Գլուխ  9

Դուք, որ բնակվում եք մահվան ստվերում, ձեզ լույս է ծագելու(9։2).
   
   Ասվում է, թե [միայն] կռապաշտության և մեղքերի ստվերում գտնվող հեթանոսների համար չէ, որ լինելու է այս լույսը, այլ Քրիստոսի լույսը հավասարապես բոլորի է վրա լինելու: Ավետարանիչը Նրան «ճշմարիտ լույս» է կոչում. «Ճշմարիտ լույս էր, որ լուսավորում էր բոլոր մարդկանց» (Հովհ. 1։9), այսինքն՝ նրանց լուսավորում էր ճշմարիտ աստվածգիտությամբ:
   
Նույնիսկ եթե դրանք այրված լինեին, նրանք պիտի հոժարեին հատուցել, քանզի մեզ համար մանուկ ծնվեց, մի որդի տրվեց մեզ (9։5-6).
   
   Շատ տեղերում մարգարեները Քրիստոսի՝ ապագայում ծանուցվելիք խորհուրդը մերձավորագույն պարագաներում գուշակեցին: Եվ սա մի քանի պատճառով էր. նախ՝ որպեսզի ոչ թե անհամ, այլ ախորժելի լինի խոսքը, երկրորդ՝ որպեսզի բերված օրինակը մեծ վստահություն ներշնչի, երրորդ՝ որպեսզի ասես վարագույրով ծածկված մնա, մինչև այն կբացի Էմանուելն Իր գալուստով: Չէ՞ որ Մովսեսը, ակնարկելով Աստծո մարմնանալը, հմայողների ու կախարդների վերաբերյալ ժողովրդին ասում էր, թե մի՛ լսեք նրանց կախարդությունը. «Տեր Աստված նրանց եղբայրներից քեզ նման մի մարգարե մեջտեղ կհանի, նրա՛ն լսեցեք» (Բ Օր. 18։18): Եվ փարավոնի խստասրտության պատճառով նույն Մովսեսը գավազանը գետին նետեց, և այն օձ դարձավ, որը նշանակում էր Բանի մարմին լինելը: Իսկ Կորխի խառնամբոխի պատճառով էլ նա գավազանը խորանում դրեց, և այն ծաղկեց, ինչը նշանակում էր Քրիստոսի անսերմ ծնունդը: Եսայի մարգարեն էլ Աքազի թերահավատության պատճառով նշան տվեց, թե՝ «Կույսը պիտի հղանա և որդի ծնի» (7։14): Այստեղ ևս նկատելի է Եփրեմի և Հուդայի տան տասը ցեղերի նախանձը, որ դրսևորվում է մեր Տեր Հիսուսի նկատմամբ: Այդ մասին ասվում է, թե երբ մոգերը քաղաք մտան, «խռովքի ենթարկվեց Հերովդեսը և նրա հետ բովանդակ Երուսաղեմը» (Մատթ. 2։3):

   Ասում է. «Կամենում էին այրել»: Բայց ինչո՞ւ էին այդպես կամենում. քանզի մեզ համար ծնված մանուկը մերժեց նրանց: «Քանզի թեպետ,- ասում է Պողոսը,- նրանցից է ծնված մանուկը, նրանցից են ուխտերը, նրանցից են նահապետները, նրանցից է Քրիստոս» (Հռոմ. 9։4-5), բայց մեզ՝ հավատացյալներիս համար ծնված մանուկը Տեր և Փրկիչ եղավ: Եվ տե՛ս, որովհետև նախ «մանուկ» է ասում, դա Նրա մարմնանալն է խորհրդանշում, և հետո՝ Որդի, որ Միածին Բանն է, Որը Հոր էությունից է, քանզի Նրա Աստվածությունը ճանաչեցինք մարդեղությամբ: Դարձյալ, «մեզ» ասելը ցույց է տալիս, թե մարդանալն Իր համար չէր, այլ՝ մեզ, որպեսզի մեզ նորոգի և այն սկզբնական փառքին արժանացնի: Դարձյալ, ոմանք ասում են, թե այս խոսքերը վերաբերում են Եզեկիային, և թեպետ այս խոսքի ընթացքը չի արդարացնում այդ տեսակետը, սակայն այսուհանդերձ խոսքի մեջ ինչ-որ բան նրան՝ Եզեկիային է վերաբերում, և թեպետ այն մասնակիորեն ի դեմս Եզեկիայի է ասվում, բայցևայնպես Եզեկիան էլ նախատիպը և օրինակն էր իր Որդու՝ Քրիստոսի, Որը նրա տոհմից պետք է ծնվեր: «Նրա իշխանությունն իր ուսերի վրա էր» (Ես. 9։6): Սա չի պատշաճում մարդկանցից որևէ մեկին, ով ամեն ինչ ունի [միայն] շնորհով, մինչդեռ դա հատուկ է ծնվածներից լոկ մանուկ Հիսուսին, Ով բնությամբ և ըստինքյան ունի իշխանությունն ու ամեն ինչին տիրելու կարողությունը: Դարձյալ ասվում է, թե Խաչը Նրա իշխանությունն է, և Հիսուս այն վերցրեց Իր ուսերին ու բարձրացավ Գողգոթա, որով տիրեց բոլոր էություններին, համաձայն այն խոսքի, թե «Ինձ ամեն իշխանություն տրվեց երկնքում և երկրի վրա» (Մատթ. 18։18): Դարձյալ, այս խոսքը մեզ հասկանալի ձևով է ուսուցանում, որովհետև մեր պատկերացմամբ զորությունը մկանների ու բազուկների մեջ է, և Քրիստոս համարվում է Հայր Աստծո զորությունն ու բազուկը, Որն Իր զորությամբ տիրում է բոլորին:
   
Նրա անունը կոչվում է «Մեծ խորհրդի հրեշտակ»(9։6).
   
   «Մեծ խորհուրդ»-ն այն է, որ մեզ ծանուցեց Աստծո հայրական անունը, այսինքն՝ որ Աստված Հայր է.«Քո անունը հայտնեցի մարդկանց» (Հովհ. 17։26): Դարձյալ, «մեծ խորհուրդ»-ն այն է, որ Հայրը կամեցավ հեթանոսներին մարմնակից ու ժառանգակից դարձնել Իր Որդուն, և սա հայտնի դարձավ Քրիստոսի մարդեղությամբ, ինչպես ասում է Պողոսը. «Մեզ հայտնեց Իր կամքի խորհուրդները» (Եփես. 1։9): Դարձյալ, «մեծ խորհուրդ»-ն այն է, որ Հայրը խորհեց հողից ստեղծված մեր մարմինները գերագույն հրեշտակների հետ միասին նստեցնել Որդու և Հոգու կողքին ի փառս Աստվածության: Այդ առաքելությունը հանձն առավ ու կատարեց Որդին, և ոչ թե հրեշտակներին հանձնարարեց, այլ Նա Ինքը հրեշտակի գործը կատարեց, քանզի սպասավորեց և Աստծո ծածուկ ու մեծ խորհուրդը Խոսքով պատմեց մեզ, որի պատճառով էլ «հրեշտակ» անվանվեց: Այդպիսով՝ Նա գործեց ըստ այս խոսքի. «Ինչ որ լսեցի իմ Հորից, այն ծանուցեցի ձեզ» (Հովհ . 15։15): «Սքանչելի խորհրդակից». սրանով մարգարեն հայտնում է Որդու՝ Հորը և Սուրբ Հոգուն հավասար լինելը: Որովհետև եղականներից ոչ մեկը խորհրդակից չէ Նրան: Ըստ Եսայի մարգարեի. «Ո՞վ եղավ նրան խորհրդակից» (Ես. 40։13): Իսկ Որդին Հոր և Հոգու խորհրդակիցն է, ուստի հավասար է Նրանց: Դարձյալ, Նրա անունը «սքանչելի» է կոչվում համաձայն այն խոսքի, որ ասվեց Հակոբին. «Իմ անունը սքանչելի է» (Բ Օր. 28։58): Դավիթն էլ երգում է. «Տեր, Տեր մեր, սքանչելի է Քո անունը» (Սաղմ. 8։2): Այն, որ Քրիստոսի անունը սքանչելի է, հայտնի է երկու ձևով. նախ՝ որովհետև միայն Նրա անունը տիեզերքում փարատեց կռապաշտության խավարը և մարդկանց առաջնորդեց դեպի աստվածգիտության լույսը: Երկրորդ՝ որովհետև Քրիստոսի անունով կաղը վազեց, Տաբիթան հարություն առավ, և ամեն տեսակ մեծամեծ հրաշքներ կատարվեցին:

   «Հզոր Աստված». «Հզոր» բառը Որդուն տարբերակում է կուռքերից, որովհետև կուռքերին աստվածներ էին անվանում, սակայն նրանք տկար էին, քանզի ոտքեր ունեին, բայց չէին քայլում, և այլն: Մինչդեռ մեր ճշմարիտ Աստված Հիսուս Քրիստոս «կարող Տեր և հզոր Տեր է» (Սաղմ  23։7), Որը հզորացավ թվացյալ հզորի նկատմամբ, կապեց նրան և գերեց գերությունը:

   «Իշխան». Իշխանն իշխանության տակ չէ, և ինչպե՞ս են ոմանք համարձակվում ասել, թե իշխանության տակ է, քանզի այս մարգարեն նրան «իշխան» է անվանում, նաև Դանիելն էլ ասում է. «Նրա իշխանությունը հավիտենական է, և բոլոր ազգերն ու լեզուները Նրան պետք է ծառայեն» (Դան. 4։31, 7։27):

   «Հանդերձյալ աշխարհի հայրը». «Հայր», այսինքն՝ հանդերձյալ կյանքի Ստեղծիչն ու Արարիչը: Եվ նույն արիոսականներն ինչպե՞ս են ասում, թե Որդին չգիտե այն օրվա մասին, չէ՞ որ, ահավասիկ, [մարգարեն] ասում է, որ Նա Արարիչ է և [գիտե] այն օրն ու նրանում լինելիք բաները: Չէ՞ որ Տիրոջ զորության նախանձախնդրությունը ստեղծեց այս: Եվ քանի որ մարգարեն բավականաչափ խոսեց Քրիստոսի մարդեղության մասին, այժմ էլ խոսում է մարդանալու պատճառների մասին:
   
Ասում է, թե «Տիրոջ նախանձախնդրությունը ստեղծեց»(9։7)
   
   Որովհետև տեսավ, որ ապստամբ վիշապը 1 ապականեց Նրա պատկերը, այսինքն՝ մարդկային ցեղը, և մարդկությանը դրեց իրեն ծառայելու պարտադրանքի տակ: Այս պատճառով հիրավի որ դա Տիրոջ նախանձախնդրությունն է, որ Միածին Որդու միջոցով ազատեց աստվածային պատկերը: Դարձյալ, «Տիրոջ նախանձախնդրությունը» նշանակում է, թե Նրա գութն ու խնամքը իրագործեցին Իր Միածնի մարդացումը, և ոչ թե դա եղավ մեր արդարության ու արժանիքների շնորհիվ: Այլ, ըստ այս խոսքի. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց» (Հովհ. 3։16): Դարձյալ, հրեաները նախանձախնդիր դարձրին Աստծուն չաստվածների պաշտամունքով, քանզի Աստծուն տրվելիք պաշտամունքը դևերին էին մատուցում, իսկ հետո էլ Նրա Որդուն խաչեցին: Այս պատճառով Աստված նախանձախնդրություն ցուցաբերեց և հեթանոսներին կռապաշտությունից դարձրեց աստվածպաշտության, որպեսզի նախանձ գցի հրեաների մեջ, որ մասին նաև Պողոսն է Մովսեսի «միջոցով» ասում հռոմեացիներին. «Ես ձեզ նախանձոտ եմ դարձնելու չաստվածներով և նախանձեցնելու եմ անպիտան ազգով» (Հռոմ. 10։19):

   

Հարց. Ո՞րն է Աստծո բարկության տրտմության պատճառը (9։19)
   
   [Պատասխան]. Պատճառը մեր մեջ եղած ախտերն են, որովհետև երբ մեր արյունը շարժվում է սրտի շուրջը, նրա գոլորշիները բարձրանում են ուղեղի շուրջբոլորը, և դրա հետևանքով խելագարվելով՝ մարդը հիմարանում է, անիրավ բաներ է խոսում ու գործում: Մինչդեռ այդպես չէ Աստծո պարագայում, քանզի Նրա տրտմությունը արդար հատուցում է պահանջում, որի պատճառով և մարգարեն ասում է. «Տիրոջ տրտմությունը դատաստանով իջնելու է բոլոր ազգերի վրա» (34։2):