Գլուխ  48

Տերը, Տերն առաքեց ինձ, ու Նրա Հոգին (48։16)
   
   Տե՛ս և մտապահի՛ր, որ Սուրբ Հոգին, որ Հորից և Հոր հետ է, հավասարապատիվ է Նրան, ըստ որում Հոգին առաքում է առաքյալներին ու մարգարեներին: Այստեղ դարձյալ տեսանելի է եռանձնյա Աստվածությունը. Տեր Հայրը, Տեր Որդին և Սուրբ Հոգին:
   
Տերն ասում է. «Ամբարիշտները ուրախություն չունեն» (48։21)
   
   Սաղմոսն ասում է. «Մարդկանց տքնությունը չեն կրում նրանք ու մարդկանց պես չեն տանջվում» (Սաղմ. 72։5): Իսկ Հոբն ասում է. «Ամբարիշտների ճանապարհները հաջողված են» (Հոբ 21։7), և «Հարուստը բեհեզ էր հագնում ու միշտ ուրախ էր» (Ղուկ. 16։19): Բայց սա ասում է. «Ամբարիշտներն ուրախություն չունեն», որովհետև նկատի ունի այն, որ ամբարիշտները ճշմարի՛տ ուրախությունը չունեն, ա՛յն, որ անվախճան ու անթառամ է, քանզի ինչպես անվախճան է Աստված, նույնպես և Աստծո մեջ եղած ուրախությունն է անեղծ ու անապական։ Այդ ուրախությունն արդարներինն է, ինչի վերաբերյալ սաղմոսն ասում է. «Ուրախ եղեք ու ցնծացեք Տիրոջ մեջ, արդարնե՛ր» (հմմտ. Առակ 29։6), այստեղ՝ հույսով, իսկ այնտեղ՝ դեմ հանդիման՝ ի վարձատրություն ձեր գործերի: Իսկ թվացյալ ուրախությունը մեղավորներինն է, որոնց ծիծաղելը կապիկների նմանությամբ է, և ոչ թե իսկությամբ, որովհետև աշխարհի հոգսերն ու խղճի խայթը, իրար խառնված, նրանց տևապես պահում են մեծ տրտմության ու խռովքի մեջ, ինչպես Կայենին, որը երերում ու տատանվում էր և՛ հոգով, և՛ մարմնով: Նույնպես և բոլոր մեղավորները նման են տենդով բռնված անձանց. թեպետ նրանց առջև լիառատ սեղաններ են ու զանազան բաժակներ՝ լցված ուրախությամբ, նրանք, միևնույն է, չեն կարողանում ուրախանալ ներքին ցավի պատճառով: Նույնպես և մեղավոր հոգին ներքին տրտմության պատճառով չի կարող ուրախանալ լիակատար ուրախությամբ 1: