ պատիվն է թվում, որ արտահայտվում է «որդիներ» բառի կիրառությամբ, բայց այդպիսովնաև սաստիկ պատժի սպառնալիքն է ցույց տալիս, որովհետև թեպետ մեծ է որդու պատիվը, բայց և ծառայից ավելի մեծ է նաև նրան [հասանելի] պատիժը, ինչը երևում է երեք բանով. նախ՝ որովհետև ծառային վարձում են գումարով, մինչդեռ որդուն ցավով ու երկունքով են ծնում սեփական էությունից:

   Երկրորդ՝ որովհետև որդին հոր էությունից է, իսկ ծառան՝ պատահական մեկը, ում «պահում»է վարձատրության սպասումը:

   Երրորդ՝ որովհետև որդին ժառանգն է բովանդակ ունեցվածքի, իսկ ծառան՝ մասնակիի: Իսկ որդուն [հասանելի] պատժի մասին Օրենքն ասում է. «Ով անարգի իր հորը կամ մորը՝ մահով կմեռնի» (Բ Օր. 27։16): Մինչդեռ ծառայի համար ոչինչ չկա այստեղ: Ապա ուրեմն հարկ է, որ որդին առավել չափով սիրի իր հորը, քան ծառան՝ տիրոջը: Իսկ մենք Աստծո որդի ենք կոչվում ոչ միայն համաձայն արարչության, այլև ըստ ավազանի՝ Սուրբ Հոգուց ծննդյան, «Որով աղաղակում ենք.Աբբա Հայր» (Հռոմ. 8։15): Եվ մենք բազում առավելություններ ունենքմ որոնցով ուրիշներից առավել ենք. Նախ՝ որովհետև մեզ տրվեց Սուրբ Հոգին, որ Աստծո էությունն է, և ապա մեր Գլխի՝ Քրիստոսի կողմից մեզ շնորհվեց հավատի կենդանությունը: Նաև, մենք ժառանգակից ենք Քրիստոսի բովանդակ բարիքին, մինչդեռ անհավատներն, իբրև Աստծուց ստեղծված ծառաներ, լոկ աշխարհի սակավ բարիքն ունեն: Այս պատճառով մենք պարտավոր ենք Աստծուն ավելի շատ սիրել, քան մեր մարմնական տերերին, «որովհետև ում շատ տրվեց, նրանից շատ է պահանջվելու» (Ղուկ. 12։48): Նույնպես և հանցանք գործելիս [մեզ հասանելի] պատիժն ավելի մեծ է լինելու, քան նրանց դեպքում, որովհետև «Ով իմանում է Տիրոջ կամքը և չի անում Նրա կամքի համաձայն, շատ ծեծ կուտի»,- ինչպես ասում է Տերը (Ղուկ. 12։47):
   Խորհուրդ արեցիք, բայց ոչ Ինձնով (30։1)
   Այսինքն՝ ոչ Իմ կամքով։ Այսինքն՝ «ոչ ինձնով» նշանակում է «առանց Իմ կամքը հաշվի առնելու»: «Ինձնով»-ը տիրական է, և ոչ թե ծառայական, որովհետև Նա Ինքն էր իշխաններին հաստատում իրենց կոչմանը, որի մասին մարգարեն ասում է. «Ինքը հրամայեց և հաստատվեցին» (Սաղմ. 148։5):
   Եվ դաշինք եք կռում, բայց ոչ Իմ հոգով (30։1)
   Տե՛ս և ի մտի ունեցի՛ր այս խոսքը, որովհետև Սուրբ Հոգին հավասար հարթության վրա է դրվում Աստծո հետ, քանզի այնտեղ ասաց, թե՝ «ոչ Ինձնով», իսկ և այստեղ ասում է․ «Ոչ Իմ հոգով»։

   Տեսիլք անապատում նեղության և տառապանքի մեջ գտնվող չորքոտանիների մասին։

   Սա երկրորդ հատոր է կոչվում, որի գրության պատճառը նյութի ընդարձակությունն է, ըստ որում նաև Ոսկեբերանն է հատոր-հատոր շարադրել մեկնությունը։ Ոսկեբերանը Մատթեոսի մեկնությունը ևս երեք հատորի է բաժանել 1, կամ էլ համաձայն խորհրդի տեսության է հատոր կոչվում, ուստի խոսքն այլ դեմքով է ասոում:

   Չորքոտանիների. որովհետև մարդիկ չորքոտանիների բարք էին ձեռք բերել, համաձայն այն խոսքի, թե՝ «Հավասարվեց անբան անասուններին» (Սաղմ. 48։13)՝ զրկված բարությունից, կամ էլ նկատի ունի այն տառապանքը, երբընդարձակ և անջուր անապատներով, բազում նեղությամբ ասորեստանցիներից հալածական լինելով Եգիպտոս էին իջնում:
   
   Առյուծն ու առյուծի կորյունը և իժերն ու թևավոր իժերի ձագերը (30։6).
   
   Նախատում է մեղսագործների չարությունը, քանզի առյուծ կոչվեց Հուդան, իսկ իժի նմանվեց Եզեկիան։ Եվ այժմ, տկարացած լինելով, նրանք իրենց գանձերը շալակած փախչում են Եգիպտոս՝ [այնտեղ ապաստան գտնելու համար], ինչպես ամրոցում կապաստանեին: Դարձյալ արի և հզոր առյուծ է անվանում [արդար] նախնիներին, իսկ չարաբարո իժ է անվանում ներկա ամբարիշտներին, որպեսզի նախնիների առաքինությամբ ամաչեցնի նրանց: Սա ըստ պատմության ընթացքի․․․․: Իսկ հոգևոր իմաստով այս պատմությունը Քրիստոսի մասին է: Եվ նախ փրկվածների վերաբերյալ է այս օրինակը բերում և ասում՝ «չորքոտնիների»՝ նկատի ունենալով նրանց, ովքեր չորս առաքինություններով իրենց մեջ կրեցին Քրիստոսին, այսինքն՝ խոհեմությամբ, արիությամբ, ողջախոհությամբ և արդարությամբ, կամ՝ հավատով, հույսով, սիրով ու բարի գործերով՝ ձերբազատվելով չարիքից 2 Իսկ Քրիստոսից առաջ եղած ժամանակները նեղ և անձուկ է անվանում, կամ՝ նեղ և անձուկ է կոչում ճանապարհը (Մատթ. 7։13-14), որով գնաց Բանն Ինքը և մեզ ևս հրավիրեց՝ քայլելու այդ ճանապարհով: Առյուծ և առյուծի կորյուն է Քրիստոս Ինքը, Որի մասին Հակոբը հանձին Հուդայի ասում է, որ նա ելավ, բազմեց ու ննջեց (Ծննդ.  49։9)․․․ Խաչի վրա, և ինքնիշխան զորությամբ հարություն առավ: Իժեր ու թևավոր իժեր է անվանում առաքյալներին, որպեսզի նրանց անունը լսելի դառնա սատանայի համար, քանի որ առաքյալների ազդու խոսքերից խոցվեցին ու խորտակվեցին դևերը ու փշրվեցին նրանց պատկերները: Կամ [նկատի ունի] առաքյալների օձաձև, ամենագնա բնությունը, որ օձի նման խոտորվում է իր հինգ զգայարաններով: Այն նույն առաքյալների, որոնք թռան բոլոր ազգերի մեջ ու նրանց դրեցին Քրիստոսի թեթև բեռան տակ: Իսկ «էշ» է անվանում հրեաներին, որոնք աստվածային օրեքների բեռնակիրներն են, «ուղտ»՝ հեթանոսներին, որոնք մեղքերի բեռնակիրներն էին։ Եվ հրեաները շալակեցին մարգարեների լրումը եղող գանձը, այն է՝ Քրիստոսին, իսկ հեթանոսները կրեցին այն հարստությունը, որ ողորմությունն է, ու փառավորեցին Աստծուն: Այն նո՛ւյն հեթանոսները, որոնք, եգիպտացիների նման անարգ կուռքերին խոնարհված լինելով, այժմ առաքյալների խնդությունը, պարծանքի փառքն ու պսակն են հանդիսանում:
   
Այն օրը լուսնի լույսն արեգակի լույսի պես պիտի լինի, իսկ արեգակի լույսը պետք է լինի յոթնապատիկ շատ (30։26).
   
   Սա հրեաների համար չեղավ զգալիորեն, ոչ էլ ըստ այս խոսքի. «Թող ջուր բխի բոլոր լեռների վրա»: Այլ երբ կործանվեց Սենեքերիմի բանակը, լույսը բազմապատկվեց նրա՛նց վրա, ովքեր պաշարման խավարի մեջ էին (Դ Թագ. 19): Եվ նրանց բարի լուրը տարածվեց բովանդակ տիեզերքով մեկ: Իսկ մեզ վրա լույս ծագեց ոչ միայն յոթնապատիկ, այլև՝ բյուրապատիկ՝ արեգակից ավելի, և առհասարակ լուսավորվեցին մեր ներքին և արտաքին աչքերը, բժշկվեցին մեր հոգիների ու մարմինների ցավերը, և ամենուրեք կենդանի ջուր բխեց, այսինքն՝ Քրիստոսի վարդապետության ուսմունքը հորդեց ամբարշտությամբ լեռնացած հեթանոսների մեջ: Դարձյալ, լուսնի լույսը հին օրենքն է. մարգարեները, որ արդարության արեգակի ծագումից առաջ անկատար էին, Բանի գալստյան ժամանակ կատարելացան ու իրենց զորությամբ նմանվեցին Ավետարանի: Իսկ արեգակի լույսը Ավետարանն է, որ յոթնապատիկ ավելի պայծառ է, քան արարչության օրերի լույստը, քանզի այնտեղ մարդը հողից արարվեց, իսկ այստեղ հողեղեն մարդը աստվածացավ և նստեց Հայր Աստծո աջ կողմը: Դարձյալ, վախճանին, երբ երկինքը, երկիրն ու բոլոր տարրերը նորոգվեն, նմանապես երբ լուսատուներն առավել պայծառանան, քան այժմ են, լուսինը կլինի արեգակի նման, իսկ արեգակը կպայծառանա յոթնապատիկ ավելի: